Չեխիայում ապրող և աշխատող դանիացի Բրիթ Ջենսենը անկախ փոդքասթեր է։ Վավերագրական և նարատիվ ժանրի ձայնային պատումների հեղինակը համագործակցում է Չեխիայի, Դանիայի, Ավստրալիայի և Անգլիայի ռադիոների հետ։ Ջենսենը նաև դասավանդում է դպրոցներում, համալսարաններում և փառատոնների շրջանակներում։
Բրիթի հետ զրույցը սկսել ենք իր մանկությունից, որն իր կարիերայում մեծ դեր ու հետք ունի։ Դանիայի գյուղերից մեկում, ամեն ինչից կտրված ու հեռու գտնվող մանուկ Բրիթն անընդհատ երիտասարդական ռադիոհաղորդումներ էր լսում․ դրանք հիմնականում պատանիների, նրանց կյանքի մասին վավերագրական, մի քիչ էլ ռեպորտաժային նյութեր էին, որոնք ինքը շատ է սիրում։ Այստեղից էլ ծնվել է նրա վաղեմի երազանքը՝ աշխատել ռադիոյում։
Համալսարանում սովորելու տարիներին նա սկսել է ռադիո ծրագրերի մտքեր գրել, որոնք կուզեր ձայնագրել։ Այդ ծրագրերի մասին նա նամակով հայտնում էր տարբեր ռադիոալիքների, որոնք երբեք իրեն չէին պատասխանում։ Առաջին պատասխանը եղավ տարիներ անց Չեխիայում, որի արդյունքում Բրիթը սկսեց նկարիչներից հարցազրույցներ վերցնել։ «Դրանք շատ սովորական հարցազրույցներ էին, ես անփորձ էի ու սկզբում արել եմ բոլոր հնարավոր սխալները»:
«Ես այս աշխարհում հայտնվեցի կողքից ու չէի հասկանում, թե ինչ և ինչպես եմ անում այս կամ այն բանը։ Ինձ թվում էր, թե ամեն ինչ պետք է սովորեմ։ Այդ ամենն ասես շատ պատահական ստացվեց, միաժամամանակ դա այն էր, ինչ ես իսկապես ուզում էի անել՝ ձյանագրել մարդկանց»,- պատմում է Ջենսենը:
Փոդքասթերը մի քանի տարի աշխատել է Չեխիայի ազգային ռադիոյում որպես վավերագրական փրոդյուսեր, որը լքել է հետաքննական փոդքասթի շարք ձայնագրելուց հետո։ Նա ասում է, որ պարզել էին՝ ռադիոն քաղաքական պատճառներով չէր ցանկացել թողարկել էպիզոդները։ Շարքը հրապարակեցին արդեն ռադիոյից դուրս, որից մեկնարկեց Ջենսենի անկախ նարատիվային, ոչ գեղարվեստական փոդքասթների ստեղծումը։
Ինչի՞ մասին եք հիմնականում ձայնագրում։
Ինձ պատահաբար կամ ոչ պատահաբար պատահած ամեն ինչի։ Հաճախ ինչ-ոչ մարդիկ են պատահում կամ ինչ-որ երևույթի մասին եմ լսում։
Հիմնվելով իմ նախկինում արածների վրա, որոշակի թեմաներ կան որոնց ես ավելի հաճախ եմ առնչվում, օրինակ, Չեխիայի հանրապետության ներկայիս պատմության, Չեխոսլովակիայի, կոմունիստական ռեժիմի «ժառանգության» և այն ամենի մասին, թե ինչպես է այն դեռ շարունակում ձևավորել այսօրվա հասարակությունը։ Հետաքննական շարքերը ֆինանսական և իրավական համակարգերի մասին էին։ Նաև պարբերաբար նյութեր եմ պատրաստում կանանց մասին։ Շատ եմ անդրադարձել վախին, քանի որ ինքս վախկոտ մարդ եմ և այդ թեման ինչ հետ շատ կապված է։
Կարող ես շատ տարբեր բաներ ձայնագրել տարբեր մարդկանց հետ, բայց միշտ փնտրում ես մի այնպիսի թեմա, որի հետ ամենաշատն ես կախված։
Ինչպե՞ս եք առանձնացնում ռադիոն ու փոդքասթը: Արդյո՞ք դրանք լիովին տարբեր բաներ են:
Ինձ համար ռադիոն ու փոդքասթն ուղղակի միջոցներ են, որոնք աուդիոն փոխանցում են լսողներին: Իհարկե, դրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի, ուստի լավ է իմանալ, թե որ ալիքի (միջոցի) համար եմ պատրաստում իմ աուդիոն, դա գործի հիմքերից է: Վավերագրական կամ նարատիվային աուդիոներն ավելի շատ փոթքաստների համար են նախատեսված, ասես այդ ժանրերը հենց տվյալ ձևաչափի ի հայտ գալուն էին սպասում: Դրա համար, կարծում եմ, նպանատիպ ձայնագրություններից ավելի հեշտ է փոթքաստ պատրաստել, քան ռադիո հաղորդումներ:
Փոդքասթի մասին խոսելիս մարդիկ հիմնականում ոչ ֆորմալ երկխոսություն են պատկերացնում: Դժվա՞ր է արդյոք լսարան գտնել նարատիվային կամ վավերագրական փոդքասթների համար, քանի որ լսողների մեծ մասն այդքան էլ ծանոթ չէ այդ ժանրերին:
Որոշ դժվարություններ կան, բայց կարծում եմ`դժվար է միայն այնպես անել, որ մարդիկ առաջին անգամ միացնեն. շատերն անգամ չգիտեն, որ այպիսի ժանրեր գոյություն ունեն ու չգիտեն` ինչ սպասել դրանցից: Նրանք չգիտեն` երբ լսեն դրանք, որովհետև դա իրենց առօրյա ռիթմի մի մասը չէ: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ դրական արդյունքների հասնելու համար որոշ ժամանակ է պետք, և երբ մարդիկ բացահայտում են դրա գոյությունը, բավականին հեշտությամբ կարողանում են ադապտացվել: Իմ տպավորությամբ` սովորական լսողին մեկ է` հարցազրույց փոդքասթ է, թե վավերագրական-նարատիվային ձևաչափ: Նրանք ուղղակի լսում են այն ինչ իրենց սազում է ու դուր գալիս: Կարծում եմ, որ այս նարատիվային ֆորմաները պոտենցյալ ունեն, դրա մասին, առնվազն, թվերն են խոսում:
Կարո՞ղ եք ձևակերպել, թե ինչ է վավերագրական փոդքասթը:
Բավականին բարդ է չէ՞ տալ ընդհանուր առմամբ վավերագրության սահմանումը: Այն ասես միշտ սողա մատներիդ արանքով: Սովորաբար, մենք այն բացատրում ենք որպես «մի բան, որը փորձում ենք նկարագրել» կամ «իրականության մասին, բայց հեղինակի աչքերով»: Մեծ քննարկումներ կան այն մասին, թե որտեղ է ավարտվում իրականությունն ու սկսում գեղարվեստականը: Դու հաստատ չես ուզում խորանալ դրանում, որովհետև ամեն ինչ ավելի է սկսում բարդանալ: Ըստ իս` ձայնային վավերագրականն ու վավերագրական ֆիլմը նույնն են, ինչը ենթադրում է, որ այն շատ տարբեր կարող է լինել` իրենց սեփական կյանքն ու փորձանքները, ասենք, սեփական տանը վավերագրող մարդկանցից մինչև ուր ուզես: Այն շատ-շատ տարբեր ձևեր կարող է ընդունել:
Վավերագրական ֆիլմ նկարելիս, հաճախ, դժվար է մարդկանց խոսեցնել տեսախցիկների առաջ: Աուդիոյի դեպքում ևս կա՞ նման բան: Ո՞րն է վավերագրական փոդքասթինգի ամենամեծ մարտահրավերը:
Ես ձայնի մեջ հենց դա եմ սիրում. դու մեծ թիմի կարիք չունես, ամեն ինչ կարող ես ինքդ անել: Արդյունքում կարողանում ես զրուցակցիդ հետ շատ անձնական իրավիճակներ, մտերիմ ու ապահով հարաբերություններ կառուցել: Ինձ նաև դուր է գալիս` երբ մարդիկ դեմք ցույց չեն տալիս, բայց ունեն իրենց ներսի իսկական դեմքը ցույց տալու հնարավորություն, չունեն «խաղալու» կարիք, որովհետև չեն կենտրոնանում նրա վրա, թե ինչ տեսք ունեն, այլ ուղղակի խոսում են: Չնայած շատ բաներ հեշտանում են, երբ չես տեսագրում, այնուամենայնիվ, բարդ է վաստակել մարդկանց վստահությունը, աշխատել նրանց հետ, հասկանալ թե ինչ է ուզում նա և ինչ ես ուզում դու, անկախ նրանից դա համագործակցություն է, թե ոչ:
Բայց վավերագրական փոդքասթինգի ամենաբարդ պահը ֆինանսավորում գտնելն է: Ես չեմ կարծում, որ կարողանում եմ դրանից գլուխ հանել, որովհետև չունեմ միջոցներ հայթհայթելու համապատասխան գիտելիքներ: Ավելին, հաճախ խճճվում եմ: Այս ճանրի համար հնարավորությունները շատ քիչ են:
Որո՞նք են այն հիմնական ֆինանսական աղբյուրները, որոնք, ինչ-որ չափով, ցանկություն են հայտնում աջակցել վավերագրական փոդքասթին:
Չեխիայում մենք փորձում ենք դիմել ընդհանուր ֆոնդերի, որոնց տարբեր քաղաքացիական հանրություններ են աջակցում: Հինգ տարի առաջ իրավիճակն ավելի բարդ էր, որովհետև այն ժամանակ ոչ մեկը չգիտեր` ինչ է փոդքասթը: Սա լիովին նոր դաշտ է, որը դեռ պետք է աճի ու ծաղկի:
Ի՞նչ խորհուրդներ կտաք այս դաշտ նոր-նոր մտած սկսնակներին:
Շատ կարևոր է լսել, և դրան, հաճախ, մեծ ուշադրություն են դարձնում: Ես նկատում եմ փոդքասթային բովանդակություն ստեղծողների, որոնք ոչինչ չեն լսում: Խոսքը այլ փոդքասթերների աշխատանքների մասին է: Որքան շատ լսես, այնքան ավելի շատ բան կիմանաս:
Լավ ու օգտակար է նաև մարդկանց դիմելն ու կապ հաստատելը, որը ես սկսնակ ժամանակ այդքան էլ լավ չէի անում: Կարծում եմ, որ այս աուդիո աշխարհն այքան փոքր է, և մարդիկ այնքան գիքեր են (անգլ` geek, ոչ բառացի թարգմանաբար` ինչ-որ բանով շատ տարված մարդ), որ հիմնականում շատ են ուրախանում, երբ ինչ-որ մեկն իրենց դիմում է: Կարող ես մի լավ ու գործնական խորհուրդ հարցնել, խնդրել ինչ-որ մեկին լսի ձայնագրութունդ: Իսկապես շատ լավ բան է:
Երրրորդ խորհուրդս` երբեք չվախենալ սխալներ անելուց: Սա անընդհատ սխալներ անելու մի երկար ճանապարհ է, որը գրեթե երբեք չի ավարտվում:
Սխալվելը գործընթացի մի մասն է ու պետք է հիշել, որ «ճիշտ անելու» ձև գոյություն չունի:
Հարցազրույցը՝ Քրիստիան Գինոսյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: