2011.03.10,

vox populi

«Մշակութային հաղորդում դիտելու համար չպետք է սպասես սերիալի ավարտին»

Այսօր մարդիկ արվեստի հետ շփվում են առավելապես հեռուստացույցով: Իհարկե կան նաեւ թատրոններ, թանգարաններ, բայց դե ու՞մ հայտնի չէ, որ դրանք միշտ չեն լեցուն: Իհարկե կա նաեւ համացանցը, բայց Հայաստանում այն ամենուրեք հասանելի չէ: Իսկ թատրոն, կինո կամ թանգարան գնալու համար էլ մարզի բնակիչները պիտի կամ Երեւան հասնեն, կամ էլ բավարավեն նրանով, ինչ ցուցադրվում է տեղի մշակութային կենտրոնում, եթե, իհարկե, նմանը կա:

Ինչպիսի՞ ճաշակ է սերմանում հեռուստացույցը որպես տարատեսակ ինֆորմացիայի, այդ թվում՝ մշակույթի տարածման աղբյուր մեր հասարակության մեջ: Աշխարհում վաղուց կիրառվում է մի մեթոդ՝ համաձայն որի` որեւէ կոնկրետ երկրում, բացի այնպիսի հեռուստաալիքներից, որոնցով կարելի է դիտել տարբեր հաղորդումներ, թոքշոուներ, լուրեր եւ այլն, կան նաեւ առանձին հեռուստաալիքներ, որոնք, նվիրված են միայն կենդանական աշխարհի մասին ինֆորմացիա տրամադրելուն կամ միայն մշակութային կյանքը, արվեստն ու դրանց հետ կապված նորությունները լուսաբանելուն: Այդպես մեծանում է մարդկանց ընտրելու հնարավորությունը. մարդիկ իրենք են որոշում, թե կոնկրետ պահին ինչ հաղորդում դիտել:

Մեզ մոտ էլ մինչեւ սույն թվականի հունվարի քսանը քիչ թե շատ կար նման հնարավորություն: Եթե հետաքրքրվում էիր արհեստով ու արվեստով, կարող էիր միացնել «Արարատ» հեռուստաալիքը եւ դիտել այդ ոլորտից մի հաղորդում: Էլ չեմ ասում, որ նրանք մի անփոխարինելի հաղորդում ունեին, որը վարում էր Հենրիկ Հովհաննիսյանը: Սա մի հաղորդում էր, որով փորձ էր արվում մեր կիսագրագետ հասարակությանը ճիշտ խոսել սովորեցնել:

Չգիտեմ՝ այս հաղորդումը հիմա կա, ուղղակի տեղափոխվել է Հանրային առաջին հեռուստաալիք, թե Շողակաթ ալիքով է ցուցադրվում, բայց ես շուտվանից այն չեմ տեսել, իսկ ծրագրում էլ այդ հաղորդումը չգտա: Միգուցե Հանրային ալիքով ավելի կարեւոր հաղորդումներ կան, օրինակ՝ «Ռուզանի սիրտը» կամ «Աննա» հեռուստասերիալները:

Հեռուստաալիքի դերը պիտի լինի ոչ միայն ինֆորմացիայի աղբյուր հանդիսանալը կամ ժամանցային բնույթ կրելը, այլեւ աշխարհայացք ձեւավորելը: Օրինակ՝ CNN (Cable News Network) հեռուստաալիքը դիտելիս հասկանում ես, որ աշխարհում ոչ միայն ԱՄՆ, Ռուսաստան եւ Եվրոպա կա, այլեւ Աֆրիկա, Չինաստան, Ավստրալիա, որ միայն դու չունես խնդիրներ, որոնց անհապաղ լուծումներ են անհրաժեշտ: Այն այնպիսի տեղեկատվություն է տրամադրում, որով ընդլայնվում է աշխարհայացքդ:

Հասկանում եմ, որ այն ֆինանսները, որ ունեն նման հեռուստաընկերությունները, Հայաստանի հեռուստաալիքներին հասանելի չեն: Բայց կարծում եք՝ մեր երկրի այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են Արմենիան, Կենտրոնը /իմանալով, թե ովքեր են այդ ալիքները ֆինանսավորում/ այնքան գումար չունե՞ն, որ կարողանան, օրինակ, սփյուռքահայերի մասին հաղորդումներ պատրաստել: Հաղորդումներ, որոնք ոչ թե կհաշվեն հարուստ սփյուռքահայերի փողերը կամ ցույց կտան, թե ինչպես են նրանք ապրում, այլ կլուսաբանեն նրանց մշակութային կյանքը՝ համադրելով այն հայաստանյան մշակույթի հետ:

Պետք է  ունենալ այնպիսի մշակութային ալիք, որը բացի տարատեսակ գեղարվեստական ֆիլմեր եւ համերգներ ցուցադրելուց, նաեւ կլուսաբանի տեղական եւ միջազգային մշակութային իրադարձությունները, կունենա մի քանի մշակութագետներից կազմված խումբ, ովքեր կմեկնաբանեն տարբեր ֆիլմերի, համերգների, ցուցահանդեսների արժեքն ու ներդրումը մեր կյանքում:

Հերիք չի նման բան չունենք, քիչ թե շատ մի մշակութային ալիքն էլ փակեցին: Եվ թող չասեն, թե հաղորդումների մի մասը ցուցադրում է Հանրային առաջին ալիքը, մյուսն էլ` Շողակաթը: Սա անհեթեթ մեկնաբանություն է: Որեւէ մշակութային հաղորդում դիտելու համար չպետք է միացնես Հանրային առաջին ալիքը կամ Շողակաթը եւ սպասես, թե երբ է «Աննա» սերիալը կամ ժամերգությունն ավարտվելու, որպեսզի քո ուզած հաղորդումը սկսվի:

Կարծում եմ՝ մեր հեռուստաընկերությունները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Հարցն այն է, թե ուր է տանում այդ ճանապարհը:

Ութ տարի առաջ ընկերուհուս հետ քննարկում էինք, թե ինչքան անհետաքրքիր հաղորդումներ են ցույց տալիս հեռուստացույցով, զարմանում էինք` ինչքան սխալներ էին թույլ տալիս հաղորդավարներն ու ինչքան սխալներ կան գովազդներում: Ու մտածում էինք, որ կանցնի: Զանգում էինք ժամանակ առ ժամանակ հեռուստաընկերություններ եւ բողոքում այն սխալներից, որոնք նկատում էինք: Այսօր փաստորեն քիչ բան է փոխվել: Մենք էլ այլեւս չենք զանգում:

 

Սոֆյա Մանուկյան
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի Եվրոպագիտության բաժնի ուսանողուհի

Դպրոցը՝ Ե.Չարենցի անվ. N 67դպրոց
Սիրելի երաժշտությունը՝ ջազ, ռեգի
Սիրելի գրքերը՝ Հենրի Ջեյմսի ստեղծագործությունները
Սիրելի սպորտաձեւը՝ լող
Սիրելի արտահայտությունը՝ ուզում ես լավ լինի, լավություն արա

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *