Իմ խորին համոզմամբ` մեզ մոտ ինչպես ցանկացած դաշտում, այնպես էլ մեդիա դաշտում, մասնավորապես՝ գովազդում, կա մի խնդիր, որը դեռեւս մեր հայ գրողներից Դերենիկ Դեմիրճյանը որակել է «հայի չափը չափազանցն է» արտահայտությամբ:
Խնդիրն այն է, որ անգամ այն դասական երեւույթներն ու ինստիտուտները, որոնք առկա են արտերկրում եւ բնականոն ու օրինաչափ ճանապարհով պիտի հայտնվեն նաեւ մեզ մոտ, որովհետեւ մենք բռնել ենք զարգացման ուղին, խեղաթյուրվում են ճանապարհին կամ գուցե զարգացող երկրին բնորոշ հատկանիշներ են ստանում:
Եվ այն, ինչը պետք է նորմալ եւ չափի մեջ լիներ, պարտադիր ստանում է վատ, վուլգար, ընդգծված եւ սպառողի աչքին ու ականջին տհաճ նրբերանգ:
Մեր հեռուստաեթերում գովազդն այնքան շատ է, որ խանգարում է հեռուստացույց դիտել: Հաճախ հաղորդման ժամանակ պտտում ես մեկ այլ ալիք, որպեսզի գովազդ չնայես, եւ գովազդն այնքան երկար է տեւում, որ մոռանում ես հետ պտտել:
Ֆիլմն ընդհատվում է գովազդով, եւ այդ գովազդը տեւում է ավելի երկար, քան ֆիլմի ինչ-որ հատված: Նույնը կատարվում է նաեւ հաղորդումների ժամանակ:
Ճիշտ է՝ «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո իրավիճակը ինչ-որ չափով շտկվել է, որովհետեւ հովանավորների գովազդը մտցվել է գովազդ հասկացության տակ, բայց գովազդային ժամանակի վերահսկման առումով դարձյալ խնդիր կա: Հաճախ գովազդի՝ օրենքով սահմանված չափը գերազանցվում է՝ մի քիչ սկզբից, մի քիչ վերջից, մի քիչ էլ մեջտեղից երկարաձգվելով:
Եվ գովազդը դառնում է չափից ավելի շատ ու անվերջանալի. սկզբում գնում է գովազդի կարճ տարբերակը, հետո դրա բացած տարբերակը, հետո դարձյալը կարճը:
Հասկանալի է, որ գովազդն ուղղված է սպառողի վրա ազդելու եւ ցույց տալու ինչ-որ ապրանքի կամ ծառայության առավելությունը մյուսի նկատմամբ, բայց այն, ինչ կատարվում է այսօր եթերում, սպառողի վրա բռնի ուժով ներազդել է: Ու տպավորություն է, թե չափից ավել գովազդվում են այն ապրանքները, որոնք իրականում սպառման խնդիր ունեն:
Մեր գովազդային դաշտի գնահատականը, իմ գնահատմամբ, բավարար կամ դրանից ցածր է թե՛բովանդակային, թե՛ որակական առումներով:
Հաճախ գովազդի սյուժեն ընդհանրապես որեւէ կապ չունի գովազդվող ապրանքի կամ ծառայության հետ. ինչ-որ տղա-աղջիկ, սիրո տեսարան ու մեկ էլ հանկարծ լվացքի փոշու գովազդ: Գուցե դա էլ տեխնիկական հնարք է, որով փորձում են սպառողի մոտ ասոցիացիա ստեղծել կամ հիշողության մեջ ֆիքսել: Բայց այն շատ հաճախ հակառակ էֆեկտն է տալիս, եւ գովազդի անորակությունն ու առատությունը սկսում է հակառեակցիա ստեղծել ոչ միայն գովազդի, այլեւ այն հաղորդման նկատմամբ, որը հետաքրքիր էր, որը նայում էիր:
Արփինե Հովհաննիսյան
Իրավաբան, ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու
Դպրոցը՝ Վ. Տերյանի անվան N60 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ Օ. Բալզակի «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը»
Սիրելի ֆիլմը՝ «Քաղցր նոյեմբեր»
Սիրելի երաժշտությունը՝ ջազ, դասական, R&B
Սիրելի սպորտաձեւը՝ ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «Նա, ով մոռանում է իր անցյալը, դատապարտված է դարձյալ վերապրելու այն»
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: