2023.11.17,

Տեսակետ

«Փաստերի ստուգման վրա հիմնված լրագրությունը հասարակության համար ռազմավարական նշանակություն ունի» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Ապատեղեկատվություն, սուտ լուրեր, քարոզչություն․ մարդկանց մանիպուլացնող հնարքների ու գործիքների պակաս այսօր չկա։ Տեղեկատվական պատերազմների ու հետճշմարտությունների դարաշրջանում դժվար է գտնել ստուգված և հավաստի ինֆորմացիա։ Որպես հակակշիռ այս ամենին զարգանում է փաստերի ստուգման լրագրությունը, ստեղծվում են փաստերի ստուգման նոր գործիքներ ու մեթոդներ, որոնց օգնությամբ «ֆաքթ-չեքերները» բացահայտում ու ներկայացնում են իրականությունը։ 

Հայաստանում փաստեր ստուգող լրագրողների համայնքում համագործակցությունը խորացնելու ջանքերը մեկնարկել էին դեռ 2021թ․-ին։ Երկու տարի առաջ «Հետք»ն իր եվրոպացի գործընկերների հետ նախաձեռնեց «Փաստացի» հարթակը։ Media.am -ը զրուցել է «Հետք» -ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Վահե Սարուխանյանի հետ։  

Ի՞նչ հարթակ է «Փաստացի»-ն և ինչպե՞ս է այն աշխատում։  

«Փաստացի»-ն փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողների ցանց է, որի աշխատանքն արտացոլում է Փաստացի/InFact ֆեյբուքյան խումբը։ Այն նախատեսված չէ միայն լրագրողների համար։ Այստեղ ցանկացած օգտատեր, որը հետաքրքրված է կեղծ լուրերը, փաստերը ստուգելով կամ փնտրում է գրագետ որոնում կատարելու գործիքներ, կարող է գտնել օգտակար ինֆորմացիա։  

«Փաստացի»-ի խմբում տեղադրել ենք փաստերի ստուգման գործիքների հավաքածուներ, որին կարող են օգտատերերը ծանոթանալ և փորձարկել։ Քանի որ մենք գիտեինք, որ մեր հասարակությունը չի սիրում երկար կարդալ, որոշեցինք փոքրիկ՝ 2-3 րոպե տևողությամբ վիդեոդասեր պատրաստել։ Վիդեոդասերի միջոցով մենք նրանց ծանոթացնում ենք փաստերի ստուգման գործիքներին։  

Հարցազրույցներ կան փաստեր ստուգող լրագրողների հետ։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ անկախ մասնագիտությունից բոլորն էլ մեդիասպառող են, բոլորն էլ կարող են գտնել իրենց համար օգտակար տեղեկություն, իսկ հարկ եղած դեպքում անձամբ կարող են ճշտել, ստուգել որևէ ինֆորմացիա։  

«Փաստացի»-ի ցանցում ի՞նչ լրատվամիջոցներ են ներառված և ի՞նչ ծրագրեր եք իրականացնում հենց լրագրողական դաշտում փաստերի ստուգման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ 

Ցանցին միացել են 15 լրատվամիջոց, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Մեր նպատակն է, որ մեր լրագրողներն ավելի շատ նյութեր գրեն փաստերի ստուգմամբ։ Օրինակ, եթե ամեն մարզում մենք ունենանք մեկ կամ երկու լրագրող, որոնք իրենց նյութերում փաստերի ստուգում են իրականացնում, պատրաստում են որակյալ նյութեր, հասարակությունը ավելի որակյալ նյութեր կսկսի սպառել։ Ծրագրի շրջանակում երկու այց ենք ունեցել BBC-ի, երկրորդը հենց փաստեր ստուգող լրագրողների համար էր նախատեսված։  

«Փաստացի» հարթակի կողմից նաև երկու մրցանակաբաշխություն ենք կազմակերպել։ Մեր նպատակն է եղել խրախուսել այն լրագրողներին, ովքեր իրենց լրագրողական աշխատանքներում կիրառում են փաստերի ստուգում։ Շատ կարևոր է, որ թե՛ հասարակությունը, թե՛ մեր խմբագրակազմերը հասկանան փաստերի ստուգման կարևորությունը։  

Թեպետ ծրագիրն ավարտվեց և շուտով կլինի նաև պաշտոնական փակումը, բայց մենք մեր գործունեությունը չենք դադարեցնելու։ Համագործակցության եզրեր են փորձում ստեղծել փաստերի ստուգմամբ զբաղվող այլ կազմակերպությունների հետ, որ կարողանանք փորձի փոխանակում իրականացնել։ Մեր նպատակն է, որ մեր արտասահմանյան գործընկերների հետ անդրսահմանային համագործակցություն ստեղծենք։  

Իսկ որքանո՞վ է այսօր փաստերի ստուգումը կարևորված ու զարգացած հայկական մեդիատիրույթում։  

Եթե համեմատենք 5 տարի առաջն ու հիմա, առաջընթաց կա, բայց ես որպես փաստեր ստուգող ամենևին գոհ չեմ իրավիճակից։ Շատ քիչ խմբագրություններում կան փաստեր ստուգողներ։ 

Երբ ֆեյսբուքյան հարթակի համար հարցազրույցներ էի անում «ֆաքտ-չեկերների» հետ, չէի կարողանում փաստեր ստուգող 10-ից ավել լրագրող գտնել։ Մեր խմբագրություններում արժևորված չէ փաստեր ստուգողի դերն ու նշանակությունը։ Շատ դեպքերում խմբագիրներն անգամ ասում են, որ իրենց փաստեր ստուգող լրագրող պետք չէ, ավելի լավ է տվայլ լրագրողը օրվա ընթացքում 10-ը նյութ ավել գրի և հրապարակի, քան փաստերի ստուգմամբ զբաղվի։ 

Փաստերի ստուգումը բավականին բարդ, ժամանակատար ու ծանր աշխատանք է։ Գուցե նաև սա է խնդիրը, որ վերջին ժամանկահատվածում փաստեր ստուգողների մի մասը դուրս եկավ այս ոլորտից․ ոմանք գնացին արտերկիր սովորելու, մի մասը հոգնեց, բայց ես կարծում եմ, որ փաստերի ստուգման վրա հիմնված լրագրությունը մեր հասարակության համար ռազմավարական նշանակություն ունի։ Պետությունը ուժեղ է, երբ հասարակությունը կիրթ է, տեղեկացված է, մեդիագրագետ է և պատրաաստ է դիմագրավել տեղեկատվական գրոհներին։ Մեդիագրագետ քաղաքացին ցանկացած ինֆորմացիայի չի հավատում, կասկածում է։ Իսկ մեդիագրագետ, տեղեկացված, մեդիադիմացկուն քաղաքացի ձևավորվում է, երբ կա որակյալ, փաստահեն լրագրություն:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *