Մարգարիտա Գրիգորյան

Փետրվարին պատրաստ կլինեն հնդկական Inditronics Media տեխնոլոգիական ընկերության կողմից իրականացված՝ Հայաստանի հեռուստատեսային վարկանիշների փորձնական չափման արդյունքները։ Չափումն ավարտելուց հետո մոտավորապես 2 ամիս էլ անհրաժեշտ կլինի բոլոր բացթողումները, տեխնիկական խնդիրները հասկանալու և վերլուծելու համար։ Տվյալների ստացման և մշակման անցումային փուլի ավարտից հետո դրանք կհրապարակվեն։   

Այս մասին Media.am-ին ասաց Տեսալսողական մեդիաինդուստրիալ կոմիտեի նախագահ  Մարգարիտա Գրիգորյանը։ 

Ինդուստրիալ կոմիտեն և հնդկական Inditronics Media տեխնոլոգիական ընկերությունը 2025-ի ամռանն են ստորագրել համագործակցության հուշագիր՝ ըստ որի հնդկական ընկերությունը պետք է չափի Հայաստանի հեռուստալսարանը։  

Inditronics Media Private Limited-ի հիմնադիր տնօրեն Քեշավ Վիշնու Շինդեն և Մարգարիտա Գրիգորյանը: 08.08.2025թ․։Լուսանկարը՝ Ինդուստրիալ կոմիտեի

Անցած տարեսկզբին հայտարարվել էր, որ Ինդուստրիալ կոմիտեի անցկացրած մրցույթի արդյունքում չեխական Median ընկերությունը ընտրվել է որպես Չափող։ Այն 2025-ի հուլիսի մեկից սկսած պետք է իրականացներ Հայաստանի հեռուստաընկերությունների վարկանիշների չափումը։ Սակայն համագործակցությունը կարծես չստացվեց, ի՞նչն էր պատճառը։

Նախ ասեմ, որ սկզբնական փուլում ես քննարկումներին ու հանդիպումներին մասնակցում էի որպես Ինդուստրիալ կոմիտեի անդամ՝ որպես «Ֆաստ մեդիա»-ի տնօրեն։ (Որպես Ինդուստրիալ կոմիտեի նախագահ ես աշխատում եմ 2025-ի հունիսի 1-ից)։ 

Չափողին ընտրելու համար Ինդուստրիալ կոմիտեն 2024-ին անցկացրեց մրցույթ, որին մասնակցելու հրավեր էր ուղարկել աշխարհում գործող տարբեր խոշոր չափող ընկերությունների։ Բավականին քիչ ընկերություններ էին արձագանքել հրավերին։ Մրցույթի վերջին փուլ անցել էին 3 ընկերություններ։ Նրանց թվում էր նաև Median-ը։ Ինչ-որ պահի չեխական ընկերությունը դիտարկվում էր որպես հնարավոր հաղթող կազմակերպություն։ Գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ նրանք ամենացածր գինն էին առաջարկել, սակայն կային մեթոդաբանական խնդիրներ։ Հենց այդ փուլում էլ, երբ դեռ որպես հաղթող վերջնականապես չէինք հաստատել նրանց թեկնածությունը, ես ընտրվեցի Կոմիտեի նախագահ։ Հետագայում արդեն չեխական կողմի հետ շատ մանրամասն քննարկումների արդյունքում հասկացանք, որ այդ ընկերության մեթոդաբանությունը մեր շուկային հարմար չէ։ Մենք չունենք շատ թվայնացված տեխնոլոգիաներ, իսկ նրանց չափումը հիմնականում տեղի էր ունենում հեռախոսների միջոցով, ինչը արդիական է, բայց մեր շուկային հարմար չէ։

Իսկ հնդկական ընկերության ընտրությունն ինչպե՞ս տեղի ունեցավ։ Ըստ օրենքի Կոմիտեն պարտավոր է 45 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարել նոր մրցույթ կամ իրականացնել գնում մեկ անձից։

Մրցույթից պարզ դարձավ, որ ոլորտի խոշոր խաղացողներին, որոնց մենք ուղարկել էինք մասնակցության հրավեր, մեր փոքր շուկան չի հետաքրքրում։ Եվ մենք ստիպված սկսեցինք նորից ուսումնասիրել, դիտարկել արդեն, թե ոչ եվրոպական շուկաներում ինչ կազմակերպություններ են աշխատում։ Արդյունքում գտանք Inditronics հնդկական ընկերությանը, որի հիմնադիրը Kantar Media-ի վերջին տնօրեններից մեկն է եղել։ Նրանք միայնակ չափում են ամբողջ Նեպալը, Հնդկաստանի տարբեր հատվածներ, Աֆրիկայում էլ մի քանի երկրներ, այս տարի էլ մուտք են գործում Բելգիա։ Տարածաշրջանում բանակցում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի հետ։ 

Մենք բավականին երկար բանակցություններ ու քննարկումներ ունեցանք նրանց հետ մեթոդաբանության, չափմանը մասնակցող տնային տնտեսությունների թվաքանակի հետ կապված։ Հանդիպումներից, քննարկումներից հետո Կոմիտեի ընդհանուր ժողովը որոշեց, որ և՛ մեթոդաբանությունը, և՛ ընդհանուր պայմանները ընդունելի են բոլորի համար։ Եվ մենք առաջարկեցինք համագործակցության հուշագիր ստորագրել։

Inditronics-ը չափումն իրականացնո՞ւմ է People-meter-ով, ինչպես նախկինում գործող «Ադմոսֆեր Արմենիա»-ն, այսինքն նույն մեթոդաբանությամբ են աշխատո՞ւմ, թե՞ ոչ։

Չափում են People-meter-ով, այսինքն՝ տնային տնտեսություններում տեղադրված հատուկ սարքերով, սակայն այդ գործընթացում էական նորամուծություն են մտցրել։ Վերլուծություններն իրականացնում են AI գործիքի օգնությամբ։ Նրանց չափիչ սարքերից մեկը երկու ամիս տեղադրված էր Կոմիտեում, միացված էր մեր հեռուստացույցին ու իրենց բազային։ Այդ ամիսների ընթացքում AI-ը սովորում էր TV-ի գույնը, ձայնը, դեմքերը, գովազդի ձայները, գովազդի սկիզբը և ավարտը։ Գործիքը ճանաչում է հեռուստաալիքը և շատ ավելի արագ է կարողանում չափել։ Արդյունքում նվազում է մարդկային գործոնը, և ավելի քիչ ռեսուրսներ են օգտագործվում։ Այդ պատճառով էլ հնդկական ընկերության մատուցած ծառայության արժեքն ավելի մատչելի է, քան չեխական ընկերությանը։

Քանի՞ տնային տնտեսությունն է մասնակցելու չափման գործընթացին

Չորս հարյուր տնային տնտեսություններում է չափիչ սարք տեղադրվելու։ Երեք տարի հետո նախատեսում ենք վերանայել այս թիվը և հասցնել մինչև 500-ի։ Օրինակ՝ չեխական ընկերությունը առաջարկում էր 250–300 տնային տնտեսություններում չափող սարք տեղադրել, ինչին մենք համաձայն չէինք։

Դեկտեմբերի վերջից նոր չափողն աշխատում է։ Հունվար, փետրվար ամիսները լինելու են տվյալների ստացման անցումային փուլ, որից հետո մոտավորապես 2 ամիս էլ անհրաժեշտ կլինի բոլոր բացթողումները, տեխնիկական խնդիրները հասկանալու և վերլուծելու համար։ Տվյալների ստացման և մշակման անցումային փուլի ավարտից հետո դրանք կհրապարակվեն։ Մենք տվյալները կտրամադրենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և նրանք կհրապարակեն։   

Տարեվերջին մենք արդեն տեղեկացրել ենք նախկին չափող ընկերությանը՝ «Ադմոսֆեր Արմենիա»-ին, որ այս տարվա հունվարի 1-ից պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։

Միայն հեռուստացույցով դիտված մեդիաբովանդակության վարկանիշն է չափվելո՞ւ, թե նաև նույն հեռուստաընկերության յություբյան ալիքների,  OTT հարթակների դիմտումների վարկանիշներն են հաշվարկվելու։ Գիտենք, որ այսօր շատ հաճախ մարդիկ հեռուստացույցի փոխարեն օգտվում են տարբեր գաջեթներից ու հավելվածներից։

Բոլորն էլ կարող են չափել, իրենք մեզ ծառայությունների ահռելի սպեկտոր են ներկայացրել, բայց մեր հեռուստաընկերությունները այս պահին որոշել են, որ չափվի միայն մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաալիքների վարկանիշը։ Բոլոր հեռուստաընկերություններն էլ ունեն յություբյան ալիքներ, ես կարծում եմ՝ դա հաջորդ քայլն է լինելու։ Սա Կոմիտեն չի որոշում, Կոմիտեի գործառույթն է կազմակերպել չափողի անկախ, թափանցիկ ընտրությունն ու վերահսկել նրա աշխատանքը։ Նախկինում իրականացված չափումների վերաբերյալ ոչ միանշանակ կարծիքներ և վերաբերմունք կար դաշտում։ Ինչն էլ պատճառ էր դարձել, որ շատ գովազդատուներ լքեն հեռուստաընկերությունները և իրենց գովազդը տեղադրեն թվային հարթակներում։ Բոլորս ենք հասկանում, որ վաղը թվայինինն է։ Սակայն մեր շուկայի դեպքում դա մի փոքր ավելի հեռու ապագային է վերաբերում։

Մեծ հույս ունեմ, որ այն հեռուստաընկերությունները, որոնք գործ են անում, պայքարում են իրենց տեղի համար, նոր չափողի աշխատանքի արդյունքում կկարողանան ներգրավել միջազգային նոր գովազդատուներ։

Ովքե՞ր են այս պահին Ինդուստրիալ կոմիտեի անդամները։

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները և Հայաստանում գործող բոլոր գովազդային գործակալություններն այս պահին Կոմիտեի անդամ են։

Ինդուստրիալ կոմիտեի անդամներն ու Inditronics Media ընկերության ներկայացուցիչները։ 08․08․2025 թ․։ Լուսանկարը՝ Ինդուստրիալ կոմիտեի

«Ա-ԹԻՎԻ»-ն է իր ունեցած խնդիրների պատճառով ժամանակավորապես դուրս եկել Կոմիտեի կազմից։ Վստահ ենք, որ շուտով կկարգավորի իր խնդիրները և հետ կվերադառնա։ Շատ լավ համայնք է ձևավորվել, ես առաջին անգամ եմ տեսնում, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հեռուստաընկերություններ իրար հետ միասին շատ կառուցողական աշխատանք իրականացնեն։

Չափողին ընտրելուց ու նրա աշխատանքը վերահսկելուց բացի, ի՞նչ այլ գործառույթներ ունի Կոմիտեն։  

Չափիչի ընտրությունից բացի, որն այս փուլում ամենակարևորն է, մենք պետք է կարողանանք նպաստել նաև գովազդի շուկայի մեծացմանը։ Մենք արդեն Inditronics-ի հետ համատեղ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք կապ հաստատել միջազգային այն գործակալությունների հետ, որոնց հետ նրանք տարբեր երկրներում աշխատում են։

Ֆինանսական դժվարություններից ելնելով՝ մեր հեռուստաընկերությունները հիմա նաև բովանդակային խնդիրներ ունեն։ Այս խնդիրը լուծելու համար մենք աշխատելու ենք նաև «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի մեր գործընկերների հետ։ Հեռուստաընկերությունները հարցեր ունեն նաև գովազդի օրենքի հետ կապված, և հաջորդիվ անդրադառնալու ենք նաև այդ խնդրին։

Կոմիտեի գործառույթն է պաշտպանել հեռուստաընկերությունների ու գովազդային գործակալությունների շահերը։ Գովազդային գործակալություններն էլ շատ կարևոր օղակ են այստեղ, իրենք էլ շատ դժվար պայմաններում են աշխատում։ Որքան գովազդի շուկան մեծանա, որքան գովազդային գործակալությունները լավ վաստակեն, այնքան հեռուստաընկերություններ եկող գումարը կմեծանա։ Սրանք են այն քայլերը, որոնք կարծում ենք՝ կնպաստեն հեռուստատեսային շուկայի առողջացմանը և գովազդային շուկայի մեծացմանը։