2013.01.11,

vox populi

«Կոմունիկացիայի պակաս կա»

Հայկական մեդիայում ու հատկապես հայ կինոյում մի մեծ բացթողում կա. Հայաստանից աշխարհին ուղարկված ինֆորմացիան տեղ չի հասնում։ Մանավանդ քիչ են մարդկային կինոպատմությունները, որոնք ընդունվում ու սիրվում են օտարզագի հանդիսատեսի կողմից։ Օրինակ՝ մենք մեր կինոյով մեզ հասկանում ենք, բայց դրսում մեզ չեն հասկանում։ 

Ի վերջո, կինոն պիտի պատմի այնպիսի պատմություն, որը հայերի ու Հայաստանի մասին գաղափար չունեցող որեւէ մեկը կընկալի որպես գեղարվեստական նյութ, կհասկանա ու կկիսի իր հույզերը հերոսների հետ։ Հանդիսատեսի համար, միեւնույն է, իր տեսածը հայկական, չինական, թե ֆրանսիական է, կարեւորն այն ընկալելն ու ընդունելն է։ Կարծում եմ՝ այդ թերությունն ունեն նաեւ ռուսական ֆիլմերը, որոնք երբեմն դրսում ընկալելի չեն։

Ասենք` ես դիտում եմ հայաստանյան ֆիլմերն ու հասկանում, որ խոսքը ղարաբաղյան խնդրի մասին է, իսկ շարքային ֆրանսիացի հանդիսատեսը (ոչ շատ զարգացած եւ սուպերինտելեկտուալ) անպայման հարց է տալիս՝ լավ, իսկ Ղարաբաղը ի՞նչ է, որտե՞ղ է, մա՞րդ է, թե՞ շուն։

Ասածս այն է, որ կոմունիկացիայի պակաս կա, հատկապես վիզուալ կոմունիկացիայի։ Այդ բացը լրացնելը շատ կարեւոր է, քանի որ հիմա ինտերնետի միջոցով հեշտացել ու արագացել է վիդեոինֆորմացիայի փոխանակումը։ Վավերագրական ու կարճամետրաժ գեղարվեստական կինոն կոմունակացիայի լավագույն միջոցներից են։

Հիմա ոչ ոք կինոթատրոն չի գնա վավերագրական կինո դիտելու, իսկ ինտերնետով ու հեռուստացույցով հաճույքով կդիտի։ Իհարկե, երբեմն հետաքրքիր նյութի հանդիպում ենք պատահաբար, բայց նման հանդիպումները պետք է հնրավորինս շատ դարձնել։

Այսինքն՝ ինտերնետն ու հեռուստաեթերը հագեցնել հայերի մասին պատմող ֆիլմերով ու ռեպորտաժներով։ Ընդ որում՝ ֆիլմի կենտրոնում ցանկալի է դնել մարդուն, այլ ոչ թե վերացական ուժերը։

Ֆրանսիացիներն, օրինակ, հաճախ են դժգոհում, որ իրենց թերթերը չափից ավելի քաղաքականացված են։ Ընդհանրապես Ֆրանսիայում մեդիան շատ է իշխում, հատկապես ընտրությունների ժամանակ, երբ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի հարկ է լինում։ Կարծում եմ՝ առհասարակ ողջ աշխարհում էլ մեդիան մանիպուլյացիայի գործիք է դարձել. CNN-ն իր ուղղությունն ունի, Al Jazeera-ն՝ իր։

Վերջերս, օրինակ, Al Jazeera-ն հայկական ցեղասպանության մասին մի ֆիլմ էր պատրաստել, որը պարզապես թուրքական տեսակետի արտացոլումն էր։ Մի սարսափելի ֆիլմ, որը դիտելիս միանգամից հասկանում ես, թե ինչպես է կառուցվում հեռուստատեսային մանիպուլյացիան։

Օրինակ՝ ցույց են տալիս հայ-թուրքական բարեկամության մասին խոսող Հրանտ Դինքին, իսկ հաջորդ կադրում նշում են, որ այս մարդն իր խոսքերի համար սպանվել է։ Ու հանդիսատեսի մոտ վստահաբար տպավորություն է ստեղծվում, որ Հրանտ Դինքին ոչ թե թուրքերն են սպանել, այլ թուրքերին ատող մի հայ ֆանատիկոս։

Իհարկե, հասկանալի է, որ միջազգային մեդիայում քո տեսակետը տարաձայնելու համար ուժ եւ փող է հարկավոր։ Մեծ ուժ եւ շատ մեծ փող… Մենք չունենք այդ ուժը, իսկ Թուրքիան ունի։ Կարող եմ ասել, որ Ֆրանսիայի հեռուստատեսության եթերում հայկական ներկայությունը շատ քիչ է։ Թեեւ դա վատթարագույն իրավիճակը չէ. ամերիկյան հեռուստատեսությունում, օրինակ, հայկական հետք ընդհանրապես չկա (եթե հաշվի չառնենք Լոս Անջելեսը)։

Ի վերջո, հեռուստատեսությունը երկրի իմիջ է ստեղծում։ Եւ այդ առումով Հայաստանը Ֆրանսիայում լավ իմիջ ունի, այսպես ասած՝ դրական եւ հաճելի։ Հայերն ընդհանրապես Ֆրանսիայում լավ համբավ ունեն, եւ դա երեւում է մեդիայում։

Հայաստանի հեռուստատեսության մասին խոսել չեմ կարող, քանի որ այստեղ լինելու ժամանակ գրեթե հեռուստացույց չեմ նայում։ Կարծում եմ՝ ինչպես ամենուրեք, այստեղ էլ կան ե՛ւ հետաքրքիր բաներ, ե՛ւ տափակություններ։ Գիտեմ, որ շատերը հեռուստացույցով դիտում են օճառային սերիալներ, որոնց հերոսները կարծես իրենց ընտանիքի անդամներն են դարձել։ Կարծում եմ՝ դա էլ է պետք։

Սակայն իմ խորին համոզմամբ՝ բոլոր ժամանակներում էլ կոմունիկացիայի լավագույն միջոցը եղել է թատրոնը, որին հետագայում գումարվեց նաեւ կինոն։ Մեր օրերում ամենաէական ազդեցությունն ունի կինոն։ Այն օգնում է մարդկանց ճանաչել միմյանց, շփվել իրար հետ, կարեկցել իրար։

Ցավալի է, որ Հայաստանում կինոն չունի այդ ազդեցությունը։ Չէ՞ որ այն պետք է մեր պատմությունը (մեր ցավը, մեր դատը, մեր ուրախությունը) աշխարհին պատմելու համար։

Երբ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի թատրոններում եմ աշխատում, նախընտրում եմ հայ հեղինակների գործերը, որոնք ֆրանսերեն կամ անգլերեն են թարգմանված ու հետաքրքիր են հատկապես ոչ հայ հանդիսատեսի համար։

Ես բեմադրել եմ «Անուշ» օպերան (Միչիգանի օպերային թատրոնում) եւ «Կարինե» օպերետը (Փարիզի Սեն-Մոր թատրոնում), որոնք օտարներ են երգել, օտարներ են խաղացել եւ օտարներն են ծափահարել։

Տարբեր լեզուներով քո ունեցածը ներկայացնելը ավելի եմ կարեւորում, քան Հայաստանից մի մեծ թատերախումբ կամ նվագախումբ հյուրախաղերի հրավիրելը։ Լավագույն ունեցվածքդ տեղայնացնելը, միջազգային համատեքստում դնելը կոմունիկացիա ստեղծելու պատմություն է։

Հզոր պետությունները, կոմունիկատիվ արվեստի ուժը հասկանալով, խոշոր գումարներ են ներդնում կինոարտադրության մեջ, թատրոններն են ֆինանսավորում։ Կցանկանայի, որ նույնը աներ նաեւ Հայաստանը։

Ժիրայր Փափազյան
թատրոնի եւ կինոյի դերասան
Փարիզ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *