2012.06.27,

vox populi

Հեռուստատեսային թունավորում

Հայաստանյան մեդիաների գլխավոր խնդիրը ծայրահեղ պրովինցիալիզմն է, որը ամեն ալիքով եւ ամեն հաղորդման մեջ շատ վառ արտահայտված է,  ճաշակի բացակայությունը,  այն, թե ինչ տեսք ունեն սերիալները եւ հաղորդավարները, թե ինչպես են հաղորդավարները սեփական ոճը փնտրելու փոխարեն վերցնում ուրիշ երկրների հաղորդումների կլիշեները, այն, որ գրեթե չկան ստեղծագործական հաղորդումները, շատ քիչ են իսկապես պրոֆեսիոնալ հաղորդավարները, լրագրողները:

Սրա պատճառն այն է, որ մենք շատ հեռու ենք եվրոպական մշակույթի կենտրոններից, իրական փառատոնային, ցուցահանդեսային, երաժշտական կյանքից: Այս ամենը կարելի է հաղթահարել կրթության օգնությամբ. ընդ որում՝ կրթություն ասելով ամենեւին նկատի չունեմ նույնպես ոճից զրկված պատկերը, որն ունի ժամանակակից դպրոցը, այլ այլընտրանքային կրթական հոսքը, որոշակի ստեղծագործական էլէմենտի մուտքը դպրոց: Կրթական ճանապարհը գուցե դանդաղ, բայց արմատական տարբերակ է:

Սակայն պետք է ասել, որ ամբողջ աշխարհում հեռուստատեսության վիճակը լավ չէ ճաշակի տեսանկյունից: Ես չեմ կարող ասել, որ որեւէ երկրում հեռուստատեսությունը զբաղվում է բարձր ճաշակ զարգացնելով կամ տարածելով: Բայց գոնե այս կամ այն երկրում գոյություն ունեն ալիքներ, որոնք ճաշակի առումով որոշակի այլընտրանք են տալիս, այդ թվում՝ նաեւ սեփական արտադրության: Եվ այդ բարձրորակ գոնե մեկ ալիքի պակասը շատ է զգացվում:

Բովանդակությունն էլ մեծ մասամբ խղճուկ է: Բայց պետք է նշեմ, որ վերջերս, օրինակ, «Արմնյուզ»-ի մոտ պրոֆեսիոնալիզմի աճ է նկատվում: Գիտեք՝ հաճելի է, երբ հաղորդավարը մտածող մարդ է, նույնիսկ եթե նկատում ես, որ նա որոշակի խնդիր է լուծում, որը նախապես իր առջեւ դրել է, որոշակի քաղաքականություն է վարում եւ այլն, երբ նա մտածող է եւ արժանի զրուցակից ցանկացած մակարդակի հյուրի հետ, դա մեծ բան է: Այդ առումով «Արմնյուզ»-ն ինձ համար վերջին երեք ամսվա ընթացքում ավելի հետաքրքիր է դարձել: «Շողակաթ»-ը մի հաղորդում ունի, որը գեղեցիկ եւ կենդանի հայերենով է, ինչն այսօր շատ դժվար է համատեղել:

Ես չեմ ուզում խոսել հեռուստատեսության դաստիարակչական դերի եւ այլնի մասին, որովհետեւ, ի վերջո, մարդը, երբ գալիս է հեռուստատեսություն աշխատելու, երեւի, մանկավարժի դիպլոմ չի ներկայացնում, որ դաստիարակությամբ զբաղվի: Բայց էլեմենտար կրթվածության մակարդակ պահանջվում է, երբ մարդը, օրինակ, ֆիլմ է նկարում կամ ցուցադրում ուրիշի նկարած ֆիլմը:

Ինձ համար նույնիսկ էական չէ՝ այսօր մոդայիկ թեմա դարձած սերիալներում սլենգ օգտագործվում է, թե ոչ: Շատերը սերիալները քննադատում են սլենգի օգտագործման համար: Ֆեդերիկո Ֆելինին իր ֆիլմերում սլենգ է օգտագործել, նա իր ֆիլմերը չի նկարել ռենեսանսի դարաշրջանի լեզվով: Ցանկացած գեղարվեստական միջոց կարելի է օգտագործել, եթե այն օգտագործում ես ստեղծագործաբար: Մեր սերիալները ողորմելի են. ողորմելի է դերասանական խաղը, ողորմելի են սյուժեները, ողորմելի տպավորություն են թողնում մեր ռեժիսորները, օպերատորական ապշեցուցիչ հայտնագործությունները նույնպես ողորմելի են:

Այստեղ վտանգն այն չէ, որ բարոյականություն չի քարոզվում եւ այլն, չպիտի ֆիլմը քարոզիչ ֆունկցիա կատարի, դա արվեստի խնդիրը չէ: Այդ սերիալները հիմնված են մարդկանց շատ պարզ, սովորական, ամեն քայլափոխի հանդիպող եւ շատ զզվելի հատկության վրա՝ բամբասանքի: Ո՞րն է նրանց ձգողության ուժը: Պատկերացրեք, որ տանը ժամը 5:30-6:30 կախարդական մի պատուհան է բացվում ամեն օր, դուք նստում եք պատուհանի դիմաց եւ նայում եք, թե ինչ է կատարվում հարեւանի ընտանիքում, մի ժամ անցնում է, այդ պատուհանը փակվում է: Հաջորդ օրը դուք վազում եք նույն տեղը, որ տեսնեք հարեւանի տանը դեպքերն ինչպես են զարգանում: Այնտեղ ցածր մակարդակի կենցաղային խոսակցություններ, կեցնաղային կրքեր են, ոչ մի գեղարվեստական բան չկա, դա է սարսափելի: Այստեղ դու ոչինչ չես գտնում, բայց ինքդ դառնում ես ավելի ողորմելի, քան ֆիլմերն են:

Ինչ վերաբերում է լրատվական հաղորդումներին. չասեմ, որ նրանք ուշանում են, դա էլ հասկանալի է, որովհետեւ հնարավորություններ ու մեծ փող է պետք, դա չէ հարցը: Ես շատ վատ կարծիքի եմ լրատվական հաղորդումների մասին ամբողջ աշխարհում, որովհետեւ հաղորդումները, որոնցում նույն մակարդակի վրա են դրվում աղետները, սպանությունները, լուրջ քաղաքական իրադարձությունները, «աստղերի» ամուսնությունը կամ սիրավեպը, երկրաշարժը, իմ կարծիքով՝ բավական մեծ չարիք են ամբողջ աշխարհում:

Ինձ չի հրապուրում այն փաստը, որ ժամանակակից մարդը գնալով ապրում է ավելի ժամանակակից ինֆորմացիոն հոսքում, որը այնպիսի արագությամբ է իր վրա գալիս, որ նա նույնիսկ չի հասցնում ինչ-որ վերաբերմունք ձեւավորել դրա նկատմամբ: Այդ առումով ես կասեի՝ ինչքան դանդաղ, այնքան լավ. ինչքան մեր լրատվական հաղորդումները հետ են մնում արագությունից, այնքան մեր ժողովուրդը դրանից շահում է:

Շատ կարեւոր է նաեւ, որ հեռուստատեսությունը խնայի երեխաներին: Երբեմն ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր կազմել են հեռուստատեսային ծրագիրը, կա՛մ երեխա չունեն, կա՛մ իրենք երբեք երեխա չեն եղել, որովհետեւ այն, ինչ իրենք անում են, սարսափելի է երեխաների համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մեր ժողովուրդը չունի հեռուստացույց անջատելու կուլտուրա: Եվրոպական որեւէ երկրում դուք չեք տեսնի, որ հեռուստացույցը ընտանիքի անդամի պես անընդհատ միացրած լինի: Հայաստանում որ տունը մտնես, հեռուստացույցը անընդհատ միացրած է: Ինչպես կարելի է ունենալ հեռուստացույց նայելու, այնպես էլ կարելի է ունենալ այն անջատելու կուլտուրա:

Անընդհատ հեռուստացույցը միացրած թողնելը նույնն է, թե սեղանի վրա անընդհատ քյաբաբ, վինեգրետ, խաշ, խմորեղեն, թթու, ղափամա, մուրաբա լինի, եւ մարդիկ անընդհատ, նույնիսկ չնկատելով, վերցնեն եւ ուտեն: Արդյունքը հասկանալի է՝ թունավորում: Նույն տիպի թունավորում տեղի է ունենում մեզ հետ:

Արա Աթայան
արվեստի եւ մշակույթի պատմաբան

Դպրոցը՝ Ա. Չեխովի անվան N55 դպրոց
Համալսարանը՝ Գեղարվեստաթատերական ինստիտուտ
Սիրելի գիրքը՝ Ջ. Թոլքինի «Մատանիների տիրակալը», Ա. Դյումայի «20 տարի անց», Կնուտ Համսունի «Վիկոտրիան»
Սիրելի ֆիլմը՝ Ֆ. Ֆելինիի «Ամարկորդը»,  Ս. Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ի. Բերգմանի «Աշնանային սոնատը»
Սիրելի երաժշտությունը՝ դասական, միջնադարյան, ժողովրդական
Սիրելի սպորտաձեւը՝ գեղասահք, վոլեյբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «Է(՜՞)»                                                              

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *