2022.07.08,

Տեսակետ

«Մեդիա հարթակները պետք է հատկապես զգայուն լինեն մարդու իրավունքների հանդեպ ու չմանիպուլացնեն դրանք»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում է ՀՀ ազգային փոքրամասնությունների՝ եզդիների շրջանում թշնամանք հարուցելու մեջ, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ։

Սաշիկ Սուլթանյանը «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է, 2018-ից փորձում է իրազեկել ու օգնել եզդիներին, որոնք բախվում են իրենց իրավունքների խախտումներին։ 

2020-ին ԱԱԾ-ն քրեական հետապնդում սկսեց Սուլթանյանի դեմ՝ հիմնվելով Yezidinews.com կայքին տված հարցազրույցի վրա, որտեղ նա ասել է, որ եզդիները Հայաստանում խտրականության են ենթարկվում, չեն կարողանում ուսումնասիրել իրենց լեզուն, զարգացնել իրենց մշակույթը, բավարար չափով ներկայացված չեն տեղական ինքնակառավարման մարմիններում: Եվ ապրում են «վախի մեջ»:

Դա համարվել է բավարար հիմք, որ Սաշիկ Սուլթանյանին մեղադրեն ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հոդվածով։ 

Եվ քանի որ միշտ առաջանում են օրենքների մեկնաբանությունների խզումներ, կարելի է մտորել, թե երբ է իրավունքների խախտումների մասին խոսելը որակվում որպես ազգային թշնամանքի հարուցում և ենթադրում քրեական պատասխանատվություն։ Եվ երբ է ընկալվում որպես իրավապաշտպանական աշխատանք։

Ամեն դեպքում դատական գործը դեռ շարունակվում է և թվում է, որ գործում են շատ ավելի ամուր ու անտեսանելի կապեր, քան այն տրամաբանական շղթաներն են, որոնք առաջարկում են օրենքները։

Սովորաբար դա տեղի է ունենում անկատար դատաիրավական համակարգերում, իսկ «Ամեն ինչ լավ է» պնդումը չի ենթադրում որևէ քննադատական խոսք։ Քննադատողը դառնում է թշնամանք հարուցող ու անցանկալի անձ, իսկ միայն դրական բաների մասին խոսողը՝  ցանկալի հերոս։

Ձեր դեմ ներկայացված դատական հայցը բավականին զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ հաստատ կան ավելի առաջնային հանրային հարցեր, որոնց մասին գրեթե չենք խոսում։ Եզդիական համայնքը այդ հարցերին տեր կանգնել չի շտապու՞մ։

Նախ ուզում են ասել, թե որքան կարևոր է հասարակության  բոլոր խմբերի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը։ Լինի դա հաջողության, մարտահրավերների թե խնդիրների մասին տեղեկատվություն։

Հաճախ մեր հասարակությունում կարծում են, որ, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով պետք է զբաղվեն հենց հաշմանդամություն ունեցողները, իսկ ազգային փոքրամասնությունների հարցերը պետք է լուծեն միայն այդ համայնքի ներակայցուցիչները։

Մինչդեռ եղած խնդիրները պետք է դառնան հանրային սեփականություն և չդիտվեն միայն որպես որոշ խմբերի օրակարգեր։

Եթե դրանք մարդու իրավունքների հարցեր են, պետք է ներառվեն լայն համատքեստի մեջ։ Նույնն էլ էթնիկական, տնտեսական կամ գենդերայի հարցերն են։ Դա պետք է, որպեսզի այդ հարցերով զբաղվող խմբերը չմարգինալացվեն։

Մեր կազմակերպությունում մենք կարևորել ենք այդ մոտեցումը՝ բարձրաձայնելով հարցեր, որոնց մասին մինչ այդ չէին խոսում։

Հատկապես մեզ նման հասարակություններում, որտեղ երիտասարդ ժողովրդավարություն է և պետական համակարգի երիտասաևդ լինելու հանգամանք, հարկավոր էին լրացուցիչ ազդակներ։ 

2018-ից հետո կարծեցի՞ք, որ այդ ազդակների ժամանակն է։

Հեղափոխությունից հետո մենք սպասում էինք դրական փոփոխությունների, մասնավորապես խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների ու ընդհանուր մարդու իրավունքների վերաբերյալ։ 

Ռեֆորմներ իրականացնող պետական ինստիտուտների ու թիրախային խմբերի միջև պետք է լինեն աջակցող ու խորհրդատվական օղակներ։

Պետք է տեսանելի լինեն իրական խնդիրները։

Եվ այդ խնդիրների մասին մենք սկսեցինք խոսել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից սկսած։ Ունեիք իրավապաշտպանական բաժին, որտեղ մարդիկ գալիս էին իրենց խնդիրներով ու ստանում լուծումներ։ Այդ մասին մենք բարձրաձայնում էինք նաև մեդիայում, առաջին հերթին Խիրատ մեդիայով։

Պետությունը ֆինանսավորում է ազգային փոքրամասնությունների մեդիա հարթակները։ Այս տարի ևս գումար ստացան այն եզդիերեն թերթերը, որոնք սովորաբար ստանում էին։ Ոչինչ կարծես չփոխվեց։

Ազգային փոքրամասնությունների՝ իրենց լեզվով ու իրենց մասին տեղեկատվության փոխանցումը կարևոր ուղղություն է մեր պետության համար, որը դեռևս  2000-ականներից է անում այդ գործը, մասնավորապես ուշադրության դարձնելով պետություն չունեցող ազգային փոքրամասնությունների թերթերի ֆինանսավորմանը։ Ես էլ ժամանակին աշխատել եմ մի կառույցում, որն ուներ իր պաշտոնաթերթը։

Եթե չեմ սխալվում, եզդիները հիմա ունեն երկու ամսաթերթ։

Բայց խնդիրն այն չէ, թե որ մեդիային են գումար տալիս, այլ այն, թե որքանով է արդյունավետ այդ մեդիան որպես ազգային փոքրամասնությունների իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացում։

Դա կարելի է պարզել, օրինակ, հետադարձ կապի շնորհիվ։ 

Բայց մենք չունենք մշադիտարկման մեխանիզմ՝ հասկանալու համար, թե արդյոք համայնքը ստանում է դրական արդյունք, թե ոչ։ Թվային մեդիայի դեպքում դա որոշ չափով կարելի է հաշվել։

Օրինակ, վերջին մեկ տարում Հայաստանի եզդիների 20%-ը առնվազն մեկ անգամ դիտել է Խիրատ մեդիայի նյութերը։ Դա ցուցիչ է, որը թերթերի դեպքում մենք չունենք։ Թերթերի դեպքում նաև չենք կարող իմանալ, թե ինչպիսի վարքաբանական փոփոխություն է ունեցել անձը՝ տեղեկատվություն ստանալով։

Կար մի փուլ, երբ կառավարությունն առաջարկեց դադարեցնել թերթերի տպագրումը, փոխարենը զարգացնել ազգային փոքրամասնությունների թվային մեդիան։

Այս հարցում էլ կար կոորդինացման ու խորհրդատվության պակաս, քանի որ ազգային փոքրամասնությունների կառույցները հաճախ չունեն այն կարողությունները, որ հասկանան, թե որն է ավելի արդյունավետ ու կարևոր։

Իսկ ունե՞ն ցանկություն։ Ի վերջո, լսարանի հետ աշխատելու խորհրդատու ու աջակցող բազմաթիվ մեդիա կազմակերպություններ կան։

Կարծում եմ՝ մշտապես եղել է ցանկություն շարունակել աշխատել դասական ձևով։ Երևի չեն կարողանում նաև ձևակերպել իրենց պահանջները տպագիր մեդիայից։ 

Ի վերջո, տպագրական ծախսերի համար նախատեսված գումարով կարող ես թվային մեդիայով տարածել անհամեմատ ավելի մեծ ծավալով բովանդակություն։ Թվային մեդիան ավելի էժան է, թիրախային ու արդյունավետ։

Եվ համայնքը որոշեց, որ թերթը պե՞տք է։

Չգիտեմ, ֆորմալ քննարկումներ են եղել թե ոչ, բայց մեզ մոտ շատ բաներ ընթանում են ինքնահոսով։ Ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է։ Շատ կազմակերպություններ մոտիվացված չեն ունենալու այդ պետական ռեսուրսը։

Օրինակ, կան համայնքներ, որոնք չեն ապավինում պետական աջակցությանը, իրենց գումարով են դոմեյն գնել, բացել են կայք ու ամիսը երկու հոդված են գրում։ Եվ դա հարյուր անգամ ավելի մեծ էֆեկտ ունի, քան ՀՀ քաղաքացիների հարկերից հավաքված գումարով տպագրված թերթերը։

Երևի մշտադիտարկումը կարևոր է նաև հասկանալու համար, թե ինչ կարծրատիպեր կան եզդիների մասին ու ինչպես են դրանք շրաջանառում խոշոր լրատվականները։

Մեդիայի կարևորությունը ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման գործում չի կարող լինել քննարկման նյութ, քանի որ մենք ունենք տարբեր մասնագիտացած կառույցների (ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գրասենյակից, ԵԽ-ից) խորհրուրդներ ու առաջարկներ, թե մեդիան ինչպես է ազդում։

Առկա շատ խնդիրներ կապված են ոչ թե այն բանի հետ, որ պետությունը կամ համայնքը չեն ուզում դրանք լուծել, այլ չկան այն կառույցներն ու մարմինները, որոնք դրանով պետք է զբաղվեն։

Պետությունը խնդիրների ձևակերպումը պատվիրակել է ազգային համայնքներին։ Բայց շատ բան չի ուզում փոխել՝ զգուշանալով հակազդեցությունից։ 

Բնականաբար, պետական համակարգերը (և ոչ միայն մեզ մոտ այլև բազմաթիվ երկրներում) դանդաղկոտ է։ Ավելի դանդաղ է արձագանքում, քան հասարակական կամ մասնավոր կազմակերպությունները։

Բայց եթե ուզում ենք իրոք բարեփոխումներ անել, մեկնարկը պիտի լինի առնվազն նպատակների ձևակերպումը որևէ փաստաթղթում։ Եվ իհարկե, հետազոտությունը, թե իրականում ինչ խնդիրներ ունենք։

Մանավանդ, մարդու իրավունքների ոլորտում, որի անբաժանելի մասն են նաև ազգային փոքրամասնությունների իրավունքները։

Դա պիտի լինի շարունակական գործընթոց։ Այսինքն, նույնիսկ եթե ողջ ռեսուրսը ներդնես իրավիճակը բարելավելու համար, միևնույն է անընդհատ կլինեն նոր մարտահրավերներ, որոնք պետք է լուծես։

Իսկ եթե դա չանենք, շարժումը կլինի զուտ իներցիայով, իսկ խնդիրները միշտ կկուտակվեն ու չեն լինի այն հարթակներն ու միջավայրերը, որտեղ դրանք կարելի է բարձրաձայնել։ 

Արդյունքում խնդիրները մնում են չլուծված այնքան երկար, որ նույնիսկ կասկածի տակ է դրվում ինքնին այդ խնդիրների գոյությունը։

Եվ օրերից մի օր հեղինակություն ունեցող մեկը կարող է ասել, որ այդ խնդիրներն ընդհանրապես չկան ու բոլորը դրան կհավատան։ Ու ցանկացած այլ փաստարկ հասարակության աչքերում կդառնա ապատեղեկատվություն։

Դա է արատավոր շրջանը։

Հիմա երբ փորձեցիք խոսել եզդիների խնդիրների մասին, պիտակավորվեցիք որպես ազգամիջյան թշնամանք սերմանող։ Ստացվում է, որ կարելի է գովել, որքան ուզում ես, բայց քննադատել չի կարելի։

Բնականաբար, խնդիրների մասին խոսելը պոպուլյար չէ։ Մեր համայնքում էլ կան մարդիկ, որոնք վստահ են, որ խնդիրներ չկան։ Բայց դրանք չկան իրենց աչքերում, որովհետև նրանք չեն ուզում տեսնել։

Սովորաբար խնդիրների բախվում են այն մարդիկ, որոնք ունեն ավելի սահմանափակ հնարավորություններ, ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ու ավելի ցածր դիրք հասարակությունում։

Մյուսները միգուցե այդ խնդիրները չեն էլ նկատում։ Եվ բնական է, որ նա, ով խոսում է դրանց մասին, անում է ոչ պոպուլյար քայլ է, որը կարող է ողջունելի չլինել միջավայրի բոլոր սուբյեկտների աչքերում։

Եվ եթե նրանց քարկոծելու փոխարեն ներուժը ուղղվեր մշակութային կամ բիզնես նախագծերի վրա, արդյունքն ավելի զգալի կլիներ։ 

Ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքը ինքնին մեծ դաշտ է բացում մանիպուլյացիաների համար։

Իրականում, դա Սովետական միության տարիներին ձևակերպած հոդված է։ Ժամանակակից լեզվով ասած՝ դա ատելության խոսքն է, որն ունի մի քանի չափորոշիչներ՝ պիտի լինի նախապաշարմունք, կոնկրետ մարդկանց խումբ, որի դեմ արշավ ես անում։ Պիտի հետապնդես նպատակ և ամենակարևորը՝ լինի գործողությունների վերջնարդյունք։

Ասնեք, քո ատելության կոչերը լսելով որևէ մեկը քայլ անի։

Մեր քրեական օրենսգրքում ձևակերպած է, որ պետք է որևէ էթնիկ խմբի դեմ անես հայտարարություն, կոչ կամ արշավ և նպատակ ունենաս հարուցել կամ հրահրաել թշնամանք։ Բնականաբար, մեր որևէ հայտարարության մեջ նման բան չկա։

Մեղադրանքի հիմքում հարցազրու՞յցն է։

Այո, մասնավոր զրույցը Իրաքում ապրող եզդի լրագրողի հետ, որն ուզում էր տեղեկանալ եզդիների կյանքի մասին Հայաստանում։ Դա եղել է Whatsapp հավելվածով զրույց, որը հրապարակվել է բառացիորեն, թեև մենք լրագրողի հետ պայմանավորվել էինք, որ դա պետք է լիներ ոչ թե հարցազրույց, այլ համատեղ նյութ, որը կխմբագրեինք միասին։

Լրագրողը հետո ներողություն խնդրեց ու հեռացրեց հարցազրույցը, որը ինտերնետում հրապարակված մնաց ընդամենը երկու ժամ։

Բայց ինչ-որ մարդիկ ոչ միայն հասցրեցին այն կարդալ, այլև ներբեռնել ու պահպանել։

Իհարկե, իրաքցի լրագրողի պահվածքը կարելի է համարել անբարեխիղճ, բայց նա զղջում է իր արածի համար ու պատրաստ է ցանկացած պետական մարմնում (նաև դատարանում) վկայություն տալ, որ հրապարակել է մասնավոր խոսակցություն, որը նախատեսված չէր հրապարակմանը։ Բայց համենայնդեպս նախաքննական փուլում այդ միջնորդությունը մերժվեց ու նրան հնարավորություն չտվեցին թեկուզ օնլայն, Իրաքում Հայաստանի հյուպատոսությունում պատասխանել հարցերին։ 

Պատճառաբանությունն այն է, որ դրանով ես փորձում են խուսափել պատասխանատվությունից։

Այս քրեական գործում մեդիայի դերը շատ մեծ է։ 

Զրույցը համացանցում մնացել է ընդամենը երկու ժամ։ Եթե նույնիսկ զրույցում լինեին կոչեր (որոնք իհարկե չկան), դրանք ոչ մեկին հասանելի չէին լինի այսքան կարճ ժամանակում։ Առավելագույնը այն տեսած կլիներ 200 մարդ։ Բայց Հայաստանում որոշ կառույցներ սկսեցին այս զրույցի մասին տարածել ապատեղեկատվություն, և դա տևեց շատ երկար ժամանակ՝ ներառելով երկու խոշոր հեռուստաալիքներ՝ Արմնյուզը, 5-րդ ալիքը և դրանց կից ինտենետային լրատվամիջոցները։

Ալիքն ավելի մեծ էր, քան բուն առիթը։

Մանիպուլացվեցին այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք առանց այն էլ աշխատում են խոցելի խմբերի հետ։

Դրանից հետո որևէ պետական մարմնից արձագանք չեղավ, թեկուզ այն մասին, թե ինչ են զգում այդ խոցելի խմբերի ներկայացուցիչները։

Մարդու իրավունքների հարցում զգայունություն ունեցող մեդիա հարթակները Հայաստանում քիչ են ու թույլ։ Եղածներն էլ չունեն այն ազդեցությունը, որ հակադրվեն ագրեսիվ հակամարդկային քարոզներ տանող լրատվամիջոցներին։

Կարծում եմ՝ սա լուրջ պրոբլեմ է Հայաստանում և որքան էլ մեզ օգնեն միջազգային կազմակերպություննները, եթե մենք չունենանք պետական մարմիններից որևէ ազդակ, որ մեդիա հարթակները պետք է հատկապես զգայուն լինեն մարդու իրավունքների հանդեպ ու չմանիպուլացնեն դրանք, ոչինչ չի փոխվի։

Լրատվամիջոցները ստորագրում են էթիկական կանոնագրեր։

Լրատվամիջոցների էթիկայի վարքականոնում ամրագրված նորմերը չեն գործի, եթե ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն իրենց տեքստերում ու ուղերձներում դրանք անընդհատ չշեշտեն ու չտարածեն։ 

Շատ նորմեր կան, որոնք թեև ամրագրված են, բայց չեն կիրառվում։

Օրինակ, կա նորմ ըստ որի՝ պետությունը չպիտի խոչընդոտի ազգային փոքրամասնություններին խոսել իրենց իրավունքների մասին։ Բայց այդ նորմի մասին բոլորը մոռանում են։

Կարծում եմ, որ սա սկիզբ է առնում ոչ միայն պետական համակարգից, այլև եզդիական համայնքից, որտեղ կան գործիչներ ու կազմակերպություններ, որոնց մեր գործունեություն ձեռնտու չէ: 

Հետաքրքիր է, որ իմ հարցազրույցի տեքստը թարգմանել է մի անձ, որը զբաղվում է գրքերի կազմամբ ու տպագրությամբ։ Եվ մինչ այդ հարցազրույցը մենք լրագրողական հետաքննություն էին արել նրա ու պետության միջև եղած կոռուպցիոն ռիսկերի մասին։

Որքա՞ն հեռու եք պատրաստ գնալ ու հենց եզդիական համայնքից պահանջել թափանցիկություն։

Հիմա քրեական գործով պայմանավորված մենք չունենք առանձնապես մեծ ազատություն մեր գործողություններում, քանի որ մեդիա արշավների ազդեցության տակ հասարակությունը ու նաև այն խմբերը, որոնց հետ աշխատում ենք, հայտնվել են խոցելի վիճակում։

Չի բացառվում, որ շատերը վախենում են, թե իրենց հետ էլ կարող է պատահել այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ։

Եվ պետության ամենամեծ լավությունը մեզ կլինի այն, որ այս քրեական գործը պարզապես կարճվի։

Դրանից հետո մենք հնարավորություն կունենաք զրուցել համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնցից շատերը հիմա այս քրեական գործում անցնում են որպես վկաներ և զրուցելը նրանց հետ կարող է դիտարկվել որպես գործի վրա ազդելու առիթ։

Կարծում եմ, պետությունը ինքն է ընկնում թակարդը՝ ստեղծելով շատ վտանգավոր իրավաբանական նախադեպ։

Իր խոսքը պիտի ասի նաև համայնքը։ Եթե իրականում ամեն ինչ լավ է, ինչպես ոմանք փորձում են համոզել, միգուցե մեր գործունեությունը արդիական չէ ու պետք է դադարենք աշխատել։

Ի վերջո, եթե այն մարդիկ, որոնց համար աշխատում ենք, պատրաստ չեն փոփոխություններին ու ամբողջովին հարմարվել են, միգուցե մեր արածն էլ ընդամենը ակտիվիզմի պես մի բան, որը չի հանգեցնում իրական արդյունքի։

Բայց բարեբախտաբար մեր աշխատանքի արդյունքում կան դրական փոփոխության օրինակներ, որոնք կարծում եմ պիտի զարգացվեն և հանուն որոնց արժեր աշխատել:

Փաստորեն, եթե որևէ լրագրող (օրինակ, ես) գրի հոդված՝ քննադատելով, ասենք, եզդիական որևէ ստեղծագործություն, նա կարող է նույն այդ մեղադրանքին արժանանալ։ Որ հրահրում է թշնամանք։

Միգուցե եթե չլինեք ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, չեք դառնա հանցագործության համար մեղադրվող։

Բայց չմոռանանք, որ եթե անգամ մի քանի մարդ կամ կազմակերպություն միամհամուռ հայտնում են իրենց կարծիքը, նրանք ողջ համայնքը չեն։

Եզդիներն ունեն 15-ից ավելի ՀԿ-ներ, և մեր ազգային փոքրամասնության շատ փոքր տոկոսն է այդ ՀԿ-ների անդամ կամ աջակից։

Շատ կազմակերպություններ կարող են երկար ժամանակ չգործել, բայց հարկ եղած դեպքում արթանանալ ու որևէ հայտարարություն անել։

Այդպես եղավ 2012-ին, երբ պետք էր փոփոխություններ անել Ընտանեկան օրենսգրքում որ ամուսնության շեմը դարձնել 18 տարեկան։ Եզդիական համայնքի մի քանի ՀԿ-ներ արագորեն ակտիվացան ու հայտարարեցին, որ այդ շեմը պետք է իջեցվի մինչև 16 տարեկանը, ինչը մարդու (այս դեպքում նաև երեխայի) իրավունքների սկզբունքներին դեմ էր։ Դա բացատրում էին ազգային ավանդույթներով։ Մինչդեռ նման ավանդույթ իհարկե չկա։ Իսկ եթե սովորույթները հակասում են մարդու հիմնարար իրավունքներին, ապա առաջնայինը դառնում են հենց մարդու իրավունքները։

Բայց այդ ժամանակ էլ Հայաստանի իշխանությունները լսեցին եզդիական համայնքի այդ կոչն ու իջեցրեցին ամուսնության շեմը։

Բա՞րդ է փոխել հասարակական կարծիքը։

Շատ հեշտ է։ Ընդամենը հարկավոր է, որ պետական համակարգում լինեն մի քանի տեղյակ ու գիտակ մարդիկ։

Օրինակ, կրթության ոլորտում կա առաջընթաց, որովհետև նախարարությունում կան մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ է կատարվում ազգային փոքրամասնությունների կրթության հետ։

Ուղղակի պետք է աշխատել, ավելի ակտիվացնել ոլորտն ու ներգրավել նոր մարդկանց, որոշակի հարցերում էլ փոխել մոտեցումները։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *