Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, խոսելով թե՛ շրջափակման երկար ու ձիգ ամիսների ընթացքում, թե՛ պատմական ողբերգության այս օրերին Արցախում աշխատող լրագրողների մասին, անընդհատ կրկնում էր․ նրանք անձնվեր, անմարդկային ծանր ու չափազանց կարևոր աշխատանք են կատարել ու կատարում։
Նրանք, սեփական վիշտը, անձնական կորուստներն ու դժվարությունները մի կողմ թողած, վավերագրում են Արցախի պետականության ակումը։
Վերջին անգամ, ե՞րբ եք խոսել Ձեր գործընկերների հետ, ի՞նչ տեղեկություններ ունեք, դեռ Արցախու՞մ են։
Արդեն 2 օր է կապ չկա։ Գիտեմ, որ լրագրողների մի մասն արդեն Հայաստանում է, մի մասը ճանապարհին է՝ միջանցքում, մի մասն էլ դեռ շարունակում է մնալ և աշխատել Արցախում։ Սա խոսում է այն մասին, որ լրագրողները կամ նրանց մի մասը պատրաստ են մինչև վերջ աշխատել, մինչև վերջ իրենց առաքելությունը կատարել։
Ի՞նչ դերակատարում ունեն այս օրերին Արցախում ապրող ու աշխատող լրագրողները, և ինչո՞վ է նրանց աշխատանքն այսօր առավել արժեքավոր։
Շատ տխուր իրողություն է: Արդեն հրապարակվել է Արցախի հանրապետության նախագահի որոշումը, ըստ որի՝ մինչև տարեվերջ, մեր աչքի առջև հիշողություն է դառնալու հայկական երկրորդ պետականությունը։ Այս իրողություններն իրենց ողբերգությամբ հանդերձ պատմական իրողություններ են և պետք է արձանագրվի ամեն ինչ։
Մեր պետականության վերջին շունչն էլ, վերջին ջանքերն էլ, մաքառումներն էլ, ամեն ինչ պիտի արձանագրվի պատմության համար՝ հետագայում մարսելու, եզրակացություններ անելու, վերլուծելու համար։ Եվ այս շատ կարևոր առաքելությունը տրված է լրագրողներին։
Այս օրերին շատ ու շատ արցախցիներ ճարահատված, հնարավոր ու անհնարին տարբերակներով փորձում են օր առաջ դուրս բերել իրենց ընտանիքներն Արցախից։ Նույն խնդիրն ունի նաև լրագրողը, բայց նա դեռ աշխատում է։ Սա առաքելությու՞ն է, թե պատիժ։
Այսօր Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակում են բոլորը, բայց ես կարծում եմ, որ լրագրողները կրկնակի ծանր հոգեբանական վիճակում են։ Լրագրողը պետք է լուսաբանի այն ամենն ինչ կատարվում է այսօր, բացի այդ նա խնդիր ունի իր ընտանիքին անվտանգ դուրս բերելու, խնդիր ունի երեխաներին կերակրելու։ Պարզապես, ահավոր պայմաններ են աշխատելու համար։ Հենց սա է պատճառը, որ երբ անհրաժեշտ է լինում գնահատել նրանց կատարած աշխատանքը, ես դժվարանում եմ խոսել ընթացքում եղած թերությունների մասին, որովհետև անմարդկային պայմաններ են, և նրանք արել են առավելագույնը։
Շրջափակման ընթացքում Արցախի լրագրողները տեղեկատվական միակ աղբյուրն էին թե՛ հայաստանյան և թե՛ արտասահմանյան լրատվամիջոցների համար։ Որքանո՞վ ստացվեց միջազգային հանրության ու Արցախի տեղեկատվական շփումը։
Ցավոք, այո, աշխարհը բավարար չափով չխոսեց Արցախի շրջափակման մասին, և պատճառները մի քանիսն էին։ Քանի որ խոսում ենք արցախյան լրագրողական ընտանիքի մասին, ապա նախ սկսեմ մեր ներքին խնդիրներից։
Արցախյան տեղեկատվական դաշտը Արցախի հումանիտար ճգնաժամն արտաքին աշխարհին ներկայացրեց այնքանով, որքանով ի վիճակի էր։ Որքանով թույլ տվեց կայացվածության իր մակարդակը։
Իսկ Արցախում տեղեկատվական դաշտը կիսակայացած, կիսատ-պռատ վիճակում է, և այս պայմաններում լրագրողներն արել են այն ամենը, ինչը հնարավոր էր։
Ինչու՞, ի՞նչն էր պատճառը, որ տեղեկատվական դաշտը Արցախում կայացած չէր։
Պատճառը Արցախի իշխանությունների՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունն էր, որը ոչ միայն չէր նպաստում, այլև խոչընդոտում էր զարգացած, կայացած լրատվական դաշտ ունենալուն։ Նրանք ամեն ինչ անում էին, որ տեղեկատվական դաշտը սպասարկի միայն իրենց՝ իշխանությունների ու իշխանավորների շահերը։ Սա առավելագույն պահանջն էր, որ դրվում էր տեղեկատվական դաշտի առաջ։
Իսկ հասարակությու՞նը, հասարակությունը չունե՞ր անաչառ, անկախ լրատվություն ստանալու պահանջ։
Հասարակության մեջ էլ չկար կայացած լրատվադաշտ ունենալու պահանջը։ Բացի հասարակության առաջադեմ մասի գնահատականներից ու դիտողություններից և այդ հարցը մշտապես հրատապ պահելուց, հանրության մեջ էլ հիմնականում չկար անաչառ տեղեկատվության անհարժեշտության գիտակցումը։ Եվ սա ևս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր։ Կարծես թե այդ վիճակը բավարարում էր բոլորին` թե՛ լրատվամիջոցներին, թե՛ լրատվությունը սպառողներին։
Բայց անկախ մամուլի ջատագովները, այդ թվում Ստեփանակերտի մամուլի ակումբը, տասնամյակներ շարունակ ջանքեր էին գործադրում խախտելու պետական մենաշնորհը տեղեկատվական դաշտում և նպաստելու անկախ մամուլի կայացմանը։ Սակայն ռեսուրսները խիստ անհամաչափ էին։
Այս ամենից բացի, էլ ի՞նչը դարձավ պատճառ, որ միջազգային լրատվամիջոցները բավարար չափով չլուսաբանեցին Արցախի շրջափակումը։
Այն որ, գրեթե 10 ամսվա ընթացքում արտասահմանյան ոչ մի լրատվամիջոց, արտասահմանցի ոչ մի լրագրող չի եկել Արցախ, սեփական աչքերով տեսնելու և նկարագրելու այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում, համաշխարհային լրագրության ամոթալի էջերից է։ Եվ հայկական լրագրողական, փորձագիտական շրջանակում ընդունված է ասել, որ միջազգային լրատվական դաշտը դավաճանեց իր իսկ սկզբունքներին։
Երբ Ադրբեջանի նախագահը և միջազգային հեղինակավոր լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում էին Շուշիի մեդիաֆորումին, նրանք գտնվում էին Ստեփանակերտից մի քանի կմ հեռավորույթան վրա։ Նրանք այնքան համարձակություն չունեցան, որ դիմեն Ադրբեջանի նախագահին և պահանջեն, որպեսզի իրենց թույլ տրվի այցելել Ստեփանակերտ։ Այստեղ ոչ մի արդարացում չի կարող լինել։ Աշխարհի տարբեր թեժ կետերում իրավիճակի տերերին ձեռնտու չէ, որ տեղում լրագրողներ աշխատեն, բայց լրագրողներն, այնուամենայնիվ մեկնում են այդ թեժ կետերը։
Եթե այսօր Արցախում լրագրողները վավերագրում են Արցախի Հանրապետության անկումը, ապա 30 տարի վավերագրել են նաև հայկական երկրոդ պետության կյանքն ու գործունեությունը։ Տարիների ընթացքում ձևավորված թե՛ տպագիր, թե՛ տեսալսողական մեդիայի արխիվին այսօր ի՞նչ ճակատագիր է սպասվում։
Մենք հիմա մեր երևանյան ու միջազգային գործընկերների հետ փորձում ենք գտնել թե՛ Արցախի հանրային հեռուստաընկերույթան հսկայական արխիվը, թե՛ մեկ դարի շեմը հատած «Ազատ Արցախ» թերթի արխիվը փրկելու ճանապարհները։ Մայր թերթը հսկայական արխիվ ունի, որը պահվում է թե՛ հանրապետական գրադարանում, թե՛ թերթի խմբագրությունում։ Որքանով տեղյակ եմ Հանրայինի արխիվի մի մասը թվայնացված է, իսկ զգալի մասը՝ ոչ։ Հույս ունեմ, որ գոնե արխիվի ամենակարևոր մասն է թվայնացված։
Իսկ «Ազատ Արցախ» թերթի արխիվը, ցավոք, թվայնացված չէ։ Լավագույն դեպքում միայն վերջին ժամանակաշրջանին վերաբերող նյութերը կարող են թվայնացված լինել, իսկ արխիվի հսկայական մասը՝ 1920-ականների հատվածը, ցավոք թվայնացված չէ։
Եվ սա շատ կարևոր հարց է, որն այս պահին փորձում ենք լուծել, տեսնենք ինչպես կստացվի։
Ցավոք, թե՛ Արցախի հանրային հեռուստատեսությունը, թե՛ «Ազատ Արցախ» թերթը չեն կարող նորմալ գործել այս օրերին, կարծում եմ՝ նրանց գործունեության վերջնական դադարեցումը օրերի հարց է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: