2013.09.17,

vox populi

«Աշխարհին հետաքրքիր ես, երբ քո տեղում ես»

Որքան զարգանում են նոր տեխնոլոգիաներն, այնքան շատանում են արվեստի որակին, իմաստին վերաբերող հարցադրումները: Իմ երիտասարդ տարիներին «թատրոն» ասելով պատկերացնում էին միայն բեմը, երեք պատերը (չորրորդը ենթադրվող), իսկ հիմա թատրոնը շատ ավելի լայն հասկացություն է՝ մուլտիմեդիական մի տարածք, որը միաժամանակ եւ՛ օգտագործում է նորույթները, եւ՛ պաշտպանվում է տեխնոլոգիական հարձակումներից: Բայց, միեւնույն է, թատրոնի ուժը նրա կենդանի շունչն է:

Հիմա Թեհրանում հայկական թատրոն համարյա թե չկա, շատ դերասաններ արտագաղթել են Իրանից քաղաքական ու կրոնական պատճառներով: 30 տարի առաջ պարսկահայ գաղութը 200 հազարի էր հասնում, իսկ այսօր թիվը նվազել է մինչեւ 50 հազար:

Նոր տեխնոլոգիաները ազդում են ոչ միայն արվեստի, այլեւ ընդհանրապես կյանքի վրա: Եթե նախկինում հայ գաղութի ձուլումը ֆիզիկապես էր կատարվում, հիմա ավելի շուտ տեխնոլոգիական է: Եվ առաջին հերթին դա վերաբերում է հայերենին:

Հիմա ուզում եմ նոր բեմադրություն անել Թեհրանում, բայց տեսնում եմ, որ ոչ միայն հայ հանդիսատեսն է պակասել, այլեւ չեմ կարողանում գտնել այն մի քանի մարդու, որոնք հետաքրքրված կլինեն հայերենով խաղալ: Հաճախ ստիպված ենք շատերի համար հայերեն տեքստը լատինատառ գրել, քանի որ նրանք հայերեն այլեւս չեն կարդում, եւ լեզուն մոռացվում է:

Դերասանը բարդ, ոչ ինքնուրույն, անգամ տհաճ մասնագիտություն է, քանի որ կախյալ է ռեժիսորից: Բայց կարծում եմ՝ յուրաքանչյուրիս մեջ արվեստ կա, եւ ինքնարտայատվելով՝ մարդը կարողանում է ձերբազատվել իր խնդիրներից: Մեծ դերասաններն, իհարկե, իրենց սեփական կնիքը, ստորագրությունն ու յուրահատուկ մեկնաբանությունն ունեն:

Որպես դերասան կանադական հեռուստասերիալներում նկարահավելու առաջարկներ շատ եմ ստացել, բայց միշտ հրաժարվել եմ եւ հեռուստատեսության հետ կապ չեմ ստեղծել: Անգամ տանը հեռուստացույց չունեմ, դա սկզբունքային որոշում է:

Հեռուստացույցով ցուցադրվածը դժվար է «մարսել», քանի որ ամեն հաղորդումով ու գովազդով քեզ անուղղակիորեն ստիպում են այս կամ ապրանքը գնել, այս կամ այն ֆիլմն ու հաղորդումը դիտել: Այսօր՝ ակնոց, վաղը հագուստ ես գնում, էկրանից քեզ հուշած ճաշատեսակ ես ուտում ու այդպես անվերջ…

Փորձ է արվում ստեղծել նույն կերպ հագնվող, ուտող եւ մտածող լսարան, որը կարծում եմ՝ շատ նման է Ջորջ Օրուելի «1984» վեպի իրականությանը: Հեռուստատեսությունը մինչեւ ուղնուծուծը պրոպագանդիստական, որոշ իմաստով նաեւ կոմունիստական երեւույթ է: Եվ ողջ աշխարհում էլ այն մեծ դեր է խաղում:

Կյանքում այնքա՜ն հետաքրքիր բաներ կան, որոնք կախվածություն առաջացնող հեռուստատեսությունը չի կարող փոխարինել: Հիմա նկատում եմ, որ նման սարսափելի կախվածություն է ստեղծում նաեւ ինտերնետը, թվում է՝ մի քանի րոպեով ես մտել ցանց, մեկ էլ տեսար՝ մի կայքէջից մյուսը տեղաշարժվելով՝ ժամեր անցկացրեցիր, ու օրդ աննկատ ավարտվեց:

Ժամանակն անընդհատ չի հերիքում, բայց միաժամանակ անիմաստ բաների վրա է վատնվում:

Պարսկահայությունն, օրինակ, ողջ գիշեր հայկական կամ հայերենով լատինամերիկյան սերիալներ է դիտում: Եղբորս ընտանիքում ժամ կա, երբ բոլորն իրենց գործերը մի կողմ են դնում ու սերիալի հերթական մասը դիտում: Իհարկե, ես ինձ իրավունք չեմ վերապահում կշտամբել նրանց, բայց ինքս այդ ապրանքի սպառողը չեմ:

Վաճառքի համար պատրաստված օճառային օպերաները ոչ միայն հեռուստատեսությամբ, այլեւ կինոթատրոններում են ցուցադրվում:

Ընդհանրապես կինոն ամուր կապված է տնտեսական ոլորտի հետ, եւ ինքնին արժեքավոր կինոն ողջ կինոարտադրանքի ընդամենը 5%-ն է կազմում (ինչը քիչ չէ): Ամերիկայում, օրինակ, տարեկան 2 հազար ֆիլմ է նկարահանվում, բայց շատերը լավագույնը 50-ն են դիտում: Իրանում էլ ամեն տարի 400-500 ֆիլմ է նկարահանվում, եւ եթե դրանցից 4-5-ը արժեքավոր են, արդեն բավարար է:

Համաշխարհային կինոդաշտում իրանական կինոալիքի փայլը մի քիչ խամրել է, թեեւ իհարկե, հիմա էլ շատ հետաքրքիր ֆիլմեր են նկարահանվում: Կարծում եմ՝ պատճառը նաեւ միջազգային մեդիան է, որը երբեմն կենտրոնանում է այս կամ այն երկրի մշակույթի վրա ու անտեսում այլ մշակույթները: Միջազգային փառատոնները, սովորաբար, փորձում եմ նոր անուններ ու նոր պատկերներ հայտնագործել, եւ իրանական կինոն կարծես հետին պլան է մղվել:

Չմոռանանք, որ քաղաքական ճնշումները ստիպում են ռեժիսորներին հեռանալ Իրանից, եւ շատերն այլեւս չեն կարողանում որակյալ ֆիլմեր նկարահանել: Մոհսեն Մահմալբաֆն, օրինակ, Ֆրանսիայում է ապրում ու կորցրել է կապը իրանական կինոյի հետ: Ասգար Ֆարհադին, Բահման Գոբադին՝ նույնպես:

Երբ ռեժիսորը բնակվում է այլ երկրում, նրա ստեղծագործական էներգիան ու նաեւ արտասահմանի հետաքրքրությունը կարծես անհետանում է: Աշխարհին հետաքրքիր ես միայն այն դեպքում, երբ քո տեղում ես, մոտ ես բուն արմատին, օրիգինալ ես ու քո անունից ես խոսում:

Իմ կարծիքով եւ՛ քաղաքականության մեջ, եւ՛ արվեստում այդպես է:

Արվեստի զարգացման համար կայուն վիճակ է հարկավոր: Իրանում, օրինակ, անընդհատ օրենքներ են փոխվում: Երբ պաշտոն է ստանում նոր անձը, նա միանգամից սկսում է օրենքներ փոխել կամ բոլորովին այլ կերպ մեկնաբանել եղածները:

Ասենք՝ ցենզուրան արգելում է դերասանուհիներին գլխաբաց բեմ դուրս գալ, եւ նրանք հաճախ կեղծամով են խաղում ներկայացումները: Բայց եկավ մեկ այլ պաշտոնյա ու հայտարարեց, որ կեղծամ էլ չի կարելի, միայն գլխաշոր:

Ամեն անձնավորության հետ ցենզուրայի նոր ընթերցում է ավելանում: Եվ այդ պատճառով է չի ստացվում երկարաժամկետ, գոնե 2-3 տարվա ծրագրեր մշակել: Երկու տարի շարունակ ես փորձում եմ մի պիես բեմադրելու թույլտվություն ստանալ, բայց մինչեւ հիմա դա ինձ չի հաջողվել: Մեկն ասում է՝ այո, ես սկսում եմ խումբ հավաքել, բայց մի քանի ամիս անց ասվում է՝ ոչ: Իսկ թույլտվություն ստանալը բարդ պրոցես է, նախ՝ պիեսն է քննվում, հետո՝ փորձերը՝ պատրաստի տեսարաններով:

Պատահում է, որ պետական ցենզուրայով անցած ներկայացումը փակվում է միայն այն պատճառով, որ որեւէ կրոնական խումբ բողոք է ներկայացրել:

Դիկտարուրայի պայմաններում արվեստը ջանում է նոր լեզու ստեղծել: Փարաջանովն, օրինակ, սովետական միջավայրի ծնունդ էր: Հիմա եթե Փարաջանովի պես մեկը հայտնվի, թերեւս, ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձնի: Եվ նա էլ այս ազատ շուկայի պայմաններում դժվար թե կարողանա արտահայտվել:

Ամեն ինչը բացատրվում է շուկայով: Փող են տրամադրում նրան, ով գնորդ ունի: Այդպես է կինոյում, թատրոնում, մեդիայում: Եվ ուրեմն ամենից կարեւորը դառնում է պրոդյուսերը, ով զբաղվում է արվեստի ու ինֆորմացիայի շուկայական արդարացմամբ:

 

Լեւոն Հաֆթվան
դերասան, բեմադրիչ

Թորոնթո

Լեւոն Հաֆթմանը թատերական արվեստ է ուսանել Թեհրանում:

Նա առաջին անգամ եղել է Հայաստանում 1991 թ.-ին (ինչպես ինքն է ասում՝ «Սովետի փլուզման նախօրեին»որպես թատերական փառատոնի մասնակից: Սակայն Երեւանում կորցնելով անձնագիրը՝ ստիպված մեկնել է Մոսկվա՝ փաստաթղթերը վերականգնելու համար: Մոսկվայում պարզել է, որ Իրանի դեսպանությունը չի գործում, քանի որ ԽՍՀՄ-ն էլ չկար: Սպասումը դրդել է Լեւոնին ռուսերեն սովորել ու թատերական ինստիտուտ՝ ԳԻՏԻՍ ընդունվել:

Նա Իրան է վերադարձել միայն 20 տարի անց՝ միանգամից երկու՝ «Փարվիզ» եւ «Fat shaker» ֆիլմերում գլխավոր դերը կատարելու առաջարկ ստանալով:

Մահամեդ Շիրվանիի «Fat shaker» ավանգարդիստական տրագիֆարսը ցուցադրվել է անկախ ֆիլմերի «Սանդանս» փառատոնում, Ռոտերդամի կինոփառատոնում մրցանակ է ստացել եւ միջազգային ցուցադրման ցանց մուտք գործել:

Իսկ Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» դրամայում Լեւոն Հաֆթվանը մարմնավորել է համեստ, սուսուփուս, իրեն անպետք զգացող ու երազանքներ չունեցող միայնակ տղամարդու կերպարը, որին ընդամենը մի փոքր կայծ է հարկավոր պայթելու ու իր ավերիչ բնույթը դուրս հանելու համար: Ավանդական ընտանիքի փլուզումը ցուցադրող այս ֆիլմը Իրանում սահմանափակ լսարան է դիտել, իսկ Երեւանում մասնակցնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Փարվիզ» ֆիլմում նկարահանվելու առաջարկը Լեւոն Հաֆթվանին արել է Ջաֆար Փանահին, ով մի քանի տարի է՝ բանտարկված է իր քաղաքական հայացքների պատճառով:

Այժմ Լեւոն Հաֆթվանը ապրում է Կանադայում ու պարսկերեն, անգլերեն, հայերեն բեմադրություններ անում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *