2023.10.11,

Տեսակետ

«Ինտուիտիվ, փորձառությունից ելնելով՝ հասկանում ես ի՞նչ անել, որ չվնասես, այլ օգնես մարդկանց»  

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Ֆիքսել հնարավորինս շատ կադրեր, ֆոտոապարատի միջոցով փոխանցել տեսածն ու զգացածը։ Կորստի ու ցավի պատկերները վավերագրելով՝  պատմել հայրենիքի կորստի ու սպասվող անորոշության մասին։ «Հետք»-ի Ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանն օրեր շարունակ՝ ֆոտոխցիկը ձեռքին, փորձեց թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցներին պատմել, թե իրենց տներից բռնի տեղահանված արցախցիներն ինչպե՞ս են հատում Հայաստանի սահմանը։    

Նարեկ, դու ակտիվ լուսաբանում էիր բռնի տեղահանված արցախցիների մուտքը Հայաստան։ Ե՞րբ գնացիր Կոռնիձոր ու ի՞նչ իրավիճակ էր ֆոտոխցիկիցդ այն կողմ։     

Սեպտեմբերի 19 ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Երևանում սկսեցին ամեն օր ցույցեր ու հանրահավաքներ տեղի ունենալ։ Ես այդ ցույցերն էի լուսաբանում, երբ սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Ասում էին, որ այդ օրը Երևանում խոշոր հանրահավաք է լինելու։ Մտածեցի, որ կարող է բախումներ լինեն, կարևոր իրադարձություններ լինեն, բաց չթողնեմ՝ մնացի Երևանում, թեպետ ոչ մի բան էլ չեղավ։ Հաջորդ օրն արդեն գնացի Կոռնիձոր։  

Օրվա երկրոդ կեսին հասա Կոռնիձոր։ Մարդկանց հոսքը բավականին ակտիվ էր։ Մեքենաներով, ավտոբուսներով մարդիկ գալիս էին, հերթագրվում, ստորագրում, մի պահ հերթ էր առաջանում հետո նորից կարծես ամեն ինչ կարգավորվում էր։  

Kornidzor dsiplaces people, 2023 September

25․09․2023 թ․, Կոռնիձոր

Խոչընդոտներ կամ սահմանափակումներ շա՞տ կային, որոնք խանգարում էին լրատվամիջոցների աշխատանքին։  

Լրագրողների աշխատանքին խոչընդոտող խնդիրներ, սահմանափակումներ, կարծես թե չկային։ Միայն հաշվառման կայանում չէին թույլ տալիս նկարահանում  իրականացնել։ Երբեմն լինում էր, որ մարդկանց հոսքի հետ որոշ լրագրողներ մտնում, նկարում դուրս էին գալիս, բայց, երբ հսկիչները նկատում էին, խնդրում էին ջնջել նկարները։  

Հոսքը շատ էր, մարդիկ անձնական տվյալներ էին տալիս, ընտանիքի անդամների քանակ էին նշում, անձնագիր էին ներկայացնում, կարծում եմ ինչ-որ առումով երևի սա էր արգելքի պատճառը։  

Ճգնաժամային իրավիճակներում աշխատելու փորձառություն ունեիր, բայց ինչո՞վ էր այս դեպքն արտառոց ու ի՞նչ դժվարությունների ես բախվել աշխատանքիդ ընթացքում։   

Ահռելի ծավալով վիզուալ բովանդակություն էր աչքիդ առաջ տեղի ունենում։ Ֆոտոլրագրողը պետք է կարողանա ֆիքսել ամեն ինչ, բայց դա այս դեպքում ֆիզիկապես հնարավոր չէր։  

Պետք էր արագ որոշումներ կայացնել, թե ինչի վրա ուշադրություն դարձնել, ի՞նչը ավելի կարևորել։ Մեկ երկու ընտանիքի հետ ամբողջ ճանապարհը գնալ մինչև նրանց հատկացված ժամանակավոր կացարանը և ցույց տալ մեկ ամբողջական պատմությու՞ն, թե մնալ տեղում ու հնարավորինս շատ նկարել ու վավերագրել։  

Նարեկ Ալեքսանյանը Կոռնիձորում։ Լուսանկարը՝ Հայկ Մակիյանի

Դու որոշեցիր մնալ տեղում։ 

Այո՛, ես որոշեցի մնալ տեղում, լուսանկարել, հավաքել։ Ստանալ մի ամբողջական վավերագրություն։ Բացի այդ, զուգահեռ աշխատում էի նաև մի քանի միջազգային ֆոտո, վիդեո գործակալությունների համար։ Նրանց համար ընթացիկ ֆոտո, վիդեոպատմություններ էի պատրաստում։ Դա իհարկե շատ ռեսուրս էր տանում, բայց կարծում եմ կարևոր էր, որ նաև Հայաստնից դուրս տեսնեին, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Եվ՛ տեղական,և՛ միջազգային լրատվամիջոցներին ուղարկվող բովանդակությունն առանձնացնելը, մշակելն ու ուղարկելը շատ ժամանակ էր խլում, այդ պառճառով ավելի շատ նկարել չէի հասցնում։   

Որքան էլ ասեմ, որ տարբեր դժվարին իրավիճակներում եմ աշխատել, միևնույն է, սա բացարձակ այլ էր։ Նման իրավիճակում  հայկական լրատվական դաշտի ոչ մի լրագրող դեռ չէր աշխատել։ Էմոցիոնալ առումով էլ էր շատ դժվար։ Բայց աշխատանքի ընթացքում չէի հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում։  

Գերխնդիրս էր, որքան հնարավոր է շատ բան ֆիքսել, կարևոր դրվագ բաց չթողնել։ Նման իրավիճակներում առաջին պլան է գալիս էմպատիան։ Երևան գալուց հետո նոր սկսեցի զգալ ու հասկանալ տեսածս։  

Ճգնաժամային իրավիճակներում լրագրողի կարևորագույն խնդիրն է պատմել մարդու մասին՝ չվնասելով նրան։ Քեզ մոտ սա ինչպե՞ս էր ստացվում։  

Ինտուիտիվ, փորձառությունից ելնելով հասկանում ես ի՞նչ անել, որ այո՛ չվնասես, այլ օգնես։ Հուզական, էմոցիոնալ, խոշոր պլանով արվող կադրերը միգուցե շատ ազեդեցիկ են, բայց էթիկական առումով ոչ կոռեկտ։ Փորձել եմ նման կադրերից հրաժարվել։ 

Ես քանի որ հիմնականում անում էի ռեպորտաժային բնույթի լուսանկարներ, այսինքն ցույց էի տալիս հերթի մեջ կանգնած մեծ թվով մարդկանց, ընդհանուր կադրերով ներկայացնում էի իրավիճակը, կոնկրետ մարդկանցից համաձայնություն, նկարելու թույլտվություն ստանալու խնդիր չունեի։  

Սովորաբար համաձայնությունը փորձում եմ ստանալ, նույնիսկ ոչ վերբալ տարբերակով։ Հայացքով հասկացնում եմ, որ պատրաստվում եմ նկարել, եթե չեն ընդդիմանում, մի քանի վայրկյան սպասում եմ, որ պատրաստվեն, հետո նոր նկարում եմ։ Սրանք մասնագիտական փոքր նրբություններ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել։  

Միայն մի դեպք եղավ, երբ արտասահմանյան լրատվամիջոցի համար կոնկրետ մեկ ընտանիքի պատմություն էի ուզում ներկայացնել։ Նրանց համաձայնությունը ստացա և երեխաներին նկարահանելու համար ծնողների գրավոր թույլտվությունը խնդրեցի։  

Goris dsiplaces people, 2023 September

Գրիգորյանների ընտանիքը։ Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Դեպքեր էլ կային, երբ տեսնում էի, որ չեն ուզում, որ տեսախցիկս իրենց  ֆիքսի, պարզապես մոտենում էի, զրուցում էինք, իրենց պատմությունն էին մարդիկ պատմում։ Հասկանում էի, որ մարդիկ խոսելու կարիք ունեն։    

Ինֆորմացիա հաղորդելուց, կատարվողի մասին պատմելուց բացի ուրիշ ի՞նչ դերակատարում ունի ֆոտոլրագրողը նման բարդ իրավիճակներում։   

Ֆոտոլրագրողը մի  քանի  գործառույթ է կատարում։ Նախ առաջին հերթին այո՛, այն ինֆորմացիան է, որը պատկերի տեսքով հասանելի է դառնում հանրությանը։ Երկրորդ, բայց շատ կարևոր գործառույթը փաստահավաք աշխատանքն է՝ վիզուալ փաստերի հավաքչությունը։ Այս փաստավավերագրությունը հետագայում կարող է օգտագործվել միջազգային տարբեր ատյաններ ներկայացնելու համար, կարող է ներառվել մարդու իրավունքների զեկույցներում, փաստն արձանագրելն այս առումով շատ կարևոր է։  

Ֆոտոն այս դեպքում նաև ծառայում է որպես շատ արագ աշխատող և բարձր արդյունավետություն ունեցող գործիք, որն օգնում է լուծել նույնիսկ սոցիալական խնդիրները։ Եղան դեպքեր, երբ լուսանկարը հրապարակելուց հետո, զանգում էին ու տվյալ ընտանիքի կոնտակտներն էին հարցնում, որպեսզի կարողանային որևէ կերպ նրանց օգնել։ Եվ երբեմն, կայքում կամ սոցիալական հարթակներում հրապարակված կոնկրետ լուսանկարների արդյունքում ընտանիքները թիրախային օգնություն էին ստանում։   

Կան սխալներ կամ բացթողումներ, որ պոստ ֆակտում կարող ես ասել՝ թերացել ես։ 

Ափսոսում եմ, որ սեպտեմբերի 28-ին հետ վերադարձա։ Կարելի էր 2 օր էլ աշխատել  ու ամբողջական վավերագրություն ունենալ։ Մի քանի օր Երևանում լարված աշխատելուց, 4 օր էլ Կոռնիձորում ու Գորիսում գերլարված, գերէմոցիոնալ վիճակում աշխատելուց հետո, երևի հոգնածությունը խանգարեց, չկարողացա թվերը ճիշտ հաշվել, հասկանալ  ինչքա՞ն մարդ է եկել, հոսքը դեռ քանի՞ օր կտևի։ Հույս ունեի հանգստանալ ու վերադառնալ Կոռնիձոր։ 

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *