2024.09.05,

Տեսակետ

«Հանրության շրջանում առկա է անորոշություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հանրային լրագրության ակումբը և «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակներում համատեղ ուսումնասիրություն են իրականացրել։ «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվության հոսքերն ու կեղծ պատմությունները» հետազոտության ընթացքում հեղինակները փորձել են ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների և դրանց հավանական կարգավորման վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում և մեդիայում շրջանառվող պատմություները։ Media.am-ը զրուցել է հետազոտող թիմի անդամ Աշխեն Հակոբյանի հետ։ 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մեր հասարակության համար չափազանց զգայուն թեմա է, հանրության մոտեցումներն էլ շատ հակասական են։ Ո՞րն է եղել հետազոտության հիմնական նպատակը։ 

Այո՛, այս թեման մեզանում շատ հակասական ընկալումներ է առաջացնում։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առկա անորոշությունը, գործընթացի փուլերի մասին տեղեկատվության սղությունը և ելքի վերաբերյալ բևեռացված կանխատեսումները հանրության շրջանում առաջացնում են մշտական վտանգի զգացողություն։ 

Թեման շատ հակասական է լուսաբանվում ԶԼՄ-ներում և հանրային քննարկումներում։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց ցանկալի պատմույթները գեներացնելու և ակտիվացնելու համար կիրառում են հանրային կարծիք ձևավորելու տարբեր մեդիագործիքներ։ Հասկանալի է, որ պաշտոնական խոսույթը, զանգվածային լրատվամիջոցների շեշտադրումները կարևոր գործոններ են հանրային կարծիքի ձևավորման հարցում: Եվ հետազոտության հիմնական նպատակն է եղել հասկանալ, թե վերջին մի քանի տարիներին ի՞նչ նարատիվներ են շրջանառվել և շրջանառվում մեդիայում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և ի՞նչ նարատիվներ են շրջանառվում մեդիայից դուրս՝ հանրության շրջանում։ 

Ի՞նչ մեթոդաբանություն եք ընտրել այս հետազոտության համար և ի՞նչ փուլերով եք այն իրականացրել։ 

Այն հիմնված է որակական հետազոտության մեթոդաբանության վրա և իրականացվել է երկու փուլով։ Առաջին փուլում իրականացվել է պաշտոնական նյութերի և լրատվամիջոցների մշտադիտարկում։ Ուսումնասիրվել են վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի, արտաքին գործերի նախարարության, նախագահի և անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնական կայքերի լրահոսը։ Լրատվական դաշտի բազմազանությունը հաշվի առնելով՝ մեդիափորձագետների հետ քննարկումների արդյունքում փորձել ենք մոնիթորինգի համար ընտրել ինչպես իշխանամետ՝ FreeNews.am, Armenian Time, Civic.am, այնպես էլ ընդդիմադիր թևին հարող լրատվամիջոցների՝ TV 5,-ի News.am-ի, Hraparak․am-ի հրապարակումները։ 

Հետազոտությունն իրականացվել է նախապատերազմական, բուն պատերազմական և հետպատերազմական ժամանակային կտրվածքներով։ Եվ դիտարկվել են մինչև 2023-ի օգոստոս ամիսն արված հրապարակումները։ 

Երկրորդ փուլով ֆոկուսխմբային հարցազրույցների միջոցով դաշտային հետազոտություն ենք արել Երևանում և Թուրքիային սահմանակից երկու մարզերում՝ Շիրակում և Արմավիրում:  

Ուսումնասիրելով թե՛ պաշտոնական էջերը, թե՛ լրատվամիջոցների հրապարակումները ի՞նչ պատկեր ստացաք։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ի՞նչ անդրադարձեր կային։  

Մոնիթորինգի ընթացքում նկատելի էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսակցությունները բացակայում են մեդիայում։ Եթե Թուրքիայի մասին ինչ-որ հրապարակումներ էլ կային, ապա դրանք միայն իրադարձային լուրերի տեսքով էին, որոնք ոչ մի առնչություն չունեին Հայաստանի կամ հայ-թուրքական հարաբերությունների հետ։ 

2020 թվականի հուլիսին Տավուշում տեղի ունեցած դեպքերը փոխեցին երկրում քաղաքական իրավիճակը՝ խախտելով նախորդ տարիների հարաբերական լռությունը թե՛ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի, և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ 

Նկատելի է, որ մինչև հուլիսյան դեպքերը, իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայության հարցով անվտանգային տեսանկյունից մտավախություններ չուներ, մինչդեռ այդ դեպքերից հետո դիտարկվում է Թուրքիայի՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում անմիջականորեն ներգրավման հարցը։ Թուրքիայի մասին սկսեցին ավելի շատ գրել պատերազմի սկզբից սկսած և հիմնական շեշտադրումն այն էր, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, զուգահեռաբար նորից սկսեց շրջանառվել այն նարատիվը, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։  

Հետաքրքիր է, որ այս շրջանում թեկուզ կարճատև, բայց իշխանության և ընդդիմության դիսկուրսները իրար շատ են մոտենում։ Այս ընթացքում շրջանառվող նարատիվները պահպանվում են նաև հետպատերազմյան առաջին ամիսներին։ 

Սակայն, իշխանությունը՝ պայմանավորված կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, շատ կտրուկ փոխում է Թուրքիայի վերաբերյալ կիրառվող բառապաշարը՝ քննադատությունից ու մեղադրանքներից անցնում հաշտության և խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին նարատիվների։ 

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության որդեգրումը դառնում է այն հիմնական կետը, որից սկսած նորից ընդդիմադիր և իշխանական խոսույթները տարանջատվում են։  

Երբ իշխանությունը օրակարգ է բերում հայ-թուրքական կարգավորման հարցը, մամուլում այդ փոփոխությունն ի՞նչ արձագանք է ստանում։  

Միայն պաշտոնական մամուլն է գրում կարգավորման անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ դրական կանխատեսումների մասին։ Ընդ որում այս հրապարակումներն էլ հիմնականում պետական պաշտոնյաների հայտարարությունների տեսքով են լինում։ Իշխանամերձ ԶԼՄ-ներն այս հարցում պասիվություն են դրսևորում, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցներն ակտիվորեն քննադատում են այս մոտեցումը՝ սրելով բառապաշարը և ցույց տալով, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են լինել արդյունքում։ Թե՛ ընդդիմադիր մամուլը և թե՛ ֆոկուսխմբային հետազոտության մասնակիցների զգալի մասը, դեմ չլինելով հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գաղափարին, մտահոգություններ են արտահայտում գործընթացը սկսելու համար ընտրված ժամանակահատվածի վերաբերյալ։ Հիմնական փաստարկը պատերազմում պարտված լինելու հանգամանքն է, որը հայկական կողմին կարող է հարկադրել մեծ զիջումների գնալ։ 

Ֆոկուսխմբային հարցումների արդյունքներն ի՞նչ են ցույց տալիս, ինչպե՞ս է մեդիայում ծավալվող դիսկուրսն ազդում հանրության վրա։  

Պաշտոնական նարատիվի փոփոխությունը որոշ չափով կարողացել է ազդել հանրային տրամադրությունների վրա, սակայն արմատական փոփոխություններ չեն եղել։ Հարցումների ընթացքում նկատելի էր, որ պատերազմի ընթացքում ստացած ոչ արժանահավատ տեղեկատվության ֆոնին՝ հանրության շրջանում առաջացել է վերապահում մեդիայի նկատմամբ, ինչն ավելի է ամրապնդվել քաղաքական բևեռացման և մեդիան որպես քարոզչության մեթոդ օգտագործելու արդյունքում։ Հետազոտության մասնակիցների մեծ մասն ասում էին, որ ստուգում են ստացած տեղեկատվությունը՝ հակադիր լրատվամիջոցներում կարդալով նույն նյութի մասին։ 

Վերջնարդյունքում հետազոտությունն ի՞նչ ցույց տվեց, ի՞նչ հիմնական նարատիվներ են շրջանառվում մամուլում և հանրության շրջանում։ 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հանրության շրջանում առկա է անորոշություն հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հետազոտության մասնակիցների մեծամասնության պատկերացմամբ Հայաստանը պետք է ի վերջո աշխատի և համագործակցի հարևան պետությունների հետ, սակայն պատերազմի և թշնամության ֆոնին դժվարանում են վերաբերմունք հայտնել գործընթացի վերաբերյալ։ Սակայն, անկախ այս հանգամանքից հանրության մեջ և մամուլում քիչ բարձրաձայնվող, բայց հաստատուն տեղ ունեցող համոզմունք է հարևան պետությունների հետ լավ հարաբերություններ ունենալու անհրաժեշտությունը։ Մյուս կողմից ակնառու է, որ կարգավորման գործընթացի անսպասելի մեկնարկը հանրության մեջ հակասություններ է առաջացրել գործընթացի պատեհության, անհրաժեշտության և իրագործելիության վերաբերյալ։ Բացի այդ հայ-թուրքական սահմանի բացումը դիտարկվում է որպես կարգավորման գործընթացի հիմնական արդյունք։ Հաճախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նույնացվում է սահմանի բացման հետ։ Սահմանի բացման հեռանկարը հակասական ակնկալիքներ է առաջացնում հանրության շրջանում՝ ներառելով թե՛ դրական սպասումներ, և թե՛ մտահոգություններ՝ հավանական ռիսկերի վերաբերյալ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *