2012.10.12,

vox populi

Ճանաչված դառնալու համար հերիք է հայտնվել հեռուստացույցում

Մեր մեդիա դաշտը չափազանց քաղաքականացված է. թերթերը, կայքերը ամբողջությամբ ողողված են քաղաքական լուրերով։ Անգամ այն մարդիկ, որոնք պիտի արվեստից, երաժշտությունից կամ ասենք գիտությունից խոսեն, մեդիայի ուշադրության կենտրոնում են հայտնվում միայն որպես քաղաքական իրադարձությունների մասին իրենց կարծիքը հայտնողներ կամ մեկնաբանողներ։ Ցավում եմ, բայց այդպես է։

Երբ քաղաքականությունը մտնում է հեռուստատեսություն, մշակույթ, կինո, թատրոն, վիզուալ արվեստ, համը դուրս է գալիս, քանի որ քաղաքական դաշտն իր հետ միշտ կեղտ է բերում, եւ այդ կեղտը անպայման կպչում է ամեն ինչին։

Երբ, ասենք, ուզում ես կարդալ ու նայել մշակութային լուրերը, տեղեկանալ քեզ հուզող թեմաների մասին, ուզած-չուզած միշտ քաղաքական բացատրությունների ես հանդիպում ու քաղաքական դաշտ ես մտնում։

Կարծես հզոր պտուտահողմի նման քաղաքականությունը ողջ ինֆորմացիան բերում, հավաքում է մի կետում։ Միշտ նույն կետում… Արվեստի մարդիկ էլ իրենցից անկախ գալիս ընկնում են այդ հորձանուտի մեջ ու, իրենց բուն գործը թողնելով, սկսում են զբաղվել քաղաքականությամբ։

Ես փորձում եմ հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից ու խուսափում եմ «ճռճռան» բառեր ասել մեր դարավոր մշակույթի ու այլ վեհ բաների մասին։ Ընդունում եմ, որ միգուցե այդ պատճառով էլ ինձ ավելի քիչ են ճանաչում Հայաստանում, քան այլ երկրներում։ Բայց ճանաչված լինելը ինքնանպատակ չէ, ավելի հետաքրքիր զբաղմունքներ կան։ Օրինակ՝ սուսուփուս ու համեստորեն անել քո սիրելի գործը։ 

Հիմա ճանաչված դառնալու համար հերիք է հայտնվել հեռուստացույցում։ Հիմա շատ դերասաններ ոչ միայն սերիալներում են խաղում, այլեւ հաղորդումներ են վարում կամ շոուների մասնակիցն են դառնալ։ Ցանկացած մարդ, որը պարբերաբար երեւում է հեռուստացույցով, միանգամից իր անձի PR-ն է անում։ Բայց անկեղծ ասած՝ նման PR-ը մի առանձնահատկություն ունի. այն հրապուրիչ չէ։

Կարծում եմ՝ հեռուստատեսությունը ջրիկացնում է թեմաներն ու մտքերը, իսկ թատրոնն ընդհակառակը՝ խտացնում։ Ինքս միշտ փորձել եմ առավել խտացնել իմ ներկայացումների ասելիքը, այսպես ասած՝ տողատակի տողատակը ստեղծել բեմի վրա, ստանալ առավելագույն խտացված թատերական «եթերային յուղը»։

Վերջերս, օրինակ Նորվեգիայում էի, ուր հյուրախաղերի էի մեկնել իմ «Լռության մեղեդի» մոնոներկայացումով։ Այդ պոետիկ ներկայացումը ինձ հետ է սկսած 1992 թվականից, այն կարծես ինքն է ինձ համոզվում, որ դեռ կարող է ապրել։

Մնջախաղը, 19-րդ դարի արվեստ լինելով, արդեն մահանում է Եվրոպայում։ Դա ավելի շուտ ռետրո արվեստի տեսակ է, այսինքն՝ լավ մոռացված հնություն, որը կարող է դառնալ նորություն հենց իր խտացված պոետիկ ու ինքնաբուխ էության շնորհիվ։

Ինֆորմացիայի հիմնական աղբյուրն ինձ համար (նաեւ ընկերներիս ու բարեկամներիս) ինտերնետն է, որտեղ ինֆորմացիան մաղվում ու որոշ իմաստով դասավորվում է։ Ինտերնետում են հայտնվում եւ՛ թերթերի, եւ՛ հեռուստահաղորդումների, եւ ընդհանրապես՝ բոլոր լուրերը։

Կարեւոր է նաեւ, թե ում միջոցով է քեզ հասնում ինֆորմացիան։ Սոցիալական ցանցերն այդ իմաստով հենց մաղողի դերն են կատարում, քանի որ դու կարողանում ես ստանալ ոչ թե պետական մարմինների կողմից թելադրված ինֆորմացիան, այլ կոնկրետ ու որոշ իմաստով նաեւ մաքուր աղբյուրների նորությունները։ Մաքուրն այս դեպքում մարդիկ են, որոնց վստահում ես ու որոնց ընտրությունը քեզ համար կարեւոր է։ Կարծում եմ՝ ցանկացած մեդիա շատ լավ հասկանում է, որ առանց սոցցանցերի չի կարող լսարան ունենալ։

Երեւի հենց սոցցանցերն են այսօր իրականության ճշգրիտ պատկերացումը տալիս։ Դրանում համոզվելու համար կարող ես հետեւել, թե ինչպես են ցանցերում լուրերը բարձրաձայնվում, մեկնաբանվում, լրացվում։ Եվ անպայման նաեւ քաղաքականացվում։

Երբ փորձում եմ հայաստանյան ներկա կյանքը ինչ-որ կերպ բնութագրել, միանգամից հիշում եմ Փոսի թատրոնը, որի շենքը վաճառվեց, իսկ թատրոնն էլ ինքնահոսի թողվեց ու մարեց։ Այդ թատրոնը, որը ժամանակին ամենահետաքրքիր ու օրիգինալ փոքր թատրոններից էր, կարծես սեփական երկրում ապրող սփյուռքահայ լինի։ Մարդիկ կորցրել են իրենց բուն հայրենիքն ու հիմա հայրենի հողում ապրում են սփյուռքահայի կարգավիճակում։ Շատերս ենք էդպես ապրում։

Համլետ Չոբանյան
մնջախաղի արտիստ

Դպրոցը՝ N141 միջնակարգ դպրոց
Կրթությունը՝ Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասանի ֆակուլտետ
Սիրելի ֆիլմը՝ ֆավորիտներ չեմ նշում, որովհետեւ ցուցակս շատ երկար կստացվի
Սիրելի դերասանը՝ աշխարհի ամենալավ արտիստներից մեկը Ֆրունզիկ Մկրտչյանն է
Սիրելի սպորտաձեւը՝ որոշ իմաստով մնջախաղը նույնպես սպորտ է, քանի որ մարմինը կոփելու հետ գործ ունի, բայց կարեւոր է, որ արվեստի այդ տեսակը ռեկորդներ սահմանելու խնդիր չունի, այն էմոցիաներ արթնացնելով է ռեկորդ սահմանում
Սիրելի արտահայտությունը՝ «Սիրում եմ սիրել», ի վերջո, մեր գոյության հիմքը սերն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *