2012.11.16,

vox populi

Լրագրողը կարող է սխալվել, բայց այդ «առաջին գիշերվա» իրավունքը շատ թանկ է

Միջազգային կինոփառատոններն ավելի շատ են, քան տարվա օրերը։ Հարց է ծագում՝ ի՞նչ է այդ ֆենոմենը, մանավանդ այս պայմաններում, երբ ցանկացած ֆիլմ կարելի է ինտերնետից քաշել կամ էլ ընդամենը 3 կոպեկով նկարահանել ու ցուցադրել հանդիսատեսին։ Ինչո՞ւ է պետք է բավականին շոշափելի բյուջեով փառատոն կազմակերպել, մարդկանց հրավիրել, խոշոր ծախսեր անել։

Փորձեմ պատասխանել։ Ի վերջո կինեմատոգրաֆը մարդկանց միավորող արվեստ է, որը զանգվածային հույզ է առաջացնում։ Դրանում է նրա մոգությունը։ Հեռուստատեսության հայտնությունից հետո կինոյի հանդեպ վերաբերմունքը փոխվեց, եւ կինոյի զանգվածային, կոլեկտիվ (գրեթե կրոնին հավասար) համակարգը սկսեց փլուզվել։ Իհարկե, ամբողջովին չփլվեց, բայց հիմնովին սասանվեց։

Երեւի լսել եք Փիթեր Գրինուէյի այն խոսքը, որ կինոն մահացավ այն պահին, երբ հայտնագործվեց հեռակառավարման վահանակը։ Իհարկե, կարելի է ասել, որ դա այդպես չէ, քանի որ մեծ էկրանը ունակ է փոխանցել էմոցիաների խորությունը, իսկ փոքր էկրանը՝ ոչ։ Սակայն մեծ իմաստով էկրանների միջեւ տարբերություն չկա, հարցն այն է, որ բազմոցին նստած ֆիլմ դիտել կարող ես նաեւ միայնակ՝ առանց վարքագծային կանոնների ենթարկվելու, ինչը պարտադիր է կինոթատրոնում։

Ընդհանրապես կինոյի մոգությունը սկսեց հօդս ցնդել այն ժամանակ, երբ դիտողսպառողը ֆիլմի նկատմամբ իշխանություն ձեռք բերեց։ Կինոդիտողը դադարեց ենթարկվել հեռուստատեսության ծրագրավորմանը, ինքը սկսեց որոշել երբ սեղմել «դադար» կոճակը, երբ գնալ թեյ խմելու կամ առաջ ու հետ տալ ֆիլմի դրվագները։

Կինոյով զբաղվող բոլոր մարդիկ սկսեցին մտածել՝ ինչպե՞ս հետ բերել կինոյի գրավչությունը, այդ կոլեկտիվ զգացմունքը։ Եվ այդ խնդրի լուծման երկու ուղի ի հայտ եկավ։ Առաջինը կոմերցիոն, ինդուստրիալ, զվարճացնող կինոն է, որի հատուկ (համակարգչային) էֆեկտները տպավորում են հանդիսատեսին միայն մեծ էկրանին, իսկ երկրորդը հեղինակային կինոն է, որն իր տեղը գտավ փառատոնների մեջ։

Փառատոնները զարմանալի ակտուալ են դարձել, դիտումների հսկայական հերթեր են գոյանում, հանդիսատեսն ուզում է իրեն յուրահատուկ փակ ակումբի մաս զգալ։ Բայց փառատոնն ավելին է, քան պարզապես պրեմիերաների կոլեկտիվ դիտումները։

Էքսկլյուզիվ դիտման իրավունքի տպարովորություն ստեղծելուց բացի՝ փառատոնները շարունակում են աշխարհի նկարագրման միջոցը մնալ։ Այնպես ստացվեց, որ փառատոնները կինեմատոգրաֆի շնորհիվ կարող են աշխարհի ամբողջական պատկերը ստեղծել։ Եվ դա հենց աշխարհի, ոչ թե կինեմատոգրաֆի պատկերն է։

Դա իսկական հրաշք է. տարբեր սուբյեկտիվ կինոհայացքներից ու կինոլեզուներից ամեն անգամ կառուցվում է աշխարհի քիչ թե շատ օբյեկտիվ պատկերը։

Եվ այդ հրաշքի հետ մեկտեղ շատ պրագմատիկ բան է տեղի ունենում. գեղագիտական արժեքը վերածվում է փողի՝ նյութական արժեքի։ Փառատոնի շնորհիվ է ռեժիսորը անուն ձեռք բերում ու նոր ֆիլմ նկարահանելու միջոցներ ստանում։ Շատ ռեժիսորներ ապրում ու ստեղծագործում են փառատոնների շնորհիվ։ Փառատոններն օգնում եմ կոմերցիայի տեսակետից ապահովել ոչ կոմերցիոն արվեստը։

Կուզեի խոսել փառատոնների ու մեդիայի (կինոքննադատների ու մամուլի) փոխգործակցության մասին։

Լրագրողներն ու կինոքննդատաները երկրորդ կարեւորագույն գործոնն են, առանց որոնց փառատոնը գոյություն ունենալ չի կարող (առաջինը ֆիլմերն են)։ Բոլոր մնացած էլեմնտերներից զուրկ փառատոն լինում է (անգամ առանց հանդիսատեսի, ընտրական հանձնաժողովի, կինոշուկայի, գումարի կամ էլ լավ ֆիլմերի), բայց առանց մեդիայի՝ ոչ։

Իհարկե, մեդիայով գերհագեցած մեր դարում մենք հակված ենք մտածել, որ առանց մեդիայի ընդհանրապես ոչինչ չի կարող լինել, սակայն դա այդպես չէ։ Կան իրադարձություններ, որոնք թեեւ լուսաբանման կարիք ունեն, բայց իմաստավորում չեն պահանջում (օրինակ՝ որեւէ երգչի համերգը գովազդելու համար բավական է գրագետ PR ակցիա կազմեկերպել՝ առանց լրագրողներին ներգրավելու)։

Թեեւ հիմա բոլորս էլ մի քիչ լրագրող ենք ու կարող ենք բլոգում կամ սոցցանցերի մեր էջում ֆիլմերի մասին գրառում անել, սակայն դա իրավիճակային լրագրություն է, որն ընդհանուր պատկերը չի փոխում։ Իսկ պատկերը սա է. փառատոնը կինոինֆորմացիայի դիստրիբյուցիա է, եւ լրագրողը այդ ինֆորմացիան իմաստավորողն ու տարածողն է (նույնիսկ եթե դա արվում է ամենապրիմիտիվ կերպով)։

Այսինքն՝ ամեն անգամ լրագրողը տեսնում, բառերի մեջ է տեղավորում ու նկարագրում է աշխարհի այն պատկերը, որը ձեւավորում է իր տեսած ֆիլմերի արդյունքում։ Եվ այդ առումով լրագրողն ավելի կարեւոր մարդ է, քան փառատոնի նախագահը, քանի որ նա կարողանում է փառատոնի արդյունավետ քաոսից դուրս հանել իր տեսանկյունից կարեւոր աշխարհի նկարագրությունը։

Մանավանդ այն ժամանակ, երբ ֆիլմերը դեռ հանդիսատեսին չեն ցուցադրվել, մրցանակներ չեն ստացել եւ դեռ գտնվում են անհայտ ու «մաքուր» վիճակում։ Իհարկե, շատ կարեւոր է ամենօրյա մամուլը, որը ոչ միայն փառատոնի ավարտին, այլեւ ողջ ընթացքում է հոդվածներ ու ֆիլմերի գրախոսականներ տպագրում։

Լրագրողի ուղեղի ու ոգու համար լավագույն թրեյնինգը առաջինը ֆիլմերի մասին գրելն է, նույնիսկ եթե գրածը «չսանրված» կարծիքի տեսք է ստանում։ Չէ՞ որ լրագրողի գլխավոր, բազիսային արժանիքը, ներքին անկախությունն ու կոնյունկտուրան իմանալով, սեփական կարծիքը հայտնելն է։ Իհարկե, լրագրողը կարող է սխալվել, բայց այդ «առաջին գիշերվա» իրավունքը շատ թանկ է։ Եվ այդ իրավունքը լրագրողին տալիս է փառատոնը։

Մեր օրերում կինոքննադատլրագրողի մասնագիտության բնույթն է փոխվում, քանի որ հանրային ու մեդիա տարածքի ուշադրությունը գրավել ու պահպանել ավելի ու ավելի դժվար է դառնում։ Նախկինում քննադատը կարող էր հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել մի քանի կտրուկ բան գրելով (այս ֆիլմը գլուխգործոց է, իսկ սա՝ աղբ), եւ վստահ լինել, որ իր անառարկելի կարծքին ոչ ոք չի պատասխանի (լավագույն դեպքում մեկ այլ լրագրող)։

Իսկ հիմա ոչ մի հոդված այլեւս անպատասխան չի մնում։ Լրագրողքննադատի գրածը արագորեն մեկնաբանվում է ցանցերում եւ բլոգներում։ Եւ հաճախ բռի կամ ծիծաղելի մեկնաբանություններն ավելի շատ «լայքեր» են հավաքում, քան խելացի մեծ հոդվածը, որը պատրաստելու համար քննադատն իր կյանքի կեսն է ծախսել։

 Այնպես որ հիմա զանգվածային մեդիայի ազդեցության տակ կինոքննադատի գործունեությունը կտրականապես այլ որակ է ստացել։ Ինտերնետի ազդեցության տակ փոխվել է ոչ միայն կինեմատոգրաֆի, այլեւ կինեմատոգրաֆը սպասարկող մեդիայի աշխարհը։

Անտոն Դոլին
կինոգետ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *