2011.09.28,

vox populi

«Հայաստանյան մեդիայում տարածված է ֆոտոների գողությունը»

Կարծիքը կա, որ ֆոտոլրագրողները ընդամենը «չըխկըցնում» են:

Հայաստանյան ԶԼՄ-ներում  ֆոտոն եւ տեքստը հավասարաչափ չեն կիրառվում: Այդ խնդիրը միշտ եղել է. լրագրությունը մեզ մոտ ավելի առաջնային է, քան ֆոտոլրագրությունը: Ֆոտոյով կարելի է մի ամբողջ իրադարձություն ցույց տալ, ազդել եւ մարդկանց ստիպել բացել կայքը, գնել թերթը, կարդալ եւ հավատալ հոդվածին: Սակայն Հայաստանում հիմնականում այս հնարքը չեն օգտագործում ո՛չ թերթերում, ո՛չ ինտերնետային լրատվամիջոցներում:

Եթե թերթի կես էջի վրա տպագրված լուսանկարը կարող է շատ ավելին ասել, խմբագիրները հաճախ դրա փոխարեն գերադասում են տեքստը: Գերադասում են 7 լրագրող ունենալ, նրանց ոչ պրոֆեսիոնալ ֆոտո կամ տեսախցիկով ուղարկել միջոցառման, քան մի ֆոտոլրագրող ունենալ աշխատակազմում: Նույնիսկ երբ արտասահման այցեր են լինում, գերադասում են ավելի շատ լրագրող ուղարկել, քան ֆոտոլրագրող:

Հայաստանյան մեդիայում նաեւ շատ է տարածված ֆոտոների գողությունը. հիմնական տարբերակը ինտերնետում որոնելն է: Տեքստին հարմար ֆոտո են գտնում՝  առանց հոգալու՝ ով է հեղինակը, արդյոք համաձայն է, որ իր լուսանկարը օգտագործվի:

Եղել են դեպքեր, երբ իմ ֆոտոն տեսել եմ մի կայքում, որտեղ ես չեմ աշխատում ու երբեւէ չեմ էլ աշխատել: Պարզվել է, որ ֆոտոն վերցրել են մի կայքից, որն էլ իր հերթին մեկ ուրիշ կայքից է վերցրել:

Խմբագիրը պետք է լրատվամիջոցի վիզուալ տեսքի մասին նույնքան անհանգստանա, որքան գրավոր խոսքի գրագիտության, ոճի մասին: Ֆոտոն կարող է այնքան հետաքրքրել մարդուն, որ նա կարդա ինֆորմացիան: Ֆոտոյի առավելությունը հենց դա է. մարդը սկզբում տեսնում է լուսանկարը, հետո վերնագիրը, հետո մնացածը:

Ֆոտոյի օգտագործումը Հայաստանում ավելի շուտ իլյուստրատիվ մակարդակի վրա է: Սակայն, ավելի լավ է ընդհանրապես ֆոտո չդնել, քան հոդվածը «բնութագրող» ինչ-որ իլյուստրատիվ ֆոտո դնել: Օրինակ, եթե կանանց բռնության մասին նյութ է հրապարակվում, ցանկալի չէ կնոջ մազերը քաշող տղամարդու նկար օգտագործել:

Երբ Հայաստանում կինոյի հանդեպ վերաբերմունքը փոխվի ու սկսեն սերիալների փոխարեն լուրջ ֆիլմեր նկարել՝ վավարեգրական կամ գեղարվեստական, որոնք ազգային արժեք կդառնան, այն ժամանակ էլ, միգուցե, լրատավական դաշտի ներկայացուցիչները տեքստը պարզապես իլյուստրացիայով փակելու փոխարեն տեղ կտան իսկապես բովանդակություն ու ասելիք ունեցող ֆոտոներին:

Ու այդ ժամանակ վիզուալ կողմը կսկսի աշխատել, մարդիկ կհասկանան, որ ֆոտոլրագրությունը փաստագրում է ժամանակը: Եւ երեւի թե այդ ժամանակ կսկսեն հարգվել ու պաշտպանվել ֆոտոլրագրողների հեղինակային իրավունքները:

 

Նազիկ Արմենակյան 
ֆոտոլրագրող

Դպրոցը՝ Երեւանի N170 միջնակարգ դպրոցը
Կրթությունը՝ «Ատեքս» նորաձեւության դպրոց-ստուդիա, Կիրառական արվեստի ուսումնարան, Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտ, Մագնում հիմնադրամի կրթաթոշակ Նյու Յորքի համալսարանում դասընթացի համար
Սիրելի գիրքը՝  «Լարովի թռչնի քրոնիկոնը», Հարուկի Մուրակամի
Սիրելի երաժշտությունը՝ Depeche Mode
Սիրելի սպորտաձեւը՝ լող
Սիրելի արտահայտությունը՝ չունեմ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *