2022.07.13,

Տեսակետ

«Տպավորություն է, որ մարդկանց ավելի շատ հետաքրքիր են քաղաքական, քան տնտեսական լուրերը»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Տնտեսագետ, ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը փորձում է վերլուծական ակնարկների, ինչպես նաև մեդիայի օգնությամբ հանրության համար ավելի ընկալելի դարձնել տնտեսական գործընթացները, փաստերի և տվյալների դաշտ բերել տնտեսական դիսկուրսը։

Ըստ տնտեսագետի՝ մասնագիտական անկողմնակալ կարծիքը հատկապես կարևոր է անկայունության ժամանակներում, ուստի պետական մարմինները, ուղեղային կենտրոնները և լրագրողական համայնքը պետք է ներդաշնակ աշխատանքով թույլ չտան, որ առաջանա տեղեկատվական վակուում։ 

Նարեկ Կարապետյանը կարծում է, որ տնտեսական լրագրությունը բացի տեղեկատվություն տալուց, պետք է նաև առավել գործնական խնդիրներ լուծի։ Օրինակ, ներկայացնելով անհատներին հասանելի ներդրումային հնարավորությունները՝ օգնի հայաստանյան կապիտալի շուկային թափ հավաքել, նպաստի հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ տեղեկացվածությանը և այլն։

Տնտեսությունը մեդիայի համար հեշտ թեմա չէ, լրագրողները քիչ են հետաքրքրված։ Ի՞նչու է այդպես ստացվում։

Եթե չհաշվենք տնտեսական խոշոր իրադարձությունների շրջանակում կտրուկ աճող լուսաբանման աստիճանը, դժվար չէ նկատել, որ լրատվադաշտում տնտեսականը մնում է երկրորդային թեմա։

Կարծում եմ` այստեղ խնդիրը ոչ միայն լրագրողների պատրաստվածության և ցանկության, այլև հանրային շրջանակներում տնտեսական թեմաների նկատմամբ հետաքրքրվածության հարցն է։ 

Ես դա երկու գործոնով կբացատրեի։

Սկսեմ ավելի մասնավոր գործոնից զարգացած երկրներում, որտեղ կարելի է տեսնել տնտեսական թեմաների նկատմամբ բարձր հանրային պահանջարկ և կայացած ինստիտուցիոնալ համակարգեր (լավ օրինակ են մասնագիտացված ամերիկյան Bloomberg և CNBC, անգլիական Reuters գործակալությունները), հետաքրքրության հիմնական ալիքը գալիս է կապիտալի շուկաներում մեծ թվով մարդկանց ակտիվությունից։

ԱՄՆ-ում շատերը ոչ միայն իրենց ընտրությամբ սեփական ազատ խնայողություններն են բորսայում տեղաբաշխում, այլև հաճախ ինքնուրույն են կառավարում սեփական կենսաթոշակային միջոցները։

Ուստի, այս մարդիկ «ստիպված են» հետևել, թե ինչ է կատարվում տնտեսությունում, ինչպիսին են տնտեսական կանխատեսումները, ինչ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ են իրականացվում, տնտեսության որ ոլորտներն են ավելի արագ աճում և այլն, որպեսզի կարողանան որոշումներ կայացնել։ 

Հայաստանում, հայտնի պատճառներով, կապիտալի շուկաներում ակտիվ գործունեություն խիստ սահմանափակ թվով մարդիկ են իրականացնում, իսկ մեր կենսաթոշակային միջոցները մեր փոխարեն կառավարում են երկու կենսաթոշակային կառավարիչները։

Հետևաբար, այս տեսակետից պահանջարկը տնտեսական լրատվության և վերլուծությունների նկատմամբ միայն քիչ թվով մասնագետների շրջանակից դուրս չի գալիս։ 

Մյուս կողմից, կա նաև ավելի գլոբալ պատճառ։ Տպավորություն է, որ մարդկանց ավելի շատ հետաքրքիր են քաղաքական, քան տնտեսական լուրերը՝ թեպետ երկրորդներն ավելի անմիջական ազդեցություն ունեն իրենց կյանքի որակի վրա։ 

Սա արդեն հասարակական մտածողության հարց է, որին տարբեր գործոններ կարող են հանգեցրած լինել, օրինակ՝ պլանային տնտեսությունում ապրած լինելու իներցիան և ամեն ինչ քաղաքական որոշում կայացնողների հետ կապելը, տնտեսական պրոցեսների մասին բավարար գիտելիքների բացակայությունը, քաղաքական նպատակներով տնտեսական զարգացումների մեկնաբաններում հաճախ հանդիպող մանիպուլյացիաները և այլն։ 

Լրագրողական նյութերում ի՞նչ խնդիրներ եք նկատում՝ թեմաների ընտրության, կառուցվածքի, խորության, ներկայացման հետ կապված։

Հիմա մենք ունենք լրագրողներ, որոնք որակյալ աշխատանք են կատարում, «մատը պահում են տնտեսական զարկերակին» և ամենօրյա պարբերականությամբ լուսաբանում կարևոր թեմաները։ 

Խնդիրը, կարծում եմ, ավելի շատ, խորության մեջ է։

Տնտեսական լրագրության մեծ ավանդույթներ ունեցող երկրներում լրագրողներ կան, որոնք ի վիճակի են ազդել հանրային կարծիքի վրա, և որոնց ասելիքը լսելի է նաև տնտեսական քաղաքականություն մշակողներին։ 

Այս ճանապարհին, օրինակ, ցանկալի կլիներ տեսնել ավելի շատ խորը վերլուծություն պարունակող սյունակներ, հոդվածներ և այլն։ Այսինքն՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով մոտեցում։ 

Հիմա հանրության մեջ շատ քննարկվող թեմա է դոլարի արժեզրկումը։ Դուք ինչպե՞ս կգնահատեք՝ մեդիան բավարար հետաքրքրվա՞ծ է այս թեմայով, արդյո՞ք մարդկանց բացատրում են իրավիճակը, որպեսզի նրանք գիտակցված որոշումներ կայացնեն։

Հատկապես նման իրավիճակներում կարևոր է, որ մարդիկ ունենան վստահելի տեղեկատվության աղբյուրներ։

Փոխարժեքի փոփոխությունները, գնաճը, նման այլ գործընթացները ուղղակիորեն ազդում են մարդկանց կյանքի որակի վրա, և կարևոր է, որ մարդիկ պատկերացնեն այդ փոփոխությունների պատճառները, որպեսզի քաոսի զգացողություն չառաջանա։ 

Սակայն միայն տնտեսական լրագրությունը չէ, որ պատասխանատու է։

Թերևս նման հարցերում առավել կարևոր են անկախ փորձագիտական, ինչպես ընդունված է ասել՝ «ուղեղային» կենտրոնների դերը, ինչը մեր իրականության մեջ դեռ մնում է ձևավորման փուլում։

Պետական մարմինները, ուղեղային կենտրոնները, լրագրողական համայնքը այն օղակներն են, որոնք ներդաշնակ աշխատանքով պետք է թույլ չտան տեղեկատվական վակուումի առաջացումը, ինչն ամբողջ հասարակության շահերից է բխում։

Փոխարժեքը հարմար թեմա է լրատվամիջոցների մանիպուլյացիաների համար։ Հանդիպե՞լ եք նման դեպքեր, ի՞նչ բնույթի են եղել դրանք։

Նկատել եմ, որ փոխարժեքի թեմայով հանրային հարթակներում խոսելիս որոշակի զգուշություն է ձևավորվել մեր հասարակության մեջ, ինչը կարևոր ձեռքբերում է։ 

Չէի ասի, թե մանիպուլյացիներ, բայց, իհարկե, հանրային հարթակներում պատահում են մասնագիտորեն չհիմնավորված ու բացարձակ ճշմարտություն ներկայացնելու դեպքեր, սակայն կարծես թե լրագրողական համայնքն այս հարցում հիմնականում պատասխանատու վարքագիծ է ցուցաբերում։ 

Կարո՞ղ եք բացատրել, թե հատկապես ինչին ուշադրություն պետք է դարձնեն լրագրողները փոխարժեքի թեմայով գրելիս։

Նախ՝ փոխարժեքի թեմայով հանրային կարծիք արտահայտելիս պետք է գիտակցել դրա պատասխանատվությունը և խուսափել փոխանցել այնպիսի ուղերձներ, որոնք կարող են ուղղորդել անհատների ֆինանսական որոշումները և կորուստների հանգեցնել։

Օրինակ, երբ այս տարի դրամը ժամանակավորապես արժեզրվում էր, առանձին մեկնաբանություններում սա ներկայացվում էր որպես ֆինանսական անկայունության դրսևորում, և բացի այդ՝ որպես արդեն ավարտված երևույթ։

Բայց իրավիճակը ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ երկրորդը։ Լրիվ հակառակը՝ փոխարժեքը կայունարար է և փոփոխվում է հենց նման անկայունություն թույլ չտալու համար։ 

Հետո դրամը սկսեց արժևորվել, և նույնանման մեկնաբանության սկսեց արժանանալ արժևորումը։

Այսինքն, անկախ նրանից, թե որ ուղղությամբ է փոխվում փոխարժեքը, բացասական գնահատականի է արժանանում։ Սրա պատճառները կարելի է կռահել մեր հասարակության խնայողությունների շուրջ կեսը դրամով է, մյուս կեսն՝ արտարժույթով, և հասարակության մի մասը միշտ կորցնում է մի ուղղությամբ փոփոխությունից, մյուս մասը՝ շահում։ 

Պարզապես տնտեսական լրագրողները և փորձագետներս պետք է կարողանան հասարակության լայն շերտերի համար պարզ դարձնել, որ փոխարժեքի փոփոխությունները բնական երևույթ են, մանավանդ՝ մեր շուրջ առկա անկայունության միջավայրում, դրանք լինելու են միշտ, ուղղակի պետք է դրանց պատրաստ լինել։ 

Ի՞նչ տնտեսական կարևոր թեմաներ կան, որ չեն արժանանում լրագրողների ուշադրությանը։ Կարո՞ղ եք հուշել նաև դրանց կարևորությունը։

Ընդհանրապես, տնտեսական զարգացումները, առանցքային ցուցանիշները, միջազգային զարգացումները ներկայացնելը շատ կարևոր է։

Բայց ես ավելի շատ եմ կարևորում այն տեղեկատվությունը, որը մարդկանց համար նոր տնտեսական հնարավորություններ է ներկայացնում, այսինքն տալիս է այնպիսի տեղեկատվություն, որը կարող է կապիտալացվել։

Օրինակ, լավ կլիներ, որ տնտեսական լրագրողները ավելի մեծ ուշադրություն դարձնեին հայաստանյան կապիտալի շուկաների զարգացումներին։ 

Այսպես օրինակ, վերջին երկու տարիներին բազմապիսի զարգացումների ֆոնին շատ քչերն են երևի նկատել, որ մեր բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի ծավալը ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 1 մլրդ դոլարի, պետական պարտատոմսերի ծավալը հասել է 2.5 մլրդ դոլարի, ներդրումային ֆոնդերի քանակը մոտեցել է 50-ին, ներդրումային ընկերություններին՝ հասել 15-ի, ավելացել են իրական հատվածի թողարկողներ, ինչպես օրինակ «Յուքոմը» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և այլն։ 

Այսինքն, ձևավորվել է կապիտալի շուկայի զարգացման բավականին լավ թափ, որին ցանկալի է, որ հասարակության լայն շերտերը ևս տեղյակ լինեին։

Հասարակության տեղեկացվածությունը մի կողմից կնպաստի այս թափի պահպանմանը, մյուս կողմից՝ անհատներին կծանոթացնի դրանցում առկա ներդրումային հնարավորություններին։  

Կարող եմ նշել, որ շատ քիչ են լուսաբանվում նաև համայնքային ֆինանսներին վերաբերող հարցերը, մինչդեռ սա հանրային հատվածի այն շերտն է, որտեղ քաղաքացին ուղիղ պետք է տեղյակ լինի և տեսնի, թե ինչպես են օգտագործում համայնքային ֆինանսները։

Անելիք, իհարկե, շատ կա։ Հուսանք, մեզ մոտ էլ կունենանք ինստիտուցիոնալ կայացվածության այնպիսի մակարդակի հասած տնտեսական լրատվության դաշտ, որ ներկայումս գուցե նեղ համարվող այս թեմաները ևս պատշաճ լուսաբանում ստանան։

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *