2014.01.20,

vox populi

«Կարեւոր է հասկանալ, թե ինչը կարող է էկրանի մոտ հավաքել երեխաներին»

Երկար տարիներ աշխատելով հեռուստատեսությունում՝ հասկացել եմ, որ ամենակարեւորը լավ մասնագետներ ունենալն է:

Հեռուստատեսությունը ինքնին դպրոց է: Իմ երիտասարդ տարիներին Հայաստանում ընդամենը մեկ ալիք էր, ու մասնագետ դառնալու շանսերը աշխատանքով էին կապված: Աշխատում էինք ու սովորում, նաեւ սովորեցնում:

Իմ սերնդի մասնագետներն, օրինակ, խոշոր իրադարձություններ (օրինակ՝ 1980 թ. Մոսկվայի օլիմպիական խաղերը) նկարահանելու երկար ուղի են անցել: Մոսկվայում մասնագիտական որակավորման կուրսերում էինք սովորել:

Իհարկե, հիմա այդ ուսումն անվճար չէ, բայց եթե ալիքին իրոք մասնագետներ են հարկավոր, կարելի է հովանավորել նրանց ուսումն ու օպերատորներին, ռեժիսորներին, հնչյունային ու լուսային ռեժիսորներին ուղարկել սովորելու: Ի վերջո, հինգ կամ տասը տարով աշխատանքային պայմանագիր կնքելով նրանց հետ ու վերապատրաստելով՝ ալիքը վստահություն կունենա, որ պրոֆեսիոնալներով է համալրվելու:

Թվանշայնացումը որքան լավ, այնքան էլ վատ ազդեցություն թողեց հեռուստատեսության վրա: Դանդաղորեն կորավ կադրի դրամատուրգիան, քանի որ ամեն ինչը քո փոխարեն սկսեց անել համակարգիչը: Կադրի ստեղծումը (լույսով, կոմպոզիցիայով) մի գործողություն է, որը համակարգչային ծրագիրը անում է հարթ ու մակերեսային, իսկ մարդը կարող է խորություն փոխանցել:

Մարդն է կադրին կենդանություն տալիս: Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն, օրինակ, ինձ համար ոչ թե ֆիլմ է, այլ գեղարվեստական կտավ: Դա այնքան նորարար մոտեցում էր, որ շատ ռեժիսորներ սկսեցին նմանակել Փարաջանովին, քանի որ դրանից լավ արդեն անել չէին կարող:

Իսկ հիմա Հայաստանում այնպիսի ֆիլմեր են նկարահանում, որ հանդիսատեսը նայի ու զզվի կյանքից: Այո, հաճախ հենց այդպիսի տպավորություն է:

Կարծում եմ՝ Հայաստանը, որն իր չափերով կարող է համեմատվել խոշոր մեգապոլիսի մի փոքր արվարձանի հետ, պարզապես չի կարող 18 հեռուստաալիք ունենալ: Մանավանդ, որ բացի հայկական ալիքներից՝ հարյուրավոր այլ միջազգային ալիքներ դիտելու հնարավորություն ունենք:

Մենք արդեն իսկ կորցրել ենք մեր հեռուստատեսության լավագույն ժամանակը, երբ հնարավոր էր կյանքի մասին խոսել, երեխաներ դաստիարակել…

Մեր հեռուստատեսությունը երեխաների համար հաղորդումներ գրեթե չունի: Հիմա ես «Կենտրոն» ալիքում մանկական երաժշտական ծրագիր եմ պատրաստում: Միգուցե հետագայում այլ հաղորդում անեմ, բայց հիմա ինձ համար կարեւոր է հենց երեխաների հետ շփումը՝ հասկանալու համար, թե ինչպիսի ներուժ ունենք:

Պատանեկան-ճանաչողական հեռուստահաղորդումներ, իհարկե, շատ են պետք, բայց ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչը կարող է էկրանի մոտ բերել երեխաներին: Չէ՞ որ բոլորն էլ հիմա համակարգիչներով են ինֆորմացիա ստանում:

Միգուցե պետք է հետաքրքիր, դպրոցական սերիալ նկարահանել, որտեղ երեխաներն իրենց ընկերներին, ուսուցիչներին ու իրենց պրոբլեմները կտեսնեն: Բայց դա լուրջ աշխատանք է պահանջում, քանի որ հիմա մեր սերիալների սցենարները ոտքի վրա են գրվում, իսկ դերասաններն էլ՝ նկարահանումներից մի քանի ժամ առաջ (ասենք՝ տրանսպորտում նստած) են առաջին անգամ կարդում իրենց տեքստը:

Ժամանակին Խորեն Աբրահամյանն ասաց ինձ, որ ցանկացած (նույնիսկ շատ վատ) ֆիլմը կամ ներկայացումը կարող է փրկել դերասանական խաղը, քանի որ դերասանի շնորհիվ է դիտողը հավատում հորինված իրականությանը: Եվ զարմանալի չէ, որ, մեր այսօրվա սերիալները դիտելով, հասկանում ես, որ դերասանի միակ խնդիրը ոչ թե դեր սարքելն է, այլ տեքստ հիշելը:

Էլ չասած, թե որքան թերի է տեսախցիկի աշխատանքը, լուսային ձեւավորումը: Ասենք՝ կադրում մութ սենյակի պատրանք ստանալու համար պարզապես անջատում են լույսը: Ինչպե՞ս ասես, որ ախր այդպես մթության էֆեկտ չես ստանա, որ դա նույնպես մանրակրկիտ աշխատանք է պահանջում:

Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումն այնքան թռիչքային էր, որ հիմա արդեն որոշակի դադար է նկատվում: Նոր տեխնիկական հնարքներ բանեցնելու կարիք դեռ երկար չի լինի (էն, ինչ ունենք, մեզ լիովին հերիք է), հիմա մեր ունեցածը պրոֆեսիոնալ կերպով կիրառելու խնդիր ունենք: Իսկ այդ խնդիրները հեռուստատեսությունում միշտ նույնն են՝ մոնտաժային գրագիտությունը, կադրի դրամատուրգիան…

Արսեն Ասլանյան
ռեժիսոր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *