2023.12.20,

Տեսակետ

«Հայաստանում տվյալների լրագրությունը սկսում է փոքրիկ քայլերով զարգանալ» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Նա չոր ու ճշգրիտ մաթեմատիկան կարողացավ զուգակցել ամենամարդակենտրոն մասնագիտություններից մեկի՝ լրագրության հետ։ Ու մարդու մասին սկսեց պատմել թվերի օգնությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Կատյա Մամյանի մուտքը դեպի տվյալների լրագրություն շատ պատահական ստացվեց։  

Մոսկվայում ստացած կրթությունը հայաստանյան լրատվական դաշտում տեղայնացնելու, Հայաստանում տվյալների լրագրության զարգացվածության մակարդակի ու լրագրողական միջազգային տենդենցներից հետ չմնալու մասին զրուցել ենք տվյալների լրագրող, Հետք մեդիա գործարանի դասախոս Կատյա Մամյանի հետ։  

 Կատյա, գիտեմ, որ սովորել եք ՌԴ-ում և բազային կրթությամբ տեղեկատվական տեխնոլոգիանների մասնագետ եք, ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք մագիստրոսական կրթությունը շարունակել տվյալների լրագրության ծրագրով։  

Շատ պատահական ստացվեց։ Բացարձակ նպատակ չունեի անցում կատարել լրագրողական դաշտ։ Մագիստրատուրա ընդունվելուս ժամանակահատվածում մեծ պահանջարկ ունեին տվյալների հետ աշխատող և տվյալների վերլուծությամբ զբաղվող մասնագետները։ Ես էլ այդ ոլորտում էի կրթական ծրագիր փնտրում, երբ պատահաբար տեսա, որ Մոսկվայի՝ բավականին հայտնի համալսարաններից մեկում տվյալների լրագրության բաժին է բացվել։ Նոր բացված բաժին էր։ Գնահատելով ուժերս հասկացա, որ մեծ է հավանականությունը, որ կընդունվեմ ու չսխալվեցի։  

Սովորելու ընթացքում տվյալների հետ աշխատանքը, այսինքն այն հատվածը, որը կապված էր թվերի, նոր տեխնոլոգիաների կիրառման հետ, ինձ մոտ ավելի հեշտ էր ստացվում, քան լրագրողական կրթություն ունեցող իմ կուրսընկերների մոտ։ Ես էլ դժվարանում էի լրագրողական կրթության բացակայության պատճառով։ Ես միշտ նախապատվությունը տվել եմ ճշգրիտ գիտություններին և հումանիտար առարկաներն ինձ ավելի քիչ են հետաքրքրել։ Հետո կարողացա հավասարակշռել այս երկուսը։ Հասկացա, որ տեխնոլոգիան թույլ է տալիս այլ ոլորտներում ավելի արդյունավետ լուծումներ գտնել և այս բանաձևն ինձ շատ օգնեց տվյալների լրագրության ոլորտում։ 

 Ի՞նչ է տվյալների լրագրությունը, վերջին տարիներին այս հասկացությունը բավականին լայն կիրառում է ստացել։ 

Տվյալների լրագրությունը տեխնիկական, վերլուծական գործիքների կիրառումն է դասական լրագրության մեջ։ Տվյալների լրագրության գործիքակազմին տիրապետելու համար պետք է ունենալ մաթեմատիկական որոշակի գիտելիքներ՝ հսկայական դատաբազաներից վերցված տվյալները վերլուծելու, դրանք ավելի հասկանալի դարձնելու համար։  Անհրաժեշտության դեպքում պետք է կարողանալ անձամբ իրականացնել տվյալների հավաքագրում ու հայթայթում։  

Որպեսզի տվյալներն ավելի պարզ ու հասկանալի դառնան, կարևոր է դրանց վիզուալիզացիան։ Երբեմն լինում է, որ տվյալների մշակումից հետո, երբ վիզուալիզացնում ես քո ունեցած թվային տվյալները, մի շատ հետաքրքիր լրագրողական նյութի թեմա ես գտնում։ Օրինակ տեսնում ես, որ ինչ-որ մի ցուցանիշ աննախադեպ աճել է կամ նվազել է և գնում ես այդ տվյալի ետևից։ 

Այսինքն, տվյալները երբեմն նաև աղբյո՞ւր են հանդիսանում:  

Այո՛, և եթե լրագրողը տիրապետում է տվյալների լրագրության գործիքակազմին, որի մասին ես արդեն խոսեցի, նա կարողանում է լրագրողական նյութի թեմաներ գտնել նաև ոչ ավանդական ճանապարհներով։ Սա տվյալների լրագրության առանձնահատկություններից է։  

Կան դեպքեր, երբ տվյալների, թվային վերլուծությունների վրա հիմնված լրագրողական նյութերն ավելի արդյունավետ միջոց են լինում խնդիրը բարձրաձայնելու համար։ Օրինակ, երբ մենք պատմում ենք հեռավոր գյուղում ապրող մի մարդու մասին և ասում ենք, որ նա ունի գազի խնդիր, սա իհարկե ազդեցիկ է և հուզիչ։ Սակայն, երբ սրան զուգահեռ մենք ասում ենք, որ տվյալ գյուղի բնակիչների 87%-ն ունի գազի խնդիր, սա արդեն դառնում է անվիճելի փաստ։ Երբ խնդիրը ներկայացվում է թվերի միջոցով, պաշտոնյաները կամ դրա պատասխանատուներն այլևս տարատեսակ պատճառաբանությունների կամ արդարացումների հնարավորություն չեն ունենում։ 

Համաշխարհային հեղինակություն վայելող պարբերականները բավականին լուրջ ուշադրություն են դարձնում տվյալահեն բովանդակության ստեղծմանը․Հայաստանում ի՞նչ պատկեր է։  

Երբ տարիներ առաջ Ռուսաստանում ստեղծվեց այդ մագիստրոսական ծրագիրը, միջազգային հեղիանակավոր լրատվամիջոցներն արդեն ունեին առանձնացված բաժիններ, որոնք զբաղվում էին հենց տվյալների լրագրությամբ։ Եթե մենք ուսումնասիրենք միջազգային փորձը՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական, մեր տարածաշրջանում էլ է արդեն սկսում տարածվել այս տենդենցը, կհասկանանք, որ ամբողջ աշխարհն է գնում տվյալահեն լուծումների ետևից։ Եվ այս երևույթը նկատվում է բոլոր ոլորտներում։ Տվյալահեն լուծումները գալիս են հումանիտար ոլորտներ ու նոր մոտեցումներ առաջարկում։ Մենք հիմա պետք է պահը բաց չթողնենք, թեպետ, արդեն իսկ ուշացել ենք, բայց պետք է ամեն ինչ անենք՝ ոլորտը զարգացնելու համար։  

Վերջին տարիներին Հայաստանում տվյալների լրագրությունը սկսում է փոքրիկ քայլերով զարգանալ։ Այն փորձում է որպես առանձին ճյուղ դիրքավորվել լրագրության մեջ, ինչը շատ կարևոր է։ 

Առաջին ու շատ կարևոր քայլը ո՞րն է, որը կնպաստի ոլորտի զարգացմանը։  

Շփվելով լրագրության ֆակուլտետների ուսանողների հետ՝ ես հասկանում եմ, որ տվյալների լրագրությունը պատշաճ ձևով չի դասավանդվում։ Մեզ մոտ լրագրությունը դեռ համարվում է դասական հումանիտար ուղղություն, որի մեջ չեն ներառված տեխնոլոգիական առարկաները, օրինակ՝ հենց տվյալների լրագրությունը։ Հայաստանում այսօր տվյալների լրագրություն սովորելու բացառիկ հնարավորություն Հետք մեդիա գործարանն է տալիս։

Լուսանկարը՝ Դաթո Աբուլաձեի

Երբեմն լինում են նաև ավելի կարճաժամկետ, մի քանի օր տևողությամբ դասընթերներ, որոնց ընթացքում հնարավոր է սովորել մի քանի տեխնիկական գործիքներ, բայց սա շատ քիչ է։ Շատ կարևոր է, որ լրագրության ֆակուլտետներում այն, որպես առանձին առարկա ներառված լինի կրթական ծրագրում։  

Հենց սա է պատճառը, որ այսօր մեր լրատվական դաշտում քիչ են տվյալահեն բովանդակություն ստեղծող լրատվամիջոցներն ու լրագրողները։ Վերջին տարիներին այս ոլորտում ավելի ակտիվ գործունեություն են ծավալում «Հետք»-ը, «Ինֆոքոմ»-ը, «Ամփոփ Մեդիա»-ն։ Տվյալահեն բովանդակությունը, տվյալների լրագրությունն այսօր աշխարհում դիտարկվում է որպես առանձին բաժին, առանձին ուղղություն և մենք պետք է հաշվի նստենք այս փաստի հետ։  

Մյուս կարևոր խնդիրը, որը ևս խանգարում է ոլորտի զարգացմանը, ոչ պատշաճ կերպով հավաքագրված ու մշակված տվյալներն են։ 

Հայաստանում կան բաց, հասանելի աղբյուրներ, որտեղից կարող ենք գտնել և վերցնել որոշ անհրաժեշտ տվյալներ, բայց այդ տվյալները հեշտ կիրառելի չեն, ոչ միշտ են ճիշտ դասակարգված, ճիշտ ձևաչափով ներկայացված, ինչն էլ հավելյալ խնդիրներ է առաջացնում լրագրողների համար։

 Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *