2024.07.30,

Տեսակետ

«Միջնորդավորված թարգմանությունները կարող են մեզ դարձնել ապատեղեկատվության, քարոզչության զոհեր»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանյան լրատվամիջոցներում քիչ են խոսակցությունները հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Media.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանում գործող «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը՝ խոսելով Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների լուսաբանման մասին։ Նա նշել է, որ երկկողմ օրակարգում կան բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք հայկական մեդիատիրույթում չեն քննարկվում։  

ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները ողջ աշխարհի, այդ թվում հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են։  Որո՞նք պետք է լինեն տեղական մամուլի ուղերձներն այս ընտրությունների մասով։ 

Արտաքին քաղաքականությունը ամերիկյան ներքաղաքական բանավեճի օրակարգում շատ փոքր տեղ է զբաղեցնում, ընտրողների համար ԱՄՆ հարաբերությունները արտաքին աշխարհի հետ ընտրական պրոցեսի համատեքստում նշանակություն չունեն։ ԱՄՆ ընտրությունները ներքին օրակարգերի մասին են, դրանք ներքին հարցերի լուծման տարբերակների ընտրության մասին են, և սա, միանաշանակ, պետք է հաշվի առնել այս ընտրությունները լուսաբանելիս։  

Հստակ է, որ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Հայաստանի համար ոչ ձեռնտու իրադարձություններ են տեղի ունեցել, լուրջ փոփոխություններ են եղել Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություններում։ Ջո Բայդենի նախագահության ժամանակ մենք տեսել ենք մեծ քայլ առաջ զարգացում ՀՀ հետ հարաբերություններում և այս ամենը կարող է վտանգվել, եթե Վաշինգտոնում ադմինիստրացիան փոխվի։ Այս մասին, իհարկե, մեր լրատվամիջոցները պետք է գրեն, պատմեն, թե թեկնածուներից ով ինչ տեսլական ունի Հարավին Կովկասի վերաբերյալ, քանի որ ընտրությունների արդյունքներից է կախված թե ինչպիսին կլինի ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում։  

Տպավորություն կա, որ հայաստանյան լրատվամիջոցները ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների մասին խոսում ու գրում են ավելի հաճախ ՌԴ-ԱՄՆ առճակատման դիտանկյունից, քան՝ ՀՀ-ԱՄՆ։ Ինչո՞ւ է այդպես։ 

Ինչ-որ իմաստով ԱՄՆ ուղիղ ազդեցությունը Հայաստանի վրա դիտարկվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում։ Որոշ իմաստով օբյեկտիվ հիմքեր կան սրա համար, բայց համաձայն եմ, որ քիչ են խոսակցությունները հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Այնինչ, հատկապես վերջին երկու տարիներին, գրանցվել են էական շարժեր երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ռազմավարական համագործակցության, ֆինանսական աջակցության, փոքր միջուկային կայանների շուրջ խոսակցությունները չեն դառնում հայաստանյան մեդիատիրույթի քննարկման թեմա։  

Ինչո՞ւ չեն դառնում քննարկման թեմա։ 

Մի փոքր անհասկանալի է, որովհետև կան փորձագետներ, ովքեր հետևում են իրադարձություններին և, վստահ եմ, ասելիք ունեն, կարող են վերլուծել ամերիկյան գործընթացները։  

Եթե վերլուծական մտքի պակաս, ինչպես ասում եք, չկա, ուրեմն խնդիրը լրատվամիջոցների դաշտո՞ւմ է։ 

Լրատվամիջոցներն ունեն իրենց խմբագրական քաղաքականությունն ու տրամաբանությունը։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես լուսաբանել այս կամ այն թեման։ Ես շատ կցանկանայի հայաստանյան մեդիատիրույթում տեսնել նյութեր հենց ԱՄՆ ներսում կատարվող իրադարձությունների մասին։ Օրինակ, թե ինչպես է գործում ընտրական համակարգը, որ Նահանգներում են թեկնածուները ջանքեր գործադրում, որ հաղթեն։ Բայց հասկանում եմ նաև, որ բնական է, որ այս մանրամասնությունները տեղ չեն գտնում մամուլում, ինչպես և տեղ չեն գտնում եվրոպական, ռուսաստանյան ներքին պրոցեսները։  

Հայաստանյան մեդիա դաշտից տպավորություն է ստեղծում, որ ամեն ինչ Հայաստանի շուրջ է, ամեն ինչ դիտարկվում է ՀՀ դիրքերից և դրա համար էլ մեզանից հեռու գտնվող պրոցեսները մեր լրատվամիջոցներում չեն արծարծվում։  

Այդ ամենի փոխարեն մեր լրատվամիջոցները շատ ակտիվ լուսաբանում են, թե ինչպես Ջո Բայդենը հերթական անգամ սայթաքեց կամ ինչպես քնեց որևէ միջոցառման ժամանակ, ինչպես Դոնալդ Թրամփը չբարևեց որևէ պաշտոնիայի և այլն․․․ 

Դիտելիության խնդիր կա։ Մարդկանց մոտ նմանաբովանդակ նյութերը էմոցիա են առաջացնում ու մարդիկ նայում են։ Սկանդալային տեսանյութերն ամբողջ աշխարհում են պահանջված ու սա միայն մեր խնդիրը չէ։ Դոնալդ Թրամփի մահափորձի մասին պարբերաբար լսում եմ, որ դա սարքած էր, հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր․․․ Մտահոգիչ է։ Դավադրական տեսություններ են շրջանառում, որ ԱՄՆ-ում ոչինչ, անգամ մահափորձը, տեղի չի ունենում առանց պետության իմացության կամ մասնակցության։ Եթե մամուլը խորքային լուսաբանի պրոցեսները, այդ թվում, ինչպես ասացի, պատմի ներքին կյանքի մասին, մարդիկ գուցե դադարեն թյուր պատկերացումներ կազմել։  

Կրկին հարցնեմ։ Ի՞նչն է խանգարում խորքային վերլուծություններին։  

Հավանաբար ուղիղ անգլերենով գործընթացներին չհետևելը, ինչպես նաև միջնորդավորված աղբյուրներից օգտվելը։ ԱՄՆ պրոցեսների մասին մեր մեդիան պատմում է հղում անելով ռուսական ՏԱՍՍ կամ մեկ այլ լրատվամիջոցի։ Շատ քիչ մեդիա միջոցներ կան, որոնք թարգմանություններ են անում բնագրից, իրենք են ընտրում թե որ լուրը թարգմանեն, լուրի որ հատվածը թարգմանեն, ոչ թե թարգմանում են դիցուք ՏԱՍՍ-ի ընտրած հատվածը։  

Սա հիմնական պատճառն է, որ մեր պատկերացումները ԱՄՆ քաղաքական պրոցեսների մասին խեղաթյուրված են։ Միջնորդավորված թարգմանությունները կարող են մեզ դարձնել ապատեղեկատվության, քարոզչության զոհեր։  

Տարիներ առաջ քիչ էին լրատվամիջոցները, որոնք ունեին արտաքին կողմնորոշում։ Մեկ-երկու կայքեր կային, որոնք կարդալով կարող էիր ասել՝ արևմտյան քաղաքականություն են վարում կամ ռուսական։ Հիմա մամուլը կարծես չի թաքցնում նաև արտաքին կողմնորոշումները։ Ի՞նչն է փոխվել։ 

Այո, մեդիա դաշտը բևեռացված է ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին քաղաքական հարցերում։ Նախկինում Հայաստանը փորձում էր զերծ մնալ արտաքին քաղաքական կողմնորոշումները բարձրաձայնելու հարցում ու մամուլն էլ, ըստ դրա, չեզոք կամ իներտ էր այդ հարցերում։ Հիմա, ՀՀ դիրքորոշումները պարզ են, բարձրաձայնվում են ու մամուլն էլ դրան հետևում է։  

Նախկինում անհնար թվացող բաներ են տեղի ունենում․ ամերիկացի զինվորականներ են սկսում Հայաստանի ՊՆ-ում աշխատել, Հետաքննությունների դաշնային Բյուրոյի ղեկավարն է Հայաստան գալիս, ՌԴ հետ բաց առճակատում կա․․․ Նման իրողությունների պայմաններում մեդիան էլ դիրքավորվում է ըստ իր ճաշակի կամ իր կողմնորոշումների։ Սա է տեղի ունենում։ 

Որպես Վրաստանում հիմնած լրատվամիջոցի հիմնադիր՝ հետաքրքիր է Ձեր կարծիքը վրացական մեդիա տիրույթի մասին։ Վրացական լրատվամիջոցներն ինչպե՞ս են լուսաբանում ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները։  

Վրացական մեդիադաշտն էլ բևեռացված է։ Վրաստանում ճգնաժամային տարի է, նախընտրական տարի է, հոկտեմբերին սպասվում են ընտրություններ և ԱՄՆ հարցը դիտարկվում է հենց այս կոնտեքստում՝ որ թեկնածում է ավելի մոտ ԱՄՆ-ին, որը՝ ավելի հեռու։ ԱՄՆ-ը պատժամիջոցների հարց է բարձրացրել վրացական գործող իշխանությունների դեմ և, բնականաբար, պրոիշխանական լրատվամիջոցները, մեղծ ասած, դրական լույսի ներքո չեն ներկայացնում Դեմոկրատներին։  

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *