Արդեն 5 տարի է՝ հեռուստացույց ընդհանրապես չեմ դիտում սերիալների պատճառով: Ատում եմ բոլոր հնարավոր սերիալները, ուղղակի անունները չգիտեմ, թե չէ բոլորը մեկ առ մեկ կթվարկեի: Որ ալիքը միացնում ես սերիալ է՝ մեկը վերջանում է, մյուսն է սկսում: Որ ժամին ուզում ես միացրու հեռուստացույցը, մենակ սերիալ է գնում, ամենավատն էլ այն է, որ երեկոյան էլ այդ նույն սերիալների կրկնությունն է: Բոլոր սերիալներում սպանում են իրար, բոլորում «բազառ» է, ուրիշ ոչինչ չկա՝ մեկը մեկին գողացավ, հինգով մեքենա նստեցին գնացին հետեւից, սրան սպանեցին, նրան սպանեցին, փող են պահանջում, մեկը նայես, երկրորդը նույնն է: Մի ժամանակ Շանթով ու Արմենիայով լավ նոր ֆիլմեր էին ցույց տալիս: Հիմա սերիալներն այնքան շատ են, որ հաղորդման կամ ֆիլմի ժամանակ չի մնում:
Իսկ գովազդն ընդհանրապես խայտառակություն է, հեռուստատեսության ամենամեծ թերություններից մեկը: Ծրագրի մեջ գրված է, որ ֆիլմը սկվսում է ժամը 21:00-ին, մինչեւ 21:10 գովազդ է, իրենց ասելով՝ ֆիլմը 40 րոպե է, բայց իրականում 25 րոպե է տեւում: Ուզում ես ֆիլմ նայել, այնքան են գովազդ միացնում, նայելու հավեսդ փախնում է: Ու դրանով ստիպում են, որ այդ ֆիլմը ինտերնետից քաշես նայես: Հո անընդհատ չե՞ս կարող ալիքը փոխել, հետո էլի հետ փոխել:
Եվ միայն մեր երկրում է, որ գովազդի ժամանակ հեռուստացույցի ձայնը բարձրանում է, գովազդն էլ այնքան երկար է տեւում, որ դրանից հետո մոռանում ես, թե ֆիլմն ինչի մասին էր: Ու եթե անգամ լավն է, ներվայնանում ես այդ գովազդից, որովհետեւ դրա պատճառով քեզ հետաքրքրող բանից զրկում են: Ու արդյունքում ոչ գովազդն ես նայում, ոչ ֆիլմը:
Մեր երկրում հիմա ինտերնետի որակն այնքան լավն է, որ ամեն բան կարող ես շատ արագ քաշել նայել, ընտրության հնարավորություն ունես: Ինտերնետն այսօր այնքան հնարավորություններ է տալիս, որ, իմ կարծիքով, հեռուստատեսությունը շուտով կորցնելու է իր լսարանը, որովհետեւ ինձ համար պարզ չէ, թե լրատվությունից բացի հեռուստատեսությամբ էլ ինչ կարող ես նայել: Չնայած՝ հիմա լրատվությանն էլ եմ ինտերնետում հետեւում: Բայց մեզ մոտ ավարիաներից ու մարդասպանությունից բացի ոչինչ չեն գրում, ընտրելու բան չկա, ամեն տեղ նույն ինֆորմացիան է: Ոչ մի հետաքրքիր բան. մեկը մի բան է անում, մյուսը նույն բանը կրկնում է: Ընտրություն չկա. չես կարող ասել՝ չեմ ուզում կարդալ սա, նշանակում է՝ ոչինչ չպետք է կարդաս, որովհետեւ ամեն տեղ նույնն է, ու ուրիշ բան չկա: Գոնե ուրախ բաների մասին գրեն: Ամեն օր բացում ես միայն ողբերգության մասին են գրում: Կարող է մեր երկրում ոչ մի ուրախ բան չի լինում, դրա համար են այդ մասին գրում, բայց գոնե մի համերգի մասին գրեն, որ տհաճ չլինի կարդալ: Կամ գոնե բլոգ բացեն, թող մազոխիստները կարդան, որովհետեւ սովորական մարդու համար առաջին էջում նման բան կարդալը ցնցում է:
Զավեն Անդրիասյան
Միջազգային գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն (2006թ. 20 տարեկան պատանիների շրջանում), Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի գործող գավաթակիր
Դպրոցը՝ Ա. Շավարշյանի անվան N40 դպրոց
Համալսարանը՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, շախմատի բաժին
Սիրելի գիրքը՝ Ագաթա Քրիստիի «Արեւելյան էքսպրեսը»
Սիրելի երաժշտությունը՝ ռոքից բացի ամեն ինչ
Սիրելի սպորտաձեւ՝ ֆուտբոլ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: