2012.09.13,

vox populi

«Արվեստը լավագույն մեդիա տեխնոլոգիան է»

Հայաստանյան ու ամերիկահայ հեռուստատեսությունները համեմատելը սխալ է այն պատճառով, որ ԱՄՆ-ում գործող հայկական ալիքներից շատերը համագործակցում են հայաստանյան ալիքների հետ ու նրանց պատրաստած հաղորդումներն են հեռարձակում։ Իհարկե, ամենամեծ շուկան Գլենդեյլ քաղաքում է, եւ Գլենդեյլ քաղաքի ամենամեծ կաբելային ընկերության ծառայություններից էլ օգտվում են հայկական հեռուստաալիքները։ Դրանց գումարվում են նաեւ արբանյակային ալիքները, իսկ Հարավային Կալիֆորնիայում նաեւ՝ փոքր տեղական կաբելային ալիքները։

Պե՞տք են մեզ արդյոք այդքան մեծ քանակի ալիքները։ Կարծում եմ՝ պետքականության հարց չկա։ Թերեւս պետք չեն, բայց ԱՄՆ-ում դա ազատ դաշտ է. փող վճարիր ու կարող ես կաբելային ալիք ունենալ։ ԱՄՆ-ում հեռուստատեսության ցենզուրա չկա, դա ավելի շուտ լեզվի ու պատկերի ցենզուրա է՝ չի կարելի, օրինակ, հայհոյանքներ հեռարձակել կամ բաց էրոտիկ տեսարաններ։ Իսկ մնացած առումներով հեռուստադաշտն ազատ է։

Բոլոր հայկական ալիքները բիզնես պրոեկտներ են, բացի՝ «Հորիզոնից», որը չլինելով կոմերցիոն՝ փորձում է ծառայել ամերիկահայ գահութին։ Օրինակ, մինչ օրս «Հորիզոնը» (որի տնօրենն էի 2007-2012 թթ.) միակ ալիքն է, որը լրատվական բաժին ու սեփական թղթակիցներ ունի ու երբեք սերիալ չի ցուցադրել։ Իսկ մնացած ալիքները տեղական բիզնեսի վրա հիմնված հաղորդումներ են պատրաստում կամ էլ ցուցադրում են հայաստանյան հաղորդումներն ու սերիալները։ Եվ կարծես թե շատ մտահոգված չեն հաղորդումների որակով։ 

Շիտակ խոսենք. ամենադիտվողը սերիալներն են, եւ դա ցավալի է։ Իհարկե, Հայաստանում ապրած ամերիկաբնակները գիտեն, որ իրականությունը բնավ էլ սերիալներին նման չէ, եւ միայն սերիալների խառակտերները չեն, որ գոյություն ունեն այսօրվա Հայաստանում։ Բայց մյուսները (ոչ հայաստանցիները) հենց սերիալների օգնությամբ են Հայաստանի մասին պատկերացում կազմում։ Սերիալները վատ Հայաստանի իմիջ են ստեղծում, քանի որ դիտողները հասկանում են, որ ամեն բան Հայաստանում շատ վատ է, եթե այնտեղ ապրում են հիմնականում սերիալային պերսոնաժները։

Բայց դժբախտությունը նրանում է, որ սերիալները դիտում են բոլորը՝ եւ արեւելահայերը, եւ արեւմտահայերը։ Միգուցե կոմերցիայի տեսակետից դրանք արդարացված են, բայց հայերի իմիջի առումով՝ կործանիչ են։

Հայաստանյան մամուլին հետեւելու սովորություն միշտ ունեցել եմ, իսկ հիմա երբ կա «Ֆեյսբուքը», կյանքն ավելի հետաքրքրական է դարձել, քանի որ սոցցանցը մեդիայի դայջեսթ է անում՝ ուղորդելով ու նույնիսկ ստիպելով մեզ այս կամ այն բանը կարդալ։ Իհարկե, դա բավականին վախենալի պատմություն է։ Ընդհանրապես համացանցային ազատությունը նման է «երկսայրի սրի»։ Մի կողմից ինքնաարտահայտվելու լիակատար ազատություն կա, բայց միեւնույն ժամանակ՝ վնասելու մեծ վտանգ։ Ի վերջո, ազատությունը նաեւ ինքդ քեզ կոնտրոլի ենթարկելն ու տրամաբանական քայլեր անելն է։ 

Ինքս շատ եմ սարսափում անտրամաբանական մարդկանցից, նույնիսկ ավելի շատ, քան զենքով մարդկանցից։ Անգամ անխելք մարդուն կարող ես հասկանալ, իսկ տրաբանություն չունեցողին՝ ոչ։ Բայց երբեմն բանիմաց ու խելացի մարդիկ այնպիսի անտրամաբանական բաներ են անում, որ ուղղակի զարմանում ես…

Հիմա երբ այլեւս «Հորիզոն» հեռուստատեսության տնօրենը չեմ, ավելի շատ եմ լինելու Հայաստանում եւ Արցախում։ Հոկտեմբերի 1- 14-ը Շուշիում կոնցեպտուալ արվեստի մի մեծ նախագիծ ենք իրականացնելու։ Այն կոչվելու է «Land and Technology»՝ «Հող եւ տեխնոլոգիա» եւ անցկացվելու է «Shushi Art Project»-ի շրջանակներում։  

«Land and Technology»- ն անկախ արտիստական նախաձեռնություն է, որի  ընթացքում արդի արվեստի ներկայացուցիչները Հայաստանից ու Սփյուռքից (նկարիչներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ, քանդակագործներ, արվեստաբաններ) երկու շաբաթ Շուշիի տարածքում աշխատելու, ցուցադրվելու ու վարպետության դասեր են անցկացնելու երեխաների հետ, ֆիլմեր են ստեղծելու։ Կինովավերագրող Սյուզան Խարդալյանի վարպետության դասի շրջանակներում, օրինակ, Շուշիի երիտասարդ բնակիչները ֆիլմ են նկարահանելու։

Շուշին տարիներ շարունակ խոշոր մշակութային ու կրթական կենտրոն է եղել, եւ մենք շատ ենք ուզում կրկին աշխուժացնել քաղաքը, որպեսզի մարդիկ գան, ներկա լինեն, օժանդակեն արվեստագետներին եւ իրենց զգան ինչպես կենտրոնում։ Ի վերջո, երբ ինքդ ես դառնում ստեղծագործության մասնակիցը, արդեն այլ կերպ ես գնահատում արվեստը։ Կարծում եմ՝ արվեստի փառատոնները լավագույն մեդիա տեխնոլոգիաներն են։ Արվեստը բան ունի հաղորդելու մարդուն։ Ինչպես նաեւ հողը, որն ունի իր ուրույն փիլիսոփայությունը։

Ուրախ եմ ասել, որ Շուշիում արդեն իսկ երկու մեծ պատկերասրահ կա, հին թանգարանը նորոգվում է, կահավորվում, ցուցադրության տարբեր հարթակներ են բացվում։ Մեր փառատոնի օրերին նախատեսվում ենք անկցացնել նաեւ բացօթյա համերգներ, որոնց ընթացքում հիմնականում Կոմիտաս է հնչելու։ Ինձ համար ամենահետաքրքրականը տեսնելն է, թե ինչ նոր բան կծնվի արդի արվեստի ու շուշեցիների, հողի ու տեխնոլոգիաների հանդիպման արդյունքում։ 

Հարրի Որբերյան 
գրաֆիկ դիզայներ, Լոս Անջելես

Դպրոցը՝ Լիբանանի ճեմարան-վարժարան, հետո Լոս Անջելեսի Ֆերահյան հայկական դպրոց
Կրթությունը՝ Կալիֆորնիայի Northridge Պետական համալսարան
Սիրելի գիրքը՝ դժբախտաբար գրքի վերնագիրը չի հիշում, բայց միշտ երբ ոգեշնչման կարիքն է ունենում, կարդում է դալայ-լամայի հուշերը
Սիրելի ֆիլմը՝ իտալական հին ռոմանտիկ ֆիլմերը, հատկապես «Սինեմա «Պարադիզո»-ն ու «Փոստատարը»
Սիրելի սպորտաձեւը՝ երկար տարիներ եղել է համալսարանանական ֆուտբոլային թիմի դարպասապահը, բասկետբոլ խաղացել, ընդհանրապես բոլոր մարզաձեւերն էլ սիրում է
Սիրելի արտահայտությունը՝ կեսկատակ-կեսլուրջ «Ուր էինք, ուր հասանք» կամ էլ ավելի կարճ ու դիպուկ «Հե՜յ գիտի, աշխարհ»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *