2022.06.09,

Տեսակետ

«Լսել, լսել ու նորից լսել. ահա, թե ինչ է պետք լրագրողին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պատերազմի մասին բարդ է գրել, եթե դա քո երկրի պատերազմն է։ The New York Times-ի Բեյրութի թղթակից Հուվեյդա Սաադն ասում է, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմն իր համար լուսաբանելն ավելի բարդ էր, քան օրինակ, Սիրիայի պատերազմը, քանի որ միշտ կա պահանջ համադրելու արտաքին ու ներքին հայացքները իրադարձությունների վրա։ Եվ դա անելը շատ դժվար է, եթե դա քո երկրի պատերազմն է։

Հուվեյդա Սաադը EVNReport-ի նախաձեռած մեդիա փառատոնի հյուրերից էր։ Երևանյան քննարկումների ժամանակ նա պատմեց իր փորձի մասին։ Պատերազմ լուսաբանելը չի եղել իր ընտրությունը, պարզապես այդպես է ստացվել. տարիներ շարունակել նա գրել է այդ տարածաշրջանի բախումների, պարենային ու մարդասիրական ճգնաժամի, Իսլամական պետության, մարդկային ճակատագրերի մասին։ Եվ երբ եկավ մեծ աղետը՝ արդեն տասը տարուց ավելի ձգվող սիրիական պատերազմը, Հուվեյդա Սաադը դարձավ The New York Times-ի հիմնական լրատվական ձայներից մեկը։

Նաև եզակի դեպք է, որ The New York Times-ը առանձին հոդվածով անդրադարձել է հենց Հուվեյդա Սաադին։ Այսինքն լրագրողն ինքն է դարձել հոդվածի հերոս։

Հուվեյդա Սաադի հետ զրույցը սկսեցինք երկու կողմերի լրագրության (both sides journalism) մասին, որը համարվում է պահանջ պատերազմները լուսաբանելու ժամանակ։ 

Օրինակ, մեդիան մեջբերում է, որ մի կողմը հայտարարեց, մյուսը հերքեց, մի կողմը մեղադրեց, մյուսը՝ մեղադրանքին հակադարձեց և այլն (նման մոտեցում մենք տեսանք նաև արցախյան պատերազմի միջազգային լուսաբանման ժամանակ)։ Կամ երբ զոհերի տարբեր թվեր են հայտարարում հակամարտող կողմերը, և հնարավոր չէ դա ստուգել։

Հուվեյդա Սաադի համար կարևոր են ապրումակցումն ու մարդկային էթիկան, նա հիշեցնում է, որ լրագրողները ռոբոտներ չեն, իրավունք և նաև առաքելություն ունեն կարեկցել ու լսել իրենց հերոսներին։ Իսկ թե ինչը կմտնի նյութերի վերջնական տարբերակ, արդեն այլ հարց է։

Արդյո՞ք երկու կողմերի լրագրությունն օգնում է հասկանալ իրական իրավիճակը, թե՞ դա արդեն ակտուալ չէ։ 

Շատ կարևոր է լուսաբանել երկու կողմերը։ Եթե իհարկե, կարող ես…

Իսկ եթե իրականությունը միևնույն է մնում է անճանաչելի, նույնիսկ ավելի է խճճվում։ 

Իհարկե, դա մարտահրավեր է լրագրողների համար։ Երբեմն շատ բարդ է հասկանալ ամբողջական իրականությունը։ Բայց  երբ լուսաբանում ես կոնֆլիկտները, փորձում ես ընտրել պատմության այն հատվածները, որոնք ապացուցված ճիշտ են։ Պետք է գրես միայն ճշմարտության մասին։

Որպես լրագող պետք է պարզես այն, ինչն իրականում կատարվել է։ Իրոք, դա երբեմն բարդ է, մանավանդ կոնկրետ վայրերում, եթե հասանելիությունդ սահմանափակ է ու փորձում ես տեղյակ լինել կոնֆլիկտի բոլոր մասերից։ Թեև կարող է չստացվել դա անել կատարյալ ձևով, բայց այդպիսին է մեր աշխատանքը։

Լրագրողի աշխատանքը շարունակել փնտրելն է։ Փնտրում ես աղբյուրներ, պատմության տարբեր տեսանկյուններ։

Ինչպես արդեն ասացի՝ մեկնարկային հարցը սա է՝ ի՞նչ է իրականում կատարվում։ Երբեմն այդ հարցի պատասխանը կարող ես ստանալ տարիներ անց։ Այդպես կատարվեց այն վիդեոնյութի հետ, որը նկարահանել էի Սիրիայում և որը 12 տարի անց օգնեց պարզաբանել իրավիճակը։ Guardian-ը այն վերահրապարակեց ու գտնվեցին մարդիկ, որոնց ճանաչեցին տեսանյութի հերոսներին։ Եվ այդպես պատմությունն ամբողջացավ։

Ավելի վաղ ես կարծում էի, որ Սիրիայում միայն մեկ կողմն է իրեն թույլ տալիս անել սարսափելի քայլեր, հետո հայտնաբերեցի, որ մյուս կողմն էլ է անում նույնը։ Եվ ինքս ինձ հարցրեցի՝ ինչու՞ էի կենտրոնացել միայն մեկ կողմի վրա ու բաց թողել մյուսը։

Իրականում, երբ լուսաբանում ես իրադարձությունը, կենտրոնանում ես ամեն ինչի վրա։ Եվ հրաժարվում էմոցիաներից։

Բայց երբեմն դա հնարավոր չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ կողմերը երկուսը չեն, այլ շատ-շատ են։ 

Սիրիայում այդպես էր. կողմերն այնքան շատ էին, որ անհնար էր որպես լրագրող փորձել ներառել բոլոր կողմերի դիրքորոշումները։

Որպես լրագրող դու պիտի կառուցես քո սեփական ցանցը։ 

Երբեմն դա դժվար է, եթե ֆիզիկապես դեպքի վայրում չես։ Բայց նույնիսկ եթե ֆիզիկապես այնտեղ ես, էլի բարդ է, քանի որ կարող է հասանելիություն չունենաս կամ շրջապատված լինես ուղեկցողներով, որոնք թույլ չեն տալիս գնալ այնտեղ, որտեղ քեզ պետք է։

Եվ ուրեմն, գաղափարն այն է, որ քեզ հասանելի լինեն որքան հնարավոր է շատ աղբյուրներ և որքան հնարավոր է շատ կարծիքներ ու ձայներ։ Սկսեք այդտեղից։ Գտեք այդ ձայները, գտեք այդ կոնտակտները և լսեք նրանց։

Լսել, լսել ու նորից լսել. ահա, թե ինչ է ձեզ պետք։

Իհարկե, շատ կարծիքներ լսելը կարող է շփոթեցնել, բայց դա պետք է անել։

Վստահ եմ, որ երբ որպես լրագրող նյութ եք գրում, ուզում եք գտնել պատմություն։ Եթե չկա այդ պատմությունը, գլխավոր խմբագիրը կպահանջի այն ու չի հասկանա, թե ինչ է կատարվում։ Եվ եթե չեք հասկացել ողջ ճշմատությունը, ասեք նրան այդ մասին։ Կարծում եմ, որ դա կլինի ամենախելացի դիրքորոշումը։ 

Երբեմն մենք առերեսվում ենք այնպիսի իրավիճակների, որ կարող ենք հանգել սխալ եզրակացության։ Ինձ համար ավելի լավ է ասել, որ չեմ կարողացել հասնել ճշմարտության, քան հանգել սխալ եզրակացության, որովհետև սխալ եզրակացությունը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

Լրագրողներից շատերը ուզում են ցույց տալ, որ գիտեն ճշմարտությունը, բայց մենք աստված չենք և չենք կարող ամեն ինչ իմանալ։

Իհարկե, եթե խոսում ենք թեժ լուրերի մասին, երբ կարևոր է արագ արձագանքը, հարկավոր է իմանալ, թե ինչի հետ գործ ունես՝ մինչ դեպքի վայր հասնելը։ Եվ ինչպես ասացի, այդ պարագայում լուսաբանելուն կօգնի ձեր կառուցած ցանցը։ Ցանց, որը ոչ միայն կառուցել եք, այլև վստահում եք։

Վաստակեք ձեր ցանցի վստահությունը։ Եթե ձեր կոնտակտները վստահեն ձեզ, կհաղորդեն տեղեկություն։ Լինում են դեպքեր (ինձ հետ էլ է պատահել), որ մարդիկ՝ կապի դուրս գալով, փոխանցում են կեղծ տեղեկություն։ Եվ դուք հասկանում եք, որ ամեն ինչ ստուգել պարզապես չեք կարող։

Հուվեյդա Սաադը EVNReport մեդիափառատոնի քննարկման ժամանակ

Դուք ստուգու՞մ եք աղբյուրների ասածը։

Փորձում եմ ստուգել։ Ծախսում եմ ժամեր՝ փորձելով պարզել ինֆորմացիայի իսկությունը: Դա այն է, ինչ արել եմ Սիրիայում՝ լուսաբանելով պատերազմը, բայց չեմ կարող ասել, որ ներկայացրել եմ ամբողջական պատմությունը (գուցե 50-60%-ը): 

Հետագայում, եթե հաջողվի բացահայտել ողջ պատմությունը, կարելի է այդ մասին ընդարձակ նյութ կամ գիրք գրել։ Ամենօրյա լրագրողական պատմություններն այլ բան են՝ սահմանափակ բառերի քանակով ու ժամանակով: Գրքում ավելի ազատ եք:

Իմ նյութերը կան գրքում, որը կոչվում է «Մեր կանայք դեպքի վայրում» (Our Women on the Ground), դա արաբ կին լրագրողների էսսեների հավաքածու է, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են լուսաբանել կոնֆլիկտները Յեմենում, Իրաքում, Սիրիայում և այլն։ Որոշ իմաստով այդ գիրքը օգնեց, որ այն նյութերը, որոնք չեմ հրապարակել The New York Times-ում, հրապարակեմ գրքում։

Այնպես որ, լավ կլինի, որ ձեր բոլոր գրառումները պահպանեք (ընդհանրապես, պահպանեք ամեն ինչը), քանի որ հետագայում դրանք կարող եք օգտագործել ցուցահանդեսներում, գրքերում՝ ձեր պատմություններն հանրայնորեն ավելի տեսանելի դարձնելով։ 

Հիմա երբ լրագրողները չունեն մենաշնորհ ինֆորմացիայի հանդեպ ու բոլորն են սոցիալական մեդիայում խոսում ու պատմում, ինչպե՞ս եք տեսնում լրագրողի աշխատանքը։

Կարծում եմ՝ միշտ կա նոր տեսակետ ու նոր դիտանկյուն։

Հաճախ վախով մտածում ենք՝ Աստված իմ, յուրաքանչյուր մեդիա գրում ու հրապարակում է նյութեր այն մասին, ինչը ես եմ պատրաստվում լուսաբանել։ Եվ ինչպե՞ս կարող եմ գտնել գրելու որևէ նոր բան։

Հիշեք, որ գրելու բան միշտ կա։ Միշտ կա հնարավորություն որևէ նոր բան ավելացնելու, գտնելու մեծ պատմության փոքր մասերը, որոնց մասին դեռ չի գրվել։ Միշտ։

Ինձ համար կարևոր է այդ նոր հայացքը, պատմության նոր մի հատվածի որոնումը։ Դա է դարձնում քեզ լավ տեսողությամբ ու «հոտառությամբ» լրագրող։ 

Հիմա մենք ապրում ենք շատ զբաղված աշխարհում՝ Թվիթեր, Վոթսափ, Ֆեյսբուք, սթորիներ և այն։ Սոցիալական մեդիան ամենուրեք է։ Եվ դա շատ աղմկոտ աշխարհ է։ Եվ ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է հետաքրքրվում լրագրողական պատմություններով։ Հաստատ ոչ շատերը։

Այո, մենք անում ենք մեր գործը և լուսաբանում ենք հակամարտությունները։ Բայց ձեր կարծիքով ընթերցողները մտահոգվու՞մ են, թե ինչ է կատարվում ուրիշ երկրներում։ Իհարկե, որոշ մարդիկ մտահոգվում են, բայց մեծամասնությունը՝ ոչ։

Ինձ համար կարևոր է գտնել այնպիսի փոքր խորշային պատմություններ, որոնք կարող են գրավել ընթերցողներին ու դրդել իմանալ ավելի։ Շատ աղմկոտ ու մարդաշատ մեդիա աշխարհում հետաքրքրությունը երկար ու մեծ պատմությունների հանդեպ գնալով նվազում է։

Մարդիկ չեն ուզում կարդալ երկար տեքստեր, կարդում են ընդամենը երկու տող։ Անգամ երբ հանդիպում ենք Ֆեյսբուքի երկար գրառումների, միանգամից վրայով ցատկում ենք։

Եվ լրագրողների համար կարևոր է անընդհատ որոնելը ու գտնելը այնպիսի պատմություններ, որոնք հետաքրքիր են լսարանին և որոնք դեռևս չեն լուսաբանվել։ 

Միշտ փնտրելու ռեժիմում ենք ապրում՝ ուշադրություն դարձնելով նոր պատումների, աղբյուրների, համատեքստերի վրա։

Ես գրել էի հոդված սիրիացի երեխայի մասին, որին հայրը ծեծում էր ու ձերբակալվել էր՝ փորձելով ներկայացնել պատմության մարդկային կողմը։ Ընդհանրապես մարդիկ լրագրողական նյութերում ուզում են լսել այդ մարդկային հնչերանգը՝ կնոջ, մոր, երեխայի ձայնը։ Նրանք դա սիրում են ու ուզում են այդ մասին կարդալ։ Ողջ իմ փորձառությունը դա է ապացուցում։

The New York Times-ում մենք սկսել ենք մեծ ուշադրություն դարձնել հենց մարդկային պատմություններին։ Ես էլ եմ դա սիրում ու կենտրոնանում եմ հիմնականում դրանք որոնելու վրա։

Չե՞ք կարծում, որ կանացի հայացքը (female gaze) և շարժումները (օրինակ, metoo-ն) նաև արհեստական օրակարգ բերեցին մեդիա։

Ինձ դուր չեն գալիս այս թրենդերը։

Երբեմն տղամարդիկ են տառապում կանանցից (շատ նման դեպքեր եմ տեսել)։ Նախընտրելի է չկենտրոնանալ ու չհետևել այդ թրենդերին: Ես հետևում ու լուսաբանում եմ տղամարդկանց, կանանց և երեխաների պատմությունները:

Բայց ինձ հետաքրքրում են կանանց ձայները որոշակի համայնքներում, որտեղ կանայք հաճախ չեն կարողանում խոսել: Սա իմ թեման է ու մարտահրավերը: Ես ուզում եմ լսել և հրապարակել նրանց պատմությունները, քանի որ դրանք բարձրաձայնված չեն, հատկապես պահպանողական երկրներում: 

Ես դա անում եմ ոչ թե այն պատճառով, որ նրանք կին են և աջակցելով կանանց, այլ որովհետև նրանց պատմությունները նախկինում լսելի չէին: 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *