2022.10.21,

Տեսակետ

«Իրականում պատերազմը սարսափելի է ու հակամարդկային հենց իր առօրեականությամբ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայտնի ArtDocFest միջազգային վավերագրական կինոփառատոնը գալիս է Երևան, և նոյեմբերի 9-13-ը երևանյան հանդիսատեսին կցուցադրի 10 ֆիլմեր, որոնք վերջին երկու տարիների ընթացքում կարողացել են որսալ արդիականության նյարդը ու պատմել իրականության մասին այնպես, ինչպես չի կարող անել արվեստի այլ ճյուղ։ 

Ի վերջո, վավերագրական կինոն ոչ միայն արտացոլում է, այլև կառուցում իրականությունը, որի մեջ նայելով ճանաչում ենք մեզ ավելի լավ, քան կարդալով լրահոսը կամ լինելով վկա։ Կինոն աչք է, հայացք, խոշորացույց։ Վավերագրական կինոյում միշտ կա հեղինակ ու նաև հեղինակային հայացքով է այն արժեքավոր։ 

ԱրտԴոկՖեստը առաջին հերթին հեղինակային կինոյի փառատոն է, որի ուշադրության կենտրոնում են հետսովետական երկրները և դրանց տրանսֆորմացիաները։  

Փառատոնի հիմնադիր ու նախագահ, կինոռեժիսոր Վիտալի Մանսկին կարողացել է փառատոնը փայփայել ու զարգացնել՝ դարձնելով այն ազատ կինոյի սակավաթիվ հարթակներից մեկը։

Արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնը չի կայանում Ռուսաստանում, որտեղ փաստացի այն արգելված է։ Խոչընդոտներն այնքան շատ էին (դահլիճներ չտրամադրելուց, մինչև անձամբ Մանսկու վրա հարձակումը ու նրա դեմ քրեական գործ հարուցելը), որ ԱրտԴոկՖեստը հիմա ավելի շատ ճյուղավորվում է ու ներկայանում տարբեր երկրներում՝ իր արտագնա ծրագրերով։ 

Վիտալի Մանսկին կարմիր գիծ է համարում ռուս-ուկրաինական պատերազմը, որից հետո Ռուսաստանը դարձավ փակ երկիր՝ նաև ազատ կինոյի համար։ Ընդհանրապես պատերազմը հիմա ամենուրեք է ու Մանկսին կարծում է, որ հասկանալ, թե որտեղ է քո տեղը այդ պատերազմներում, կենսական նշանակության հարց է։   

Նա գալու է Երևան ու ներկայացնելու է իր վերջին  «Գորբաչյով. Դրախտ» ֆիլմը։ Եվ հիշում է, որ իր առաջին ֆիլմերից մեկը նկարահանել է Լաչինում, երբ ղարաբաղյան պատերազմը նոր էր սկսվում։ 

Այսօր, երբ պրոպագանդան ամենուրեք է, երևի վավերագրական կինոն ստացել է անսովոր դեր՝ լինելու չափ։ Արդիականության չափ։ 

Այսպես կասեի՝ արդիականությունը միգուցե նախկինում չուներ այդ աստիճանի սկզբունքային նշանակություն, ինչպես հիմա է։  

Ընդամենը մի քանի տարի առաջ, խաղաղ կյանքի պայմաններում, մենք կարող էինք խոսել արդիականության մասին ավելի հանգիստ կերպով, քանի որ այն կապված չէր մահերի հետ։ 

Վավերագրական կինոն, ինչպես նաև ողջ հասարակությունը, ավելի շատ քննարկում էր հումանիստական օրակարգի հարցեր։

Օրինակ այն, թե ինչ է մեծ հաշվով չարն ու բարին, ազատությունները, անձերի ներդաշնակ զարգացումը։ 

Բայց այսօր օրակարգում է միլիոնավոր մարդկանց կյանքը։ Սովորական մարդկանց, որոնք ստիպված են զենք վերցնել պաշտպանելու համար իրենց տները, ընտանիքները։  

Պատերազմը եկավ բոլորի համար, և այդ պատճատով էլ արդիականությունը երևի ձեռք բերեց ֆատալիստական երանգ։ 

Դուք գալիս եք Հայաստան, որտեղ արդեն երկու տարի է պատերազմ է։ Չվերջացող պատերազմական լարման մեջ ենք, գրեթե ամեն օր մարդիկ են մահանում սահմանին, մահը շարունակում է լինել առօրյայի մաս։ 

1990-ին ես երեք ամիս ղարաբաղյան պատերազմում էի, նկարահանում էի ֆիլմ Լաչինի միջանցքի մասին։

Եվ երբ հիմա լսում եմ չոր հաշվետվության պես հաղորդվող լուրեր, որտեղ թվարկվում են աշխարհագրական կետերը, հանգամանքներն ու զոհերի քանակը, հասկանում եմ, որ ինձ համար դրանք վերացական բաներ չեն։  

Իմ աչքի առաջ հայտնվում են ծանոթ մարդիկ, կոնկրետ պատկերներ, որոնք անձնապես ինձ հետ են կապված։ Եվ բնական է, որ բազմապատկվում է ցավը ու կարեկցանքը։ 

Իսկ Լաչինի մասին ֆիլմը կարո՞ղ եք ցուցադրել Երևանում, թեկուզ հիմնական ծրագրից դուրս։ 

Այն նկարահանվել է դեռևս Սովետական միությունում և պատկանում է ոչ թե ինձ, այլ պետությանը։ Այդպես էր կառուցված համակարգը, որ իրավունքները հեղինակներինը չէին, մենք բոլորս կինոարտադրության այդ համակարգում ճորտ էինք։

Բայց այդ ֆիլմը կա, և կարծում եմ իրոք այն արժե ցուցադրել։ 

Կան շատ լավ, պրոֆեսիոնալ ֆիլմեր, որոնք, այո, լավն են, բայց արդիականության նյարդի մեջ չեն, փոխարենը կարող են փայլատակել անսպասելի ժապավենները, մի բան շարժել կամ ցնցել դիտողին։ Ի՞նչից է դա կախված։ 

Երբ գալիս ենք թանգարանային սրահներ ու նայում ենք, ասենք, հունական սափորների բեկորներին, որտեղ պատկերված են տեսարաններ վաղուց մեզանից հեռացած դարաշրջանի իրական կյանքից, մենք ուշադիր զննում ենք դրանք ու փորձում հասկանալ այդ ժամանակվա կյանքը։

Ուզում ենք հասկանալ, թե ինչպես են մարդիկ ապրել։ 

Վավերագրական կինոն որոշ իմաստով նույնպես նման է կյանքի բեկորների՝ պատկերված կոտրված սափորների վրա։ 

Ընդհանրապես կարծում եմ, որ ապրել առանց հնարավորության նայելու սեփական կյանքի արտացոլանքին, անհնարին է։ 

Մարդը կարող է հրաժարվել իր արտացոլանքից միայն այն պահին, երբ առերեսվում է մահվան հետ։ Պատահական չէ, որ երբ տանը որևէ մեկը մահանում է, մենք փակում ենք հայելիներն ու բոլոր այն մակերեսները, որոնք արտացոլում են իրականությունը։  

Չգիտեմ, թե որն է այդ ավանդույթի խորքային իմաստը, բայց երևի երբ մարդը սուզվում է մահվան վշտի մեջ, նա պարզապես ի վիճակի չէ ներկա լինել իրականության մեջ։ 

Եվ քանի դեռ մենք որպես հասարակություն ու անհատներ կենդանի ենք, չպիտի սև գործվածքով փակենք հայելիները։ 

Վավերագրական կինոն հենց այդ հայելիներն են, որոնք մեզ տալիս են կյանքի զգացողություն, որքան էլ այն լինի ողբերգական։ 

Մեզ մոտ ասում են, որ հայելիները փակում են, որ մահացածի հոգին չմոլորվի։ 

Եվ այդտեղ բացարձակ իմաստ կա։  

Մենք մի կողմից խոսում ենք արդիականության մասին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ ընդգծել, որ ԱրտԴոկՖեստը որպես կազմակերպություն միշտ փնտրել է ու փորձել սատարել այն կինոյին, որն իհարկե ակտուալ է, բայցև պահպանում է հոգին։   

Ներկայացնում է իրականության հզոր ու վառ գեղարվեստական պատկերներ, այլ ոչ թե բառիս բուն իմաստով՝ իրականությունը։

Կինոն ո՛չ հրապարակախոսություն է, ո՛չ էլ այս կամ այն խնդրի արդիականացում, թեկուզ շատ կարևոր։ 

Նույնիսկ իմ ֆիլմը, որը տարիներ առաջ նկարահանել եմ Լաչինի միջանցքում (խոստովանեմ, որ դրա մասին հիշեցի միայն այս խոսակցության համատեքստում), ավելի շատ պատերազմի խելագարության ու անիմաստության պատկերի մասին էր։  

Այն կոչվում էր «Пост», ինչպես թե՛ որոշակի կրոնական գործողություն, թե՛ որպես ամրացված դիրք։ Այդ դիրքը գետի ոլորապտույտ հատվածում էր և բաժանում էր հայկական ու ադրբեջանական գյուղերը, սարի վրա ադրբեջանական դպրոցն էր, ստորոտում՝ հայկական, իսկ արանքում գերեզմանատներ էին։ Եվ դիրքը գտնվում էր գերեզմանատների սահմանագծում։ 

Իհարկե, այն ժամանակ էլ բոլորը հասկանում էին, որ Լաչինը Հայաստանն ու Ղարաբաղը միացնող միակ ու կարևոր ճանապարհն է, որը ապահովում է կյանքը Ղարաբաղում։  

Ֆիլմն ավարտվում էր զինվորի մենախոսությամբ (սովետական զինվորի), որը կիսախելագար հայացքով նայում է տեսախցիկին ու պատմում, որ գիշերն իրենց դիրքերի վրա կախվել էր թռչող ափսե։

Եվ նրանք էլ վախեցած փորձում էին հասկանալ, թե ինչ անել՝ կրակե՞լ, թե՞ չկրակել 

Հետաքրքիր է, երևի այս դեպքում այլմոլորակայինները նույնն էին, ինչ աստվածները։ 

Այո, այո։ 

ԱրտԴոկՖեստի արտագնա ծրագրերը միա՞կ ճանապարհն են փառատոնն այս փուլում պահպանելու։ Ռուսաստանում այն այլևս փակի տակ է։ 

Արտագնա ծրագրերը միակ հնարավորությունն են շարունակելու կամ ավելի ճիշտ՝ ֆիլմերի գոյությունը ապահովելու։ 

Եթե ֆիլմը զրկված է լսարանի հետ հաղորդակցությունից, այն մահացած ֆիլմ է։

Ֆիլմը չի ծնվում արտադրության փուլն ավարտելուց կամ էլ նույնիսկ ընկերական ու գործընկերական շրջանակում անցկացված պրեմիերայից հետո։  

Ֆիլմն ապրում է միայն լսարանի սինքրոն շնչառության պահին։ Երբ ծնվում է դիտման մթնոլորտը։ Այդ անորսալի ամպը, որի հիմքում հուզական լարումն է կամ ընդհակառակը՝ հուզական լիցքաթափումը։ 

Եվ գրաքննությունը (ըստ էության՝ Ռուսաստանի Դաշնությունում ռազմական գրաքննությունն է) ոչնչացնում է այս ֆիլմերը։

Զրկելով դրանք հանրայնացումից, այն սպանում է ֆիլմերը, սպանում է հեղինակներին, անիմաստ է դարձնում մարդկային կյանքերը։ Ինձ թվում է՝ շատ կարևոր է դիմադրել դրան։ 

Եթե նախկինում մենք մեր արտագնա ծրագրերը անում էինք ինդուստրիալ կամ էլ էմոցիոնալ ինչ-որ կապեր ստեղծելու կամ միգուցե որոշ հաջողություններով պարծենալու նպատակով և կազմում էինք ավելի թեթև օրակարգի ֆիլմեր, ապա հիմա փաստացի փրկում ենք այդ ֆիլմ-ուղերձները՝ ուղարկելով դրանք կյանքի տարածք։ 

Հակառակ դեպքում՝ դա կլինի հանցագործություն, երբ սպանում ես դեռ չծնվածին։ Նման է հղիության ընդհատմանը՝ ուշ ժամկետում։ 

Իսկ Երևանում ի՞նչպիսի ծրագիր է լինելու։ 

Ֆիլմեր, որոնք ստեղծվել են վերջին երկու տարիներին և տարբեր կողմերից են նկարագրում հասարակությունը, որը թույլ տվեց ծնվել այն սարսափելի ագրեսիային, որի մեջ բոլորս հայտնվեցինք։  

Ֆիլմերը դրա մասին պատմում են ոչ թե ուղիղ կերպով, այլ միջնորդավորված՝ մարդկային հատկանիշների որոշակի ամնեզիայի միջոցով, երբ թույլ տրվեց, որ մեր ներաշխարհ մուտք գործի մեղքը։ Այո, երևի հենց մեղքը։ 

Ի վերջո, պատերազմները չեն ծնվում հենց այնպես, պարզապես մեկ մարդու որոշումով, երբ վերցնում են քարտեզն ու սլաքներով նշում, թե ինչ են ուզում գրավել։  

Պատերազմները ծնվում են հասարակության պատրաստակամությունից կամ ընդհակառակը՝ հեզությունից, երբ մարդիկ պատրաստ են ընդունել պատերազմն առանց պայքարի։ 

Մեր բոլորի տներն է մտել պատերազմը։ Եվ միգուցե դրանից է նաև անզորությունը, երբ փորձում ենք պատերազմը արտացոլել կինոյում։ Անգամ առաջանում է հարց՝ պետք է արդյո՞ք դա անել հենց այսօր։ 

Հենց այս պահին, որ մենք խոսում ենք, ես ֆիլմ եմ մոնտաժում Ուկրաինայի պատերազմի մասին։ Եվ մեր թիմով մտածում ենք, թե ինչպես ի ցույց դնել պատերազմը՝ խուսափելով (մի քիչ կոպիտ է հնչում, իհարկե) «պատերազմի պորնոգրաֆիայից»։ Ի դեպ՝ այդ տերմինը հորինել են հենց ուկրաինացի կինեմատոգրաֆիստները։  

Դա այն պատերազմն է, որը բաղկացած է միայն պատերազմից։ Այսինքն, ակնհայտ բաներից՝ պայթյուններից, ռմբակոծություններից, մահերից։  

Բայց իրականում պատերազմը սարսափելի է ու հակամարդկային հենց իր առօրեականությամբ, սովորականությամբ։ 

Միգուցե Երևանում գտնել տարածքը՝ դեպի երկինք սլացող աստիճաններով, որի երկու կողմերում երիտասարդ տղաների գերեզմաններ են, ավելի լավ է փոխանցում պատերազմի ահավոր դեմքը, քան կադրերը, որտեղ դրոնները հրետակոծում են պատանիներին, որոնք անգամ չեն հասցնում զենքը հանել։ 

Եռաբլուրը․․․ 

Դա իմ կարծիքով ավելի լավ է բնութագրում պատերազմի սարսափը։ 

Զանգվածային մեդիայի շնորհիվ ջնջվում է սահմանագիծը իրական ողբերգության և համակարգչային խաղի վիրտուալության միջև։ Եվ հենց այստեղ է, որ վավերագրական կինոն պետք է մեզ վերադարձնի իրականություն։

Վերադարձնի պատերազմի մասնակիցների ու զոհերի դեմքերը, աչքերը, հույզերը, արցունքները։

Անթույլատրելի է, երբ պատերազմը տեղափոխվում է անզգայության տարածք՝ ստանալով գիշերային օդային նկարահանումների տեսք, որտեղ դիմագծերից զուրկ սպիտակ ֆիգուրները վազում են տարբեր կողմեր՝ փորձելով փախչել հրետակոծությունից։  

Դա է խնդիրը, կարծում եմ։ 

Սարսափելի է, երբ պրոպագանդիստները դրդում են ուրախանալ ու հպարտանալ պատերազմով։ Ձեր կարծիքով՝ պրոպագանդան դեռևս ունի՞ ուժ, թե՞ արդեն եկել է սթափության փուլը։ 

Մենք ու անձամբ ես գալիս ենք Երևան այդ թվում նաև հայ ընկերների, գործընկերների հետ շփվելու համար։ Միգուցե նոր մարդկանց հետ ծանոթանալու։  

Հայաստանն այն երկիրն է ու այն ժողովուրդը, որը պատերազմի մասին գիտի շատ բան՝ իր ողբերգական պատմության շնորհիվ։ Ու ես ավելի շատ ուզում եմ լսել ձեզ, քան խոսել։ 

Բարդ է կյանքում շարժվել եթե չգիտես, թե որտեղ է քո տեղը պատերազմում։ Չես գիտակցման, թե որտեղ պիտի լինես ու ինչ պիտի անես։  

Ի դեպ՝ պրոպագանդայի մասին Հարց է, թե որքանով է տեղին ու թույլատրելի զանգվածային մեդիայի թրոլինգն ու պրոպագանդան, երբ պատերազմը արդար է (օրինակ, Ուկրաինայում պատերազմի արդար գիտակցման հետ զուգահեռ պրոպագանդան բավականին կոշտ է)։

Եվ արդյո՞ք այդ պրոպագանդան ավելի շատ վնաս չի բերի, քան ազնիվ ու անկեղծ խոսակցությունը։ Սա նուրբ հարց է։

Հիմա ապրում ենք այն իրավիճակում, երբ հարցերը, որոնք չունեն պատասխաններ, ավելի շատ են, քան պարզ ու ակնհայտ ճշմարտությունների գիտակցումը։ 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *