Այսօր լրատվամիջոցները հաճախ են հայտնվում բարդ ընտրության առջև՝ ինչպե՞ս լուսաբանել հանրային կարևորության իրադարձությունները՝ չդառնալով խտրական խոսույթի և ապատեղեկատվության տարածող։
Հայկական մեդիադաշտում գենդերային ապատեղեկատվության հիմնական խոսույթները քարտեզագրելու և գենդերազգայուն լուսաբանմանը նպաստելու նպատակով՝ Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը «Արտեմիս դաշինքի» աջակցությամբ իրականացրել է «Գենդերային ապատեղեկատվության դրսևորումները հայաստանյան մեդիայում» հետազոտությունը։ Այն ենթակա չէ բաց հրապարակման և նախատեսված է լրատվամիջոցների հետ խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու համար։
Գենդերային ապատեղեկատվության հնարավոր բացասական ազդեցության ու տարածված խոսույթների մասին զրուցել ենք ծրագրի փորձագետ Նարինե Եգանյանի հետ։
Ապատեղեկատվություն տերմինը, կարծես թե, քիչ թե շատ սկսել է հասկանալի դառնալ մեր հասարակության համար։ Երբեմն մարդիկ փորձում են ինչ-որ ձևով ստուգել տեղեկությունը, հետո նոր հավատալ կամ արձագանքել։ Գենդերային ապատեղեկատվություն տերմինը, կարծում եմ, դեռևս անծանոթ ու անհասկանալի է շատերի համար։
Իրավացի եք, ապատեղեկատվություն տերմինը թե՛ մասնագետների, թե՛ լայն հանրության համար, արդեն քիչ թե շատ հասկանալի է, մինչդեռ գենդերային ապատեղեկատվությունը դեռևս պարզաբանման կարիք ունի և շատերին անծանոթ է։ Գենդերային ապատեղեկատվության դեպքում մեդիան առաջին հերթին ուշադրություն է դարձնում ապատեղեկատվություն բառին և ուզում է գտնել այնպիսի փաստեր, որոնք կեղծված են, որոնք փաստերի ստուգման եղանակով հնարավոր է ստուգել և ասել՝ սա ճիշտ էր, թե սխալ։
Գենդերային ապատեղեկատվության ժամանակ բացի փաստերը կեղծելուց, մանիպուլյատիվ մեխանիզմների կիրառմամբ թիրախավորվում է անձի գենդերը։ Այս հետազոտության շրջանակում մենք դիտարկել ենք հիմնականում կանանց թիրախավորելու դեպքեր, հատկապես հանրային, քաղաքական գործունեություն ծավալող։ Չնայած, մեր դիտակետում են եղել նաև ԼԳԲՏՔ+ անձանց կամ նրանց առնչվող թեմաները թիրախավորելու դեպքերը ևս։ Սա հատկապես տարածված է քաղաքական խոսույթում։ Օրինակ՝ երբ տղամարդ պաշտոնյան, փորձելով վիրավորել մեկ այլ տղամարդու, նրան կարող է անվանել «տրանսգենդեր» կամ «գեյ»։ Այստեղ գենդերային տերմիններն օգտագործվում են որպես քաղաքական ընդդիմադիրներին վիրավորելու գործիք, և սա ոչ այնքան կեղծ լուրերի մասին է, այլ՝ տեղեկատվական մանիպուլյացիաների տարբեր մեխանիզմների։
Որո՞նք են այդ մեխանիզմները, որոնց օգնությամբ ստեղծվում է մանիպուլյատիվ բովանդակությունը։
Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կիրառվում են երկու հիմնական մեխանիզմներ։ Առաջինը, այսպես ասած, փաստերը քողարկելը, «ծաղկաքաղ անելն» է (concealing)։ Սա այն է, երբ մարդիկ վերցնում են իրական փաստերը, բայց ներկայացնում են միայն այն հատվածը, որն իրենց ձեռնտու է՝ դուրս թողնելով համատեքստը։ Փաստը կեղծ չէ, բայց կիսատ է, ինչն էլ մոլորեցնում է։
Երկրորդը կարող ենք ասել «պատմության հյուսումն» է (spinning)։ Սա այն տեխնիկան է, երբ պատմությունը կարծես հյուսեն այն ձևով, ինչպես իրենք ուզում են։ Ցույց տան այն կողմը, որն իրենց ձեռնտու է։ Այս դեպքում էլ կարևոր փաստեր դուրս են մնում քննարկումից, բայց այստեղ ավելի շատ շեշտը դրվում է պատմություն պատմելու ձևի վրա։ Վերջին տարիներին ապատեղեկատվություն տարածողները, գեներացնողները շատ են հմտացել, ինչը դժվարեցնում է մանիպուլյացիաների բացահայտումը լայն հանրության ներկայացուցիչների համար։
Երբ մենք խոսում ենք գենդերային ապատեղեկատվության մասին, կարևոր է նշել, որ մենք նկատի ունենք և՛ միտումնավոր գեներացումը, տարածումը, և՛ ոչ միտումնավոր տարածումը։ Միտումնավոր կերպով գենդերային ապատեղեկատվություն գեներացնողները հիմնականում քաղաքական գործիչներն են կամ հանրային դեմքերը, որոնք կանխամտածված թիրախավորում են մրցակցին։ Իսկ լրատվամիջոցների դեպքում մենք չենք կարող պնդել, որ միշտ միտումնավոր է տարածվում, կարող ենք արձանագրել միայն տարածվելու փաստը։ Օրինակ՝ ուղիղ եթերների կամ ճեպազրույցների ժամանակ լրատվամիջոցը կարող է հեռարձակել գենդերային ապատեղեկատվություն պարունակող բովանդակություն՝ դառնալով գործիք դա գեներացնողների ձեռքում։ Ստացվում է, որ լրատվամիջոցն այս դեպքում գենդերային ապատեղեկատվություն է տարածում, բայց չենք կարող պնդել, թե միտումնավոր է։ Իհարկե, լինում են դեպքեր էլ, երբ լրատվամիջոցները նաև գեներացնում են՝ միտումնավոր կամ ոչ, սրա պատճառներից մեկը նաև երևույթը չճանաչելն է։
Եթե կոնկրետ օրինակով քննարկենք. Ազգային ժողովում՝ իր ելույթի ընթացքում, պատգամավորը, դիմելով գործընկերոջը, ասում է. «Ի՞նչ ես լաչառ կնոջ նման ճղճղում»։ Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն լրագրողն ու լրատվամիջոցը։ Մի կողմից լրատվամիջոցը կարող է ասել, որ իր գործառույթն է ցույց տալ, թե ինչ է կատարվում ԱԺ-ում, մյուս կողմից էլ գիտակցում է, որ դառնում է գենդերային ապատեղեկատվություն տարածող։
Մեր մշտադիտարկումների ժամանակ մենք առաջին հերթին նայում ենք լրատվամիջոցի դիրքորոշմանը, թե լրատվամիջոցն իր դիրքորոշումն ինչպես է արտահայտել։ Հնարավոր է լուսաբանել երևույթը, բայց չդառնալ դրա պրոպագանդողը։ Երբ լրատվամիջոցը փորձում է ցույց տալ տվյալ հանրային դեմքի կամ պաշտոնյայի «իրական դեմքը», պետք է շատ զգույշ լինի այլոց իրավունքները չոտնահարելու բաժանարար գծի նկատմամբ։ Իրավիճակի ոչ գենդերազգայուն լուսաբանման դեպքում լրատվամիջոցը ակամայից վերածվում է կարծրատիպեր վերարտադրող, խտրական խոսույթ տարածող գործիքի։ Եթե լրատվամիջոցը ամբողջ նյութից որոշել է վերցնել կոնկրետ այդ հատվածը, որը պարունակում է ոչ գենդերազգայուն լուսաբանում կամ հենց գենդերային ապատեղեկատվության տարր և օգտագործել է որպես վերնագիր կամ սոցցանցային ենթագիր, ստացվում է, որ լրատվամիջոցը ուզել է հենց դրա վրա ուշադրություն հրավիրել։Հասկանալի է, որ դիտելիության տեսանկյունից դա կարող է արդյունավետ լինել, բայց էթիկական սկզբունքներ ունենալը ևս կարևոր է պրոֆեսիոնալ լրագրության համատեքստում։
Մենք բնավ չենք ուզում գրաքննությամբ զբաղվել և վնասել լրատվամիջոցի գործունեությանը։ Սակայն, ցույց տալու համար, թե տվյալ պաշտոնյան ինչպիսի էթիկական նորմերից դուրս բառապաշարով է խոսում բարձրագույն ամբիոններից, լրատվամիջոցը նորից տարածում է այդ խոսքը և նախ՝ ևս մեկ անգամ վնասում թիրախավորված անձին՝ զուգահեռաբար վնասելով նաև մարդկանց խմբերի՝ վերարտադրելով կարծրատիպեր և նպաստելով վնասակար սոցիալական նորմերի ամրապնդմանը։
Ո՞րն է այս իրավիճակում գենդերազգայուն լուսաբանումը, որը թույլ կտա և՛ պատմել կատարվածի մասին, և՛ չդառնալ Ձեր նշած խտրական խոսույթ տարածող գործիքը։
Մենք չենք ասում նման դրվագներն ու երևույթներն առհասարակ չլուսաբանել։ Առաջարկում ենք տարբեր կողմերի տեսակետներ ներկայացնել, փորձագիտական համայնքի հետ զրուցել, հասարակական կազմակերպությունների դիմել, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով, և խնդրել բացատրել, թե ինչն է խնդիրը։ Ինչու՞ նշեցի սկզբում, որ լրագրողները հաճախ չեն ճանաչում երևույթը, և գուցե իրենց համար հնչած արտահայտությունը այդքան էլ խնդրահարույց չլինի, որովհետև գենդերային ապատեղեկատվության գեներացման մեխանիզմներում հաճախ օգտագործվում են նաև ժողովրդական բանահյուսության տարրեր։ Կարող են անեկդոտներից, հեքիաթներից կամ առակներից որոշ հատվածներ մեջբերվել, որոնք անուղղակի կերպով կարող են թիրախավորել որևէ անհատի կամ մարդկանց խմբի։ Եվ լրագրողները կարող են դա ընկալել որպես ուղղակի մեջբերում մեզ հանրածանոթ որևէ նյութից։ Հենց այստեղ է, որ լրագրողը ունի մասնագիտական համայնքի հետ խորհրդակցելու, քննարկելու կարիք։
Մեր մշտադիտարկումների ժամանակ մենք հանդիպել ենք նաև լավ օրինակների, երբ ոչ թե վերարտադրվել էր խտրական խոսույթը, այլ ներկայացվել էին բոլոր կողմերի կարծիքները։ Նախ ներկայացվել էին հասարակական կազմակերպությունների, խմբերի հայտարարությունները, որտեղ շատ մանրամասն բացատրված էր, թե տվյալ երևույթի, խոսքի դեպքում ի՞նչն էր խնդրահարույց։ Հետո ներկայացվել էր դեպքը, և լրատվամիջոցը նույնիսկ իր դիրքորոշումը չէր արտահայտել։ Հրապարակումը երևույթի մասին էր, և ոչ թե տվյալ օրվա իրադարձության։ Այս դեպքում լրատվամիջոցը ոչ թե դարձել էր անուղղակի գործիք՝ վերարտադրելով խտրական խոսույթը, այլ որպես մեդիա կատարել էր իր՝ սոցիալական ինստիտուտի դերը և հասարակությանը ներկայացրել խնդրի տարբեր կողմերը։ Այդ հրապարակումը կրթական արժեք էր ձեռք բերել թե՛ լրագրողական համայնքի, թե՛ լսարանի համար։
Մեկ այլ դեպքում, եթե խոսում ենք արագ լրահոս ապահովող լրատվամիջոցների մասին, ապա առնվազն կարելի է ծանուցում ունենալ, որ «այստեղ հնչում են կամ կարող են հնչել խտրական խոսույթին առնչվող տարրեր, որոնց հետ պարտադիր չէ, որ լրատվամիջոցը համաձայն լինի»։
Մենք չենք հավակնում մի վայրկյանում փոփոխություն տեսնել։ Երևույթը համեմատաբար նոր է թե՛ ուսումնասիրողների, թե՛ կիրառողների համար։ Կարծում ենք՝ այս ճանապարհը պետք է միասին անցնենք՝ լրատվամիջոցների հետ ձեռք ձեռքի տված։
Մենք առաջարկում ենք նաև լրատվամիջոցներին ունենալ կարճ ստուգաթերթեր (առավելագույնը՝ 10 կետ), որոնցով լրագրողը արագ կստուգի՝ արդյոք իր նյութը թիրախավորում է որևէ խմբի, թե՝ ոչ, չկողմնորոշվելու դեպքում կարող են կապ հաստատել փորձագետների հետ։
Նաև շատ ուշադիր է պետք լինել վերնագրերի և սոցցանցերի ենթագրերի նկատմամբ։ Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ լրատվամիջոցները որևէ իրադարձության ժամանակ հնչած խտրական խոսքը կամ գենդերային ապատեղեկատվություն պարունակող արտահայտությունները բերում են առաջին պլան, ներառում են իրենց սոցիալական էջերում արվող հրապարակումների ենթագրերում և փորձում այդ կերպ ավելի շատ դիտումներ ապահովել։
Վերջին հետազոտությունը, որն իրականացվել է հայկական մի քանի լրատվամիջոցների շրջանում, ի՞նչ ցույց տվեց, որո՞նք են այն հիմնական խոսույթները, որոնց շուրջ գեներացվում և տարածվում է գենդերային ապատեղեկատվությունը մեր մեդիադաշտում։
Մենք դիտարկել ենք 6 լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջեր մեկ ամսվա կտրվածքով։ Շուրջ 9000 նյութից պատահական ընտրանքով դիտարկվել է 3000-ը։ Հայտնաբերել ենք գենդերային ապատեղեկատվության և ոչ գենդերազգայուն լուսաբանման 30 օրինակ։ Թվում է՝ թիվը փոքր է (3000-ից 30-ը), բայց յուրաքանչյուր դեպքը մեզ համար կարևոր է, որովհետև դրանց հետևանքները կրում են անհատները։ Գենդերային ապատեղեկատվության մասին խոսելիս առաջին հերթին գնահատվում են դրա հետևանքները։ Պատճառն այն է, որ այդ հետևանքները կործանարար կարող են լինել ինչպես անհատների, այնպես էլ տարբեր խմբերի ներկայացուցիչների համար։
Մշտադիտարկման ընթացքում նկատեցինք, որ կային և՛ անհատների թիրախավորման դեպքեր, և՛ ընդհանուր առմամբ գենդերային հարցերը, ֆեմինիստական շարժումները արժեզրկող խոսույթներ։ Օրինակ՝ կանանց իրավունքներով զբաղվող կառույցներին կամ շարժումներին պիտակավորելը, դրանք «կեղծ» որակավորելը։ Հանդիպել են նաև կեղծ, անհիմն վիճակագրություններ կանանց վերաբերյալ։
Ինչպես վերը նշեցի, մեր դիտարկումը ցույց է տալիս, որ հիմնականում քաղաքական գործիչ կանայք կամ հանրային դեմքերն են թիրախավորվում։ Կային կնոջ մասնագիտական կարողությունները նվազեցնող և նրա հաջողությունները իր շուրջը գտնվող տղամարդկանց վերագրվող դեպքեր, կնոջը սեռականացնող և ապրանքայնացնող երևույթներ։ Այսինքն՝ կնոջը ներկայացնում են ոչ թե որպես «գործող անձ», իր կյանքի համար որոշում կայացնող անձ, այլ՝ որ իր փոխարեն որոշել են, իրեն օգտագործում են։ Այս կերպ փորձում են արժեզրկել նրան։ Կամ, եթե կինը ինչ-որ կարևոր խնդրի մասին բարձրաձայնում է ինչ-որ հարթակում, նրա խոսքը արժեզրկելու համար մարդկանց ուշադրությունը շեղում են դեպի նրա արտաքին տեսքը կամ հորինված «մութ անցյալը»։
Հանդիպեցին նաև դեպքեր, երբ բացասական երևույթների կամ հանցագործությունների մասին խոսելիս շեշտվում էր հերոսի սեռը՝ կին լինելը։ Ինչու՞ ենք մենք այստեղ խնդիր տեսնում. հաճախ լրատվամիջոցներն ասում են, որ դա ուղղակի փաստ է, և մենք արձանագրել ենք։ Բայց մյուս կողմից ստացվում է, որ դրանով կանանց հավելյալ պարտականություններ, ուռճացված սոցիալական դերեր են վերագրում. օրինակ, որ մայրը ավելի առաքինի կերպար պետք է լիներ, ընդունակ չլիներ այդպիսի քայլի։
Դեպքեր կային, երբ կանանց ներկայացնում էին որպես «թույլ էակների»։ Այս կարծրատիպը հաճախ նույնիսկ առաջին հայացքից կարծես դրական իմաստով է օգտագործվում՝ չպատկերացնելով, որ միևնույնն է, թիրախավորում է կնոջը։ Օրինակ, երբ կնոջը գովում են «համարձակ քայլի» համար, կարող են ասել՝ «կնոջը ոչ հատուկ համարձակություն»։ Ստացվում է՝ ուժեղ, համարձակ լինելը կնոջը հատուկ չպիտի լիներ, և ահա՝ բացառություն ունենք։
Ընդունված է ասել, որ գենդերային ապատեղեկատվության նպատակը անհարմար ձայները լռեցնելն է։
Այո՛, գենդերային ապատեղեկատվությունը առաջին հերթին վտանգավոր է որպես լռեցման գործիք։ Օրինակ, եթե կանանց տեսանկյունից նայենք, ապա կարող ենք ասել, որ շատ կին քաղաքական գործիչներ, հանրային դեմքեր կարող են սկսել ինքնագրաքննությամբ զբաղվել, սահմանափակել իրենց գործունեությունը, որպեսզի ավելորդ անգամ թիրախավորման չարժանանան։ Ոմանք նույնիսկ ավարտում են կարիերան, որոշում՝ լքել դաշտը։
Լինում են դեպքեր, երբ կանայք իրենց ընտրությամբ չեն դառնում հանրային. իրենց գործունեության ընթացքում ակամայից այդպես է ստացվում։ Երբեմն, թիրախավորվելով ինչ-ինչ շրջանակների կողմից, նրանք կարող են խնդիրներ ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ, ինչի արդյունքում էլ կարող են որոշել դադարեցնել կամ ավելի սահմանափակել իրենց գործունեությունը, ավելի զգույշ լինել, ինչից տուժում է ոչ միայն նա, այլև համայնքը, այն արժեքները, որի համար աշխատում են։
Այս հնարավոր բացասական հետևանքներն ու ազդեցություններն է կարևոր, որ լրատվամիջոցները հասկանան, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը և չդառնան գործիք գենդերային ապատեղեկատվություն գեներացնողների ձեռքին։