Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Գնել Նալբանդյան

ԱԺ-ում հավատարմագրված մի խումբ լրագրողներ մարտի 26-ին փորձել են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն իրենց գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանի, ում իշխող ուժի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը  խորհուրդ էր տվել «մաքրել շրթունքները»։ է՝ 

Լրագրողները, փորձել էին ԱԺ օթյակում, որտեղից լուսաբանում են խորհրդարանի գործունեությունը, պարզել պաստառ, որի վրա, ինչպես ասում են, պատկերված էր Անդրանիկ Քոչարյանը ու գրված էր՝ «Շուրթերդ դու մաքրի ու ասա ներողություն»:  

Տարածված տեսանյութից երևում է, որ ԱԺ ՊՊԾ աշխատակիցները, սական, թույլ չեն տալիս պարզել պաստառը, վերցնում են այն, ինչի հետևանքով ստեղծում է լարված իրավիճակ, տեղի է ունենում քաշքշուկ, նրանք դուրս բերում լրագրողներին օթյակից: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Հռիփսիմե Ջեբեջյանը պատմել էր, որ անգամ քերծվածքներ է ստացել քաշքշոցի ժամանակ։ 

Կատարվածի շուրջ զրուցել ենք NewMag հրատարակչության գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ  Գնել Նալբանդյանի հետ 

ԱԺ-ում միջադեպը էթիկայի հանձնաժողովում քննելու կարիք ունի՞։ 

Միանշանակ, այո, քանի որ վերաբերում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի ու լրատվամիջոցի ներկայացուցչի հարաբերություններին։ Պատգամավորի վարքագիծն անպայնման պետք է քննվի բարեվարքության տեսանկյունից նախ առաջին հերթին միայն այն բանի համար, որ պաշտոնյան սեփական սխալը չի ընդունել, ներողություն չի հայցել։  

Խորհրդարանում աշխատող, ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողի նկատմամբ նման պահվածքը ընդունելի չէ։ Տեղի է ունեցել սեռային խտրականություն, Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է Հ․ Ջեբեջյանին՝ ասելով, որ լրագրողին չի վիրավորել, կնոջն է վիրավորել:  

Նկատի ունեք, որ տեղի ունեցածը սեքսիզմի դրսևորո՞ւմ էր և ոչ թե լրագրողին  թիրախավորելու փորձ։  

Ես չգիտեմ՝ պատմությունը նախապատմություն ունի թե ոչ, բայց այն, ինչ մենք տեսանք հանրային կերպով, տալիս է առիթ մտածելու, որ տեղի ունեցածը սեռային խտրականություն է։ Անդրանիկ Քոչարյանը ասում է, որ լրագրողին չի վիրավորել, կնոջն է վիրավորել, նա իր անհանդուրժողականությունն է ներկայացնում կնոջ նկատմամբ։ Ձևակերպումները երկիմաստ են, էմոցիաներ կան խոսքերում, դրա համար մինչև վերջ հասկանալի չէ, թե ինչու է ծագում այս երկխոսությունը, արդյոք նախկինում որևէ խնդիր եղել է լրագրողի ու պատգամավորի միջև, բայց այն, ինչ մենք տեսանք, վկայում է սեռային անհանդուրժողականության մասին։ 

Տվյալ պահին ԱԺ-ում աշխատող լրագրողների արձագանքը ինչպե՞ս եք գնահատում։ 

Լրագրողները պետք է աջակցեին իրենց գործընկերոջը, բոլորը պետք է թողնեին իրենց հարցերն ու հարցեր տային բացառապես վիրավորանքի վերաբերյալ։ Տեղի ունեցածը բուլինգի մի տեսակ էր լրագրողի կամ կնոջ նկատմամբ ու պետք է անհետևանք չմնար։ 

Առհասարակ, խորհրդարանում աշխատող լրագրողական համայնքը նման երևույթներին արձագանքելու ուղեցույց պետք է ունենա։ Կարծիքներ կան, որ լրագրողները պետք է բոյկոտեին պատգամավորին ու նրա հետ ճեպազրույցներ, հարցազրույցներ չանցկացնեին։ Ես միանգամայն համաձայն եմ այս կարծիքի հետ։ 

Նյուսրում

Ժամանակն է, որ լրատվամիջոցները մշակեն քաղաքականություն, թե ինչպես պետք է վարվեն իրենց լրագրողները նման պարագայում։ Երբ նման անսպասելի միջադեպեր են լինում, շատ լրագրողներ չգիտեն՝ ինչ պահվածք ցուցաբերեն, քանի որ մտավախություն ունեն, որ խմբագրությունը կարող է չկիսել նրանց վարքագիծը։ Խուսափելու համար նման կոնֆլիկտներից, խմբագրությունները պետք է պատրաստեն իրենց լրագրողներին, ուղեցույց տան, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի անել նման իրավիճակներում, որպեսզի լրագրողն էլ իմանա, որ եթե բոյկոտի ու գնա խմբագրությունը դրան նորմալ կվերաբերի։ 

Նույնը վերաբերում է լրագրողական ակցիաներին։ Շատ լրագրողներ չգիտեն՝ իրենց խմբագրությունն ինչպես կվերաբերի, եթե նրանք խորհրդարանի ներսում լրագրողական բողոքի ակցիայի մասնակցեն։ Նման հարցերը նախապես քննարկելու ու համաձայնեցնելու կարիք կա, որպեսզի լրագրողը ուղեցույցին համապատասխան գործի։ 

Ներհամայնքային ստանդարտներ են պետք, քանի որ ինչպես ցույց է տալիս փորձը, նման իրավիճակները պարբերաբար կրկնվում են ու կրկնվելու են։ 

2013 թվականին ԱԺ նիստերի դահլիճում լրագրողները ակցիա անցկացրին՝ «Խելքի եկեք, արա՛» և նման բովանդակությամբ պաստառներով՝ ընդդեմ հայ-ռուսական գազային պայմանագրի։ Եվ այդ ժամանակ, և հիմա լրագրողական համայնքում տարբեր կարծիքներ հնչեցին՝ արդյոք հավատարմագրված լրագրողները կարո՞ղ են օգտվել այդ հնարավորությունից և ակցիա իրականացնել շենքի ներսում։ Թեպետ, պետք է ասել, որ այդ տարիներին ակցիան անցավ առանց իրավապահների ընդդիմության, ամեն դեպքում, ակցիան պետք է անցկացվեր շենքից դո՞ւրս։  

Եթե իրավապահներն իսկապես գործել են առանց հրահանգի, հանրությունը պետք է տեսնի այդ գործողությունների հետևանքները պատժի տեսքով։ Հակառակ դեպքում, դա նշանակում է, որ հրահանգ է եղել։ Սահմանափակում կարող է լինել հակասոցիալական դրսևորման պարագայում, բայց լուռ ակցիա իրականացնելու լրագրողական ցանկությունը հակասոցիալական վարք չէ, դա քաղաքացիական վարք է։  

Ինչ վերաբերում է հարցին՝ որքանո՞վ է էթիկապես ճիշտ ակցիա իրականացնել շենքի ներսում, կարող եմ ասել, որ լրագրողը կարող է քաղաքացիան ակցիա իրականացնել ամենուրեք։ Եթե հավատարմագրման փաստաթղթերում չկա որևէ նախապայման, արգելք, որ քաղաքական ակցիա իրականացնել չի կարելի, ուրեմն լրագրողը կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Եթե հավատարմագրված լրագրողի համար լիներ վարքականոն, որին լրագրողը հավատարմարգրվելիս կհամաձայներ, ապա, միանշանակ, այդ վարքականոնը պետք է պահվեր։ Բայց այս պարագայում լրագրողը ազատ է գործել այդ թվում՝ ակցիաների իրականացման հարցում։