2024.01.16,

Տեսակետ

«Երբ  նայում ես ֆոտոխցիկի միջից, ամեն ինչ փոխվում է» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Լուսանկարչությամբ զբաղվելն ու կատարվողը վավերագրելը, ակնթարթը պատմության վերածելը նրանց ընտանեկան ավանդույթներից է դարձել։ Բաղդասարյան ազգանունն արդեն մի քանի տասնամյակ է խաչվում է հայկական լուսանկարչության ու ֆոտոլրագրության հետ:  

Մութ սենյակն ու կարմիր լույսի ներքո աշխատանքը դեռ փոքրուց գայթակղեցին հայտնի լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանի որդիներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյաններին։ Հորից ու ավագ եղբորից ստացած գիտելիքն ու փորձը  լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանն այսօր էլ կիրառում է իր ամենօրյա աշխատանքում։ Ղեկավարում եղբոր հետ ստեղծած «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը և շարունակում ընտանեկան ավանդույթը՝ ֆոտոլրագրողի մասնագիտությունը փոխանցում  իր որդիներին։ 

Պրն․ Բաղդասարյան, Ձեր մանկությունն անցել է լուսանկարչական շատ հետաքրքիր մթնոլորտում։ Ի՞նչ պատմություններ կամ ի՞նչ դրվագներ կան, որ մինչև հիմա էլ հիշում եք։ 

Մեր տան մի անկյունում հայրիկիս լաբորատորիան էր։ Փոքր հասակում ամեն անգամ լուռ հետևում էի, թե ինչպես է հայրս մտնում այդ մութ սենյակը և աշխատում կարմիր լույսի ներքո: Երբ ջրի մեջ գցած թուղթը վերածվում էր նկարի, ինձ թվում էր կախարդանք է տեղի ունենում։ Երևի հենց այդ պահից սիրեցի լուսանկարչությունը: 

Դեռ փոքրուց ինձ միշտ հետաքրքրել են մեր տան տարբեր անկյուններում դրված լուսանկարչական սարքերը: Իմ խաղալիքները լուսանկարչական ժապավենի կոճերն էին։ Փոքր ժամանակ շատ էի սիրում ձեռքս ընկածը քանդել։ 

Մի անգամ հայրս գերմանական լուսանկարչական ապարատ նվիրեց ինձ ու ասաց, որ կարող եմ անել ինչ ուզում եմ։ Երեկոյան եկավ տուն, տեսավ  ապարատն ամբողջությամբ քանդել եմ։  

Ե՞վ 

Եվ ի՞նչ, իհարկե բարկացավ։ Ես էլ հիշեցրեցի, որ ասել էր կարող եմ անել այն, ինչ ուզում եմ։ Ես էլ ուզել ու քանդել էի։ 

Չնայած, որ լուսանկարի ստեղծման գրեթե ամբողջ պրոցեսը մանկուց իմ աչքի առաջ էր, ու ինձ շատ հետաքրքրում էր այդ ամենը, բայց դպրոցն ավարտելուց հետո լրիվ այլ մասնագիտություն ընտրեցի։ Ուզում էի դառնալ երկրաբան։ Դիմեցի,  չգիտեմ լավ էր, թե վատ էր, բայց չընդունվեցի։ 

Երկրաբանականի քննությունները ձախողելուց հետո սկսեցիք որպես լուսանկարիչ Ձեր առաջին քայլերը կատարել։  Ձեր հոր անուն ազգանունը օգնո՞ւմ, թե խանգարում էր Ձեզ։  

Երբ նոր էի սկսել զբաղվել լուսանկարչությամբ, մարդիկ անընդհատ նշում էին, որ ես լուսանկարիչ Նեմրութի տղան եմ։ Միշտ հատուկ վերաբերմունքի եմ արժանացել նրանց կողմից, ովքեր ճանաչում էին հորս: Դա և՛ հաճելի էր, և՛ չափազանց պարտավորեցնող: Միշտ ցանկանում էի հասնել հորս սահմանած նշաձողին, մակարդակին՝ անկախ գիտակցումից, որ դա ինձ մոտ չի ստացվի։  

Մելիք Բաղդասարյանը հոր՝ Նեմրութ Բաղդասարյանի հետ։ Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից

Ամենասկզբում սկսել եմ աշխատել լուսանկարչատանը՝ որպես ռետուշորի աշակերտ, հետո ծանոթացա նաև  տաղավարային լուսանկարչի աշխատանքին, որն ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Սիրտս պայթում էր այդ  չորս պատի մեջ։ Անընդհատ կանգնում էի  պատուհանի մոտ ու դուրս էի նայում։ Կյանքն անցնում էր, իսկ ես այդ սենյակում էի։ Դա իմ առաջին փորձառությունն էր։  

Դրանից հետո արդեն սկսեցի՝ որպես արտահաստիքային ֆոտոլրագրող աշխատել «Երեկոյան Երևան» թերթում: Հենց այդտեղ էլ տպվեց առաջին լուսանկարս, որն արվել էր Երևանի քիմիական տեխնիկումի շինարարության ժամանակ: Շատ լավ հիշում եմ բանվորներից մեկի դիմանկարն էի արել։   

Լուսանկարչության մեջ Ձեր գործունեության ոլորտները շատ տարբեր են եղել։ Սպորտային իրադարձությունների լուսաբանումից մինչև հուշարձանների լուսանկարում, պատմական իրադարձությունների վավերագրում։ Գաղտնիքը ո՞րն է։  

Կախված նրանից թե, լուսանկարիչն ի՞նչ է նկարում, մոտեցումներն ու պահանջները փոխվում են։ Պարզապես կա մեկ շատ կարևոր նախապայման․պետք է սիրես աշխատանքդ։ Հայրս ասում էր,- «եթե աշխատանքդ չսիրես, այն քեզ կտանջի»։ «Երեկոյան Երևան»-ում աշխատելուն զուգահեռ սկսեցի արտահաստիքային աշխատել նաև «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում։ Սկսեցի ակտիվորեն լուսաբանել սպորտային միջոցառումները,  այդ ժամանակ հասկացա, որ սպորտային լուսանկարչությունն ինձ շատ ավելի հոգեհարազատ է ու հետաքրքիր։

«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթ։ Լուսանկարը` Մ. Բաղդասարյանի արխիվից

Հիմա, որ հետ եմ նայում, նոր եմ հասկանում, թե «Արարատ- 73»-ի հաղթանակները վավերագրելը ինչքան կարևոր էր ու պատմական։ Այն ժամանակ խորությամբ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Մեզ թվում էր, որ այդ հաղթանակները դեռ շատ երկար են շարունակվելու։ Շատ լավ հիշում եմ, որ եզրափակիչ խաղի ժամանակ Մոսկվայում ֆոտոլրագրողների համար երկու հատված էին սահմանել, մեզ էլ բաժանել էին կարմիր ու դեղին թևկապներ։ Դեղին թևկապով լուսանկարիչներին թողնում էին ավելի հարմար հատվածից աշխատել։ Իմ թևկապը կարմիր էր ու ոչ մի կերպ չէի կարողանում այդ ռուս հսկիչին համոզել ու անցնել մյուս գոտի։ «Ֆիզկուլտուրնիկ»-ի թղթակից Ռաֆիկ Հեքեքյանն առաջարկեց այնպես ծալել այդ թևկապը, որ միայն վրայի դեղին գրված հատվածը երևա։ Հենց այդպես՝ ծալած թևկապով էլ ես մտա դաշտ ու սկսեցի նորմալ աշխատել։ Ռաֆիկը մի շատ լավ խոսք ուներ, որը ֆոտոլրագրողների համար ոսկե կանոն պետք է դառնա։ Նա ասում էր, եթե դուռը փակ է, ֆոտոլրագրողը  պետք է լուսամուտից մտնի։ Դա իսկապես այդպես է, գալ և ասել չստացվեց, չկարողացա նկարել, անհասկանալի է ու անթույլատրելի։

Սպորտային լուսանկարչությունը հատկապես պահանջում է շատ սուր աչք, որպեսզի կարողանաս իրավիճակը հասկանալ ու կարևորագույն պահը բաց չթողնել։ Այն տարիներին, երբ դեռ թվային խցիկներով չէինք աշխատում,  լուսանկարիչը պետք է ճիշտ հաշվարկեր ժապավենի կադրերի քանակը, որ հանկարծ կարևորագույն պահը բաց չթողներ։   

Ֆուտբոլային հանդիպում` «Արարատ-Բավարիա», 1975 թվական: Լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի

Ձեր արխիվում իրենց կարևորագույն տեղն ունեն նաև պատմական հուշարձանների լուսանկարները։ Այս ոլորտում ի՞նչ բարդություներ կային։   

Այո, ես աշխատել եմ նաև Հուշարձանների պաահպանության վարչությունում։ Մենք հուշարձանները նկարելիս աշխատում էինք նաև  ճարտարապետների հետ և նրանք հստակ ասում էին, թե այս կամ այն հուշարձանը ինչպես է պետք նկարել։  

Իրականում այդ ընթացքում բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել։ Օրինակ հուշարձաններ կային, որոնք լրիվ մթության մեջ էին, իսկ այն ժամանակ ներկայիս տեխնիկական հնարավորությունները չկային։ Որոշ հուշարձաններ կարելի է ասել մոմի լույսով ենք նկարել։ Այստեղ լուսանկարչից պահանջվում է հնարամտություն, արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։ Երբեմն, երբ  շատ դժվարին իրավիճակում լուծումը գտնում էինք ու ստացվում էր այն լուսանկարը, որը մեզ էր անհրաժեշտ, ինձ թվում էր, թե հեքիաթում եմ։ 

«Արջերի քարանձավ»։ Լուսանկարը` Մելիք Բաղդասարյանի

Ո՞ր իրադարձությունն է, որ Ձեր մասնագիտական գործունեության մեջ առանձնակի նշանակություն է ունեցել ու դուք այդ դրվագները ֆիքսելու զգացողությունները մինչ օրս էլ հիշում եք ու զգում։  

Երևի կասեմ 1988-ի երկրաշարժը։ Երկրաշարժը շուռ տվեց ամեն ինչ։   

Երկրաշարժի ժամանակ, որ հասա Գյումրի, սկզբից բան չէի հասկանում, պատկերները շատ ահավոր էին։ Առաջին ցանկությունը թողնել ու փախչելն էր, բայց մի փողոց անցնելուց հետո այդ ամենը վերացավ։ Այդ ժամանակ հասկանում ես, որ այլևս սովորական մարդկային մտածողությամբ չես մտածում։ Երբ դու նայում ես ֆոտոխցիկի միջից, ամեն ինչ փոխվում է։ Եթե այդպես չլինի, եթե դու սկսես մտածել սովորական մարդու նման, գուցե և չնկարես։ Սակայն նման իրավիճակներում միայն նկարելն է ճիշտ։ Մեր մասնագիտության մեջ մի այսպիսի չգրված օրենք կա․ ֆոտլրագրողը ցանկացած իրավիճակում պետք է նկարի, թող այդ կադրերը հետո չհրապարակվեն, բայց պետք է փաստն արձանագրել։  

2000-ականների սկզբին, դուք և Ձեր եղբայրը հիմնեցիք «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը։ Այսօր գործակալությունն ինչպե՞ս է աշխատում և ի՞նչ խնդիրներ ունի։   

«Ֆոտոլուր»-ը բացելու ժամանակ ֆոտոլրագրությունը Հայաստանում անցումային էտապում էր գտնվում։ Մենք այսօր աշխատում ենք տեղական լրատվամիջոցների հետ, մեր բաժանորդների ցանկում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ էլ կան։ Դժվարություններ միշտ եղել են, բայց վերջին տարիներին բարդացել է պետական գերատեսչությունների հետ աշխատանքը։ Մենք հավատարմագրվում ենք, բայց շատ քիչ իրադարձությունների են մեզ հրավիրում, որ լուսաբանենք։ Բոլոր գերատեսչություններն ունեն իրենց լուսանկարիչները և հիմնականում նպաստավոր պայմաններ են ստեղծվում նրանց աշխատանքի համար։ Օրինակ՝ վարչապետի մասնակցությամբ իրադարձություն պետք է լուսաբանենք, մեզ թույլ են տալիս միայն սահմանված վայրից նկարել, որը հարմար չէ, իսկ իրենց ֆոտոլրագրողը կարողանում է ազատ աշխատել։  

Դուք բավականին հարուստ արխիվ ունեք։ Մեր պատմական շատ դրվագների վավերագրությունների մի մասն էլ  հենց Ձեր արխիվում է։ Ինչպե՞ս եք դրանք պահպանում, բոլորը թվայնացվա՞ծ են։ 

Ես իսկապես բավականին մեծ արխիվ ունեմ, հիմա թվայնացնում եմ նեղ ժապավենով  լուսանկարները, բայց լայն ժապավենով նկարված լուսանկարները թվայնացնելու հնարավորություն չունեմ։ Այդ սարքն արժե 8000 դոլար։ Լուսանկարչի ֆիքսած մեկ ակնթարթը դառնում է պատմություն, փաստ, բայց այդ պատմությունը միայն լուսանկարչինը չէ։ Այդ արխիվը միայն իմը չէ, դա պետությանն է։  

Իմ ամենամեծ խնդրանք-պահանջն այն է, որ լուսանկարչության թանգարան ստեղծվի և մեր բոլոր լուսանկարիչների աշխատանքները հավաքվեն, ի մի բերվեն ու մասնագիտական հոգածության ներքո պահվեն։  

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *