Հեռուստատեսությունը ժողովրդի ներկայի արտացոլումն է: Նույն տրամաբանությամբ էլ՝ այն, ինչ տեսնում ենք հայկական հեռուստատեսությամբ, պարզապես մեր ժողովրդի մեծ մասի իրական վիճակի արտացոլանքն է: Որեւէ բան փոխելն անիմաստ է, անհնար եւ ուշ: Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր հեռուստատեսությանը:
Չնայած այս ամենին՝ անկախ հասարակության անկում ապրելուց՝ հեռուստատեսությունը պետք է թելադրի, թե որն է իդեալականը եւ որին է հարկավոր ձգտել: Վերջին 50 տարվա ընթացքում հեռուստատեսությունն է ձեւավորում մարդու բարոյականությունը, զարգացվածությունը, աշխարհայացքը, այսինքն՝ ողջ էության հիմնակմախքը:
Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ Հայաստանում դեռ բացակայում է հեռուստատեսություն կոչվող երեւույթը կամ էլ կա, եւ հենց եթերում լցված աղբն է այն իդեալականը, որը մատուցվում է հասարակությանը:
Առաջին տարբերակի պարագայում հարկ է ժամանակավորապես փակել հեռուստատեսությունը, մինչեւ ի հայտ գան կիրթ, պրոֆեսիոնալ, բարձրորակ, գրագետ մասնագետներ: Երկրորդի դեպքում արդեն գործ ունենք միտումնավոր համահայկական դեբիլացման ծրագրի հետ, որը թելադրվում է ներքին եւ արտաքին «գաղութարար» մարմինների կողմից, եւ որի դեմ անհրաժեշտ է սկսել մշակված հեղափոխություն կամ պատերազմ:
Ինչպես եւ շատերը, ես հեռուստացույց եմ դիտում տեղեկատվություն ստանալու կամ հանգստանալու համար՝ լրատվական եւ կրթաժամանցային գործոններով պայմանավորված: Առաջինը սնում է ուղեղը, երկրորդը՝ հոգին: Հիմնվելով այս անալոգիայի վրա՝ կարելի է ասել, որ տվյալ ժամանակաշրջանում մեր բոլոր սերունդներին՝ փոքրից մեծ, «առողջ սնունդի» փոխարեն մատուցվում է «անառողջ սնունդ»: Արդյունքում՝ «անառողջ սնունդին» սովոր «ստամոքսները» շարունակում են այն հաճույքով լափել, իսկ «առողջ սնունդին» սովորները ստիպված անցնում են «դիետայի» եւ, ի վերջո, չհայթայթելով իրենց օրգանիզմին անհրաժեշտ սնունդը, սովից հանգում ու վերանում են, կամ էլ, ստիպված եւ խաբված լինելով, անցնում են «անառողջ սնունդի»՝ այդպիսով կորցնելով իրենց ողջ դիմադրողականությունն ու բնազդորեն տրված պատկերացումը ճշմարտության մասին:
Տեղեկատվական «առողջ սնունդը» ենթադրում է օբյեկտիվություն: Լրատվության պարագայում օբյեկտիվությունը նշանակում է անկախություն, ինչը բացառվում է, քանի որ յուրաքանչյուր լրագրող կամ լրատվամիջոց միշտ ներկայացնում է որեւէ կողմ, ուստի տեսնում, վերլուծում է իրականությունը՝ ելնելով իր անձնական կամ գործնական շահերից ու շարժառիթներից: «Օրինապաշտ» լրատվամիջոցը մատուցում է իշխանություններին հարմար եւ ձեռնտու տեղեկություն, «Ընդդիմադիր» լրատվամիջոցը՝ դրամաշնորհներ ապահովող արտաքին կազմակերպությունների համար շահավետ նյութեր:
Թեեւ այս ֆենոմենը տիրում է ողջ աշխարհում, եւ նույնիսկ պաշտոնապես դեմոկրատական երկրում չկա օբյեկտիվ լրատվամիջոց, առողջ գիտակցություն ունեցող հասարակության եւ մեր միջեւ տարբերությունն այն է, որ մենք, հաճախ անտեսում ենք այն փաստը, որ լիովին ու կուրորեն չի կարելի վստահել որեւէ լրատվամիջոցի:
Իսկ կրթաժամանցային «անառողջ սնունդը» համառորեն համոզում է հասարակությանը, որ պարտադրված ռուսական, ամերիկյան, եվրոպական կամ արեւելյան դիմակները հայի իսկական դեմքն են:
Հեռուստաեթերն այն հզոր զենքն է, որն աստիճանաբար ոչնչացնում է ազգի «ես»-ը: Այսօրվա հեռուստաեթերը ազգին քայլ առ քայլ զրկում է հայրենասիրությունից, հայամարդասիրությունից, ազգային արժեքները պահպանելուց, հազարամյա ավանդույթները հարգելուց, մշակույթը փայփայելուց, ճիշտ ոգով սերունդներ դաստիարակելու գաղափարախոսությունից եւ, ի վերջո, ինքնությունից:
Արամ Րիան
VO.X խմբի մենակատար, երաժիշտ, լեզվաբան
Համալսարանը՝ Երեւանի պետական եւ Լոնդոնի Միդլսեքս համալսարանները
Դպրոցը՝ 26 Կոմիսարների անվան N83 դպրոց
Սիրելի երաժշտությունը՝ մելոդիկ, իր համար արժեքավոր երաժշտությունը
Սիրելի գիրքը՝ «Նավապետ Բլադի Ոդիսականը»
Սիրելի սպորտաձեւը՝ թեթեւ աթլետիկա
Սիրելի արտահայտությունը՝ «սաղ սուտ ա» (գրական ուղղակի չի հնչում)
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: