Վերջերս մոսկովյան կինոլաբորատորիաներից մեկում կինոժապավենի երեւակման բաժին մտա ու ասացի՝ կարո՞ղ եմ ժապավենը ձեռք տալ, հոտ քաշել… Իհարկե, ժապավենի կարոտը կա, բայց վերադարձը դեպի այդ ծախսատար կինոարտադրություն այլեւս չի լինի:
Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, ամեն օր նոր բան է ծնվում ու թվանշային կինեմատոգրաֆի որակն անընդհատ բարձրանում է:
Տեխնոլոգիաների հասանելիությունն ընդլայնեց վիզուալ դաշտը: Հիմա յուրաքանչյուր երեխա կարող է սեփական տեսանյութը, ֆիլմը ստեղծել հեռախոսով: Իհարկե, դա դեռ արվեստ կամ որակյալ արտադրանք չէ, ավելի շուտ՝ նորմալ ընթացք: Խնդիրն այն է, որ վիզուալ մատչելիությունը ճնշում ու նեղում է արվեստը, գեղագիտությունը նվազում է, ասելիքի արժեքն ու գաղափարներն են պակասում: Թեեւ, իհարկե, պրոֆեսիոնալ գործը միշտ երեւում է, այն չես թաքցնի:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործության իմաստը լսարանին գեղագիտական հաճույք ու հոգեւոր ցնցում պարգեւելն է: Եթե դա կա, ուրեմն արվեստ էլ կա: Բայց հիմա վիզուալ դաշտն այնքան ընդարձակ է, որ արվեստը մի անկյունում սեղմվել, փոքրացել, քարացել է: Գումարած դրան՝ վիզուալ արտադրանքի մեծ հատված զբաղեցնում են հեռուստասերիալները, գովազդը, այսինքն՝ այն, ինչը արվեստի հետ գրեթե կապ չունի:
Հետաքրքիր է, որ Հոլիվուդում աշխատող շատ սցենարիստներ կինոյի ոլորտից հիմա տեղափոխվել են հեռուստատեսություն, որը կինոմտածողության ու դրամատուրգիական որակյալ արտադրանքի կարիք է զգում: Իհարկե, դա նաեւ ֆինանսական հարց է, մի քանի տարի առաջ սցենարիստները գործադուլ արեցին, բայց արդյունքի չհասան եւ շատերը (լավագույնները) գերադասեցին ոչ թե կինո, այլ հենց սերիալներ գրել:
Իսկ Հայաստանո՞ւմ… Բանն այն է, որ ժամանակի գնացքը արագորեն առաջ է սլանում, իսկ մենք նրանից անհուսալիորեն հետ ենք ընկել: Եվ դա բոլոր ոլորտներում է: Կինոյի եւ հեռուստատեսության դաշտում մեր հետ ընկելն ավելի շուտ պետական մտածողության, իշխանավորների վերաբերմունքի արդյունք է:
Հեռուստատեսությունը հիմնականում օգտագործվում է որպես քաղաքական գործիք, որով «ուղեղներ են լվացվում» ու շեղվում գլխավորից: Այդ տեսակի հեռուստատեսությունում արվեստ գոյություն ունենալ պարզապես չի կարող: Իսկ կինոյին ընդհանրապես ուշադրություն չի դարձվում: Մեր նախագահներից ոչ մեկը կինո չի սիրում եւ չի կարեւորում այն: Իհարկե, հասկանալի է, որ շատ խնդիրներ ունենք, շրջափակման մեջ ենք, բայց դա չի կարող արդարացում լինել, քանի որ եւ՛ կինոն, եւ՛ հեռուստատեսությունը հարցեր լուծող հզոր ուժեր են: Դրանք պետության դեմքն են, որն ամենուրեք երեւում է՝ կինոթատրոններում, ինտերնետում, հեռուստաէկրանին: Անգամ կարելի է ասել, որ 21-րդ դարի առաջին դեմքը հենց կինոն է:
Երբ տեսնում եմ, թե ինչ տեխնիակայով են աշխատում մեր հեռուստաընկերությունները, պարզապես զարմանում եմ: Ի վերջո, օպերատիվ լինելու, ինֆորմացիան արագ տեղ հասցնելու ամենակարեւոր պայմանը տեխնիկան է: Իսկ մենք ալիքներ ունենք, որոնց օպերատորները նկարահանում են կասեթներով…
Բոլորն էլ գիտեն, որ լուրը արագ տարածելու համար եւ՛ նկարահանումները, եւ՛ մոնտաժը պետք է հենց տեղում անել ու միանգամից ինտերնետով ուղարկել: Այդ արագությունը ստիպում է օպերատորին ավելի գրագետ աշխատել՝ ինֆորմացիայի նկարահանման կանոնների իմացությամբ: Օրինակ՝ եթե գիտես, որ ինֆորմացիան հարկավոր է արագ ուղարկել, աշխատում ես խուսափել պանորամիկ կադրերից կամ zoom-երից, որոնք ավելի շուտ ինքնահաստատման, քան ինֆորմացիայի օբյեկտիվությունն ու օպերատիվությունը ապահովելու համար են:
Աշխարհը հիմա անցում է կատարում հեռուստատեսային հեռարձակման HD ֆորմատի, մեզ մոտ էլ կա այդ գործընթացը, որը 2-3 տարի անց կավարտվի: Եվ այդ հարցում մենք կարծես թե հետ չենք ընկնի, բայց կարեւոր է նաեւ հեռուստատեսային արտադրանքի մատուցման ձեւը, ֆորման, գեղագիտությունը:
Իմ կարծիքով՝ շատ անհետաքրքիր են մեր ալիքների լուրերի տաղավարները՝ պատկերը «տափակ» է, խորություն չկա, լույսն է սխալ: Իհարկե, ես հեռուստատեսության մարդ չեմ, իմ գործը կինոն է, բայց ամեն անգամ, երբ հեռուստացույց եմ նայում, աչքս «ծակում» են օպերատորական «խոհանոցի» տարրական սխալները, որոնք չիմացության արդյունք են:
Ի վերջո, ինֆորմացիան գրավիչ են դարձնում նաեւ դեկորացիաները, խորություն ապահովող դիմանկարային լույսը: Եթե այդ ամենը կա, դիտողի մոտ նայելու, լսելու, հասկանալու ցանկություն է արթնանում: Իսկ մեր հեռուստաընկերությունները շատ կոպիտ են աշխատում: Ասենք կարող են տաղավար հյուր կանչել, բայց զրույցի ողջ ընթացքում նրան կիսադեմով ցուցադրել՝ հնարավորություն չտալով դիտողին գոնե մեկ վայրկյան հյուրի աչքերին նայել, զգալ նրա ներքին վիճակը (ոգեւորվա՞ծ է, ստու՞մ է, միգուցե հուզվա՞ծ է): Չէ՞ որ աչքը ինֆորմացիա փոխանցող ամենազգայուն գործիքն է:
Երբ տաղավարում նստած մարդուն ճիշտ են նկարահանում, երեւում է մարդու բնավորությունը, մտահորիզոնը, միմիկան, էմոցիաները: Իսկ ինչո՞ւ չանել դա…
Երեւի խնդիրն այն է, որ մեր հեռուստատեսությունը շատ է քաղաքականացված, բոլոր ալիքները ենթարկվում են «վերեւից» եկող թելադրանքին: Իհարկե, երբեմն նաեւ կսմթող, թեթեւակի «կծող» բաներ էլ կարող են ասել, բայց մեծ հաշվով ասում են այն, ինչը հարկավոր է: Այդ իմաստով մենք Ռուսաստանի փոքր մոդելն ենք, եւ ոչ մի կերպ չենք կարողանում պոկվել Ռուսաստանից: Երեւի այդպես ավելի ապահով է:
Համենայնդեպս, Հայաստանի բոլոր ալիքները կրկնվում են. նույն ինֆորմացիան է, նույն մատուցումը, նույն դեմքերը: Գումարած դրան՝ մեծաքանակ հաղորդումներ կան, որոնք մեծ հաշվով ոչինչ չեն տալիս լսարանին: Իհարկե, հեռուստատեսությունը պիտի հաղորդումների լայն ցանկ առաջարկի, որպեսզի յուրաքանչյուրն իրենը գտնի, բայց մեզ մոտ չկա ամենակարեւորը՝ սեփական, ազգային, անգամ պետական ռակուրսը:
Մենք մեր հեռուստատեսությամբ (նաեւ կինոյով) ինքներս մեզ պիտի ճանաչենք, հասկանանք, հարգենք: Եթե կարողանանք հասկանալ թե ով ենք, ուժեղ կլինենք: Իսկ հիմա մեր իսկ ձեռքերով, բայց ուրիշի թելադրանքով, ինքներս մեզ շեղում ենք կարեւորից: Արդյունքում թուլացած սերունդ ենք ստանում, որը մտածում է, որ իր հայրենիքը ապրելու տեղ չէ, ավելի լավ է գնա Ավստարալիա, Ամերիկա կամ Եվրոպան:
Ես անընդհատ շեշտում եմ, որ կարեւորը վիզուալ ճանաչողությունն է: Եվ պատանիներին ու երեխաներին միշտ խորհուրդ եմ տալիս դուրս գալ քաղաքից, շփվել բնության հետ, ճանաչել իրական Հայաստանը: Եթե ճանաչեն Հայաստանն ու պատմության հիմնական կետերը իմանան, կսիրեն իրենց հայրենիքը եւ այլեւս այն լքելու մասին չեն մտածի:
Ստացվեց այնպես, որ վերջին տարիներին ինքս էլ հիմնականում ռուսական ֆիլմեր եմ նկարահանում: Ու թեեւ որոշ ֆիլմեր ինձ հոգեհարազատ չեն, բայց մասնագիտական որակավորումը չկորցնելու համար երբեմն ստիպված եմ նաեւ այդ քայլն անել: Ինչպես ասում էր Սերգեյ Փարաջանովը, եթե բալետի պարողը 15 տարի բեմ չբարձրանա, այլեւս պարել չի կարողանա:
Ինձ շատ է ուրախացնում, որ Հայաստանում նոր կինոսերունդ է հայտնվել, կինոշարժում կա: Եվ տարօրինակ է, որ հատկապես ակտիվ եւ օրիգինալ են աղջիկները: Հենց աղջիկ կինոռեժիսորներն են առաջարկում ամենահետաքրքիր գաղափարները՝ օրիգինալ գեղագիտությամբ ու մտածողությամբ:
Վահագն Տեր-Հակոբյան
կինոօպերատոր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: