2023.11.14,

Տեսակետ

«Մեդիան մեր կյանքի անբաժան մասն է դարձել և ճիշտ է, որ այն նաև ուսումնական նպատակով օգտագործվի և կիրառվի» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում օնլայն թե օֆֆլայն հանդիպումների ժամանակ մեդիային ու մեդիագրագիտությանն առնչվող տարբեր խնդիրների ու թեմաների քննարկումների պակաս չկար։ Ի՞նչ է մեդիագրագիտությունը, ո՞վ է մեդիագրագետ քաղաքացին, ինչպե՞ս կողմնորոշվել տեղեկատվական լաբիրինթոսում․ շաբաթվա ընթացքում քննարկված այս հարցերը կստանան իրենց հիմնավոր պատասխանները, կդառնան վարքագիծ ու վարքականոն, եթե ուշադրության կենտրոնում լինեն մեդիագրագիտության շաբաթից անկախ։  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ջնջել են կրթության ու մեդիայի սահմանները և այն դարձրել 24/7 ռեժիմով աշխատող մի ամբողջական համակարգ՝ դուրս տարատեսակ թեմատիկ շաբաթներից ու նախագծերից։ Media.am-ը զրուցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի հետ։   

Ոչ թե մեդիա գործիքների կիրառում կրթական գործընթացում, այլ հենց մեդիակրթություն․ կրթահամալիրում ընդունված է այս եզրույթն օգտագործել, եթե բացենք փակագծերը ի՞նչ պատկեր կստանանք։ 

Այսօր թվում է բոլորն ունեն հեռախոս, համակարգիչ, նորագույն տեխնոլոգիաներն ամբողջությամբ ներառված են մեր առօրյայում, բայց ի՞նչ նպատակով ենք մենք այդ սարքավորումներն օգտագործում։ Սա է շատ կարևոր։  

Կրթահամալիրում 5 տարեկանից մինչև 12-րդ դասարան, ուսումնական գործիքը պլանշետն ու նոթբուքն են։ Կրթության ողջ ընթացքում սովորողներն աշխատում են այդ գործիքներով։ Այսինքն, կրթահամալիրի բոլոր շերտերում մեդիաուսուցում է իրականացվում։ 

Մեր ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգները  բաց հարթակներ են՝ բաց ուսումնական տարածք, որտեղ մեդիակրթությունը հասանելի է բոլորի համար։ Բլոգը սպասարկելու միջոցով, սովորողները որոշակի հմտություններ են ձեռք բերում, սովորում են բաժիններ ստեղծել, նյութեր, նկարներ հրապարակել։ Կրթական տարբեր օղակներում նոր պահանջներ են ավելանում ու զարգացնում ենք նոր հմտություններ։  

Մեդիակրթության  արդյունքում երեխաները սովորում են թվային գործիքները կիրառել, ոչ միայն սոցիալական հարթակներից օգտվելու, այլ գրագետ որոնում կատարելու, անհրաժեշտ տեղեկատվություն ու նյութեր գտնելու համար։ Այս հանձնարարությունը կատարելիս՝ սովորում են ուշադրություն դարձնել, թե որ կայքերից, ի՞նչ աղբյուրներից կարելի է օգտվել, որո՞նք են սուտ և հավաստի աղբյուրները։  

Աղբյուրների հետ աշխատանքը, դրանց ընտրությունը, վստահելի կամ ոչ վստահելի աղբյուրները տարբերակելը մեդիագրագիտության կարևորագույն բաղկացուցիչներից է։ Ինչպե՞ս եք իրականացնում մեդիակրթության այս հատվածը։    

Այո, աղբյուրի ընտրությունը շատ կարևոր խնդիր է, ես տեսնում եմ երբեմն, որ մեծահասակները, նույնիսկ, բավականին կիրթ մարդիկ բախվում են այս խնդրին, օրինակ՝ սոցիալական հարթակներում տարածում են ինչ-որ անհայտ ծագման կայքից հոդվածներ, որոնք ունեն տպավորիչ վերնագիր, բայց թե որքանով են հավաստի, սրան ուշադրություն չեն դարձնում։  Սա ոչ բավարար մեդիագրագիտության մասին է խոսում։ 

Մենք շատ ենք կարևորում, որ մեդիակրթության ընթացքում սովորողները սովորեն համացանցից վերցրած նյութերի հետ գրագետ աշխատել։ Նրանք այդ ինֆորմացիան իրենց հետազոտական կամ նախագծային աշխատանքներում օգտագործելու համար նախ պետք է այն վերլուծեն, հասկանան, եզրակացություններ անեն։  

Մեր հասարակությունը մեդիայի հետ առնչվելիս այս քայլերին այնքան էլ ուշադրություն չի դարձնում։ Եվ հենց դա է պատճառը, որ վերլուծելու, հասկանալու և հետևություններ անելու վրա մենք շատ մեծ շեշտադրում ենք անում։ 

Մեր կրթական նախագծերում շատ կիրառում ենք ռադիոնյութերի, հեռուստատեսային նյութերի ֆորմատը։ Բացի մեդիահմտություններ զարգացնելուց, մենք այս կերպ զարգացնում ենք նաև նրանց լեզվական հմտությունները։ Սովորողները  հմտանում են տեսախցիկի, միկրոֆոնի հետ աշխատանքում։  

Դասապրոցեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Այ ասացիք, որ կրթության բոլոր շերտերում՝ նախակրթարանից մինչև ավագ դպրոց, մեդիաուսուցում է իրականացվում, ինչո՞ւ, ինչո՞վ է սա կարևոր, որ ամբողջ կրթական գաղափարախոսությունը խարսխված է դրա վրա։ 

Կարևոր է այն գիտակցումը, որ մենք բոլորս այսօր ոչ միայն մեդիասպառող ենք, այլ նաև մեդիաստեղծող։ Կրթությունը կյանքից կտրված չի կարող լինել։ Մեդիան մեր կյանքի անբաժան մասն է դարձել և ճիշտ է, որ այն նաև ուսումնական նպատակով օգտագործվի և կիրառվի։ Հենց սա է պատճառը, որ մեր կրթական ծրագրի հիմքում գրագետ մեդիաստեղծողի, մեդիաքաղաքացու ձևավորումն է։   

Մեդիագրագետ քաղաքացին պետք է հասկանա, թե ինչ ազդակներ են գալիս մեդիայից, ինչո՞ւ են այդ ազդակները որոշակիորեն ուղղորդված, ինչո՞ւ է ընտրված հենց այդ վերնագիրը, ի՞նչ ազդեցություն է այն ունենում թե՛ իր, թե՛ իրեն շրջապատող մարդկանց վրա։ 

Դուք խոսում եք շատ կարևոր հմտությունների մասին, որոնք կարծում եմ պակասում են նաև մեծահասակներին։ Ի՞նչ եք կարծում շարքային քաղաքացին կարողանո՞ւմ է խուսափել մեդիամանիպուլյացիաներից։  

Բավականին բարդ հարց եք տալիս, իմ կարծիքով այստեղ բացթողումները շատ են։ Երբ մենք խոսում ենք քաղաքացու հետ, որն այդքան էլ մեդիագրագետ չէ, կամ բարկացած է, կամ սոցիալական ծանր վիճակում է գտնվում, հասկանում ենք, որ շատ հեշտ է նրան մանիպուլացնելը, բարկացնելը, իրական փաստերից շեղելը։  

Ես այս հարցին միանշանակ չէի պատասխանի։ Հարցի մյուս կողմն է, արդյոք ուզո՞ւմ ենք, մեզ պե՞տք է եղել, որ մեր հասարակությունը լինի մեդիագրագետ, թե ոչ։ Չգիտեմ։ 

Երբ մեր հասարակությունն ավելի կիրթ լինի, դպրոցում, համալսարանում այս շեշտադրումներն ավելի ճիշտ դրված լինեն, հասարակությունն ավելի տեղեկացված կլինի և մեդիայի հետ հարաբերվելիս ավելի գրագետ վարք կցուցաբերի։ 

Շատ կարևոր է հասկանալ, որ դպրոցից դուրս եկող աշակերտը հենց այն քաղաքացին է, որը պետք է ձևավորի այդ հասարակությունը։ Եթե մենք ուզում ենք ունենալ մտածող, հետազոտող, եզրահանգումներ անող քաղաքացի, պիտի կրթական համակարգը հենց այդպես կազմակերպենք, այսինքն ոչ թե կարևորենք անգիրը,  որոշակի տարեթվերի իմացությունը, որը միևնույնն է մոռացվում է, այլ ինքնուրույն, վերլուծական ու քննադատական մտածողությունը։  

Հենց այս հատկանիշներով ու հմտություններով զինված սովորողն է նպաստելու մեդիագրագետ ու կայացած քաղաքացիական հասարակության ձևավորմանը։

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *