2024.05.14,

Տեսակետ

«Ես հրաժարվում եմ սերմանել ատելություն, hրաժարվում եմ երազել պատերազմի կամ վրեժի մասին»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Տավուշի մարզից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացը գեներացրեց իշխանության նկատմամբ հանրության մի մասում առկա դժգոհությունները և վերածեց դրանք բողոքի ցույցերի։ Դրանք ակներև դարձրին հանրային բևեռացվածության մասին խոսակցությունները։  

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հարյուրավոր քաղաքացիներ մի քանի օրում ոտքով եկան Երևան, որտեղ անցկացրին հանրահավաք։ Գալստանյանը հայտարարեց, որ իրենք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժամանակ տվեցին պահանջն իրականացնելու համար, բայց արձագանք չստացավ, ինչից հետո սկսեցին անհնազանդության ակցիաներ իրականացնել։  

Ցուցարարների գործողությունները սահմանափակելու համար ոստիկանությունը ուժ է կիրառում, իշխանության ներկայացուցիչներն էլ հորդորում են եկեղեցուն չզբաղվել քաղաքականությամբ։ 

Թեմայի շուրջ զրուցել ենք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, ֆեմինիստ Նվարդ Մանասյանի հետ։ 

Շատերը ներկայիս իրավիճակում նախընտրում են լռել, այն համարելով ավելի արժեքավոր դիրքորոշում, քան՝ դեմ կամ կողմ արտահայտվելը։ Ինչո՞ւ է այդպես։  

Առաջինը, շատ կարևոր եմ համարում նշել, որ լռությունս բինար պարզունակությամբ կքած սևուսպիտակի դեմ ընդվզածի լռություն է: Այն չի կարողանում իր ասելիքի հարստությունն այդքան ածանցել, որ դառնա մոխրագույն անվանարկում պայմանական ճամբարային լավուվատի բարիկադներում 

Երկրորդը, ես հրաժարվում եմ վերարտադրել այն բռնությունը, որին ես ու ինձ նման հազարավոր անհատներ ենթարկվել եմ 2018 թվականից ի վեր ողջ կյանքի պայքարի համար ու հիմա օգտվել առիթից թիրախելու այն մարդկանց, որոնք ժամանակին չխորշեցին ոտնահարել ու նսեմացնել պայքարը հանուն մարդու, հավասարության, կնոջ ազատագրման, առանց բռնության ընտանիքի, բազմազանության, չխտրականացման, ներառվածության, կյանքի ու այս տարածաշրջանում խաղաղ ապրելու վտիտ երազանքի:  

Ես շատ լավ գիտակցում եմ, որ կա արդարացի դժգոհություն ու հասկանում եմ, որ հիմա այդ դժգոհության վրա ոսկու դղյակներ կառուցողների մի շքերթ կա: Հրաժարվում եմ իրենց անվանարկել այնպես, ինչպես դա իրենք չխորշեցին անել մի քանի ձայն կորզելու ու սեփական ինչպես իրենք կասեին «ընտրազանգվածը» կոնսոլիդացնելու համար: Հրաժարվում եմ նաև իրենց կոչել ագենտներ, ինչպես իրենք արեցին ժամանակին, չամաչելով մարդկանց շրջանում տարածել եզրույթներ, որոնք որևէ քննադատության դիմանալ չէին կարողանում, չնայած ոչնչացնում էին մարդու բարի համբավն ու որոշ դեպքերում գոյացնում իրական վտանգ կյանքի համար: 

Հրաժարվում եմ ընդունել բռնությունը գործադրածների ու նրանց ձայնակցողների արդարացումները, որպես կին դրանք լսել եմ լիուլի: Ես հրաժարվում եմ սերմանել ատելություն ու երազել պատերազմի կամ վրեժի մասին: ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ: Ես գիտեմ այդ ամենի գինը հայրիշխանական համակարգում ապրած կնոջ ողնաշարով: 

Երրորդը, հրաժարվում եմ կյանքս ու ջանքս ներդնել անհիմն ու կեղծ բինարությունների շուրջ և իմաստ չպարունակող բանավեճերի ամլությանը տրվել, որովհետև ինձ համար չկա հայրենիք առանց պետության ու պետություն առանց հայրենիքի: Այլապես ես ամենայն հաճույքով կխոսեի ռուսերեն ամեն պատեհ կամ անպատեհ առիթով կամ կգնայի ապրելու Շվեդիա, որովհետև ըստ իս, դա լավագույն պետությունն է մարդու կյանքի համար: Եվ դրա համար է, որ մեր օրհներգի առաջին բառերը հենց այդ անքակտելիության ու անկախ հայրենիքում ապրող ազատ մարդու մասին են, միայն թե այն սրտանց երգել, հուզվել ու ամեն գնով պահել է պետք: Այդ օրհներգը մեզնից մեծ է ու խոսուն:  

Չորրորդը, հրաժարվում եմ բանավեճից անցնել վիճաբանության ու հետո անխուսափելիորեն անցնել վիճելու, անպատվելու, իրար անվանարկելու, ու միայն այդ կերպ ինքնահաստատվելու տկար ու քայքայող հանգուցալուծումներից, որոնց վրա բացի մեզնից բոլորը կարող են կառուցել աշխարհաքաղաքական շահեկան գործընթացներ ու մեզ հրամցնել դեպքերի մեկնաբանության իրենց տարբերակները, որովհետև վիճաբանող հանրույթը չի կարող ունենալ սեփական պատմությունը, չնայած դպրոցում դասավանդվում է հայոց պատմություն ու անգամ դրա շուրջ վիճաբանում ենք: Ես հրաժարվում եմ լինել ինչ որ մեկի լեզվական մեծ մոդելը:  

Հինգերորդը, ես հրաժարվում եմ վրեժխնդիր լինել այն ատելության համար, որով պարուրել, թրմել, ընդարմացրել են մի ողջ հանրույթի՝ չխորշելով այնպիսի ոճրագործությունից, ինչպիսին է երեխայի միտքը զտելը ու քարոզչական պաստառի վերածելը:  

Վեցերորդը, այդ ոճրագործությունը իրականացրած հանցագործ համաձայնության եկած խմբի հետ գնալ խաղաղության, որովհետև որպես կին գիտեմ, թե ինչ է նշանակում հաշտեցումը բռնարարի հետ: Չկա հաշտեցում, չկա խաղաղություն, եթե այդ ամենում արժանապատվության ոտնահարման փորձը չի վերականգնվել արդարության վերահաստատմամբ ու այդտեղ չկան կողմեր: Հրաժարվում եմ չհանձնառել այս համակարգային ոտնձգության մեջ մեղադրվողներին դատարաններում տեսնելու ջանքները:  

Յոթերորդը, ես հրաժարվում եմ հրաժարվել խաղաղությունից ու դրա վրա կառուցված պետական քաղաքականությունից: Ես հրաժարվում եմ վիճաբանել այն կեղծ ծուղակում հայտնվածների հետ, որոնք խաղաղությունը նույնականացնում են տկար, անպաշտպան ու անզեն կրավորականության հետ: Պատերազմի վերահաս վտանգն ու վախը չեն կարող նպաստել անկախ երկրի ազատ մարդու ձևավորմանը: Հայրենիքն առանց պետության կամ պետությունն առանց հայրենիքի պատկերացնող մարդկանց շարքում երբեք ինձ չեմ պատկերացրել, ու գիտեմ որ այդպիսիք շատ են, եվ հետևաբար նմաններիս համար չկա այլ տարբերակ քան արժանապատիվ առերեսումը սեփական հասցեում: Ես այս դիրքից եմ պնդում խաղաղության այլընտրանքի բացառումը: 

Ութերորդը, ես հրաժարվում եմ հրաժարվել հիշողությունից: Հրաժարվում եմ հիշողությունը դարձնել մի զնդան, որտեղից ելք չկա Լեմկինի կամ մեկ այլ դերակատարի նուրբ, սիրաշահող, իմ շահն ինձնից լավ իմացողի դրդմամբ: Ես գիտեմ ինչն ու ինչպես հիշել, բայց դա արժանապատվությամբ կրելու համար ինձ էն պատմության վիճաբանությունից ելք առաջարկող մի լավ հիմնարկ է պետք:  

Վերջապես, ուզում եմ լսողի դերում լինել, երբ խոսում են արցախցիները, ոսկեպարցիներն ու մյուս բոլոր սիրելի հայրենակիցներս, որոնց իրավունքը արդեն ոտնահարվել է առանց պետության հայրենիքում կամ հայրենիքի ու պետության սահմանին: Ուզում եմ միայն զորավիգ լինել իրենց պահանջին ու լսել, լսել, լսել… Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են կնոջ փոխարեն իրեն ներկայացնում ովքեր ասես ու անգամ այն դեպքերում, երբ այդ կոշիկում լինելու կենսաբանական առիթ ունենալ չէին կարող: Այս սխալը կրկնել ես չեմ ուզում:  

Լրատվամիջոցները, սոցցանցերը, կարծես, նպաստում են սահմանազատման ու սահմանագծման գործընթացին դեմ արտահայտվող կարծիքների գեներցմանը։ Շատ քիչ են երևում մարդիկ, ովքեր կողմ են այս գործընթացին (բացառությամբ իշխանական ներկայացուցիչների), և եթե երևում են, ապա նրանց հասցեին ատելության խոսք պարունակող մեկնաբանությունների տեղատարափ է սկսվում։ Արդյո՞ք ընդհանուր անհանդուրժողականությունը մեծացել է։ Ինչո՞ւ է դա այդպես։ Ինչի՞ց հետո է դա սկսվել։  

Չեմ կարծում, լռությունն է ավելացել ու միայն վիճաբանության աղմուկից բեզարած անհաղորդ մարդկանց թիվը: Ի դեպ, վիճաբանությունը ձեռնտու է բոլորին՝ բացի Հայաստանի Հանրապետությունից ու մեր բովանդակ շահից, որովհետև այնտեղ չի կարող քաղաքական խոսույթ ձևավորվել: Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել միտումնավոր ատելության մեջ, որովհետև կարծում եմ լրատվամիջոցները որպես լուրջ սոցիալական ինստիտուտ դեռևս չեն կայացել և չեն աշխատում որպես ազատ խոսքի երաշխավորներ, որոնք ունեն սահմանած նշաձող ու ֆիլտրեր զատելու անիմաստություններն ու աղմուկը: Մասնագետները հավանաբար ավելի լավ կասեն, թե ինչու են լրատվամիջոցները կաշկանդվում կամ խոսափում խոսքի ազատությունը չսահմանափակող ակտիվ ու մասնագիտական միջամտությունից: Բայց այդ ակնհայտ բացը իր բացասական ազդեցությամբ ավելի է մեծացնում սոցցանցերի աղմուկը, մինչդեռ կարող էր աջակցել դրա ինքնակարգավորմանը: 

Բացի այդ նաև կարծում եմ բռնության ենթարկվելուց հետո դեռ երկար ժամանակ մեզ համար դժվար է լինելու խաղաղության մասին սառը մտքով ու սիրառատ սրտով առաջնորդվելը, մենք դեռ ինքնաամոքման ճանապարհ ունենք անցնելու ու միգուցե եկեղեցու սպասավորները կարող էին իրենց բաժին դերը ստանձնել, եթե…  

Իրավիճակն այնպիսին է, որ կարծես շատերը սկսել են նույնիսկ արդարացնել բռնությունը։ Ինչի՞ մասին է սա վկայում։  

Բռնությունը հայոց մեջ դեռ վաղուց է արդարացվում ու դա կարող եք ախտորոշել, հետևելով կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության պետական վիճակագրությանը, իրավապաշտպանների գնահատականներին, մարդկանց կյանքի պատմություններին ու դրանց արձագանքներին մեր հասարակության մեջ: Մյուս երկու կարևոր խմբերը, որոնց նկատմամբ բռնությունը ախտորոշում է մեզ որպես հանրույթ՝ կենդանիներն են և, իհարկե, ամենակարևորը՝ նաև երեխաները:  

Չի կարող հանրույթը, որն արդարացնում է բռնությունը կամ այն ընդունում է անխոս թմրածությամբ, բաց նյարդ ունենալ բռնության այլ դրսևորումների նկատմամբ: Ավելին, մեր հանրույթը դեռևս չի հասել մի հանրային համաձայնության, որտեղ անգամ պետությունը չունի բռնություն կիրառելու լեգիտիմություն: Մենք հաճախ ենք շփոթում ներքին կամ արտաքին առիթներով համաչափ ուժ գործադրելու պետության սահմանափակումը բռնության հետ և դրա համար է, որ շատերը չեն կարող հիմնավորել Հռոմի Ստատուտի վավերացումը մեր պետության կողմից որպես այս սկզբունքին հավատարիմ պետություն կառուցելու հանձնառություն: Մենք էլի այն դիտարկում ենք միայն ռազմական հանցագործությունները, ոճրագրությունները կանխարգելելու կամ դրանց արձագանքելու տեսանկյունից, որն իհարկե այդպես է, բայց դա միայն այդ ամենի մեկ երեսն է:  

Ի՞նչ արժեքներ են այսօր տարածվում առանցքային ուժերի կողմից։ Արդյոք փոխվում են արժեքները և ո՞ր ուղությամբ։  

Միգուցե սխալվում եմ, բայց անդադար զգացողություն ունեմ, որ մենք դեռ արժեքներ չենք տարածում, այլ ապրում ենք այլ գալակտիկ համակարգի մեռած աստղի լուսածրած լույսի ներքո: Սովետը դեռ ավելի ներկա է մեզանում քան որևէ այլ բան: Մասնավորապես, հանրային բարիքի նկատմամբ մեր անտարբեր, անպատասխանատու, հաճախ չարակամ ու ագահ կեցվածքը իրենց դրսևորումն են գտնում քաղաքային միջավայրի կազմակերպման, գյուղական վայրերում շարունակ բարձրացող պարիսպների ու չքավոր ինտերֆեյսի տեսքով: Մենք հանրայինի նկատմամբ անհատական հանձնառությունը դեռևս պետք է սովորենք, որպեսզի Ազգային Ժողովի բացված դարպասները կարողանան բաց մնալ ավանդույթի ուժով: 

Դավաճան, հայրենասեր․․․ այս հասկացություններն այնքան են կիրառվել քաղաքական խոսույթում որ արժեզրկվել են։ Տարածվող ի՞նչ կեղծ արժեքներ եք նկատում այս օրերին։ 

Դատարկ տեղը ազատ չի մնում: Բայց ես չեմ ուզում կենտրոնանալ խնդիրը քննարկելու վրա: Եթե թույլ տաք, ուզում եմ կիսվել իմ շատ անձնական երազանքով: Մի օր մենք կապրենք այնպիսի անկախ ու ազատ հայրենիքում, որտեղ ապրելու համար մարդիկ կհրաժարվեն իրենց այլ անձնագրերից ու ամեն բանից զատ կձգտեն սովորել մեր լեզուն: Եվ այս պետության քաղաքացին լինելը կլինի մեծագույն պատիվ՝ սեփական արժանապատվության պատվար ու իրական երաշխավոր իրավունքների իրացման ամբողջությամբ: Նման պետության մեջ դավաճանության բեռը կդրվի դատարանի որոշմամբ ու լռության շղարշի ներքո, որովհետև այն անդառնալի ամոթ ու խարան կլինի նախ անհատի ժառանգության, արժանապատվության, հետո նաև՝ ընտանիքի համար: Իսկ հայրենասիրության մասին կխոսենք միայն մեզ շատ սիրելի ու պատվավոր անձանց հավերժության ճամփան բռնելու կապակցությամբ կարդացվող մահախոսականներում:  

Ինչպե՞ս մարդիկ հասկանան՝ ով է իսկապես դավաճան, ով հայրենասեր։  

Մենք այնքան բան ունենք հասկանալու, որ դա կցանկանայի թողնել պետության օրվա ներկայացուցիչներին: Բայց ինձ համար լավագույն լակմուսի թուղթը մշտապես եղել է քրտանջան, նվիրյալ ու խանդավառ մոտեցումը սեփական աշխատանքին ու մշակությանը՝ անկախ ոլորտից ու կատարած աշխատանքից: Պատերազմից հետո ավելի մեծ վստահությամբ այս դավանանքը վերահաստատվել է: Ավելին, մի անհասկանալի անհանդուրժողականություն է ինձ մոտ ձևավորվել ծուլության ու աշխատանքի իմիտացիա անողների նկատմամբ: Իրենք գողերից ավելի վտանգավոր են՝ այն իրական կոռուպցիան, որի մասին հաճախ չենք խոսում:  

Քաղաքական հարթակից հնչում է Աստծո անունը։ Եկեղեցին դարձել է ոչ թե գործընթացների մասնակից, այլ՝ առաջնորդ։ Վտանգավո՞ր է սա արդյոք, ինչի՞ մասին է վկայում։  

2019-ից հետո կարոտում եմ պատարագը, որովհետև այլևս չկարողացա գնալ մի տեղ, որտեղից դուրս եկած շատ քչաթիվ հոգևորականներ նախընտրեցին զոհաբերել կանանց ու աղջիկների բռնությունից պաշտպանված լինելու իրավունքը և պետության հանձնառությունը ու պոզիտիվ պարտավորությունը հանուն այլևայլ անհասկանալի ու մտացածին հիմնավորումների:  

Աստծո անունը հնչել է, շատ լավ, այլևս ուրեմն գործ ունենք եկեղեցական ժողովի, էկլեզիայի հետ ու հուսամ, այն հնչեցնողները չեն մոռացել Սուրբ Պատարագն ու իրենց կոչը առ եկեղեցի.  

«Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք։ Տէր ողորմեա։ 

Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի եւ հաստատութեան սրբոյ եկեղեցւոյ, զՏէր աղաչեսցուք: Տէր ողորմեա։ 

Վասն ամենայն սուրբ եւ ուղղափառ եպիսկոպոսաց, զՏէր աղաչեսցուք։ Տէր ողորմեա։ 

Վասն հայրապետին մերոյ Տեառն — սրբազնագոյն կաթողիկոսի կենաց եւ փրկութեան հոգւոյ նորին, զՏէր աղաչեսցուք։ Տէր ողորմեա։ 

Վասն վարդապետաց, քահանայից, սարկաւագաց, դպրաց, եւ ամենայն ուխտի մանկանց եկեղեցւոյ, զՏէր աղաչեսցուք։ Տէր ողորմեա։ 

Վասն բարեպաշտ թագաւորաց եւ աստուածասէր իշխանաց, զօրավարաց եւ զօրաց նոցին, զՏէր աղաչեսցուք: Տէր ողորմեա։»

Հարցազրույցը՝ Տիգրանուհի Մարտիրոսյանի 

 

  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *