Օրեր առաջ ավարտվեց հոլանդական ծագում ունեցող The Voice երաժշտական մրցույթի հայկական տարբերակը: «Արմենիա» հեռուստաընկերության առաջ քաշած «Տարվա գլխավոր երաժշտական նախագիծ» կոչ- բնութագրումը վեց ամիս (ինչը հեչ կատակ բան չէ) եթերից հնչեց աքսիոմի պես՝ անվերապահ: Եվ դրանով իսկ մղեց առարկության:
Փորձենք հասկանալ՝ ինչով էր այս մրցույթը գերադասելի կամ առավել նմանատիպ այն հեռուստատեսային նախագծերից, օրինակ՝ Հայ Սուպերսթարից կամ X-Factor-ից: Իրականում ոչնչով: Բոլորն էլ միջազգային ֆորմատներ են, ամեն տեղ երգում են (պատահում է՝ նույն մարդիկ), հաղթողը որոշվում է sms քվեարկությամբ, նույնն է ժյուրիի քանակը (չորս), ի վերջո, նույնն է նաեւ նպատակը, այն է՝ գտնել լավագույնին:
Ասելով «գլխավոր»՝ «Արմենիա»-ն, երեւի, հենց իր ալիքը նկատի ուներ:
Սակայն The Voice-ի կառուցվածքը թույլ էր տալիս, անգամ պահանջում էր լինել հետաքրքիր: Չէ՞ որ մրցույթի արդյունքից եւ ընտրությունների սպասումից բացի՝ այս ֆորմատը հնարավարություն էր տալիս համեմատել կատարումները այսպես կոչված «նախքան եւ հետո» եղանակով: Միշտ էլ հետաքրքիր է, տեսնելով նախնական հում, անփորձ վիճակը, հետեւել, թե ինչպես է վարպետի աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ վերջում շլացուցիչ արդյունք հայտնվում: Ընդհանրապես «Մոխրոտիկի սինդրոմը» բոլոր ժամանակներում եւ բոլոր վայրերում է պահպանում իր ձգողական ուժը:
Բայց «Հայաստանի ձայնը» նախագծում տեղի ունեցավ լրիվ հակառակը. մասնակիցները սկզբում էին փայլում, իսկ վերջում ակնհայտորեն թերանում:
Ի՞նչն էր պատճառը. վարպետի ջանքն էր պակա՞ս, թե՞ վարպետ չկար: Հիմա կասեք՝ երգողը ռոբոտ չէ, հոգնում է, սպառվում, ավելի մանրակրկիտ աշխատելու ժամանակ չունի, եւ ճիշտ կանեք: Իհարկե, դա բնական է, բայց օգնել, որ կատարողը սխալվի, հաստատ պետք չէ:
Հարգելի մարզիչներ, երբ մասնակիցը անհաջող ելույթ է ունենում, ակնհայտ ֆալշ է երգում, պետք չէ ասել՝ «Հհիիիանալի կատարում, շատ – շաաատ տպավորիչ է», «Հպարտ եմ քեզնով, շնորհակալություն» եւ այլն: Դրանով դուք թյուրիմացության մեջ եք գցում եւ՛ մասնակցին, եւ՛ հեռուստադիտողին: Ստացվում է, որ վատ երգելը անցնում է: Դրանով դուք ոչ թե լավամարդ եք դառնում, այլ արջի ծառայություն եք մատուցում: Անփորձ երգչի հետ պետք է աշխատել, ուղղություն ցույց տալ, նաեւ ճիշտ գովել ու գնահատել: Սա է պրոֆեսիոալ դառնալու միակ ճանապարհը:
The Voice-ը եւ՛ մրցույթ է, եւ՛ ուսումնական պրոցես, որի սկզբունքն է վերադառնալ կենդանի մաքուր հնչողությանը, այն կետին, որից սկսվում է երգեցողության մշակույթը: Ու հենց այստեղ «Հայաստանի ձայնը» տանուլ է տալիս:
Ժյուրիի հարգարժան անդամներ (խոսքս հատկապես տղամարդկանց մասին է), մոռացե՞լ էիք, որ ծրագիրը կոչվում է «Ձայն», եւ դուք պետք է գտնեիք ձայն ունեցողին, ով նաեւ երգել է կարողանում: Եթե ձեր նախընտրածին եք առաջ քաշում, ասելով անտրամաբանական «Նրանց շանս է պետք տալ» միտքը, ապա հակասում եք նախագծի սկզբունքներին, խաղում եք ձեր հեղինակության հետ եւ ամենացավալին՝ խանգարում ու «կոտրում» եք իրապես շանս ունեցողներին: Մենք դեմ չենք, ձեր ֆավորիտին աշակերտ վերցրեք եւ ազատ ժամանակ պարապեք նրա հետ:
Հեռուստադիտողին թերագնահատել պետք չէ, նախ՝ հենց նա է ապահովում ռեյթինգ կոչված անտանելի բառը: Եվ հետո էլ՝ գուցե դիտողը խելացի մարդ է ու հասկանում է, որ հեղինակություններից մեկը ամեն գնով ուզում է օրիգինալ թվալ, մյուսը անհամբեր սպասում է եթերի ավարտին, որ իր գործերով գնա, մյուսը լայն կրծքավանդակով նետվում է պաշտպանել այն, ինչը դրա կարիքը չունի, վերջինն էլ սեփական անձի շուրջ ավելորդ խոսակցություն չսեւեռելու ահից դարան է մտնում:
Նախագիծը իրականացնողները պարտավոր էին սա բացատրել ժյուրիի անդամներին, հաղորդավարներին էլ զգուշացնել, որ մրցույթներում իրենք իրավունք չունեն մասնակցի ելույթի մասին կարծիքներ հայտնել: Ցանկալի կլիներ նաեւ խմբագիրներին արգելել «Կյանքը բեմ է, իսկ բեմը՝ կյանք» խորիմաստ մտքեր գրել, թե չէ ստացվում է, որ ուլունքները, փետուրները, ճոճանակները եւ նավթալինահոտ պարերը եթերին բավական չեն:
Եթե սխալ է դրվում առաջին քարը, ամբողջ պատն է ծուռ շարվում: Եվ վերջում ստացանք այն արդյունքը, որը կռահելի էր ամենասկզբից: Չգիտեինք միայն, որ նախագծից հետո վարպետները՝ թուր ու թվանք առած, նոր մենամարտ կսկսեն արդեն լրատվական դաշտում՝ մեղադրելով իրար կողմնակալ ու ոչ պրոֆեսիոնալ լինելու (եւ էլի հազար ու մի այլ մանր զանցանքների) համար:
The Voice ֆորմատը ձեռք բերած ռուսական Первый канал հանրային հեռուստաընկերության նախագահ Կոնստանտին Էռնստը հայտարարել է, որ սեպտեմբերին մեկնարկելու է նույն մրցույթի երկրորդ սերիան: Գլամուրային ծանր կյանք տեսած Էռնստը առաջարկել է նախորդ ժյուրիի անդամներին կրկին գոտեպնդվել եւ զբաղեցնել ժյուրիի չարաբաստիկ աթոռները: Հայտնի է, որ չորսից համաձայնել է միայն մեկը:
Մեր չորսին նույն առաջարկով ցանկալի է չդիմել:
Անիտա Հախվերդյան
հեռուստադիտող
Դպրոցը՝ Պուշկինի անվան N8, այնուհետեւ Չկալովի անվան N30 միջնակարգ դպրոցներ
Կրթությունը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Սիրելի ֆիլմը՝ եթե ստիպված լինեմ առանձնացնել որեւէ մեկը, ապա դա կլինի «Երաժշտության հնչյունները» ամերիկյան մյուզիքլը: Դա իմ առաջին դիտած ֆիլմն է, որը պատրաստ եմ միշտ նայել:
Սիրելի հեղինակը՝ քանի որ ռուսական դասական գրականությամբ շրջապատված եմ մեծացել, ամենից շատ սիրում եմ Անտոն Չեխովին. Չեխովն իմ մեդիտացիայի աղբյուրն է
Սիրելի սպորտաձեւը՝ բոլոր էքստրեմալ սպորտաձեւերը, հատկապես՝ վինդսերֆինգը, որով երկար ժամանակ զբաղվել եմ
Սիրելի երաժշտությունը՝ երաժշտության մեջ կարեւորում եմ ոչ թե «ինչ»-ը, այլ «ինչպես»-ը, ժանրերն ու ուղղությունները երկրորդական են, առաջնայինը կատարումն է
Սիրելի արտահայտությունը՝ ատում եմ բոլոր տեսակի կարծրացած արտահայտությունները
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: