Գեղարվեստական գրականությունն ու տեքստն առհասարակ այսօր սուր մրցակցության մեջ են վիզուալ մեդիայի միջոցների հետ, ավելին կարելի է ասել արդեն իսկ պարտվել են՝ դառնալով մարգինալ էքզոտիկ զբաղմունք։ Media.am-ի հետ զրույցում խոստովանում է գրող Կարեն Անտաշյանը։ Ըստ նրա՝ մենք ապրում ենք «մակերեսային թռիչքների» դարաշրջանում, ռիլերը մեզանից խլում են ամենակարևորը՝ կենտրոնանալու և խորանալու ունակությունը, մարդիկ այլևս վախենում են անգամ երկար ֆիլմերից կամ հաստափոր վեպերից։
Գրականության մերօրյա դերի, ֆունկցիոնալության, գրադարանների ու հողինակի նոր ստեղծագործության մասին է զրույցը։
Լույս է տեսել Ձեր «Լավ պրծա» ժողովածուն, որը, ինչպես բնորոշել եք, վավերագրական սթենդ-ափ է՝ գրված հուշագրության լեզվով։ Ի՞նչ է սա նշանակում։
Ճիշտն ասած սա տեքստի բնորոշումներից մեկն է միայն, որը փորձում է սահմանել գրքի անհստակ ժանրային ինքնորոշումը: Իրականում, այն մաքուր գեղարվեստական պատում է, որի հումքը, այո, իմ անձնական փորձառությունն է, բայց նպատակը՝ ավելի լայն ու բացառապես գրական: Երբ ասում եմ «վավերագրական հուշագրություն», նկատի ունեմ, որ ես չեմ հորինել իրադարձությունները, բայց դրանք վերաիմաստավորել եմ դրամատուրգիական այնպիսի շղթայով, որտեղ կենցաղային պատմությունը հանկարծ դառնում է իրականության աբսուրդի, զավեշտալիության ու էպիկականության հետ առերեսվելու անսպասելի առիթ: Իսկ ընդհանրապես՝ չկա գրականություն առանց անձնական ներկայության, բոլոր գրողներն էլ այս կամ այն կերպով ու չափով շահարկում են անձնական նյութը։ Այստեղ ես ընտրել եմ վավերագրական սթենդ-ափի պարզախոս ձևաչափը՝ անմիջականության ու ծիծաղի միջոցով մարդուն բերելու մի կետի, որտեղ նա սեփական ցավի ու անցյալի հետ հաշտեցում ապրի, ոչ թե ողբով կամ կենսափիլիսոփայական եզրահանգմամբ, այլ տարբեր թնդության խնդիկներով կամ հոգոցներով:
Ձեր փորձը, որի մասին պատմում եք գրքում, տալի՞ս է ընդհանուր պատկերացում ժամանակների, հասարակական կարգերի ու բարքերի, սերունդի մասին։
Դե, առհասարակ, լավ պրծնելը մեր ազգային սպորտաձևն է՝ անհաղթահարելի չարիքից հրաշալիորեն փրկվելը մեր գլխավոր մանտրան, սակայն, գրքում հերոսի մոտիվը բացառապես սեփական ճակատագիրը վերապրելն է։ Այստեղ պատմական իրադարձությունները զուտ ֆոնային դեկորացիա են՝ երկրորդական հանգամանքներ։ Այո, ժամանակագրորեն գիրքը ծածկում է մի հսկայական տրանզիտային շրջան՝ սովետական մանկությունից մինչև մերօրյա տեխնո-սպառողական իրականությունը, բայց ես կխուսափեի ասել, թե այն մի ողջ սերնդի պատմական փորձառության ամբողջականացում է. դա չափազանց հավակնոտ կհնչեր: Ավելի շուտ մեկ մարդու համեստ փորձն է՝ վավերագրելու սեփական աննկատ պատմությունը, որը դուրս է մնում պաշտոնական տարեգրություններից, բայց ոչ հանուն այդ տարեգրությունը ամբողջացնելու, այլ բացառապես ինքնավավերագրելու, ինքնավերականգնելու մտադրությամբ։ Հայաստանի անկախական տասնամյակները մեզ համար դարձել են անվերջանալի մի անցում, որտեղ մենք անընդհատ հինը չեղարկելով ու կորցնելով՝ այդպես էլ չենք կարողանում ձևակերպել և իրապես ունենալ նորը: Անընդհատ մեր վրա հորդացող ու ինքն իր վրա կուտակվող ժամանակը կարծես ապրվելով անընդհատ անանուն է մնում մեկ մարդու համար։ Եվ ահա այդ ինքնապեղումը, ինքնազննումը ոչ թե էսթետիկական բարդ խնդիր լուծելու, ոչ թե պատմական ռեֆլեքսիայի ակտ է, այլ շատ պրակտիկ իմաստով ներկայի մեջ ինքդ քեզ գտնելու, անորոշության ու քաոսի դեմ պայքարելու մասնավոր ձեռնարկ։ Մի խոսքով գրքում լավ պրծնողը միայն գլխավոր հերոսն է։
Ասացիք, որ գիտակցաբար խուսափել եք պատմական ընդհանրացումներ անելուց, գնահատականներ տալուց։ Արդյոք անհանգստություն ունեցե՞լ եք, որ Ձեզ կմեղադրեն պատմական շղթան խեղաթյուրելու մեջ։
Չէ, նման մտավախություն չեմ ունեցել, լավ պրծան ոչ պատմական դրամա է, ոչ էքզիստենցիալ առականի։ Ինձ համար ավելի ազնիվ է, սեփական պատմության սուվերենությանն ու բացառիկությանը հենվելը, քան մեծ ժամանակների զոհ կամ հերոս ներկայանալը։ Իմ գրքի հերոսը «փոքր մարդ է», միջին վիճակագրական քաղաքացի, որը չի լուծում գլոբալ խնդիրներ և չի հավակնում պատմականության։ Նա պարզապես հայտնվում է ինչ-որ քրինժային, բայց սովորական իրավիճակներում՝ միևնույն ժամանակ պահպանելով առաջին պատահարի աննախադեպության միամտությունը, որովհետև եթե ինչ-որ բան տեղի է ունեցել քեզ հետ առաջին անգամ, ուրեմն տեղի է ունեցել տիեզերքում առաջին անգամ։ Նա առակային եզրակացություններ կամ ստերիլ ճշմարտություններ դուրս չի բերում իր կյանքից. նա պարզապես ամեն անգամ շունչ է քաշում ու ասում՝ «Լավ պրծա, էս անգամ էլ լավ պրծա»։ Իսկ որևէ սուբյեկտիվիզմ խեղաթյուրում չէ, այլ միակ հնարավոր ազնիվ հայացքն է աշխարհին։
Շատերն ասում են, որ ժամանակակից գրողների համար փխրուն իրավիճակ է․ քաղաքական դիսկուրսում հայտնվում են գեղարվեստական գրքեր ու մեկնաբանվում, ներկայացվում որպես իրական։ Այս առումով ինքնագրաքննություն ունեցե՞լ եք։
Գրականությունը չպետք է վախենա քաղաքականացվելուց կամ շահարկվելուց, ինչպես նաև՝ չհասկացվելուց կամ ծաղրվելուց, թեպետ հենց դրա զոհն էլ գրողը հաճախ դառնում է։ Իրականում, ինքն իր արածին լուրջ վերաբերվող ցանկացած արտիստի միակ իսկական ֆիլտրը, որ անողոք ինքնաքննադատի պես նստում է նրա խղճին, այն է, թե արածս ի վերջո արվե՞ստ է, թե չէ։ Իսկ քաղաքական խմբակները սիրում են բևեռացնել հասարակությունը ըստ իրենց շահերի ու օրակարգերի սպասարկման՝ ըստ դեմ ու կողմի՝ համապատասխան բոնուսներ շնորհելով կամ թիրախավորման կեղտոտ միջոցներ գործադրելով։ Գրողներին չեն հիշում, երբ նրանք գրքեր են հրատարակում և ակնկալում են իրական բովանդակային քննարկում, սակայն հիշում են օրակարգային քաղաքական որևէ դիսկուրսի ժամանակ հեղինակավոր տեսակետ կորզելիս։
Այս դեպքում միշտ հիշում եմ, որ եթե քեզ պատասխանատվության են հրավիրում մի բանի համար, որի վրա դու իշխանություն չունես, դա ուղղակի մանիպուլյացիա է։ Ցավոք, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է ամեն ինչ՝ այդ թվում գեղարվեստական խոսքը, փորձ արվում ծառայեցնել քաղաքական խմբերի օրակարգերին։ Բայց գրողի դերը ոչ թե քաղաքական թրենդային հռչակված հարցերում ակտիվիզմը կամ հարմարվողականությունն է, այլ մարդկային կյանքի այն ասպեկտները պատմելը, որոնց մասին քաղաքական այդ օրակարգը չի էլ մտահոգվում։ Իմ գիրքը քաղաքական մանիֆեստ չէ, բայց այն քաղաքական է իր էությամբ, որովհետև խոսում է մարդու ազատության և կորսվածության, անհատական ընտրության ու արժանապատվության մասին մի համակարգում, որը հաճախ փորձում է մարդուն դարձնել ընդամենը քվե, հաճախորդ, վիճակագրական տվյալ, հարկատու կամ համակիր։ Գրականությունը պետք է զրուցի մարդու հետ այնտեղ, որտեղ մնացած բոլորը՝ սոցիոլոգները, քաղաքագետները, գիտնականները, անգամ բժիշկները այլևս ասելիք չունեն, ուրիշ ոչ մի ոլորտ մարդու իրական ցավին մոտենալու այդքան զորություն ու պատասխանատվություն չունի, որքան գրականությունը։
Ասացիք, որ գրել եք ամենաչպատմված ժամանակների մասին։ Ինչո՞ւ են գրողները, և, ի դեպ, մամուլը ևս, քիչ անդրադառնում այդ անցումային շրջանին։
Որոհվետև վերջին 30-40 տարին դեռ ներկա շարունակականի տրամաբանության մեջ է ընկալվում, դա մեր կյանքի ժամանակն է ու մենք՝ այն անվանողներս, չենք ուզում որ մեր ժամանակն այլևս պատմական անցյալ համարվի, քանի որ ինքներս մեզ էլ չենք ուզում դասել պատմական անցյալին։ Մենք դեռ այստեղ ենք, ապրում ենք, գործում ենք, ինչ-որ չենք արել՝ ուր որ է անելու ենք, իբր։ Իհարկե այսպես չի մնա, նոր սերունդներ են գալիս, որ այդ անցյալը չգիտեն ու մենք վաղ, թե ուշ սկսելու ենք մանրամասն վերհիշել ու վերապատմել այն՝ ավանդելու, մի քիչ էլ գլուխ գովելու համար։
Երբ գրում էիք գիրքը, որևէ գործառույթ հատուկ ներդնո՞ւմ էիք․ օրինակ, որ գիրքը պետք է սովորեցնի քննադատական մտածողություն կամ ունենա դաստիարակչական բնույթ։
Ոչ, հատուկ դիդակտիկ կամ դաստիարակչական խնդիրներ չեմ դրել ու առհասարակ չեմ դնում իմ գրքերում։ Հեղինակի դոմինանտ, աստվածային, վերամբարձ դիրքից անհերքելի ճշմարտություններ ու բարոյական պոստուլատներ հեռարձակող գրականության ժամանակը վաղուց է անցել։ Մենք աշխատում ենք ոչ թե բարու և չարի, ճշմարտության ու մոլորության, մեղքի կամ քավության հետ՝ այլ անորոշության, շփոթվածության, ձանձրույթի, կորսվածության, հակասականության, իռացիոնալության հետ ու էդ առումով իմ հայացքն այստեղ ավելի շուտ շփոթված ու հակասական է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին իրական մարդն է իր սովորական կյանքում։ Եվ ինչ իմանանք, միգուցե այդ խնայողական ու ոչ կատեգորիկ դիտանկյունը լավ հումորի հետ ավելի շուտ կարող է ամոքել տրավմաները, քան իմաստասիրական, վերլուծական, առավել ևս բարոյախրատական տրակտատների հեռարձակումը։
Կարծիքներ կան, որ որպեսզի գիրքը չպարտվի կլիպային հոլովակներին, պիտի առնվազն սովորեցնի քննադատել։ Համաձա՞յն եք։
Այո, գեղարվեստական գրականությունն ու տեքստն առհասարակ այսօր սուր մրցակցության մեջ են վիզուալ մեդիայի միջոցների հետ, ավելին կարելի է ասել արդեն իսկ պարտվել են՝ դառնալով մարգինալ էքզոտիկ զբաղմունք։ Բայց խնդիրը քննադատականությունը չէ բնավ։ Մենք ապրում ենք «մակերեսային թռիչքների» դարաշրջանում: Ռիլերը մեզանից խլում են ամենակարևորը՝ կենտրոնանալու և խորանալու ունակությունը: Մարդիկ այլևս վախենում են անգամ երկար ֆիլմերից կամ հաստափոր վեպերից, որովհետև թվում է՝ ժամանակ են կորցնում, կյանքն իր արագ տեմպով անցնում է, իսկ իրենք հետ մնացին ժամանակից: Եթե դու կորցնում ես մի բանի վրա երկար ժամանակ կենտրոնանալու և էության մեջ խորանալու կարողությունը՝ բնականաբր կորցնում ես նաև քննադատական հայացքը։
Այսպիսով, լավ գեղարվեստական գրականությունը ինքնին դարձել է ուղեղի ինտելեկտուալ մարզանք: Ինչպես մարզում ես մկաններդ, այնպես էլ պետք է մարզես ուշադրությունդ և կենտրոնացումդ: Գիրք կարդալը դարձել է ինքնախնամքի կարևոր բաղադրիչ, առողջ ապրելակերպի պես մի բան՝ դիմակայելու ինֆորմացիոն աղմուկի այն հորձանքին, որ մեր վրա է թափվում ամեն անկյունից, ծեղում ու ստիպում լինել ռեակտիվ և մակերեսային:
Որպես ժամանակակից գրող Ձեզ համար կարևո՞ր է, որ Ձեր գիրքը ներկայացվի նաև գրադարանում։ Հետևո՞ւմ եք, որ Ձեր գրքերը ներկայացված լինեն գրադարաններում, որպեսզի ընթերցողը, ով չի կարող գնել գիրքը, հասանելիություն ունենա Ձեր գրականությանը։
Կարևոր է ոչ միայն ներկայացված լինելը, այլև այն, որ գիրքը ապրի այնտեղ։ Մենք պետք է հասկանանք, որ հին ձևաչափի գրադարանները, որպես գրքերի դամբարաններ՝ այլևս գրավիչ չեն։ Մեզ պետք են ժամանակակից կրթական ու մշակութային հաբեր, ինչպիսիք տեսել եմ օրինակ մեր հարևան Վրաստանում։ Հայաստանում նույնպես մի քանի նման պրոեկտներ կան, բայց մասնավոր կոմերցիոն ձեռնարկներ էին համեստ նշանակության։ Գրադարանը պետք է լինի միջավայր ստեղծող կառույց, որտեղ մարդը կգնա ոչ միայն գիրք վերցնելու, այլև ժամանցի, շփվելու, մտածելու ու ապրելու։ Իմ ընթերցողների հետ ես հաճախ շփվում եմ ուղիղ՝ սոցիալական ցանցերում, բայց պետական մակարդակով գրադարանների վերափոխումը կենսական անհրաժեշտություն է մեր հասարակության համար։
Նկատի ունեք, որ որպես հեղինակ չունե՞ք միջնորդի կարիք գրադարանի տեսքով, որ ընթերցողի հետ կապի մեջ լինեք։
Չեմ բացառում որևէ մեկը, երկուսն էլ շատ կարևոր են։ Պարզապես իշխանություն չունեմ գրադարանների վրա, չեմ կարող այնպես անել, որ իմ գրքերը շատ ներկայացված լինեն կամ մարդիկ շատ վերցնեն-տանեն։ Գրադարանը սոցիալական պրոյեկտ պետք է լինի, աջակցություն ստանա պետության կողմից, հիմնադրամների կողմից։ Առավելագույնը, որ կարող է անել գրողը՝ նվիրել իր գրքերը ազգային և հանրային գրադարաններին, ինչը և ես անում եմ միշտ։ Իրականությունն այն է, որ Հայաստանում գրադարանները մթնոլորտ ստեղծող, միջավայր ստեղծող կառույցներ չեն, կրթական համակենտրոնացում պարունակող լիցք չունեն։ Վրաստանում, օրինակ, քաղաքային այգիներում գրադարաններ կան, սուպերժամանակակից դիզայնով, ապակեպատ, բաց, սրճարաններով, անվճար ինտերնետով։ Կրթական, համայնքաստեղծ հաբի մեծ ազդեցություն կարող են ունենալ գրադարանները ու պարզ է, որ հին ձևով այլևս գրավիչ չեն։ Նոր մոդելներ է պետք մտածել, որ մարդիկ ներգրավվեն այդ միջավայր ու հաստատ կստացվի։