Կինոքննադատ Անտոն Դոլինը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ստիպված էր հեռանալ Ռուսաստանից, քանի որ ստանում էր սպառնալիքներ իր ու իր ընտանիքի հասցեին։ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի օրերին նա Երևանում էր՝ նյութեր էր պատրաստում Մեդուզայի համար, որտեղ աշխատում է գրեթե հիմնադրման օրվանից։
Անտոն Դոլինը շատ լրատվամիջոցներում է աշխատել, պատրաստել հաղորդումներ, վարել յություբյան ալիք ու փոդքասթներ։ Նա հայտնի է իր աշխատունակությամբ, արագ արձագանքման ռեժիմով ու համակրելի խոսելաոճով։
Իրավիճակը փոխվեց կտրուկ, երբ գրաքննությունը (Անտոն Դոլինի խոսքով՝ ձկնորսական ցանց հիշեցնոց հիբրիդային ցենզուրան, որը միաձուլում է տնտեսական լծակները, չհստակեցված պայմանավորվածությունները, ինքնացենզուրան ու օրենքները, որոնք կարող են ընդունվել մեկ օրում) սկսեց ոչնչացնել ազատ հարթակները։
Երբ անգամ անմեղ զրույցները սոցցանցերում դարձան պատրվակ՝ ձերբակալվելու։
Երևանում նա հանդիպեց հայ հանդիսատեսին «Զանգակ» գրատանը։ Եվ դա շատ մարդաշատ հանդիպում էր։ Անտոն Դոլինը մեծ ազդեցություն ունեցող քննադատ է, որը չի խորշում երկար ու հաճախ անպտուղ վեճերի մեջ մտել սոցցանցերում՝ համբերատար պատասխանելով բոլորին։
Նա ասում է՝ որքան հեռու ես Ռուսաստանից, այնքան քո նկարած ֆիլմը կամ Ֆեյսբուքում գրածն ավելի ռադիակալ են, բայց նաև ավելի թույլ ներգործություն ունեն։ Սեփական մաշկի վրա զգալ պատերազմը ստիպված են բոլորը, անգամ եթե դա չեն խոստովանում։
Դուք միշտ ակտիվ աշխատել եք ու ցանկալի հյուր էիք գրեթե բոլոր լրատվամիջոցներում։ Իսկ ինչպե՞ս հիմա կբնութագրեք լրագրության վիճակը Ռուսաստանում։
Ռուսաստանում լրագրության հետ ոչ մի լավ բան չի կատարվում։ Լրագրության տարածքը նեղացել է մինչև անհեթեթ մի քանի մետրի ու փաստացի սեղմվում է ինչպես շանգրենի կաշին։ Դա սկսվեց պուտինյան ղեկավարման առաջին տարիներին՝ НТВ հեռուստաալիքի սպանությամբ, և հետո շարունակվեց։
Տեսանք, թե ինչպես տարբեր լրատվամիջոցներ НТВ-ի նման սկսեցին անճանաչելիորեն փոխվել, «վերածնվել»։ Որոշ լրատվամիջոցներ փոխվեցին կտրուկ, որոշները՝ սահուն կերպով (ինչպես, օրինակ «Կոմերսանտը»), բայց այդ վերափոխումը տեղի ունեցավ բոլորի հետ։
Այն լրատվամիջոցները, որոնց փոխել ու կոռումպացնել չհաջողվեց, պարզապես փակեցին, օրինակ, «Դոժդ»-ը կամ «Նովայա գազետա»-ն։ Եվ վերջ։
Այսօր ռուսալեզու լրագրության դաշտում իրականում կան ելք նախանշող ընդամենը երկու օդանցք-պատուհաններ, երկուսն էլ գործում են Ռուսաստանից դուրս։
Դա առաջին հերթին «Մեդուզա»-ն, որին կարելի է համարել այս շարժման պիոներ, և որի օրինակին հիմա անկասկած հետևելու են շատ այլ ռուսալեզու լրատվամիջոցներ։ Եվ, իհարկե, սոցցանցերը։
Պատահական չէ, որ Ֆեյսբուքը Ռուսաստանում հայտարարվել է «օտարերկրյա գործակալ» ու էքստրեմիստական հարթակ։ Դա աբսուրդ է, բոլորը միևնույն է օգտագործում են Ֆեյսբուքը VPN-ներով։ Ես դա տեսնում եմ իմ հետևորդների արձագանքներից, մարդիկ շարունակում են կարդալ ու ակտիվորեն քննարկել իմ գրառումները։ Դա խոսում է այն մասին, որ մարդիկ իրականում տեսնում ու կարդում են Ֆեյսբուքը։
Եթե չլինեին սոցցանցերը, կլիներ շատ կոշտ։
Դրանք օգնում են ներկա լինել՝ բավականին դեմոկրատական ռեժիմով։ Սոցցանցերում մարդիկ, որոնք ունեն որոշակի լսարան ու մեդիա տեսանելիություն և իրենց գործի պրոֆեսիոնալներ են (կամ ինչը նույնպես կարևոր է՝ բոլորովին էլ պրոֆեսիոնալներ չեն, բայց կարող են ձեռք բերել մեդիա հեղինակություն) կարող են իրենց թույլ տալ ոչ պրոֆեսիոնալ խոսք։
Այս դեպքում ես դա համարում եմ առավելություն, այլ ոչ թե թերություն։
Կարճ ասած՝ հիմա միայն էմիգրանտական կամ Ռուսաստանից դուրս տեղակայված ընդդիմադիր ուղղվածության ռուսաստանյան պարբերականներն ու խմբագրությունները և սոցցանցերն են այն երկու երևույթները, որոնք թույլ են տալիս, որ ռուսական լրագրությունը որպես մասնագիտություն վերջնականապես չսատկի։
Սոցցանցերը երևի չեն կարող համարվել լիարժեք ելք, թեկուզ այն պատճառով, որ լրագրողը չի վճարվում իր տեքստերի համար։
Համաձայն եմ, բայց միևնույն է վճարովի լրագրողությունն այժմ բավականին լղոզված հասկացություն է։ Կարելի է մտորել, արդյո՞ք լրիվ է ոչնչացվել լրագրողական դաշտը։
Երևի ոչ, բայց այն հաստատ լղոզվել է։
Սոցցանցերում որևէ դեռահասի կարծիքը կարող է ավելի մեծ ալիք բարձրացնել, քան իրոք բան ասողի։ Դա չի խանգարու՞մ։
Ինձ չի թվում, որ դա լուրջ խնդիր է։ Ընդհակառակը ինձ համար դա զվարճալի մարտահրավեր է։ Ես չեմ սիրում լինել մարդու դերում, որը պատվանդանին է կամ ամբիոնի հետևում՝ բարձրախոսը ձեռքին, մինչդեռ մնացածը չունեն այդ բարձրախոսը։
Հայտնի է, որ սիրում եմ վեճի բռնվել հետևորդների հետ, որոնք կարող են գրել այդ թվում նաև բացարձակ հիմարություններ։
Երևի այդպես կոփում եմ համբերությունը՝ մտածելով, որ նման վարժանքները օգտակար են։
Պրոպագանդան շատ բան է որոշու՞մ։
Իհարկե, այն լիքն է թե՛ պրոֆեսիոնալ լրատվամիջոցներում, թե՛ ցանկացած այլ հարթակում։ Պրոպագանդան ամենուրեք է, դրա մեջ են ներդրվում լուրջ մարդկային ռեսուրսներ ու փող։
Եվ նորից կրկնեմ՝ այդպես էր Պուտինի իշխանության սկզբից և դա է նրա ապրանքանիշը։
Իսկ ամենատհաճ հետքը, որ կարող է թողնել պրոպագանդան, ո՞րն է։
Ամենատհաճն այն է, թե ինչպես են մարդիկ հռչակվելու մոլուցքից դրդված, այսպես ասած՝ հայփի խոստումի խայծը կուլ տալով, հեշտությամբ առևտրի ապրանք սարքում սեփական համոզմունքները։
Դա հաճախ ենք տեսնում։ Մարդը իբրևէ թե էմոցիաների ազդեցության տակ (կամ էլ իսկապես էմոցիաների ազդեցության տակ) կարող է հանկարծ ասել կամ գրել ուղղակի անտանելի ու սարսափելի բաներ, իսկ հետո արդարանալ՝ դե, ես դա ընդամենը ասել եմ սոցցանցերում։
Սովորեցնել մարդկանց լինել պատասխանատու իրենց խոսքերի համար, դժվար թե ստացվի։ Դա գրեթե անիրագործելի նպատակ է։
Ընդհանրապես հիմա խոսքի կշիռը այնքան է նվազել, որ դարձել է չնչին։
Բայց նաև պարոդոքսալ կերպով այդ կշիռը չափազանց մեծ է։ Մանավանդ այս ժամանակներում, երբ շատ մարդկանց բերանը պարզապես փակում են։
Խոսքը միաժամանակ ոչինչ չարժե, բայց արժե շատ բան։ Եվ դա է ամենալուրջ ու խնդրահարույց պարադոքսը, որը մենք հիմա ապրում ենք։
Ռուսաստանում խոսքի կշիռն ու արժեքը կտրուկ փոխվեցին այն վայրկյանին, երբ մարդկանց սկսեցին ձերբակալել խոսքերի համար (այդ թվում, բավականին անմեղ)։
Եվ միանգամից պարզվեց, որ այն անհոգ ու իմիջիայլոց զրույցները, որոնք մարդիկ վարում էին սոցցանցերում, արդեն այն չէին, ինձ թվում էին։
Արդեն այլ մի բան էին։ Ասենք, բանտում հայտնվելու առիթ։ Մարդիկ տեսան, որ «Ոչ պատերազմին» սովորական խոսքերի համար կարող են յոթ տարով ազատազրկվել։
Հուսով եմ, որ Հայաստանում նման բան երբեք տեղի չի ունենա։
Հայաստանում անարգել հեռարձակվում են բոլոր ռուսական դաշնային ալիքները, նաև քարոզչական RT-ը։ ՌԴ ազդեցությունը մեծ է՝ կախված ենք կինովարձույթից և քարոզչության սպառող ենք։
Միայն կարող եմ ասել, որ դա սովետական ծանր ժառանգության հետևանք է։
Լեզուն ունի՞ դեր։
Կարծում եմ՝ մի կողմից լեզուն դառնում է գաղափարախոսության մաս, իսկ մյուս կողմից՝ լեզուն չի կարող լինել ո՛չ պրոպագանդայի, ո՛չ հակապրոպագանդայի լիիրավ զենք։ Լեզուն ընդամենը լեզու է։
Դա երկսայրի դանակ է, որը կարող է հարվածել ինչպես մի կողմին, այնպես էլ՝ մյուս։ Եվ կարող է վնասել հենց նրան, ում ձեռքում գտնվում է։
Հանդիպման ժամանակ ասացիք, որ հիմա սեփական անունից խոսելու ժամանակն է։ Որքանո՞վ է դա ճիշտ նաև լրագրողների համար։
Հիմա ամեն բան կախված է կոնկրետ մարդկանցից։
Լրագրողների անուններն ավելի կարևոր են, քան լրատվամիջոցների անվանումները։
Լրատվամիջոցների անվանումները, բրենդները հարուցում են կասկածներ, իսկ լրագրողը և ընդհանրապես ցանկացած մեկը, որը խոսում է իր անունից, արդեն իսկ կատարում է բրենդի դեր և այդպիսին դառնում է։
Այն անձնական դասը, որն ինձ տվեց պատերազմը, գիտակցաբար հրաժարվելն էր «մենք» դերանունի ցանկացած գործածումից։
Փորձում եմ ոչնչացնել այդ բառը։ «Մենք» չկա, կա «ես»։ Ինչ անում ես, անում ես բացարձակապես քո սեփական անունից։
Միայն դու ես, թեև, իհարկե, բարդ է ընդունել, որ միայնակ ես։
Իսկ քննադատի դերը փոխվու՞մ է։
Քննադատների դերը ինչպիսին եղել է, այնպիսին էլ կմնա։ Միշտ էլ մարդու հիմնարար պահանջներից մեկը արվեստն է՝ այս կամ այն ձևով։ Իսկ քննադատը մարդ է, որը միջնորդ է այդ արվեստի ու սպառողի միջև։
Քանի դեռ մարդկանց պետք է արվեստը, պետք կլինեն նաև միջնորդները, քանի որ ստեղծագործողները սովորաբար ինքնամփոփ են ու չեն կարողանում ուղիղ կերպով մատուցել ստեղծագործոթյունը, հատկապես կինոն։ Իսկ արվեստի վաճառքով զբաղվողների ազնվությանը հավատալ բնականաբար հնարավոր չէ։
Քննադատը որպես միջնորդ միշտ պետք կլինի։
Իսկ թե ինչ ֆորմայով կլինի այդ միջնորդությունը, նշանակություն չունի։ Դա կարող է լինել սոցցանցային զրույց, որևէ անհատական յություբյան ալիք, պարզապես հանդիպում մարդկանց հետ, ինչպես տեղի ունեցավ Երևանում։ Կամ էլ գրքի ու տեքստի միջոցով, այդ թվում շատ երկար։
Այդ բոլորը գործուն ձևեր են, որոնք կարող են գոյատևել միաժամանակ։ Կարող է փոխվել այդ ձևերի հավասարակշռությունը։
Կարծում եմ, որ հիմա անպետք է դառնում լրագրողական ծառայության այն ձևը, որի հիմքում խորհուրդն է՝ նայեք այս ֆիլմերը, կարդացեք այս գրքերը և այլն։ Եվ նորից պատճառն այն է, որ «մենք» չկա։
Միգուցե ավելի շատ արձագանք են գտնում վերլուծական կամ օրագրային ձևաչափերը։ Ինքս դեռ չեմ հասկացել։
Հայկական կինոյում շատ են պատերազմը, ցեղասպանությունն ու պաթոսը, որը ծագում է լավագույն մղումներից (որ ցույց տանք ցավը ու որ ճիշտ ենք)։ Որքանո՞վ են հաջողված դառնում նման ֆիլմերը, եթե նկարահանում են, ասենք, ուկրաինացի ռեժիսորները։ Գիտեմ, որ վերջին ամիսներին շատ եք գրում հատկապես ուկրաիանական ֆիլմերի մասին։
Ուկրաինական կինոյում շատ են պատերազմի մասին ֆիլմերը, քանի որ պատերազմն այնտեղ շարունակվում է դեռ 2014-ից։ Ֆիլմերի շարքում չեմ հանդիպել պաթետիկ ֆիլմեր, թեև իհարկե, հաստատ կլինեն նաև այդպիսիք։
Ուկրաինական ֆիլմերը գրեթե բոլորը տրավմայի մասին են, ամենօրյա, շատ ծանր ու շատ տգեղ աշխատանքի։ Այն մասին, թե ինչպես է պատերազմը անդամալույծ անում մարդկանց ոգիները։
Պաթոսը ավելի շատ կարելի է գտնել ռուսական, այսպես կոչված՝ հայրենասիրական կինոյում։ Բայց դա պարզապես սուտ կինո է։ Սուտ, և վերջ։
Եվ քանի որ միանշանակ սուտ է, շատ քչերի վրա է թողնում ազդեցություն։ Չեմ հավատում, որ նման կինոն մարդկանց իրապես կարող է դուր գալ։
Եթե մարդիկ ուղենիշներ են փնտրում ֆիլմերում, ապա դա անում են հին կինոյով։ Նոր կինոյից ոչ ոք ուղենիշներ չի սպասում, դա զվարճանքի համար է։ Շատ քիչ, միգուցե 1-1,5%-ն է մտածելու համար, մնացածը զվարճանքն է։
Եվ երբեմն զվարճանքով քողարկված, հանդիսատեսի մեջ ուղղակի ներարկվում է քարոզչական թույն։ Երբեմն էլ՝ խորը, պրովոկացիոն ու հետաքրքիր մտքեր։ Դա էլ է լինում։
Դուք ունեք բարի քննադատի համբավ։ Միգուցե հիմա կարելի է զղջալ, որ քարոզչական ֆիլմերի մասին կոշտ չեք գրել։
Ես չեմ կարծում, որ իմ ընթերցողները նայում եմ նման ֆիլմեր։ Իհարկե, մարդիկ ուրախանում են, երբ որևէ չար բան եմ գրում, բայց մեծ հաշվով իմ գրածը ընդհանրապես չի առնչվում այն մարդկանց հետ, որոնք տեսականորեն կարող են քարոզչական ֆիլմի դիտման տոմս գնել։ Նրանք կարծես չհաղորդակցվող անոթներ են։
Ինքս ինձ համար որոշել էի, որ քննադատի գործը պիտի անեմ զգուշորեն, առանց չարաշահելու։
Բայց երբեմն այո, կոշտ եմ։ Ի վերջո, ես կորցրեցի իմ աշխատանքը «Առաջին ալիքում»՝ գրելով ազնիվ հոդված նման հայրենասիրական մի ֆիլմի մասին։ Ես իրոք հավատում էի, որ «Փրկության միությունը» վտանգավոր ֆիլմ է, որի դիտումները զանգվածային էին։
Հիմնականում նման ֆիլմերը նկարահանվում են, բայց մարդիկ դրանք նայել չեն ուզում։ Եվ այդ իրավիճակում մտածում եմ, որ չարժե վերջին հարվածը հասցնել այդ խեղճ, ոչ մեկին պետք չեկող կինեմատոգրաֆիստներին։
Ավելի լավ է, որ անտարբերության չափաբաժինը իրենք ստանան հանդիսատեսից։ Դա կլինի լավագույն լուծումը իրենց արած գործի դիմաց։
Կարո՞ղ եք նշել գոնե մեկ ֆիլմ, որն իրոք վատն է ու ունեցել է մեծ հաջողություն կինովարձույթում։ Չեք կարող։ Այդ բոլոր քարոզչական ֆիլմերը տապալվել են, քանի որ ոչ մեկին պետք չեն։
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: