2015.02.24,

vox populi

«Տղամարդու խոսքը»՝ որպես արժեք արդի հայ մամուլում

Այժմ, երբ Գյումրիում կատարված ողբերգության շուրջ ծագած կրքերը համեմատաբար մարել են, կարելի է անդրադառնալ այդ օրերին ակտիվ քննարկման առարկա դարձած՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ «տղամարդու խոսք» եզրույթին եւ դրա վերաբերյալ արդի հայ մամուլում տեղ գտած արձագանքներին:

Հիշեցնեմ, որ հունվարի 16-ին գլխավոր դատախազը Գյումրիում հրապարակայնորեն հայտարարել էր, թե ինքը տղամարդու խոսք է տվել, որ դիմելու է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին:

Իսկ երբ անցան օրեր, եւ դատախազը հապաղեց կատարել իր խոստումը, հատկապես օնլայն ԶԼՄ-ները, անմիջապես հղում անելով Կոստանյանի «տղամարդու խոսք»-ին, նրան նվաստացնելու փորձեր արեցին: Բանը հասավ նրան, որ կայքերից մեկը Կոստանյանին «հուշեց», թե նա պետք է սեռափոխություն անի, իսկ ֆեյսբուքում սկսվեց շրջանառվել Կոստանյանի՝ կնոջ տեսքով կոլաժը:

Սակայն սույն հրապարակման նպատակը բնավ լրատվամիջնոցներին կամ լրագրողներին կշտամբելը չէ: Կոստանյանի օրինակը հիանալի հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու հասարակությունում առկա կարծրատիպերի մասին, որոնք պայմանավորված են երկու սեռերին պարտադրված դերերով: Իսկ լրատվամիջոցները, հայտնի է, որ կարծրատիպեր վերարտադրելու եւ առավել տարածական դարձնելու գործում ծանր հրետանի են:

Տվյալ դեպքում լրագրողներն առաջնորդվել են գողական «պանյատներով», որտեղ կնոջ ասածը «ասնավանի չի», իսկ տղամարդու խոսքը ոչ միայն արժանահավատ է համարվում, այլեւ կարող է ընկալվել որպես վստահության երաշխիք: Հենց այդ գողական «պանյատներով» է առաջնորդվում նաեւ հասարակության մեծամասնությունը՝ նախապատվությունը տալով տղամարդկանց եւ ստորադասելով կանանց:

Ինչ վերաբերում է «տղամարդու խոսք» եզրույթին, ապա օնլայն բառարաններից մեկում տեղ գտած բացատրության համաձայն, այն նշանակում է «հաստատ խոսք, խոստումը անպայման կատարելու խոսք, ազնիվ խոսք»: Ասել է թե՝ «տղամարդ» ասելով` տվյալ դեպքում պետք է հասկանալ «ազնվություն»:

Այստեղից պարզ է դառնում, թե սեռերից մեկին տրված դերաբաշխումը որքան է ծայրահեղացված: Ազնվությունը մի հատկանիշ է, որը չի կարող սահմանափակվել որեւէ ազգությամբ, կրոնով, տարիքով կամ սեռով: Սակայն տվյալ պարագայում տղամարդը այնքան է մեծարվում հասարակությունում, որ նրա սեռը միայն համարվում է վստահության երաշխիք: Եվ ի հակադրություն տղամարդկության, ասել է թե՝ ազնվության, կինը եւ կանացիությունը սկսում է ասոցացվել անազնվության եւ ոչ հաստատակամության հետ: Դա է ապացուցում Կոստանյանի՝ կնոջ կերպարանքով կոլաժների տարածումը սոցիալական ցանցում:

Փաստորեն, Կոստանյանին վիրավորելու նպատակով որոշ մարդիկ (հավանաբար տղամարդիկ) նրան նմանեցրին իգական սեռին, որոնք կազմում են մեր հասարակության կեսից ավելին: Հետաքրքիր է, թե այդ կեսից ավելիից քանիսը գիտակցեցին եւ վիրավորվեցին այդ կոլաժից:

Հետաքրքիր մի հանգամանք եւս կարծես ուշադրությունից դուրս մնաց. լրագրողների համար առավել էական էր ոչ թե այն, որ բարձրաստիճան պաշտոնյան չի կատարում հրապարակայնորեն տված իր խոստումը, այլ այն, որ տղամարդն իր խոսքին տեր չի կանգնում: Փաստորեն, «տղամարդու խոսքն» առավել մեծ արժեք ունի լրագրողների համար, քան բավականին պատասխանատու պաշտոն զբաղեցրած անձի խոսքը:

Եվ սրա տրամաբանական շարունակությունն այն էր, որ Կոստանյանին ԶԼՄ-ները առաջարկում էին ոչ թե հրաժարական ներկայացնել ՀՀ գլխավոր պաշտոնից, այլ հրաժարվել այդ վեհ ու ազնիվ «տիտղոսից»՝ տղամարդ լինելուց:

Արման Ղարիբյան
լրագրող 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *