2022.07.28,

Տեսակետ

«Առողջական խնդիրներ ունեցողները ՏիկՏոկում պատմում են կարևորի մասին, ոչ թե այն, ինչ իրենց հուշում է մեդիան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մուշեղ Հովսեփյանը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս հաճախ է օգտագործում «տեսանելի» ու «անտեսանելի» բնութագրումները։ Մեդիան է տեսանելի դարձնում խնդիրները և մեդիան էլ դրանք ուղարկում է ստվեր՝ հետնաբեմ։  

Մեծ հաշվով՝ լրատվամիջոցներում իներցիայով շարունակվող կարծրատիպային նյութերը թույլ չեն տալիս, որ ճանաչելի դառնան այն քաղաքացիները, որոնք բնավ էլ երջանիկ ավարտով ռեպորտաժների հերոս չեն։ Ընդհանրապես հերոս չեն՝ ո՛չ զոհ, ո՛չ մաքառող։ Ինչպես մենք բոլորս։

Մուշեղ Հովսեփյանը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» Հ/Կ նախագահն է և համակարգում է ներառական-իրավական բարեփոխումների կոալիցիան, որը միավորում է ոլորտի 14 կազմակերպություններ։

Նրա դիտարկումները Հանրային հեռուստատեսությունից սկսած, ՏիկՏոկով վերջացրած, շատ հետաքրքիր մտորումների առիթ են։

Շատ է ասվում, որ պետք է փոխել հասարակության վերաբերմունքը սահմանափակ կարողություններով մարդկանց հանդեպ։ Դա՞ է առաջնային նպատակը։ 

Իրականում հասարարական մտածողության փոփոխություններ կան և մեդիայում էլ դրանք նկատելի են, բայց հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր խմբերի նկատմամբ։ Կան խմբեր, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ներկայացվում են կարծրատիպերով։

Հատկապես հոգեկան առողջության կամ մտավոր զարգացման խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ վերաբերմունքը շատ քիչ է փոխվել, կամ գրեթե չի փոխվել։

Օրինակ, վերջերս Հանրայինի լուրերով նայում էի մի ռեպորտաժ, որը պատմում էր, որ Նևրոզների կլինիկան փակում են ու միացնում են Հոգեկան առողջության կենտրոնին։ Եվ այդ ամբողջ նյութը ստեղծված էր այն մտքի վրա (գուցե արդարացիորեն գոյություն ունեցող), որ մարդիկ ասում էին՝ մենք չունենք հոգեկան խնդիրներ, ինչու՞ եք մեզ ուղարկում  հոգեբուժարան։ Այսինքն, վախենում էին, թե ինչ է լինելու իրենց հետ։ Իհարկե, կա նման կարծիք ու բնականաբար լրագրողը պետք է այն ներկայացնի։

Բայց լսարանի տեսանկյունից, որը չգիտի, որ տագնապային խանգարումները (հին տերմինով ասած՝ նևրոզները) իրականում հոգեկան առողջության մաս են, դա ընկալվում էր որպես կտրուկ միջամտություն։

Եթե խոսենք տերմիններից, ոչ միայն «նևրոզը», այլև «հոգեբուժարանն» է հին տերմին։

Ոչ միայն տերմինը, այլև ինքնին երևույթն է վատ, քանի որ կառուցված է մարդուն ճնշելու, աահմանափակելու տրամաբանության վրա։ 

Աշխարհում հիմա փորձում են հրաժարվել հիվանդանոցային հոգեկան ծառայություններից, որովհետև հասկանում են, որ դրանք արդյունավետ չեն։ 

Մարդուն ինչ-որ տեղ պահելը չի նպաստում հոգեկան առողջության վերականգնմանը։ Մարդն իրեն լավ է զգում, երբ ազատ է։

Լրագրողների համար ուղեցույցներ կամ թրեյնինգներ անու՞մ եք։

Իրականում, կար մի փուլ, երբ թվում էր, որ միայն դա էլ արվում է։ Այսինքն, շեշտը անընդհատ դրվում էր լրագրողների դասընթացների ու նրանց բառապաշարի վրա։ 

Դա, իհարկե, հանգեցրեց որոշակի փոփոխության, բայց նույնիսկ եթե լրագրողներն ամեն ինչ ասեն ու գրեն ճիշտ մոտեցմամբ ու գեղեցիկ բառերով, դրանից խնդրի էությունը չի փոխվում։ 

Բնական է, որ եթե խնդիրը դիտարկում ենք ոչ միայն մարդու մեջ, այլ միջավայրում, դա դրական ազդեցություն է ունենում։ Բայց դա պետք է լինի նույնքան համաչափ, ինչ մյուս գործողությունները, որոնք փոխում են մարդու կյանքը։ Որ խնդրի ետևում տեսնենք մարդուն։

Օրինակ, եթե ծառայություններ չկան ու լրագրողները լուսաբանում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը տարբեր հաստատություններում, դրանից նրանց կյանքը շատ չի փոխվում։ 

Լավ կլինի, որ լրագրությանը նայենք որպես մարդու կյանքի որակի վրա ազդեցություն թողնող մասնագիտություն։

Հենաշարժողական խնդիրներ ունեցողը ինչպես է օգտվում տրանսպորտից, լսողական կամ տեսողական սահմանափակումներ ունեցող երեխան ինչպես է սովորում դպրոցում։ Այդպիսի մեդիա անդրադարձները կարո՞ղ են լինել խթան։

Ինձ թվում է, որ 10 տարի առաջ այդ խնդիրները մեդիայում ավելի շատ էին քննարկվում, քան հիմա։ 

Ես ամեն օր Գուգլում որոնում եմ «հաշմանդամություն» բառը, որ հետևեմ, թե ինչ նորություններ կան այդ թեմայով։ Նկատել եմ, որ հիմա մեդիայի ուշադրության կենտրոնում ավելի շատ հայտնվում են իրադարձային կամ սկանդալային դեպքերը։ Մարդկային պատմությունները շատ ավելի քիչ են։

Մենք հասկացանք, որ պետք է աջակցենք լրատվամիջոցներին, որ նրանք պատմեն այդ պատմությունները՝ գտնեն հերոս, նկարագրեն թեման, բացատրեն, թե ինչ խնդիրներ կան համակարգում։ 

Կարողացանք ստեղծել պատմություններ, որոնք յուրահատուկ էին։

Օրինակ, երբևէ չէր եղել, որ մեդիան խոսի անգործունակ ճանաչված անձի բնակարանային իրավունքի մասին, որ ծնողները կամ խնամակալները կարող են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողին խաբել ու նրան անգուրծունակ ճանաչելով՝ խլել տունը։

Կամ, որ մարդը հաստատությունում անցնում է զրկանքների միջով։ Թեկուզ զրկված է իր հարազատներին հեռախոսով զանգահարելու հնարավորությունից։ 

Կան շատ պարզ, կենցաղային հարցեր, որոնք գուցե չեն էլ երևում, քանի որ կան տեսանելի խնդիրներ (հաստատությունների վատ շենքային պայմանները, ընդհանուր անբարեկարգ վիճակը և այլն), որոնք շեղում են մարդկային խնդիրներից։

Ես լավ ծանոթ եմ համակարգի անճոռնի ու հաճախ ոչ արդյունավետ աշխատանքին (սահմանափակ հնարավորություններ ունի իմ երեխան)։ Ու պարզ է, որ միայն մարդկային պատմությունները քիչ են։ Դրանք կամ դեկլարատիվ կամ էմոցիոնալ են՝ ցույց տալով հաղթահարման օրինակներ։ Ինչու՞ պիտի հաղթահարել համակարգի պատնեշները, այլ ոչ թե օգտվել առաջարկներից։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այստեղ մեդիայի դերը։

Ամենակարևորը բարձրացնելն է հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսանելիությունը։

Ասենք, երբ որևէ մեկը խոսում է հաշմանդամությունից, նա պետք է պատկերացնի, թե ում մասին է խոսքը, նրա աչքի առաջ պետք է ինչ-որ մեկը հայտնվի։ 

Օրինակ, ես վստահ չեմ, որ երբ խոսում ենք որևէ խնդիր (նշանակություն չունի, լսողական, հոգեկան կամ տեսողական) ունեցողների մասին, մեր աչքի առաջ հայտնվում է այդ խնդիրներն ունեցող իրական մարդը։ Որ պատեկարցնում ենք, որ դա կարող է լինել մեր հարևանը, ծանոթը կամ որևէ հայտնի մարդ, որին պարբերաբար տեսնում ենք մեդիայում։ 

Շատ խմբեր Հայաստանում պարզապես տեսանելի չեն։ Լսելի է այն մարդկանց ձայնը, որոնք ավելի քիչ դժվարություններ ունեն։ 

Ես ինքս անտեսանելի հաշմանդամություն ունեմ, բայց զգում եմ, որ անհամաչափ է ուշադրությունը իմ ու նրանց հանդեպ, ովքեր նույնքան սրտացավ, ներգրավված ու ակտիվ են ոլորտում, բայց դժվար են հաղորդակցվում։ 

Նրանց, ովքեր խոսքի խնդիրներ ունեն, շատ ավելի քիչ են հրավիրում եթեր կամ հարցազրույցների, քան ինձ։

Նման դեպքերում գերադասում եմ խոսելու հնարավորությունը փոխանցել նրան, ում խնդիրները տեսանելի են։ Ասենք, եթե խոսքը տրանսպորտի մատչելիության մասին է, ավելի լավ է այդ մասին խոսի սայլակ օգտագործողը։ Թեև ես էլ չեմ օգտվում տրանսպորտից, քանի որ ֆիզիկապես դա ինձ բարդ է, բայց իմ խնդիրները տեսանելի չեն։

Ու լավ կլինի, որ լրագրողներն էլ որոշեն հարցազրույց անել, ասենք, խուլ մարդու հետ, անգամ եթե դա կլինի ժեստերի լեզվով կամ դժվար հասկանալի խոսքով։

Հիմա մեր կոալիցիայով ուզում ենք սկսել փոդքասթների շարք ու մտածեցինք, որ հյուրերի ցանկում պետք է լինեն նաև լսողության խնդիրներ ունեցողները, որոնց խոսքը դժվար հասկանալի է։ Իսկ ինչու՞ նման մարդիկ չպիտի խոսեն։ Միգուցե դա կլինի անսովոր ու ականջի համար ոչ հաճելի, բայց պետք է սովորել նաև, որ ձայները տարբեր են։

Իրականում շատ բան կախված է Հանրային հեռուստաընկերությունից, որը ոչ միայն ըստ օրենքի է պարտավոր առանց սեթևեթելու ու պաթոսի խոսել հաշմանդամների մասին, այլև հետևողականորեն խոսել։ 

Հանրայինի դեպքում շատ լավատես չեմ, քանի որ իրենց հետ համագործակցությունը միշտ եղել է էպիզոդիկ։ 

Ասենք, երբ իմացել են, որ Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու է Դաունի համախտանիշով մարդ, խորհրդակցել են մեզ հետ, որ կանխեն իրենց մեկնաբանություններում հնարավոր վրիպումները։ Մենք իրենց համար գրեցինք ուղեցույց, թե ինչպես առնվազն ուղիղ եթերում դա ներկայացնեն, քանի որ մրցույթը մեծ լսարան ունի ու մեկնաբանությունը կարող է պարունակել կարևոր ուղերձ։

Այս դեպքում մենք մեղմել ենք մեկնաբանների հնարավոր բառապաշարը։

Նման դրվագային մասնակցություն եղել է, բայց ոչ ավելի։

Ճիշտն ասած՝ նույնը այլ լրատվամիջոցների դեպքում է։ Եվ դա զարմանալի է, հաշվի առնելով, որ մեր կոալիցիայի կազմակերպությունները շատ բաց են ու նրանց հետ շփվելու համար կարիք չկա ներդնել առանձակի ջանք կամ ռեսուրս։

Միշտ պատրաստ ենք թե՛ բիզնեսին, թե՛ մեդիային աջակցել թեկուզ աշխատակազմի էթիկայի հարցերում։ Ի վերջո, դա նրանց համար կլինի առիթ հանդիպելու մարդկանց հետ, ում հետ նախկինում չեն հանդիպել։ Եվ այդ հանդիպումը անգամ կարող է առաջացնել էքստրեմալ զգացողություն։

Երբեք չեմ հասկացել, թե ինչու են այդ շանսը բաց թողնում։

Ուրիշը, տարբերվողը, արտասովորը վախ են առաջացնում։ Ու Հանրայինը իրականում ունի առաքելություն՝ երևալու ոչ միայն որպես գլամուրային շոուներ ստեղծող, այլև վախից չվախեցող մեդիա։

Կան նաև քաղաքական հարցեր, անգամ եթե թվում է, որ այդպես չէ։

Հեռուստաընկերություններն ունեն որոշակի քաղաքական առաջնահերթություններ ու սահմանափակումներ։ Բայց կա նաև այլ խնդիր։ Այն հեռուստահաղորդումները, որոնք ունեն բարձր դիտելիություն, երբեք չեն անդրադառնում հաշմանդամության հարցերին։

Օրինակ, ես արդեն մեկ տարուց ավելի է հետևում եմ Հանրայինի լուրերին ու երեկոյան հարցազրույցներին և տեսնում եմ, որ հաշմանդամության թեման քննարկում են լավագույն դեպքում որոշումներ կայացնողների հետ, բայց ոչ երբեք հաշմանդամների։

Եթե թեման սահմանադրական բարեփոխումներն են, կարելի է տեսնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իսկ հաշմանդամության թեմայից խոսում են միայն որոշումներ կայացնողները։ Չգիտեմ, թե ինչով է դա բացատրվում, բայց այդպես է։ 

Հնարավոր է, որ ամեն հեռուստատեսություն տարբեր ոլորտներում ունի իր նախընտրելի խոսող մարդուն, որը կարող է բավարարել հեռուստատեսության խմբագրության պահանջները։

Կան (եթե օգտագործեմ վատ ձևակերպում) ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք կանչում են եթեր կոնկրետ մարդկանց։ Եվ այդպիսով ստեղծվում է նաև որորտում աշխատող կազմակերպությունների արհեստական բաժանում։

Գուցե իրականում այդ բաժանումը չկա, բայց երբ մեկին հրավիրում են միայն ընդդիմադիր լրատվամիջոցները, մենք արդեն նրան նույնացնում ենք միայն ընդդիմության հետ։

Հատուկ միտում չկա, բայց փաստորեն լրատվամիջոցն է մեզ թելադրում, թե լսարանը ում կարող է համարել ընդդիմադիր հայացքների գործիչ։

Մեկ ուրիշ խնդիր էլ կա։ Էկրանում ուզում են հաճելի արտաքինով մարդ տեսնել։ Հաշմանդամները այդպիսին չեն։

Հատկապես նրանք, ովքեր ունեն դիմային դեֆորմացիա, մեծ հավանականությամբ եթերից դուրս կմնան։ 

Նաև նրանք, ովքեր միգուցե ավելի դանդաղ են խոսում կամ դժվարությամբ են կարողանում իրենց միտքը արտահայտել։ Նրանց չեն էլ դիտարկի որպես հյուր, կամ էլ թեկուզ մի քանի րոպե խոսելու հնարավորություն չեն տա ռեպորտաժներում։ 

Ենթադրվում է, որ եթերում հայտնվող մարդը պետք է էսթետիկ լինի, համապատասխանի գեղեցկության ընդունված ստանդարտներին, մինչդեռ այդ գաղափարը հակասում է հաշմանդամության գաղափարին։

Ո՞ր խնդիրներով մարդիկ են ավելի շատ երևում մեդիայում։

Հիմնականում հենաշարժողական խնդիրներ ունեցողներն ու կույրերը։ Մեդիայի ուշադրությունն ամբողջովին կառուցված է խոսքի վրա։

Եթե լոսողական խնդիրներ ունեցող է, ապա նա կլինի եթերում միայն եթե նրա խոսելու խնդիրները թեթև են արտահայտված, այնքան, որ լսարանը կարող է նույնիսկ չնկատել, որ խնդիրներ կան։ 

Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց տեսնում ենք միայն հոգեբուժարանների մասին պատմող նյութերում, այլ ոչ ավելի լայն սոցիալական համատեքստում։

Ընդհանրապես չենք տեսնում մտավոր խնդիրներ ունեցողներին, նրանց փոխարեն տեսնում ենք միայն ծնողներին, նույնսիկ եթե խոսքը չափահասների մասին է։

Ու մի նրբություն էլ կա. ոչ տեսանելի հաշմանդամությամբ մարդը ո՛չ հաշմանդամների աշխարհում է, ո՛չ էլ խնդիրներ չունեցողների։

Կոպիտ ասած՝ ո՛չ այնտեղ է կարողանում լիարժեքորեն ներկայանալ, ո՛չ այստեղ։ Ամեն դեպքում նա հաշմանդամություն ունի, բայց նրա դժվարությունները պակաս տեսանելի են կամ չեն էլ երևում։

Եվ այստեղ է, որ մեդիան կարող է հանդիսանալ կամուրջ այդ երկու աշխարհների միջև՝ ապահովելով միջավայրը, որտեղ մարդը կցանկանա խոսել ու չի վախենա խոսել։

Նա շատ լավ գիտակցում է, որ նույնիսկ ամենապաշտպանված միջավայրում իր խոսքը հաջորդ վայրկյանին կարող է օգտագործվել իր դեմ։ Որ հասարակությունը հանգիստ կարող է նույն պահին հարձակվել նրա վրա՝ անհեթեթ պատճառով։

Վերջերս մտածում էի պաշտոնյաների հոգեկան առողջության մասին։ Այդ մարդիկ իրականում չեն կարողանում օգտվել հոգեկան ծառայությունից՝ հասարակության խարանի պատճառով։

Բայց հասարակությունը առաջինը կշահեր, եթե պաշտոնյաները առնվազն շաբաթը մեկ այցելեին հոգեբանի։ 

Ու թեև հասարակությանը դա օգուտ է, այն դեմ է դրան՝ համարելով ամոթալի քայլ։

Իսկ տեխնոլոգիաները օգտագործվելու՞  են հաշմանդամների առօրյան թեթևացնելու համար։ Ասենք, կլինե՞ն հայալեզու հավելվածներ, ինքնաշխատ թարգմանիչներ և այլն։

Հիմա թվայնացման ռազմավարությունում կան նման առաջարկներ։

Առաջինը տեքստ/խոսք մեխանիզմն է, երբ տեքստային տարբերակը կարելի է սարքել ձայնային և հակառակը։ Հայերեն դա դեռ չկա, իսկ անգլերենը շատ կիրառելի է։ Կարծես թե այդ մեխանիզմի ստեղծման աշխատանքները շուտով կսկսվեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։

Կա նաև մեկ այլ տեխնոլոգիա՝ արհեստական բանականությամբ աշխատող ձեռնոց։ Խուլ մարդիկ հագնելով այդ ձեռնոցը կարող են թե՛ հեռախոսի, թե՛ համակարգչի հավելվածով գրանցել ժեստերը, իսկ տեխնոլոգիան այն կմտապահի ու հաջորդ անգամ բարձրաձայն կկարդա դիմացինի համար։

Այդպիսով կհավաքվի տվյալների մեծ բազա, քանի որ ժեստերը անհատականացվում են։

Մարդը ցույց է տալիս ու բացատրում, թե իր ժեստը ինչ է նշանակում։ Դա հետաքրքիր է նաև այն առումով, որ լուծվում է լեզվի հարցը։ Կարելի է հաղորդակցվել տարբեր լեզուներով ու նաև ժարգոնով։

Տեխնոլոգիան փոխակերպում է ժեստը տեքստի ու ձայնի։ Այն կարող են օգտագործել նաև կաթված ստացած մարդիկ, որոնք կորցրել են խոսելու ունակությունը և ժեստերով նվազագույն մակարդակով կարող են հաղորդակցվել։

Դա թեև թանկ տեխնոլոգիա է, բայց կարծում եմ, որ պետությունը պետք է փորձի այն ապահովել։

Հաշմանդամություն ունեցողները առանձնապես տեսանելի չեն նաև սոցիալական մեդիայում։

Բնական է, որ հաշմանդամություն ունեցողները զգուշանում են կամ վախենում են խոսել իրենց խնդիրների մասին։ Ինչու՞ փչացնել առանց այն էլ փխրուն առողջությունը, եթե գիտես, որ սոցիալական մեդիան հեշտությամբ կարող է մի քանի վայրկյանում ոչնացնել քեզ։

Ընդ որում՝ ամբողջությամբ ոչնչացնել։ Սկսած առողջությունից, վերջացրած քո կերպարի 180 աստիճան վերափոխումով։ Դա ընդամենը մի քանի վայրկյանի հարց է սոցիալական մեդիայի համար։

Բայց ասեմ, որ ինձ շատ է ոգևորում ՏիկՏոկը, որին ակտիվորեն հետևում եմ՝ օրական առնվազն մեկ ժամ։

ՏիկՏոկում շատ են հաշմանդամություն ունեցող հայ երիտասարդները, որոնք որևէ կազմակերպության անդամ չեն, երբևէ չեն մասնակցել դասընթացների։ Այսինքն, դուրս են ՀԿ-ների տեսանելիության դաշտից։

Նրանք կիսում են իրենց փորձը, ազատորեն խոսում թե՛ կենցաղային, թե՛ գոյաբանական խնդիրներից՝ հումորով ու առօրյա հնչերանգով։

Նայում եմ ու զարմանում, թե որքան ուժ պետք է ներդնել, որ կարողանաս սեփական հաշմանդամության մասին կատակներ անել։

Եվ շատերը իրոք մեծ դիտումներ ու հետևորդներ ունեն։ Նաև մեծ ներուժ՝ փոխելու հասարակության վերաբերմունքը։ Նրանք անում եմ շատ ավելին, քան կարող են անել ՀԿ-ներն իրենց ծրագրերով։

Օրինակ, շաքարային դիաբետով մի աղջիկ վիդեո շարքով օրագրի պես պատմում է, թե ինչ հարցեր են ծագում ու ինչպես կարելի է դրանք հաղթահարել։ Ու հատկապես թիրախավորում է երեխաներին, որոնք նոր են հայտնաբերում իրենց հիվանդությունը։

Քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են նկարագրում իրենց կյանքը, ցույց տալիս, թե ինչ կարելի է սպասել տարբեր զարգացումների դեպքում։

Կա մի խուլ տղա, որը հումորային դրվագներ է նկարահանում։ Նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, որոնք խոսում են թե՛ կենցաղային դժվարություններից՝ խահանոցից, քաղաքների մատչելիությունից, թե՛ ասենք, պարային հոլովակներ ստեղծում։

Կարծում եմ՝ նման առանց միջամտության փորձառության տարածումը շատ մեծ դեր ունի։ Անկեղծ ասած՝ ՏիկՏոկում ինձ շատ հաճելի է։

Զգացվում է, թե որքան մեծ է անջրպետը ՏիկՏոկի երիտասարդների ու այն երիտասարդների միջև, որոնց հետ մենք ամեն օր ենք աշխատում։ Եվ շատ լավ կլինի, որ այդ խմբերը սկսեն երկխոսել։

Առողջական խնդիրներ ունեցողները ՏիկՏոկում իրար հետ խոսում են շատ պարզ բաներից, այլ ոչ թե այն մասին, ինչը մեդիան է հուշում իրենց։

Օրինակ, ի՞նչ է հուշում մեդիան։

Այն, որ հաշմանդամություն ունեցող մարդը անպայման պետք է խոսի հաշմանդամությունից։ 

Ասենք, ընտրությունների օրը պետք է խոսի ոչ թե բուն ընտրություններից կամ քաղաքականությունից, այլ միայն ընտրատեղամասերի մատչելիությունից։ 

Իսկ ինչու՞ չխոսել կինոյից ու խոհանոցից, այն բաներից, որոնք վերաբերվում են բոլորին։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *