2023.10.31,

Տեսակետ

«Ադրբեջանական նարատիվների դեմ պայքարը ցաքուցրիվ է, բայց աշխատանք արվում է» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայ-ադրբեջանական տեղեկատվական բաց հարթակներում նարատիվների պատերազմը երբեք չի դադարել։ Իրադարձությունների ինտենսիվությունից ու բնույթից կախված տարբեր ժամանակահատվածներում փոխվել են ինչպես առաջնահերթությունները, այնպես էլ բովանդակային շեշտադրումները։ Նարատիվներն ըստ էութան կոչված են սպասարկելու որևէ գաղափարի կամ քաղաքական նպատակի։ Հենց դա է պատճառը, որ քաղաքական նպատակի յուրաքանչյուր փուլում հակամարտող կողմերը տեղեկատվական պատերազմի հարթակ են բերում օրվա խնդրին համապատասխան նարատիվներ ու փորձում՝ բարենպաստ տեղեկատվական միջավայր ստեղծել ցանկալի արդյունքի հասնելու համար։  

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ հակամարտությունների համատեքստում նարատիվները հասցեագրվում ու գեներացվում են երեք (սեփական, միջազգային եւ թշնամական/հակադիր) լսարանների համար։ Իսկ այս կամ այն նարատիվի շեշտադրումների առաջնահերթությունները կախված են այն բանից, թե ում համար են նախևառաջ հնչեցվում այս կամ այն դրույթները։  

Ի՞նչ է կատարվում հայադրբեջանական տեղեկատվական դաշտում, ի՞նչ նարատիվներ են կողմերը շրջանառում։  

Հայադրբեջանական հակամարտության համատեքստում արցախահայության սեպտեմբերյան բռնի տեղահանումը գլխավոր նարատիվն է այս պահին։ Լարված պայքար կա երկու կողմերի միջև տարբեր մակարդակներով։ Հայկական կողմը փորձում է միջազգային ատյաններում ցույց տալ, որ դա բռնի տեղահանում է՝ էթնիկ զտման տարրով, իսկ Արցախի գրեթե 10-ամսյա արգելափակումը այն սպասարկող գործողություն էր։ Ադրբեջանն էլ փորձում է ցույց տալ, որ հայերը ինքնակամ են լքել իրենց քաղաքներն ու գյուղերը, հետևաբար՝ բռնի տեղահանման մասին խոսք լինել չի կարող։ 

Կան ադրբեջանական պնդումներ նույնպես, թե այդքան կարճ ժամանակահատվածում գրեթե ողջ բնակչության ելքը Արցախից տեղի է ունեցել հայկական իշխանությունների ստեղծած խուճապի պատճառով։ Իսկ նրանց, իբրև թե ոչոք չէր վռնդում, կարող էին մնալ և շարունակել ապրել իրենց տներում։  

Կան նաև պաշտոնական ելույթներ, որոնցում փորձ է արվում հավասարության նշան դնել արցախահայության բռնի տեղահանության եւ 90-ականներին ադրբեջանական բնակչության իրենց բնակավայրերից հեռանալու միջև։ Այդպիսով, կարծես թե արդարացնելով այսօրվա իրադարձությունները «ակն ընդ ական» սկզբունքով։

Օրինակ, հոկտեմբերի 17-ին Ֆիզուլիում ադրբեջանցի բնակչության առջև Ալիևը հայտարարեց, որ սկսած դպրոցներից պետք է շարունակեն, հիմա էլ, 2020-ի իրենց հաղթանակից հետո, երիտասարդությանը ցույց տան ու տեղեկացնեն, թե ովքեր են հայերը, որքան նենգ են նրանք, որ ժամանակին ապրել են ադրբեջանցիների հետ կողք-կողքի, նրա ձևակերպմամբ՝«կերել են իրենց (ադրբեջանցիների) հացը», բայց նաև այդքան դաժանորեն են վարվել իրենց հետ առաջին պատերազմի ժամանակ։  

Ադրբեջանն ի՞նչ նարատիվներ է գեներացնում միջազգային հանրության համար, ի՞նչ է փորձում ցույց տալ միջազգային ատյաններին։ 

Ադրբեջանը միջազգային ատյաններին նախևառաջ ներկայացնում է, թե ղարաբաղյան հայ բնակչության համար ադրբեջանական համակարգերում գրանցման գործընթաց են սկսել՝ նրանց ինտեգրելու նպատակով։ Մանիպուլյատիվ տեսանյութեր են տարածում, իբրև թե հայ բնակիչները ինքնակամ մնացել են Լեռնային Ղարաբաղում, ցանկություն են հայտնել գրանցվել այդ ռեգիստրում, ստանալ սոցիալական օգնություն, և ընդհանրապես պատրաստ են ընդունել Ադրբեջանի իրավազորությունը և դառնալ այդ երկրի քաղաքացիներ։  

Տարբեր արտասահմանյան ԶԼՄ-ներ անգամ շրջանառում էին արցախահայության բռնի տեղահանության օրերին Ադրբեջանի ԱԳՆ կոչը նրանց, չլքել Լեռնային Ղարաբաղը և ինտեգրվել Ադրբեջանին։ Այդպիսով, այդ զուտ արտաքին քաղաքական ուղղվածության ուղերձը դարձյալ ծառայեցնելով այն պնդմանը, թե արցախահայության բռնի տեղահանություն չի եղել։  

Ադրբեջանի կողմից գեներացվող նարատիվները, արդյոք կարո՞ղ են ազդել կամ ազդո՞ւմ են մեր հասարակության վրա, արդյոք մենք կուլ ենք տալիս այն տեղեկատվական խայծը, որը ստեղծված է հատուկ մեզ համար։ 

Երբեմն այդ նարատիվները կարողանում են իրենց հետքը թողնել նաև մեր հասարակության, ազդել մեր ներքաղաքական կյանքի վրա։ Խնդիրն այն է, որ մեզանում կան տարբեր քաղաքական հոսանքներ և ուժեր, որոնք օգտագործում են այդ հակահայկական նարատիվները իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար։  

Եվ քանի որ մեր հասարակությունը գերբևեռացված է, պատերազմից հետո բազմաթիվ կորուստներ ունենալու հետևանքով սթրեսային իրավիճակում է, հոգեբանական ծանր կացության մեջ է, շատ խոցելի է դարձել, հեշտ է ընկնում տարբեր նարատիվների ազդեցության տակ։  

Մեր մեդիան, մեր հասարակությունը պատերազմից հետո որքանո՞վ է կարողանում սթափ գնահատել իրավիճակը։ Նախկինում մեր ունեցած հաղթողի սինդրոմը թույլ չէր տալիս սթափ վերլուծություններ կատարել։ Հիմա ի՞նչ պատկեր է։  

Մենք այլևս այդ հաղթողի սինդրոմի ազդեցության տակ չենք, և հասկանում ենք , որ հիմա շատ անելիքներ կան, պետք է շատ ու անընդհատ աշխատել։ Պարտությունից հետո մենք սկսեցինք գերագնահատել թշնամու ուժերը։ Ադրբեջանում նույն իրավիճակն էր ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։ Նրանք մեզ բնութագրում էին գերադրական աստիճան ունեցող հատկանիշներով։ Գրում էին, որ հայկական դիվանագիտությունը շատ ուժեղ է, որ հայերն ունեն հզոր սփյուռք։ Գրում էին, որ պատերազմի ընթացքում մեզ Ռուսաստանն էր աջակցում, դրա համար էլ հաղթեցինք։ Հիմա մոտավորապես նույն մոտեցումներն ու նույն գնահատականները մենք ենք նրանց տալիս։ Օրինակ, Ալիևին բնութագրում ենք որպես իր անելիքը հստակ իմացող, հմուտ քաղաքական գործիչ։ Ուրիշ հմտություններ ենք վերագրում թշնամուն և այդպես հոգեբանորեն փորձում ենք «արդարացնել», բացատրել մեր պարտությունը։ Սա հետպատերազմական սպասելի հոգեվիճակ է, որի մեջ սովորաբար հայտնվում են կորուստներ կրած եւ պարտված կողմերը։  

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը դիտարկում և մոնիտորինգ է անում ադրբեջանակ մամուլը և տեղեկատվական դաշտը։ Եթե համեմատենք հայկական և ադրբեջանական մեդիաները, ի՞նչ գնահատական կտաք երկու երկրների լրատվամիջոցների աշխատանքին։  

Ադրբեջանական մեդիալանդշաֆտի համեմատ հայկականը շատ բազմազան է։ Խոսքի ազատության մակարդակներն անհամեմատ տարբեր են։  

Ադրբեջանական մամուլը շատ հաճախ մեջբերում է հայ բանախոսներին, երբ խոսքը Փաշինյանի իշխանության, դավաճանական ինչոր թեզերի հետ է կապված, կամ օրինակ 5-րդ շարասյանը վերաբերող հայտարարություններ են լինում, այդ թվում՝ իշխանական մակարդակով հնչեցված։ Նման դավադրապաշտական, հակասական, սենսացիոն հայտարարությունները անմիջապես տեղ են գտնում ադրբեջանական մամուլում։ Մենք չենք կարող նման հայտարարություններ որսալ ադրբեջանական խոսույթից, որովհետև Ադրբեջանում բռնատիրական մթնոլորտ է, այնտեղ բոլորն աշխատում են վերևից իջեցված բանաձևերով, այլակարծություն ընդհանրապես չի կարող լինել հանրային բաց հարթակներում։ Դա է պատճառը, որ մեր մեդիան հիմնականում անդրադառնում է Ալիևի և մյուս պաշտոնական խողովակներով եկող հայտարարություններին, նաև այն պատճառով, որ հենց նրանք են այդ նարատիվները ստեղծողները և դաշտ բերողները։  

Մեր մեդիայի հիմնական խնդիրը բևեռացված լինելն է։ Մեր տեղեկատվական դաշտը բաժանված է պրոիշխանական և հակաիշխանական թևերի, և շատ քիչ լրատվամիջոցներ կան, որոնք անկողմնակալ, հետևողական աշխատանք են իրականացնում։  

Ձեր նշած երեք լսարանների ուղղությամբ Ադրբեջանի՝ 24/7 ռեժիմով իրականացվող նարատիվային պատերազմին, ի՞նչ պատասխան է տալիս հայկական կողմը։ Արդյոք, մենք կարողանո՞ւմ ենք արդյունավետորոն չեզոքացնել այն։  

Պետք է ասել, որ հայկական պայքարը ադրբեջանական նարատիվների դեմ ցաքուցրիվ է ու փնթի, բայց չեմ կարող ասել, որ ընդանրապես ոչինչ չի արվում այս ոլորտում։ Կան ուժեր, կարծիք ձևավորող հանրային գործիչներ, լրագրողներ, որոնք թե՛ սոցիալական ցանցերում, թ՛ե պաշտոնական խողովակներով, թե՛ հանրային դիվանագիտական խողովակներով աշխատում են տարբեր նարատիվների, մանիպուլյացիաների դեմ, որպեսզի միջազգային հանրության համար տեսանելի ու հասկանալի լինի իրականում տեղի ունեցողը։  

Պետք է ասեմ, որ վերջին ժամանակահատվածում մենք էլ ենք փորձում արտաքին աշխարհին անընդհատ լսելի դարձնել մեր փաստարկները եւ ուղերձները։ Տեսնում եմ, որ անցած տասնամյակների ընթացքում «նրանց» ասածները «բանի տեղ չդնելու» մոտեցումը փոխվել է, այլևս փափուկ բարձի վրա գլուխ դնելու այն ժամանակներն անցել են, քանր որ դադարել ենք մտածել, որ միևնույն է բոլորն էլ գիտեն, թե արդարը մենք ենք, հետևաբար կարիք չկա այդ մասին անընդհատ խոսելու։ Եվ սա ճիշտ փոփոխություն եմ համարում։  

Իհարկե, նարատիվների կամ քարոզչական պատերազմի արդյունքները միանգամից տեսանելի չեն դառնում, բայց կարծում եմ, որ կգա ժամանակ, որ կկարողնանանք ֆիքսել, որ այս տիրույթում դրական արդյունքներ մենք էլ ենք գրանցել։ 

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *