2012.02.24,

vox populi

«Այս քաղաքը իմն էլ է»

«Չի կարելի հիվանդ, արատավոր երեխաներին օգտագործել խոսքը տեղ հասցնելու համար» վերնագիրը կարդալով՝ աչքերիս չհավատացի: Մաշտոցի պուրակում հերթական մշակութային միջոցառումը երեխաների աշխատանքների ցուցահանդեսն էր, որին մասնակցում էին աուտիզմ ունեցող երեխաները:

Վատթարագույնը, որ կարող էի սպասել հասարակական կազմակերպությանը կամ մասնակիցներին «քաղաքականացված» պիտակը կպցնելն էր (թեեւ չեմ հանդիպել որեւէ քաղաքական ուժի, որին հետաքրքրեին հաշմանդամություն ունեցող մարդիկ):

Գրառումը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի պատից էր վերցված, որովհետեւ  հրապարակված էր ոչ թե որեւէ լուրջ լրատվամիջոցում, այլ մի նորաստեղծ կայքում, որը այս ու այն բլոգից նյութեր ու ստատուսներ է քոփի փեյսթ անում. ինչպես իրենք են իրենց մասին ասում`«BlogNews.am-ում ներկայացված են հայտնի եւ սկսնակ բլոգերների, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ամենասուր գրառումները հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներով: Կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում եւ չեն փոփոխվում՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով»:

Այս ամենին գուցե կարելի է լուրջ չվերաբերվել, եթե, իհարկե, նկատի չունենանք նշված բլոգի «այստեղ, այնտեղ եւ ամենուր» լինելը:

Իսկ Նանե Փայտյանի գրառումը ԶԼՄ հրապարակում դարձնելով՝ կայքը նաեւ կիսում է երեխային հասցրած վիրավորանքի պատասխանատվությունը՝ նրան անվանելով «հիվանդ եւ արատավոր», գրառման հետ տեղադրելով հաշմանդամություն ունեցող մի շնորհալի երեխայի լուսանկար, ում շատերն են ճանաչում:

Նման հրապարակումը նաեւ խորացնում է այն կարծրատիպը, թե հանրային տարածքի, այս դեպքում` այգու պահպանությունը հաշմանդամություն ունեցող մարդուն ամենեւին չի վերաբերում, որ ինքն այս դեպքում կարող է միայն «օգտագործված» լինել եւ ոչ թե ակտիվ քաղաքացի, ով մյուսներին հավասար կարող է մասնակցել հասարակական կյանքին:

Ցավոք, ոչ մի ԶԼՄ այս առիթը չօգտագործեց խոսելու համար այն մասին, թե որքանով են մեր քաղաքի հանրային տարածքները մատչելի տեղաշարժման եւ այլ դժվարություններ ունեցող մարդկանց համար: Ոչ ոք նույնիսկ ինքն իրեն հարց չտվեց, թե Մաշտոցի պուրակը, Թռչկանի ջրվեժը կամ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը որքանով են ստեղծված կամ վաղը որքանով հասանելի կլինեն նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, ովքեր տիրոջ նույն իրավունքով պայքարել են իրենց բնության, քաղաքի եւ երկրի համար:

Հ.Գ. Վերոնշյալ նյութն արդեն հեռացվել է Blognews.am կայքից:

Զարուհի Բաթոյան
Լրագրող

Դպրոցը՝ Երեւանի N44 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան
Սիրելի գիրքը՝  Բոդլերի «Չարի ծաղիկներ», Ջոն Կուտզեի «Բարբարոսներին սպասելիս» 
Սիրելի ֆիլմը՝ «Սովորական հրաշք», «Ծառայողական սիրավեպ», «Небо над Берлином»
Սիրելի երաժշտությունը՝ ռոք, ավանգարդ- ֆոլք
Սիրելի սպորտաձեւը՝ ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «մեղա»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *