2024.10.14,

Տեսակետ

«Զրպարտության դեպքում կարելի է դատարանում հերքում պահանջել ԶԼՄ չհանդիսացող հրապարակողից» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Այսուհետև, զրպարտության համար ցանկացած անձի Հայաստանում կարելի է հերքման և հրապարակումը հեռացնելու պահանջ ներկայացնել։ Նախկինում, լրատվամիջոց չհանդիսացող՝ մասնավոր անձի կողմից համացանցում տարածված զրպարտությունը հերքելու և հեռացնելու պահանջ ներկայացնելու հնարավորություն օրենքով սահմանված չէր։  

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի դիմումով Սահմանադրական դատարանը քննել և օրեր առաջ իր որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել զրպարտությանը վերաբերող դրույթը։  

ՍԴ-ն արձանագրել է օրենքի կարգավորման բաց և նշել, որ լրատվամիջոց չհանդիսացող սուբյեկտների զրպարտության դեպքում խախտվում են անձանց իրավունքները, իսկ օրենքը նրանց չի տալիս իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն։ ՍԴ որոշման ու ակնկալվող հետևանքների մասին Media.am-ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ 

Պրն. Զեյնալյան, նախքան ՍԴ որոշմանն անդրադառնալը խնդրում եմ, ներկայացրեք դեպքի մանրամասները։ Ո՞րն էր 2019 թվականից ընթացող դատական գործընթացների պատճառը։  

Որպես Արդարադատության նախարար՝ 2019 թվականին, իմ ճեպազրույցներից մեկում անդրադարձել էի դատավորների աշխատավարձին և ասել, որ դրանք շատ ցածր են։ Ընդհանուր պատկերը ներկայացնելու համար, ասեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում Հայաստանի դատավորների աշխատավարձը զբաղեցնում է վերջից առաջին տեղը։ Մեզ նախորդում է Մոլդովան, որտեղ դատավորները վարձատրվում են 3 անգամ ավելի։ Մինչդեռ Մոլդովայի ՀՆԱ-ն մերինից ցածր է։ Պարզապես, պետք է նկատի ունենալ, որ դատավորի աշխատավարձը հասարակության արդար դատաքննության իրավունքի երաշխիքն է։ 

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում կիսվել էր այդ ճեպազրույցին վերաբերող հրապարակումներից մեկով և քննադատական միտք էր հնչեցրել, թե նախ պետք է պարզել, թե դատավորների մեծ մասին ինչի համար ենք վճարում, հետո նոր քննարկել աշխատավարձի չափը։ 

Սա քննադատական խոսք է, գնահատողական դատողություն, որի հետ կապված որևէ խնդիր չկա։ Օգտատերն արտահայտել էր իր կարծիքը, դա իր իրավունքն է։ 

Սակայն, այդ հրապարակման տակ, մեկ ուրիշ անձնավորություն, ում հետ ես կարծում էի, թե ունեի բավականին մտերիմ հարաբերություններ, գրել էր այն մասին, որ եթե մեր երկրում արդարադատություն լիներ, ապա ես պետք է դատված լինեի, քանի որ 1999-2001 թվականներին առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, հումանիտար օգնությամբ ստացված մանկական սնունդը վաճառել եմ սև շուկայում։ Դա ինձ շատ խոցեց, շատ վիրավորված էի այդ ստից ու զրպարտությունից։   

Եվ դիմեցիք դատարան։ 

Այո’, ես դիմեցի դատարան, որպեսզի այդ մեկնաբանությունը ճանաչվի որպես զրպարտություն։ Երրորդ անձ ճանաչվեց նաև այն օգտատերը, որի հրապարակման մեկնաբանությունների շարքում տեղ էր գտել վերոնշյալ զրպարտությունը։ Երկարատև դատական գործընթացների արդյունքում այդ հրապարակումը զրպարտություն ճանաչվեց ։ Մենք նաև պահանջել էինք, որ այն օգտատերը, որի օգտահաշվում հրապարակվել էր այդ զրպարտությունը, հերքում հրապարակի։ Դատարանները գտան, որ այդ ֆեյսբուքյան էջը զանգվածային լրատվության միջոց չէ և մերժեցին պահանջը, ասացին, որ օրենքը նման կարգավորում չի նախատեսում։ 

Այսինքն, եթե ընդամենը հարյուր մեկ բաժանորդ, հետևորդ ունեցող լրատվամիջոցի նկատմամբ կարող ես ներկայացնել հերքման պահանջ, ապա մի քանի անգամ ավելի հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան օգտատիրոջը հերքման պահանջ ներկայացնել չես կարող։ Ստացվում է, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, մինչդեռ խնդիրն այն է, որ տվյալ տեղեկատվությունը հերքվի։ Այդ պատճառով ես և փաստաբան Աշխեն Դաշյանը, ով իմ աշակերտներից է եղել, որոշեցինք դիմել Սահմանադրական դատարան։  

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 4-ին հրապարակեց իր որոշումը։ Ո՞րն էր որոշման հիմնական ասելիքը։  

Սահմանադրական դատարանը գտավ, որ իրավակարգավորումները չեն համապատասխանում Սահմանադրության 31-րդ հոդվածին և 75-րդ հոդվածներին և ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Հիմա մենք հնարավորություն ենք ստացել վերանայելու այն դատական ակտերը, որոնք թույլ չէին տվել հերքման պահանջը բավարարել։ Հիմա մենք նորից պետք է անպայման դիմենք Վճռաբեկ դատարան՝ պահանջով վերանայման վարույթ հարուցել, բեկանել դատական ակտը և լուծել խնդիրը: 

Սահմանադրական դատարանի վճիռները, որոշումները լրջագույն իրադարձություններ են։ Հասկանալի է, որ անձնական խնդրի լուծման ճանապարհ հանդիսանալուց բացի, այս որոշումը համակարգային փոփոխություններ կառաջացնի։ Ո՞րն է որոշման հիմնական կարևորությունը։  

Այո՛, Սահմանադրական դատարանի որոշումները լուրջ իրադարձություններ են ինչպես իրավունքի ոլորտում, այնպես էլ իրավունքի քաղաքականության ոլորտում։  

Իրավացի եք, բացի անձնական խնդիր լուծելուց, որը չափազանց կարևոր էր տվյալ դեպքում պատվի և արժանապատվության վերականգնման համար, ես և Աշխեն Դաշյանը լուծել ենք այս խնդիրը բոլորի համար։ Ես տեղյակ եմ, որ շատ մարդիկ սպասում էին այս որոշմանը, որպեսզի իրենք էլ դիմեին, և վերանայեին իրենց գործերը։ Այժմ բոլորը, ովքեր բախվել են կամ կբախվեն նման խնդրի կարող են դիմել դատարան և զրպարտության դեպքում հերքում պահանջել զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող հրապարակողից։ 

Շատ կարևոր է հասկանալ, որ Սահմանադրական դատարանի որոշումը օրենք է։ Սահմանադրական դատարանի որոշումը ինքնաբավ է։ Եվ մենք քաղաքացիներով, իրավապաշտպաններով կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով օրենք ենք արդեն ստեղծել։ Այն, այլևս, ենթակա է կատարման բոլորի կողմից։ Մենք՝ որպես քաղաքացիներ, իրականացրել ենք պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու մեր առաքելությունը։ 

Կարծում եք այս որոշումը կփոխի՞ սոցիալական ցանցերի այն օգտատերերի վարքագիծը, որոնք իրենց մեկնաբանություններում, հրապարակումներում վիրավորանքներ են հնչեցնում, զրպարտում են, ատելության խոսք են տարածում։ Հանրային խոսույթը ավելի պատասխանատու կդառնա՞։  

Այդ հարցում դուք՝ լրատվամիջոցներդ, պետք է մեզ օգնեք։ Ձեր միջոցով մարդիկ պետք է իմանան, որ կարող են հերքում պահանջել լրատվամիջոց չհանդիսացող սուբյեկտներից։ Ես կոչ եմ անում բոլորին, երբ նստում են համակարգչի էկրանի առջև կամ իրենց խելախոսի էկրանի առջև, չկորցնեն իրենց մարդկային կերպարանքը։ Պատիվն ու արժանապատվությունը դա իրենցն է, իրենք դրա կրողն են և թիրախն են այդ նույն պատվի ու արժանապատվության։ Այս ամենն ասում եմ, որովհետև հաճախ եմ տեսնում, թե ինչ նվաստացուցիչ բաներ են գրում սոցիալական ցանցերում։ Այդ նվաստացուցիչ խոսքերի թիրախում հայտնվողներին էլ պետք է հորդորեմ պաշտպանել իրենց իրավունքները, որովհետև պաշտպանելով իրենց պատիվն ու արժանապատվությունը, իրենք պաշտպանում և վերականգնում են մարդկային պատիվն ու արժնապատությունը և օգնում են, որ մենք կարողանանք վերականգնել մեր հարաբերությունները ներսում, վերականգնենք միմյանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը։  

Խոսեցիք մեդիահարթակներում հնչող նվաստացուցիչ խոսքի մասին։ Որպես իրավապաշտպան, եթե գնահատեք, ո՞րն է պատճառը, որ թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցիալական հարթակներում, խոսքի, կարծիքի արտահայտման ազատությունը, երբեմն հանգեցնում է պատվի և արժանապատվության իրավունքի ոտնահարման։  

Ցավոք, մենք ոչ միշտ ենք գիտակցում, որ մարդու պատիվը և արժանապատվությունը մնացած բոլոր իրավունքների հիմքն են։ Սահմանադրության մեջ էլ դրանք առաջնային տեղում են։ Եթե չի պաշտպանվում մարդկային պատիվն ու արժանապատվությունը, ապա մնացած բոլոր իրավունքները չունեն հող, որի վրա կարող են ծլել ու ծաղկել։ Արտահայտվելու ազատությունն առանց պատվի և արժանապատվության իրավունքի պահպանման չի կարող լինել։ Մարդկային պատվի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը պարտավոր են պահել բոլորը՝ հատկապես իրավապաշտպանները։ ԶԼՄ- ներն ու լրագրողները ևս ունեն իրավապաշտպանի դերակատարություն։ Նրանք պետք է պաշտպանեն մարդկային պատիվն ու արժանապատվությունը, սա է, որ աղավաղված է և պահպանված չէ այժմ։  

Պետությունը պարտավոր է կարգավորում իրականացնել․ զանգվածային լրատվության միջոցները պետք է իրենց առաքելությունն իրականացնելու համար կարողանան վաստակել բավարար և ապահովեն իրենց կենսունակությունը, հակառակ դեպքում նրանք սկսելու են վաճառել ամենանողկալի բաները, որպեսզի կարողանան իրենց կենսաապահովումն իրականացնել։  

Շատ լրատվամիջոցներ վաստակի համար սկսում են ոտնձգել շատ ու շատ մարդկանց իրավունքների դեմ։ Գիտեք՝ խոսքը կարող է լինել նաև ցնցող։ Ցնցող խոսքը բացառություն է կանոնից, բայց հիմա մենք չցնցող խոսքի բացառության կարգով ենք հանդիպում։ Այսօր հիմնականում ցնցող է խոսքը, մենք անըդհատ ցնցումների մեջ ենք, սթրեսի մեջ ենք, լրատվամիջոցներն անըդհատ սթրես են վաճառում ու դու սովորում ես այդ սթրեսին քո ընկալունակության շեմը ընկնում է։ Նրանք իջեցնում են ու իջեցնում այդ շեմը, որպեսզի կարողանան վաճառել ու վաստակել։  

Այս իրավիճակը շտկելու գործում շատ մեծ է լրատվամիջոցների և լրագրողների դերակատարումը։ Նրանք պետք է ճանաչեն իրենց իրավապաշտպան լինելու հանգամանքը, նրանք պետք է հնազանդության ու հավատարմության երդում տան մարդու իրավունքներին, պատվին և արժանապատվությանը, հասարակական կարգին, հասարակական համերաշխությանը, իրենց առաջնային կոչումը հասարակության մեջ այդ կապը ապահովելն է, ոչ թե բաղդատելը, աղճատելը, աղավաղելը, փչացնելը, իրարից բաժանելն ու թշնամացնելը։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *