ԱՄՆ-ի մասին Հայաստանում հանրային ընկալումը փոխվել է՝ ըստ փուլերի։ Media.am-ի հետ զրույցում այս մասին ասել է վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը։ Նա նշել է, որ կար ժամանակ, երբ հայաստանյան հանրության մեծամասնությունը պրոռուսական տրամադրություններ ուներ, ՌԴ նախագահը Հայաստանում ամենապոպուլյար գործիչն էր, բայց Ղարաբաղում տեղի ունեցածից և, հատկապես 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո, իրավիճակը արմատապես փոխվեց, և այսօր Պուտինը ամենևին էլ հայ հանրության աչքում գրավիչ գործիչ չէ, եթե ոչ թերևս հակառակը։ Այս համատեքստում Նժդեհ Հովսեփյանի հետ զրուցել ենք ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների և լրատվամիջոցների կողմից դրանց արդյունքների վերաբերյալ գեներացվող սպասումների մասին։
Հայաստանյան լրատվամիջոցները տալի՞ս են բավարար չափով ինֆորմացիա ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների մասին, որպեսզի շարքային քաղաքացին հասկանա, թե ինչով է այն կարևոր, ինչպես կարող է ազդել աշխարհաքաղական իրադարձությունների վրա։
Կարծում եմ՝ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում ինքնին անտեղի են տեղեկատվական սովի կամ անբավարարության մասին խոսակցությունները։ Ցանկացած մարդ այսօր կարող է օգտագործել համացանցի հնարավորությունները և տեղեկանալ աշխարհում կատարվող ամեն ինչի մասին։ Ուստի, խնդիրը տեղեկատվության անբավարար լինելը չէ, այլ թերևս շեշտադրումները։ Այսինքն՝ որևէ լրատվամիջոց ի՞նչ խնդիր է լուծում իր՝ կոնկրետ բնույթի լուսաբանմամբ։
Իմ դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի մասին Հայաստանում հանրային ընկալումը փոխվել է՝ ըստ փուլերի։ Մի ժամանակ, երբ հայաստանյան հանրության մեծամասնությունը պրոռուսական տրամադրություններ ուներ, ՌԴ նախագահը Հայաստանում ամենապոպուլյար գործիչն էր։ Ղարաբաղում տեղի ունեցածից և, հատկապես 2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո, այս առումով իրավիճակը արմատապես փոխվեց, և այսօր Պուտինը ամենևին էլ հայ հանրության աչքում գրավիչ գործիչ չէ, եթե ոչ թերևս հակառակը։ Այս փոփոխությամբ էլ պայմանավորված՝ Հայաստանում շեշտակիորեն փոխվեց նաև ԱՄՆ-ի նկատմամբ ընկալումը՝ «դավադրության խոհարարից» «խաղաղության ջահակրի»։ Եվ այս համատեքստում էլ Բայդենը, օրինակ, համարվում է ավելի ընդունելի կերպար հայկական հանրային տրամադրություններում։
Բայց կուզեի ընդգծել, որ երկու դեպքում էլ գործ ունենք ծայրահեղությունների հետ, այսինքն՝ հանրային վերաբերմունքը խարսխված է ոչ թե ռացիոնալ հաշվարկի կամ վերլուծության վրա, այլ զգացմունքայնության։ Եվ այստեղ, այո, դեր են խաղում նաև հայկական ԶԼՄ-ները, որոնք կարող են նախընտրելի լուսաբանմամբ, վերնագրային մանիպուլյացիաներով կարծրացնել հանրային տվյալ զգացմունքները։ Այստեղ էլ, եթե պարզեցնենք, երկու գործոն է աշխատում՝ մեկը, լրատվամիջոցն ունի սեփական օրակարգը և լուսաբանում է դա սպասարկող թեմաները, մյուսը՝ պարզապես հանրությանը հրամցվում է այն, ինչ վերջինս կուզի լսել (այսինքն` clickbait)։
Ի՞նչ պետք է իմանա հայաստանցի ընթերցողն այս ընտրությունների մասին։ Որո՞նք պետք է լինեն մեր լրատվամիջոցների կողմից հնչեցվող կարևոր մտքերը, թեզերը։
ԱՄՆ նախագահի ընտրությունը թերևս աշխարհում միակ ընտրությունն է, որի հետևանքները բացի մեկ երկրից, զգացվում են գլոբալ մասշտաբով։ Սակայն չարժե իրավիճակը դրամատիզացնել և պնդել, թե Հայաստանի ապագան այդ ընտրություններով է պայմանավորված, որովհետև ԱՄՆ-ն նախևառաջ համակարգերի պետություն է, և նախագահի անձն ընդամենը տակտիկական նրբություններ է մտցնում պետության քաղաքականության ձևի ու ոճի մեջ, մինչդեռ բովանդակության վրա ազդեցությունը ֆունդամենտալ չէ, եթե խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն ու համաշխարհային դիրքերին։
ԱՄՆ-ն, անկախ նրանից, թե ինչ վարչակազմ է ձևավորվում, խնդիր ունի պահպանելու իր համաշխարհային հեգեմոնիան, որտեղ վարչակազմերը զուտ տարբեր գործիքակազմով են տեսնում դա անելու ձևը։ Այս համատեքստում, կարծում եմ, արդյունավետ կլիներ, որ հայաստանցի ընթերցողը կենտրոնանար ոչ այնքան անձերի, որքան անձանց ու նրանց շուրջ հավաքված «երգչախմբերի» թեզերի, գաղափարների, նարատիվների բացահայտման, դրանց վերլուծության ու ընկալման վրա։
Սակայն սա տեսականորեն հրաշալի է հնչում, մինչդեռ պրակտիկայում սենսացիա փնտրող ընթերցողի և սենսացիան սեփական դիտումների ավելացմանը ծառայեցնելու նեղ շահ հետապնդող ԶԼՄ-ի համար ավելի դժվար է։ Իրավիճակն ավելի խրթին է դարձնում այն, որ ԱՄՆ-ն բարդ համակարգեր ունի (ասենք՝ 5D ձևաչափի), որոնց մասին բազային գիտելիքների անգամ Հայաստանում շատ քիչ մարդ է տիրապետում, ի՞նչ պահանջես հասարակ ընթերցողից, որը լուրերին հաճախ վերաբերվում է որպես ժամանցի։
Ինչ վերաբերում է մտքերի կամ թեզերի հարցին, այստեղ դրանցից որևէ մեկը հատուկ առանձնացնելու կարիք չկա՝ բավարարվելով արձանագրումով, որ ԱՄՆ ցանկացած նախագահ առաջնորդվելու է իր երկրի շահով և մնացած ամեն ինչը ծառայեցնելու է այդ շահին։ Հետևաբար, պետք չէ որևէ թեկնածուի աստվածացնել, մյուսին՝ սատանա հռչակել, այլ փորձել հասկանալ, թե նրանց քաղաքականությունը ինչ առաջնահերթություններ ու սկզբունքներ ունի, ու որտեղ կարող է հատվել հայաստանյան շահը, իհարկե առանց ինքնախաբեության կամ սին պատրանքների։ Իսկ դա ռեալ է թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների դեպքում։
Նախագահ Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից։ Տպավորություն կա, որ Հայաստանում մարդիկ մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչու նա այդպես վարվեց։ Հիմնական զրույցը, որ տարվում է այս թեմայով պտտվում է հետևյալի շուրջ՝ Բայդենը վատառողջ է, տարիքով մեծ է․․․ Ո՞րն է իրական պատճառը, ի՞նչը ազդեց նման որոշման վրա։
Ճիշտ է՝ բարդ հարցերը չպարզեցնել, պարզերը՝ չբարդացնել։ Բայդենի տարիքն իսկապես մեծ է։ Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ այն ազդում է նրա առողջական/կոգնիտիվ կարողությունների վրա։ Նա ամերիկյան ներքաղաքական կյանքում խոշոր դերակատար է եղել, անգամ 2016թ. ինքս էլ շատերի պես համոզված էի, որ եթե Հիլարի Քլինթոնի փոխարեն Բայդենն առաջադրվեր, Թրամփի նախագահությունը չէր լինի։ Չմոռանանք, որ նա վերադարձավ ակտիվ քաղաքականություն 2020թ.՝ հենց Թրամփի նախագահությանը վերջ տալու գերնպատակով։
Անշուշտ, առողջ դրվածք չէ, որ մի ամբողջ ինստիտուցիոնալ կուսակցության հույսը պատկառելի տարիքով այդ մարդն էր, բայց այդ խնդիրը թողնենք դեմոկրատներին։ Այս պարագայում նույնպես Բայդենն իր անձով, դիրքով, կապերով և հանրային ընկալմամբ կարող էր հավակնել հաղթելու Թրամփին, սակայն տարիքն ու առողջությունը այնպիսի գործոններ են, որոնց հետ անհնար է հաշվի չնստել, և դեմոկրատական վերանախավը տեսավ, թե ժամանակի ընթացքում դա ինչ աղետի է բերելու։ Կարծում եմ՝ ամերիկյան համակարգերում ներկայումս գոյություն ունեցող ճգնաժամի ցուցիչ էր, որ դա չէին կանխատեսում և կանխատեսելու դեպքում էլ չէին հանդգնում վճռական որոշում ընդունելու դեռ 1.5-2 տարի առաջ, որպեսզի հնարավորություն տային նոր սերնդի թեկնածուներին դրսևորվելու, քանի որ 3 ամիսը շատ քիչ ժամանակ է համապետական արդյունավետ և հաղթական ընտրապայքար ծավալելու համար անգամ համապետական ընկալում ունեցող փոխնախագահ Հարրիսի դեպքում։
Թրամփի հետ կապված։ Դեռ նրա նախագահության ժամանակ խոսվում էր այն մասին, որ նա ռուսամետ է, որ ուզում է ՌԴ հետ հարաբերությունները կարգավորել, որ ընտրվել է ռուսական հաքերների միջամտության արդյունքում և դա ազդեց նրա վարկանիշի վրա։ Հիմա Ռուսաստանում իշխանական մեդիաները պարբերաբար գրում են Թրամփին դեմ հոդվածներ, գրում են, որ սատարում են մյուս թեկնածուին միայն թե Թրամփը չլինի։ Արդյոք սա քարոզչական հնարք չէ՞ ցույց տալու թե իբրև այս անգամ չեն ուզում որ նա ընտրվի։
ԱՄՆ նախագահը ով էլ լինի, չի կարող լինել ռուսամետ, չինամետ, ֆրանսամետ, հայամետ, ադրբեջանամետ և այլն։ Այո, Թրամփին փորձեցին կապել ռուսական շրջանակների հետ, բայց դա պրիմիտիվ ներքաղաքական պայքարի դրվագ էր ընդամենը, ինչը նորմալ է, աշխարհի ցանկացած երկրում էլ նման բաներ տեղի են ունենում հատկապես քաղաքական ծայրահեղ բևեռացվածության պայմաններում։ Մեզ մոտ էլ, չէ՞, ծանոթ երևույթ է։ Ի դեպ, հանրապետականներն էլ Բայդենին էին կապում Չինաստանի ու Ուկրաինայում բիզնես շահերի հետ։ Իսկ Ռուսաստանն էլ, բնականորեն, ինչո՞ւ չպիտի օգտագործի այդ թեմաները՝ առաջ մղելով, մի կողմից, իր արտաքին հետաքրքրությունները, մյուս կողմից էլ դրանք իր սեփական ներքին լսարանի վրա վաճառելով։
Հատկապես դավադրապաշտության սիրահարները նման իրավիճակներում մտքի ազատ ճախրումի նոր առիթներ են ունենում, որոնք էլ հենց օգտագործվում են բոլոր իշխանությունների կողմից։ ԱՄՆ-ում մեկը կասի՝ ահա, տեսեք, Թրամփին Պուտինն է ընտրել, մյուսը ՌԴ-ում կասի՝ տեսեք, մեր նախագահը ԱՄՆ-ում նախագահ է նշանակել և այսպես շարունակ։ Իրավիճակի վերաբերյալ համակողմանի պատկերացում կազմելու համար ավելի ճիշտ է ուսումնասիրել, թե նախագահի թեկնածուները ինչ են ասում կոնկրետ հարցերի մասին, ովքեր են նրանց դոնորները և ինչ կադրային ռեսուրս ունեն, թե չէ՝ ում մասին կամ որ երկրի մամուլն ինչ է գրում, ոչինչ չի տալու ճշմարտություն փնտրող ընթերցողին։
Հայաստանում լրատվամիջոցները ԱՄՆ ընտրությունների հետ կապված նորությունների մասին թարգմանություններ են անում հիմնականում ռուսական աղբյուրներից, որոնք իրենց հերթին ընտրողաբար են մոտենում լուրերին, վերահրապարակում են այն, ինչ իրենց կարծիքով կարևոր է ու բխում է ՌԴ շահերից։ Մենք էլ վերահպարակում ենք այդ ամենը ռուսական աղբյուրներից ու ստացվում է, որ շարունակում ենք ռուսական քարոզչությունը։ Մեր լրատվականները շատ ակտիվ վերահրապարակում են բոլոր կադրերը, որտեղ Բայդենը քնած է, սայթաքում է, հորանջում է։ Արդյոք ճի՞շտ եք համարում նման մոտեցումը։ Ինչպե՞ս պետք է վարվեն լրատվականները տվյալ դեպքում։
Համոզված եմ, որ ցանկացած երկրի մասին անկողմնակալ տեղեկատվություն կարելի է կազմել միայն առաջնային աղբյուրներին ծանոթանալու պարագայում։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ այո, ռուսական մամուլն էականորեն պայմանավորում է հայաստանյան՝ միջազգային հարցերի մասին լրահոսը։ Այս առումով յուրաքանչյուր ԶԼՄ ինքն է ընտրում իր առաջնահերթությունները և որոշում՝ ինչպես բաշխել իր սահմանափակ ռեսուրսները, իսկ ընթերցողն էլ իր հերթին է որոշում՝ ում կարդալ և ինչու։ Նախընտրելի է առաջնային աղբյուրը կամ գոնե կոնկրետ երկրի ԶԼՄ-ն։
Այսինքն, եթե Բայդենը ելույթ է ունեցել, լավագույն դեպքում պետք է այն լսել կամ կարդալ պաշտոնական աղբյուրներում, նվազագույնը՝ ամերիկյան մամուլում։ Նույնը վերաբերում է ռուսականին, ադրբեջանականին, թուրքականին, իրանականին և այլն։ Իսկ միջնորդավորված՝ բնօրինակից տարբերվող լեզվով և, հատկապես, հակառակորդ երկրի մամուլում հրապարակումներն անխուսափելիորեն կրելու են կողմնակի ազդեցություն և անգամ առավելագույն պարկեշտության դեպքում թելադրված են լինելու մեկ ուրիշի համակրություններով կամ հակակրություններով։ Իսկ Բայդենի մասին ոչ ստանդարտ հրապարակումների մասով չեմ կիսի Ձեր կարծիքը, թե հակաքարոզչություն է։ Նախ հակաքարոզչության իմաստ, որպես այդպիսին, չկա, քանի որ ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում և ոչ էլ այլուր ԱՄՆ նախագահի ընտրողներ չկան, որ դա էլ ազդեցություն ունենա։ Առավելապես այդօրինակ հրապարակումները վերագրում եմ ժամանցի ժանրին, ի վերջո, քաղաքականությունը սոսկ լուրջ վերլուծությունների ու խոժոռ հայացքների շտեմարան չէ, կա նաև հումոր, անախորժություն, զարմանք։
«Ռադար Արմենիան» ի՞նչ մոտեցում ունի այս հարցում։ Ի՞նչ աղբյուրներից եք օգտվում, ինչպե՞ս եք կողմնորոշվում, թե որ լուրը թարգմանել, որը ոչ։
«Ռադար Արմենիա»-ում հիմնարար սկզբունք է՝ առաջնորդվել սկզբնաղբյուրներով։ ԱՄՆ-ի մասին պետք է կարդալ ամերիկյան մամուլում, ՌԴ-ի մասին՝ ռուսական մամուլում, ՄԹ-ի մասին՝ բրիտանականում և այսպես շարունակ։ Այստեղ կոմպրոմիս չկա, միջնորդավորված ու ուրիշի վերաբերմունքով ստեղծված տեղեկատվական նյութը չի կարող օրինակելի համարվել։ Իսկ նյութերի ընտրությունը հիմնված է երեք սկզբունքի վրա՝ 1) միջազգային կարևորություն, 2) հայաստանյան հանրության համար հետաքրքրություն, 3) առաջնային աղբյուրի մատչելիություն և հասանելիություն։ Եվ մի նկատառում էլ. խոսքը գերազանցապես պարզ թարգմանության մասին չէ, այլ լուրերի զտման, ստուգման ու մշակման, որից հետո հանրությանը ներկայացնելու՝ օպերատիվ, առավելագույնս չեզոք և զերծ իմաստային միջամտությունից։
Ինչպիսին են ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ թարգմանական նյութերից, հոդվածների դիտելիությունները։ Արդյոք ձեր ընթերցողներին հետաքրքիր է այս թեման։
Դժբախտաբար, միջազգային թեմատիկան, հատկապես եթե չի առնչվում հայաստանյան օրակարգերին, մեծ պոպուլյարություն չունի, ինչը, այնուամենայնիվ, բնական է։ Յուրաքանչյուր երկրում էլ մարդիկ ցանկանում են ավելի շատ իմանալ սեփական հանրային կյանքի մասին, միջազգային իրադարձություններին էլ ծանոթանալ հպանցիկ՝ այնքանով, որքանով դրանք թրենդի մեջ են։
Օրինակ՝ հայաստանյան միջավայրում գրեթե ուշադրության չարժանացան Եվրոպառլամենտի, Ֆրանսիայի ու Անգլիայի խորհրդարանական ընտրությունները։ Էլ չխոսած համաշխարհային տեխնոլոգիական, մշակութային, սորտային և այլ սոցիալական բնույթի թեմատիկայի մասին։ Կարծում եմ՝ թե՛ պետությունը՝ իր տեղեկատվական ու կրթական քաղաքականությամբ, թե՛ ԶԼՄ-ները՝ հավաքական ու անհատական պատասխանատվությամբ, պետք է մտածեն այս հարցի շուրջ և միջոցներ ձեռնարկեն։ Ի վերջո, Հայաստանն իզոլացված չէ, աշխարհի մի մաս է ու պետության հաջողակության գործոններից է աշխարհի հետ համընթաց քայլելը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: