Լիլիթ Բարսեղյան

Լիլիթ Բարսեղյանը լրագրող է, վավերագրող, իսկ այժմ արդեն հանդես է գալիս՝ որպես AI արտիստ։ Առանց մեծ բյուջեի, արհեստական բանականության օգնությամբ նրա ստեղծած ֆիլմը՝ «Անհայտ գտածո»-ն, (Unknown Artefact) Լոս Անջելեսի AI International Film Festival-ում 2025թ․-ի դեկտեմբերին ստացել է «Լավագույն AI ֆիլմ» մրցանակը։

Ինչպե՞ս լրագրությունից անցում կատարեց նորագույն տեխնոլոգիաներին, ինչպե՞ս ստիպեց արհեստական բանականությանը երգել Քուչակի հայրենները և արդյոք AI-ը կսպանի՞ ավանդական կինոն, թե՞ ոչ. այս հարցերի շուրջ ենք զրուցել Լիլիթ Բարսեղյանի հետ։

«Անհայտ գտածո» ֆիլմի պաստառը։ Լուսանկարը՝ Լիլիթ Բարսեղյանի

Մինչև AI-ի աշխարհ մտնելը դուք բավականին երկար ժամանակ աշխատել եք  լրագրության, վավերագրական ֆիլմերի ոլորտում։

Այո՛, մասնագիտությամբ լրագրող եմ։ Առաջին քայլերս սկսել եմ «Երկիր Մեդիա»-ից, որտեղ, չնայած փոքր ռեսուրսներին, ինձ սովորեցրին «մեծ մտածել»։ Հենց այնտեղ հասկացա, որ ես էքսպերիմենտներ սիրող մարդ եմ. ինձ հետաքրքիր չէ մրցակցությունը, ինձ հետաքրքիր է ստեղծել նոր չափորոշիչներ, որպեսզի իմ նյութը տարբերվի։ Հետո աշխատեցի Շանթ ՀԸ-ում, տեղափոխվեցի Հանրային հեռուստաընկերության առավոտյան ծրագիր, ապա՝ վավերագրական ֆիլմերի բաժին։ Այդ ժամանակ ես բացահայտեցի այլ աշխարհ՝ 9 ամիս ուսումնասիրել մեկ մարդու կյանք, փորփրել արխիվները, բացել «հույժ գաղտնի» արխիվներ։ Դա ինձ սովորեցրեց, որ հեռուստաֆիլմը մնայուն արժեք է, որը հետագայում ուրիշների համար կարող է դառնալ արխիվ։ 

Այդ տարիներին ինձ համար շատ կարևոր փորձառություն էր նաև «Բարս Մեդիա»-ի հետ համագործակցությունը՝ «Հայաստանի առեղծվածները» ֆիլմաշարի շրջանակում։ Դա ինձ համար նման էր նրան, որ օրինակ Լյուկ Բեսոնը ամուսնության առաջարկ աներ։ Հասկացա՝ ի՞նչ է իսկական մեծ թիմային աշխատանքը, որտեղ ոչ ոք ոչինչ չի անում առանց ռեժիսորի հրահանգի։ 

Արհեստական բանականությունը այսօր բոլոր ոլորտներում փոխում է խաղի կանոնները։ Վավերագրական ֆիլմից անցումը դեպի ԱԲ աշխարհ ինչպե՞ս տեղի ունեցավ։ 

Կինոարտադրության ոլորտում իմ երազանքը խաղարկային ֆիլմ նկարելն էր։ Սակայն հասկանում էի, որ այդ փուլում դա դեռ հնարավոր չէր։ Ընկերներիցս մեկի հետ ֆոտոստուդիա էինք հիմնել,  նաև ռիլ մեյքինգով էի զբաղվում, տարբեր նախագծեր էի իրականացնում։ Զուգահեռաբար փորձում էի անիմացիա սովորել, որը չափազանց դժվար էր ինձ տրվում, ժամանակը քիչ էր, անելիքը՝ շատ․ ոչ մի կերպ չէր հաջողվում, ինչի արդյունքում ես ինձ «անպիտան էի» զգում։ Հենց այդ ժամանակ  առաջարկ ստացա reArmenia-ից՝ որպես ռիլ մեյքեր իրենց թիմին միանալու։ Այդ ժամանակ նրանք նոր էին սկսում իրենց AI դասընթացները։ Ես հասկացա, որ կամ հենց այդ պահին պետք է թողնեմ բոլոր մյուս գործերս ու սկսեմ զբաղվել ԱԲ-ով կամ դա էլ երբեք չեմ անի։ Ես հրաժարվեցի բոլոր նախագծերից, որոնք իրականացնում էի ու միացա reArmenia-ի թիմին։   

Սկզբում թիմում ինձ «լուզեր» էի զգում, որովհետև երիտասարդները փորձարկում էին հնարավոր բոլոր գործիքները, իսկ ես դեռ որևէ գործիքի չէի տիրապետում, բայց ունեի «սուպեր ֆոկուս»։ Ու գնեցի առաջին AI գործիքս՝ Runway-ը, սկսեցի սովորել։ Երևի թե մեկ ամիս անց արդեն ունեցա առաջին ԱԲ պատվերը ու ստեղծեցի 3,5 րոպեանոց անիմացիոն հոլովակ։ Ես արեցի անիմացիա, ինչը ընդամենը մի քանի ամիս առաջ ինձ անհավանական էր թվում։  

ԱԲ-ով ստեղծված Ձեր «Անհայտ գտածո» ֆիլմը AI International Film Festival-ում անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա համար ստացել է «Լավագույն AI ֆիլմ» մրցանակը։ Ինչպե՞ս որոշեցիք խաղարկային ֆիլմ ստեղծելու Ձեր երազանքը իրականություն դարձնել ԱԲ-ի օգնությամբ։ 

Այդ ֆիլմի սցենարը բավականին վաղուց էի գրել ու երբ մտածում էի, որ դրա նկարահանման համար անհրաժեշտ են լինելու միլիոնավոր դոլարներ՝ սարսափում էի։ Որոշեցի հենց այդ ֆիլմն էլ ստեղծել ԱԲ-ի օգնությամբ։ Ես սցենարների հանդեպ բավականին խանդոտ եմ, բայց այս անգամ որոշեցի, վստահել բոտին ու Gemini-ի հետ մշակեցի կառուցվածքը։  

Պատմությունը մի կնոջ մասին է, որը տաղանդավոր «արտ-կուրատոր» է, սակայն կասկածում է սեփական տաղանդին։ Նա սկսում է կեղծել իր իրականությունը՝ աշխարհի տարբեր անկյուններում թողնելով «հետքեր» իր գոյության մասին, որպեսզի ապագայում իրեն հիշեն։ Ֆիլմը ագահության և չիրացվածության մասին է, որը զարգանում է ապոկալիպտիկ ֆոնի վրա, ավարտվում 2100 թվականին։

Կադր՝ Լիլիթ Բարսեղյանի «Անհայտ գտածո» ֆիլմից։

Որքա՞ն ժամանակ և ի՞նչ ռեսուրսներ պահանջվեցին ֆիլմի ստեղծման համար։

Ֆիլմի գեներացման ամբողջ աշխատանքը շատ կարճ է տևել, հետո բավականին երկար աշխատել եմ  հետարտադրության փուլում։ Գլխավոր հերոսուհու կերպարը ստեղծել եմ հիմք ընդունելով իմ դիմագծերը, իմ դեմքը, իսկ մյուս կերպարների համար լիցիենզիաներ եմ գնել, որպեսզի հեղինակային իրավունքի խնդիր չունենամ։ Տասը տարբեր AI գործիք եմ օգտագործել։ Եթե ֆիլմի նկարահանման ընթացքում ես պետք է վճարեի դերասաններին, նկարահանող խմբին, գործուղումների ու լոկացիաների համար, ապա ԱԲ-ի օգնությամբ ֆիլմը ստեղծելու ընթացքում վճարել եմ միայն գործիքների բաժանորդագրությունների համար։ Եվ այդ գումարը ընդհանուր առմամբ չի գերազանցել պրոֆեսիոնալ տեսախցիկի մեկ օրվա վարձույթի արժեքը։

Ֆիլմը անգլերեն է, բայց ապոկալիպսիսի ամենաուժեղ տեսարանում ես ուզում էի հայերեն լսել։ Այդ հատվածում հնչում է մի երգ, որը գեներացրել եմ Նահապետ Քուչակի Հայրեններից մեկի հիման վրա։ Երաժշտության մեծ մասը ևս գեներացված է AI-ով, բացառությամբ Բախի՝ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործության։ Մյուս հատվածների համար ես Շնիտկեի «Ֆաուստ» կանտատի հարմոնիան նկարագրել եմ ԱԲ-ին, տվել եմ տեմպը, գերմանացի երգչուհու ձայնի տեմբրը և ստացել այն, ինչ ուզում էի։ Մեղեդու համար երգել եմ հայկական «Րուրի լաո» օրորոցայինը։

Կադր՝ Լիլիթ Բարսեղյանի «Անհայտ գտածո» ֆիլմից։

Ֆիլմը պրոդյուսերը Մանե Մկրտչյան-Արզումանյանն է՝ արվեստաբան, արվեստի կառավարիչ։ Նա էլ նախաձեռնեց ֆիլմը փառատոններին ներկայացնել։ Որոշում եղավ մասնակցել Լոս Անջելեսի AI International Film Festival-ին։ Այս փառատոնը AI ֆիլմարտադրության ոլորտում արդեն բավականին հեղինակություն է վայելում։ Փառատոնին ներկայացված էին ֆիլմեր Չինաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից։ Երբ մրցանակաբաշխության օրը Zoom-ով նայում էի ներկայացված ֆիլմերը, մտածում էի, որ հաղթելու որևէ հնարավորություն չունեմ, որովհետև տեխնիկապես շատ լավ իրականացված, բավականին որակյալ պատկերով գործեր կային ներկայացված։ Մրցանակաբաշխության ժամանակ անունս լսելիս չհավատացի։ Ստիված էի սպասել մինչև գար պաշտոնական նամակը, որ իմ ֆիլմը ճանաչվել է «Լավագույն AI ֆիլմ»։ Եվ ընդամենը 4-5 օր անց, ես ստացա այդ նամակը։ Ինձ համար ամենակարևորն այն էր, որ սա ոչ թե իմ, այլ Հայաստանի հաղթանակն էր։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք մրցունակ լինել համաշխարհային AI ինդուստրիայում։

Շատ է խոսվում այն մասին, որ ԱԲ գործիքները որոշ ոլորտներում կփոխարինեն մարդկանց, օրինակ կինոարտադրության ոլորտում  ԱԲ-ն կփոխարինի դերասաններին, օպերատորներին, նկարիչներին և մյուս մասնագետներին, որոնք աշխատում են ֆիլմի ստեղծման ընթացքում։

AI-ը երբեք չի փոխարինի իրական արտիստին։ Հակառակը՝ ես կանխատեսում եմ, որ իրական դերասանի, թատրոնում հանդիսատեսի հետ կենդանի շփման գինը կտրուկ բարձրանալու է։ Մարդիկ հոգնելու են իդեալական թվային պատկերներից և կարոտելու են կենդանի էմոցիա տեսնելուն ու զգալուն, թեկուզ դրա կատարումը լինի ոչ կատարյալ։

AI-ը հրաշալի գործիք է աշխատանքի պլանավորման, անիմացիոն կամ ֆանտաստիկ ժանրերում ստեղծագործելու համար։ Այն հեշտացնում է շատ գործընթացներ, խնայում ռեսուրսներ։ Օրինակ՝ ռեժիսորները կարող են իրենց ֆիլմի թիզերը ստեղծել  AI-ով, ներկայացնել այն պրոդյուսերներին, գումար հայթայթել և նոր միայն նկարահանել իրական ֆիլմը։ 

Կադր՝ Լիլիթ Բարսեղյանի «Անհայտ գտածո» ֆիլմից։

Այս ֆիլմի հաղթանակից ու հաջողությունից հետո արդեն կա՞ն նոր ֆիլմերի գեներացման գաղափարներ։

Ես շատ տարբեր սցենարներ ունեմ գրած, որոնք տարիներով քնած էին դարակներում, հիմա որոշել եմ բոլորը կյանքի կոչել, որովհետև հիմա դա հնարավոր է ու հիմա գիտեմ, թե ինչպես անել։ 

Բացի այդ, reArmenia ակադեմիայում, ֆիլմիս մոնտաժի ռեժիսոր Վահան Սեթոյանի հետ սկսում ենք վիդեոգեներացիայի դասընթաց։ Սովորեցնելու ենք սցենարից մինչև մոնտաժ և հետարտադրություն։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ԱԲ-ով սկսեցի զբաղվել մայիսից և արդեն գրեթե մեկ տարի անց ունեմ հստակ արդյունք։ Սա մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր վախենում են նոր փոփոխություններից ու նոր բան սովորելուց։