2024.02.09,

Տեսակետ

«Մեդիան հասարակության տարբեր թևերի միջև տեղի ունեցող քննարկման մոդերատորը պետք է լինի» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Երևանի Տիկնիկային թատրոնի ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ավանդական մեդիան այսօր թարմության, նոր հայացքի ու նոր մոտեցման կարիք ունի։ Նրա կարծիքով մեդիան պետք է կարողանա ստեղծել ազատ միջավայր, ազատ մտածողություն։ Եվ հենց այդ ազատ մտածողությունը հնարավորություն կտա մեր հասարակությանը հաղթահարել իր բարդույթները։ Մի կողմ թողնել կաղապարված ու հասարակության կողմից պարտադրված դիմակները։ Կօգնի լինել ու մտածել երեխաների պես ազատ։ 

Մենք բոլորս այսօր մի շրջապտույտի մեջ ենք գտնվում, որտեղ ամեն քայլափոխի կա շատ ինֆորմացիա, երբեմն անորակ, երբեմն շատ որակյալ ու արժեքավոր, բայց շատ։ Այսօր բոլորը ստեղծում և սպառում են մեդիա։ Ի՞նչ եք կարծում ի՞նչ դերակատարում ունի կամ ի՞նչ դերակատարում պետք է ունենա մեդիան այսօր։ Եվ ինչպե՞ս է այն կատարում իր դերը։  

Մեդիային վստահված է հասարակության տարբեր թևերի միջև տեղի ունեցող քննարկման մոդերատորի դերը։ Իր հայացքները, իր նեղ շահերը մի կողմ դնելով՝ մոդերատորը պետք է կարողանա կազմակերպել բաց ու անկողմնակալ քննարկում բոլոր մասնակիցների համար։ Սակայն այս դերը մեդիան այսօր այնքան էլ լավ չի կատարում։ Եվ քննարկումը այնքան էլ ազնիվ ու կառուցողական չի ստացվում։  

Մի կողմ թողնելով շատ խորքային ու խորը վերլուծության կարիք ունեցող հարցեր` մեդիան այսօր առավել հաճախ քննարկման առարկա է դարձնում շատ ավելի նեղ, ավելի մակերեսային թեմաները։ Եվ կարծում եմ, որ այս ամենի պատճառն այն է, որ մեր մեդիադաշտը շատ է քաղաքականացված ու բևեռացված։ Եվ կախված, թե լրատվամիջոցը որ թևին է հարում, նա սպասարկում է տվյալ կողմի նեղ շահերն ու դիրքորոշումները։  

Երբ մեդիայի միջոցով այդ քննարկումը չի կայանում կամ ոչ այնքան ազնիվ ու կառուցողական հիմքերի վրա է կառուցվում, ի՞նչ իրավիճակ է ստեղծվում ու ի՞նչ խնդիր է առաջանում։  

Մեդիայի ստեղծած առողջ քննարկման ու բանավեճի արդյունքում է, որ մենք պետք է կարողանանք շատ հասկացությունների վերաբերյալ մեր պատկերացումների, ընկալումների մասին նորից մտածել, դրանք նորից վերլուծել, նորից բացահայտել ու այդ ճանապարհով նաև հասնենք ինքնաճանաչման։ Կարելի է և պետք է քննարկել ցանկացած երևույթ, մոտեցում, կարծիք, նույնիսկ այն դեպքում, երբ այն չի համապատասխանում մեր մոտեցումներին ու պատկերացումներին։  

Ավանդական մեդիայի՝ լրատվամիջոցների, մոդերատորությամբ կայացած քննարկումների շնորհիվ հասարակության շրջանում պետք է ձևավորվի ազատ մտածողություն։ Երբ մեդիան իր այս գործառույթը ճիշտ է իրականացնում և բաց, ազատ մտածողությամբ քաղաքացին գալիս է թատրոն, մեր աշխատանքը նրա հետ ավելի հեշտ է ստացվում։  

Մենք կարողանում ենք նրա հետ երկխոսության մեջ մտնել, որովհետև նա պատրաստ է նոր բան տեսնելու, նոր խոսք լսելու, երևույթները նոր կերպ ընկալելու։ Իսկ երբ մեդիան, ստորադասելով իր մասնագիտական արժեքները, իր կարծիքը, իր դիտակետը պարտադրում է մարդկանց, նրանց մտածողությունը դարձնում է ավելի կաղապարված ու ստեղծում է մի միջավայր, որտեղ երևույթները, հնչած արտահայտությունները, կատարվող իրադարձություններն առանց քննարկվելու միանգամից պիտակավորվում են ու ստանում են շատ կարծրատիպային որակումներ։  

Թատրոնն էլ մեդիայի մի տեսակ է, որը ևս հնարավորություն է տալիս դաշտ բերել տարբեր քննարկման թեմաներ, կամ արդեն քննարկվող թեման տարբեր լույսերի ներքո ու տարբեր դիտանկյուններից ներկայացնել։ Ինչպե՞ս է թատրոնը զրուցում մարդու հետ։ 

Թատրոնը կամ արվեստի մյուս տեսակները աշխատում են անհատի հետ։ Դահլիճում նստած յուրաքանչյուր հանդիսական ներկայացման ավարտին ունենում է իր սեփական ընկալումը, պատկերացումը և իր դատողություններն ու եզրահանգումներն է անում։  

Լուվրի թանգարանում՝ «Մոնա Լիզայի» նկարի դիմաց կանգնած հարյուրավոր մարդկանցից յուրաքանչյուրն իր մտքում ու հոգում իր ընկալումն է ունենում, որը բացարձակապես տարբեր կարող է լինել իր կողքին կանգնած մարդու ընկալումից։ Լեոնարդո դա Վինչին յուրաքանչյուրի հետ խոսում է անհատապես ու միայն տվյալ անհատին հասկանալի լեզվով։ Ի վերջո, չմոռանանք, որ արվեստի գործառույթներից մեկն էլ դիտողի ստեղծագործական ջիղն արթանացնելն է: Ես միշտ ասում եմ ամենամաքուր արվեստն, օրինակ, երաժշտություն է, քանի որ եթե այն լավն է, լսողին անպայման մղում է ստեղծագործելու: Ընդ որում` երաժշտության հեղինակի հետ համահավասար ստեղծագործելու: Սա շատ տարբեր է։  

Իսկ ինչպե՞ս է փոխհարաբերվում, աշխատում մեդիասպառողի հետ, ինչպես դուք եք ասում ավանդական մեդիան՝ լրատվամիջոցները։ 

Լրատվամիջոցների դեպքում այս անհատական մոտեցումն իմ կարծիքով չի աշխատում, միգուցե ես սխալվում եմ, չգիտեմ։ Իմ կարծիքով ավանդական մեդիան մարդկանց հետ խոսում է ավելի շատ պատրաստի բանաձևերով և հիմնականում տալիս է հենց այն բանաձևի բացատրությունը կամ ինֆորմացիան հենց այն կետից է ներկայացնում, որը բխում է իր շահերից։ 

Բացի այդ, ավանդական մեդիայի թիրախում հասարակության ավելի լայն զանգվածներն են։ Օրինակ, եթե թատրոն գալիս է հասարակության 6-10%-ը, ապա լրատվադաշտի աշխատանքին հետևում է հասարակության երևի թե 90 %-ից ավելին։ Եվ հենց այս փաստն է, որ ավելի է մեծացնում մեդիայի պատասխանատվության չափաբաժինն ու ծավալը։ Եվ հենց սա է այն հիմնական պատճառը, որ մեդիան պետք է փորձի անընդհատ նոր քննարկման հարթակ դառնալ։ Հարթակ տրամադրել նոր մարդկանց, հասարակության լայն շրջանակներին ծանոթացնել նոր կարծիքների հետ։ 

Դուք հաճա՞խ եք տեսնում այդ նոր, թարմ կարծիքը մեդիայում, որը հասարակության մեջ պիտի վերածվի բաց քննարկման։  

Երբեմն հանդիպում եմ և իսկապես այդ նոր մոտեցումները հետաքրքիր են լինում։ Բայց հիմնականում ես ձանձրանում եմ, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է լինում լսել ամբողջությամբ իմ տեսակետներին, իմ պատկերացումներին համապատասախանող խոսք և վերլուծություն։ Ես ուզում եմ տեսնել ու լսել հակառակ կարծիքը, հակառակ մոտեցումը։ Որովհետև տարակարծությունները բանավեճ են առաջացնում, իսկ բանավեճը ստեղծում է նոր ճշմարտություն, որը թույլ է տալիս ոչ թե կրկնել կամ կրկնօրինակել արդեն եղած ճշմարտությունները և դոփել նույն տեղում, այլ նոր հայտնագործություն անել ու առաջ շարժվել։ 

Սա, իհարկե, նաև շատ լուրջ խնդիր է կրթական ոլորտում։ Կրթությունը պետք է ամենաառաջատար, ամենանորարար ոլորտը լինի։ Հաճախ կարող ենք լսել, որ ասում են․«այ մեր ժամանակ կրթությունն այսպիսին էր»։ Տրամաբանական հարց է առաջանում, իսկ այդ Ձեր ժամանակը ե՞րբ էր․ առնվազն երեսուն-քառասուն տարի առաջ։ Սարսափելի կլինի, եթե հիմա ամեն ինչ մնացած լիներ ճիշտ այնպես, ինչպես երեսուն քառասուն տարի առաջ էր։  

Օրինակ՝ ես միշտ ուրախանում եմ, երբ իմ ուսանողները ոչ թե կրկնօրինակում են ինձ, այլ անում են իմ ասածի ու արածի հակառակը, որովհետև այդ ճանապարհին նրանք կայանում են, գտնում են նորը, գտնում են իրենց կերպը։  

Մեդիայի աշխատողները պետք է չծուլանան, պետք է միշտ գտնեն ու բացահայտեն նոր մարդկանց։ Նրանց միջոցով նոր պատմություններ պատմեն։ Օրինակ մենք մշտապես ուզու՞մ ենք չէ նոր երկիր այցելել, արվեստի նոր ստեղծագործություն տեսնել, նոր ուտեստներ, նոր համեր փորձարկել, նույնն էլ կատարվում է մեդիայում։  

Մեդիասպառողը ուզում է միշտ նոր դեմքեր տեսնել ու նոր խոսք լսել։  

Հենց այս նորությունը, թարմությունը, քննարկումն ու քննադատական, վերլուծական մոտեցումն է, որ ես սպասում եմ մեդիայից։ Սա կստեղծի որակ, իսկ որակյալ մեդիան երբևէ չի ստորադասի իր մասնագիտական ազնվությունն ու մասնագիտական արժեքները նեղ քաղաքական շահերի։ Հենց այս, որակն է, որ ինձ այսօր պակասում է մեր մեդիադաշտում։  

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “«Մեդիան հասարակության տարբեր թևերի միջև տեղի ունեցող քննարկման մոդերատորը պետք է լինի» ”
  1. Լիլիթ says:

    Լեոնարդո դա Վինչին, եթե չեմ սխալվում, մասոն է եղել: Իսկ Դու՞ք: Եթե Դուք էլ մասոն եք, ապա որքանո՞վ կապ ունեք զտարյուն մեծ բանաստեղծի անունը կրող տիկնիկային թատրոնի հետ:
    Արվեստագետների պրոֆիլները ՖԲ-ում համեմատաբար ազատ են` իրենց երկրպագուների կարծիքներին ծանոթանալու համար: Ձեր մեկնաբանությունների հնարավորությունը փակ է: Բայց հասանելի են Ձեր գրառումները տարբեր մեծանուն ստեղծագործողներից: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել Հովհաննես Թումանյանից որևէ մեջբերման:

  2. Lilit Damiryan says:

    Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը կրող տիկնիկային թատրոնի ղեկավարի պաշտոնից պետք է հեռացվի Ռուբեն Բաբայանը: Բավական է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *