Առհասարակ նախընտրում եմ կարդալ, ոչ թե գրել, բայց «Առավոտ» թերթի մի խմբագրական ստիպեց գրել ինձ հուզող այս հարցի շուրջ, որը ֆեյսբուքյան ընկերախմբային քննարկումներից դուրս արժի հնչեցնել նաեւ հրապարակավ:
2009-ին անցնելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամում աշխատանքի՝ ծառայողական պարտականություններից ելնելով՝ պարզ մեդիա սպառողից դարձա այդ ոլորտի ծրագրային մենեջեր`այս տարիների ընթացքում մասնակցելով եւ կազմակերպելով բազմաթիվ դասընթացներ լրագրողների համար: Քանի որ իմ համակարգած ծրագիրը, մեծ առումով, ուղղված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ լրատվամիջոցներում ոչ ճշգրիտ, աչառու տեղեկատվության կրճատմանը, կարծրատիպային մտածողության նվազեցմանը, բնականաբար, ժուռնալիստիկական էթիկան եւ պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտները ընկած են եղել մեր բոլոր դասընթացների հիմքում:
Եվ ահա տեքստին քննադատող հայացքով նայող «պրոֆեսիոնալ ընթերցողի» տեսակետից եմ ուզում անդրադառնալ 2012 թվականի մարտի 27-ի «Առավոտ» թերթի խմբագրականին: Ի սկզբանե նշեմ, որ խմբագրականում արծարծված հիմնական թեզերի հետ կապված որեւէ ասելիք չունեմ: Խմբագրականը հենց այն ժանրն է, որտեղ խմբագիրն ազատ է արտահայտել իր վիճելի եւ ոչ միանշանակ ցանկացած կարծիք ու տեսակետ:
Խոսքս այլ բանի մասին է՝ առարկություններ չենթադրող եւ մարդկանց մի ամբողջ խումբ վիրավորող, էթիկայի կանոնները ոտնահարող մի մոտեցման, որ կիրառված է նշյալ խմբագրականում: Մասնավորապես`«Պատկերացնո՞ւմ եք, եթե չհաներ, ինչ էին նրա հետ անելու ՀԱԿ-ականները՝ իրենց մշակութային մակարդակին եւ ընտանեկան դաստիարակությանը համապատասխան՝ «հաճախորդ», «դհոլ» եւ «ախք» որակումները առավել մեղմ կթվային»: Կոնտեքստից չկտրելու համար ասեմ, որ խոսքը գնում է Րաֆֆի Հովհաննիսյանի թիվ 7 ընտրատարածքում իր անունը մեծամասնական ցուցակից հանելու մասին:
Հարցս եւ խնդիրս հենց այստեղ է: Լրատվական դաշտին հետեւելով՝ վաղուց եմ եկել այն եզրակացության, որ հայաստանյան թերթերի մի հոծ զանգված հանգիստ կարող էր հրատարակվել «թոփերով եւ առանց տեքստի»: Սակայն կան այնպիսիք, որոնց շարքին դասվում է նաեւ «Առավոտը», որոնք ինձ ծանոթ փորձագիտական եւ մասնագիտական շրջանակներում գոնե համարվում են լրագրողական էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի առաջամարտիկներ:
Հիմա, եթե վերոհիշյալ թերթերից որեւէ մեկը իր խմբագրականում նման արտահայտություններ աներ, կարծում եմ՝ դրանք ո՛չ զարմանալի, ո՛չ էլ վրդովվեցնող կլինեին. բոլորը վաղուց ընտելացել են այդ հրատարակությունների ոճին եւ բովանդակությանը: Սակայն «Առավոտի» պարագայում հարց է առաջանում. ինչպե՞ս է էթիկայի եւ ընտանեկան դաստիարակության մասին խոսողն այդքան հեշտությամբ կոլեկտիվ պատասխանատվության ենթարկում մարդկանց տարատեսակ եւ տարաբնույթ մի խմբի (տեքստում ասված չէ` «ՀԱԿ-ականների մի մասի», «որոշ մասի» որակմամբ, ասված է ՀԱԿ-ականների`ամենաբացարձակ ձեւով), ինչո՞վ է, հապա, տարբերվում հազարավոր մարդկանց «անմակարդակ» եւ «անդաստիարակ» անվանողը «հաճախորդ», «դհոլ» եւ «ախք» որակողներից, ինչո՞վ է այս պարագայում տարբերվում «Առավոտի» խմբագրականը «Գոլոս Արմենիի» խմբագրականից:
Միգուցե պարզապես այն բանով, որ «Գոլոս Արմենիին» իրեն անաչառ լրատվամիջոց չի՞ հռչակում, եւ դա ավելի արդար է :
Իզաբելլա Սարգսյան
Բնօրինակը հրապարակվել է Свет в августе բլոգում
Դպրոցը՝ Երեւանի Ե. Չարենցի անվան N67 դպրոցում
Համալսարանը՝ ԵՊՀ Աստվածաբանություն, Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, սոցիոլոգիա
Սիրելի գիրքը՝ «Կորած սերնդի» գրականություն, ժամանակակիցներից`Ումբերտո Էկո եւ Միլան Կունդերա
Սիրելի ֆիլմը՝ Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերը, Էնթոնի Հարվիի «Առյուծը ձմռանը» (The Lion in Winter)
Սիրելի երաժշտությունը՝ սիմֆոնիկ, վոկալ
Սիրելի սպորտաձեւը՝ մեծ թենիս
Սիրելի արտահայտությունը՝ դրանցից մեկը՝ “А может быть стены Иерихона пали просто потому, что в городе слишком сильно дули в фанфары”, Станислав Ежи Лец
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: