2023.08.04,

Տեսակետ

«ժամանակը կգա և մարզերում լրագրող մասնագետ չի լինի»

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Սուրեն Բարսեղյանը մեդիաոլորտում է արդեն 20 տարի։ Լրագրող- հաղորդավարը նախ ղեկավարում էր Սևանի ՍՏՎ1 հեռուստաընկերությունը, այժմ Գեղարքունիքի մարզային «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է: Նրա հետ զրուցել ենք մարզային հեռուստաընկերությունների գործունեության ու մեդիակառավարման ոլորտի խնդիրների մասին։ 

Ի՞նչ խնդիրներ ունի այսօր մարզային հեռուստաընկերությունը։

Ժամանակակից  տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում՝ հատկապես ինտերնետի գրեթե ամենուրեք հասանելիության պարագայում, երբ ամեն ինչ դարձել է չափազանց արագ ու հասանելի, փոխվել են բոլոր մոտեցումները։ Երբ բոլորը փորձում են սոցիալական ցանցերի միջոցով գումար աշխատել, մարզային մեդիան մի տեսակ կարծես հետ է մնում այս իրականությունից։ Մարզային հեռուստաընկերություններն այսօր  ահավոր վատ վիճակում են, գովազդ չկա, գումար չկա։  

Նախկինում, ովքե՞ր են եղել «Գեղամա»-ի գովազդատուները և ի՞նչն է պատճառը, որ հիմա գովազդը կրճատվել է։ 

Մեր գովազդատուները եղել են տեղական բիզնեսները։ Այսօր այդ բիզնեսներն էլ  հեռուստաընկերություններին գովազդ չեն տալիս, որովհետև ամեն մեկն իր ֆեյսբուքյան էջն ունի, այդպես են իրենց գովազդները տարածում։

Մենք սովոր ենք, որ լրագրողը և օպերատորը պետք է գնան նկարահանման, հետո վերադառնան աշխատեն տվյալ նյութի վրա, ամբողջացնեն աշխատանքը, նոր հասանելի դարձնեն հասարակությանը։ Բայց դա այսօր կարող է անել մեկ մարդ, և օգտաագործելով  ցանկացած մոնետիզացիա՝ Յություբ, թե սոցիալական որևէ ցանց, հստակ գումար աշխատել։ Եվ այս դեպքում մեդիան մի տեսակ երկրորդ պլան է մղվում։ Եվ հաճախ ասում են, ինչո՞ւ գնանք մեդիային գովազդ տանք, եթե կոնկրետ մեկը կարող է դա անել։

Ֆինանսական այդ խնդիրներին զուգահեռ աշխատակիցների պակաս չկա՞։

Մեր զրույցի սկզբում ես շեշտեցի, որ լրագրող եմ, հաղորդավար եմ, զուգահեռաբար նաև հեռուստաընկերության տնօրենն եմ։ Սա շատ սխալ մոտեցում է։ Իմ կարծիքով յուրաքանչյուրը  պետք է մի ուղղությամբ զբաղվի, եթե ես կառավարող եմ, պետք է զբաղվեմ կառավարման հարցերով, կարողանամ համախմբել և ճիշտ ուղղությամբ տանել ամբողջ գործընթացը և չշեղվել մեկ այլ աշխատանք կատարելու համար: 

Պետք է ունենանք խմբագրություն, լրագրողներ, որոնք որ ամեն մեկը կանի աշխատանքի իր մասնաբաժինը:

Սուրեն Բարսեղյանը աշխատանքի ժամանակ

Բայց հավատացեք, մարզային հեռուստաընկերություններում աշխատողներ էլ չեն մնացել։ Էսօր 100-120 հազար դրամ աշխատավարձով աշխատողին չի լինում գրավել: Չեն ուզում աշխատել, թողնում գնում են: Տեղափոխվում են Երևան։ 

Համաչափ տարածաշրջանային զարգացումը չի կայանում մեր երկրում, մարզերը դատարկվում են: Այ, օրինակ Գեղարքունիքի մարզում հիմա բնակավայրեր կան, որտեղ խառատ չկա։ Ժամանակը կգա և լրագրող մասնագետը չի լինի, որովհետև մարդիկ ձգտում են մարզերից, գյուղերից տեղափոխվել Երևան: Ասում են՝ Երևանում աշխատանք շատ կա, պայծառ ապագա կա:

Բայց կա՞։

Գուցե, գոնե հետաքրքրություն կա, գոնե, երբ փողոցով քայլում ես, հետաքրքրություն կա: Մարզերում քաղաքները, գյուղերը չեն զարգանում: Մտեք ցանկացած գյուղ կամ քաղաք այնտեղ կա՛մ միայն առևտուր է, կա՛մ վարսավիրանոց, կա՛մ մեքենաների սպասարկման կետեր: 

Ի՞նչ կոնտենտ եք ապահովում և ցուցադրում, և եթե կա աշխատակիցների խնդիր, ինչպե՞ս եք կարողանում ապահովել անհրաժեշտ հեռուստածրագրերի ծավալը։ 

Լրատվական թողարկումները, տեղեկատվական նյութերն ու հաղորդումները մենք ենք պատրաստում, իսկ օրենքով սահմանված գիտահանրամատչելի, կրթական, սոցիալական, մշակութային, մանկական հաղորդումների ծավալը լրացնելու համար,  համագործակցում ենք երևանյան հեռուստաընկերությունների, արտադրող կազմակերպությունների հետ։ 

Հանրային հեռուստաընկերությունից ենք վերցնում որոշ  արխիվային նյութեր։ Օրինակ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ասում է, որ մանկական հաղորդումները պետք է ունենան սուրդո թարգմանություն, բայց մենք նույնիսկ դրա մասնագետը չունենք։ Ախր բացի էն, որ գումար չունենք, մասնագետ էլ չունենք։  

Գովազդային շուկայի կրճատմանը զուգահեռ, պարտքեր շա՞տ են կուտակվել։

Ամեն ամիս միայն 180 հազար ՀՌՑ-ի գումարն է, հիմա մոտ մեկ միլիոնի չափ կուտակված պարտք ունենք ՀՌՑ-ին, աշխատավարձային պարտքեր էլ ունենք։ Հնարավորության դեպքում առաջինը փորձում ենք պետական հարկերը վճարել, հետո նոր աշխատավարձերը։ Հիմա մի գովազդի պայմանավորվածություն ուենենք, կարծում եմ դրանով պիտի կարողանանք ՀՌՑ-ի կուտակված պարտքը մարել։ 

Պետությունը որևէ կերպ պե՞տք է միջամտի մարզային հեռուստաընկերությունների գործունեությանը։ 

Բոլոր մարզային հեռուստաընկերություններով խնդիրը բարձրացրել ենք: Օրինակ, ժամանակին կար կառավարության նյութերի լուսաբանման ծրագիր, մենք լուսաբանում էինք մարզում կատարված բոլոր ծրագրերը և որոշակի գումար ստանում։ Հիմա դիմել ենք, որ նորից հնարավորություն ստեղծվի այդ թեմաները լուսաբանելու, որ գումարի աղբյուր գոնե ունենանք։ 

Ես չեմ ասում, որ մարզային հեռուստաընկերությունները շատ ճիշտ են աշխատում, արդյունավետ են ղեկավարվում: Բայց կարծում եմ, եթե պետությանը պետք են այս հեռուստաընկերությունները, ապա պետությունը պետք է կոնկրետ ֆինանսավորի։ Եթե պետք չեն, թող միանգամից հայտարարեն, ասեն, որ մեզ մարզային հեռուստաընկերություններ պետք չեն։ Համապետական սփռման ալիքները  մարզերում ցուցադրվում են և բավարար են։

Իսկ Գեղարքունիքի բնակչին հանրապետական սփռման ալիքները բավարարո՞ւմ են, մարզային հեռուստաընկերության կարիքը կա՞։

Ես կարծում եմ, որ այո՛, մարզային հեռուստաընկերության կարիքը իսկապես կա։ Մարզային հեռուստաընկերությունը տեղում է, տեղում աշխատող անձնակազմը հասցեով, ամբողջ պատմությամբ ու էությամբ գիտի մարզի բոլոր խնդիրները։ Շատ թեմաներ կան, որ հանրապետական սփռման հեռուստաընկերության ներկայացուցիչները չգիտեն անգամ։

Կառավարման ի՞նչ մեխանիզմներ եք կիրառում, որ կարողանաք խնդիրներին առավելագույն արդյունավետ լուծում տալ։

Վերջերս ավարտեցի ՄՆԿ-ի կազմակերպած Մեդիա կառավարման դպրոցը։ Դասընթացից շատ կարևոր ու նոր գիտելիքներ ստացա։ Հիմա փորձում եմ սովորածս տեղայնացնել և հնարավորինս ավելացնել մուտքերը։ 

Ցանկացած նախաձեռնության մեջ փորձում եմ գտնել բիզնես բաղադրիչը։ Ցանկացած նկարահանում, որը նախկինում անում էինք ելնելով մեր սոցիալական պատասխանատվության գիտակցումից, հիմա դիտարկում ենք նաև որպես բիզնես բաղադրիչ։ 

Առաջիկայում պլանավորում ենք ակտիվացնել նաև հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը, հույս ունեմ, որ այդ հարթակը ճիշտ օգտագործելու արդյունքում կկարողանանք որոշակի գումար գեներացնել և մեկ քայլ առաջ կատարել։   

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *