Միջազգային մեդիայում ուկրաինական պատերազմի մասին տեղեկատվությունը շատ է ու տարբեր ենթատեքստերով։ Outriders լեհական մեդիահարթակն այս պատերազմի մասին պատմում է ավելի շատ կադրերով, մարդկանց ձայնով, դեպքի վայրում մարդկանց գործողություններով։
Հրապարակումները մուլտիմեդիա ձևաչափով են, ընդգրկուն, կարողանում են ընթերցողին տեղափոխել ակտիվ պատերազմական կետերի միջավայր։ Հրթիռակոծության ձայնը, այդ պահին մարդկանց զրույցներն ու գործողությունները ներկայացվում են առանց լրագրողի մեկնաբանման։
Outriders-ն առաջին պլան է բերում պատերազմով անցնող մարդուն՝ ցույց տալով նրա վախերն ու ապրումները։ Լրագրողն ավելի շատ կադրում մարդկանց հետևում է, քան խոսում նրանց հետ։ Դա միտումնավոր քայլ է, որովհետև տագնապի ժամանակ մարդիկ գերադասում են գործել, ոչ թե խոսել։
Ընթացող պատերազմի մասին ցանկացած ինֆորմացիա լրատվամիջոցը տարածում է #EyesOnUkraine հեշթեգով։
Հարթակի համահիմնադիր Յակուբ Գորնիցկին վաղուց է պատմում Ուկրաինայի մասին, արդեն հինգ տարի։ Ռազմական գործողությունների հենց առաջին օրերին նա Ուկրաինայի թեժ կետերում էր՝ տեսնելու իրականությունն ու այն լսելի դարձնելու։
Սա պատերազմ լուսաբանելու նրա առաջին փորձառությունն է։ Մինչ այդ՝ 2020-ի օգոստոսին և սեպտեմբերին նա հետևում էր Բելառուսի բողոքի ակցիաների։ Նաև լուսաբանում միգրացիոն ճգնաժամը Հունգարիայում, Հունաստանում և Սերբիայում:
Յակուբ Գորնիցկին ասում է, որ միջավայրը Ուկրաինայում սարսափելի սթրեսային է և ամուր նյարդեր պահանջող։
Պատերազմի լուսաբանումը դժվար փորձառություն է լրագրողների համար։ Ի՞նչ կասեք ռուս-ուկրաինական պատերազմի լուսաբանման առանձնահատկությունների մասին։ Ի՞նչ խնդիրների են լրագրողները բախվում։
Դա մեծապես կախված է այն բանից, թե որ տարածքում են ակտիվ պատերազմական գործողությունները և որ ժամերին։ Սկզբում ամենամեծ խնդիրը զուտ լոգիստիկ էր՝ բենզին գտնելը, համապատասխան սարքավորումները, որոշ տեղերում սննդի ձեռքբերումը:
Ավելի վաղ պարետային ժամ էր սահմանվել, տարբեր քաղաքներում այն տարբեր ժամերի էր, այդ պատճառով աշխատանքի ժամանակը նույնպես սահմանափակված էր:
Նույն խնդիրները հիմա էլ Դոնբասի տարածքում են և ընդհանրապես Ուկրաինայի արևելքում, որտեղ այժմ կենտրոնացած է ռուսական ներխուժումը:
Պատերազմի առաջին օրերին նաև տեղեկատվության քանակն էր սահմանափակ, նկատի ունեմ այն տեղեկությունները, որոնք կօգնեին լրագրողներին կողմնորոշվել, թե ուր գնալ կամ ում հետ խոսել: Շատ մարդիկ տարհանվում էին, մյուսները զբաղված էին հարմարվելով նոր իրականությանը։ Միջավայրը սարասփելի լարված էր և սթրեսային։
Բուն ռազմական գործողությունների ժամանակ լրագրողները թիրախավորվա՞ծ են, թե՞ ոչ։ Ինչպե՞ս են կողմերը ապահովում լրագրողների անվտանգ աշխատանքը թեժ կետերում։
Առաջին հերթին դա կախված է լրագրողների փորձառությունից և պատրաստվածությունից։ Դա մի փոքր թուլացնում է վտանգը, սակայն չի չեզոքացնում այն։ Շատ լրագրողներ են արդեն մահացել կամ վիրավորվել ռուս զինվորների կողմից։
Եթե գտնվում եք մարտական գոտուն շատ մոտ, բախվում եք նույն ռիսկերին, ինչ քաղաքացիական անձինք կամ զինվորները։ Այնպես որ լրագրողների հանդեպ հատուկ վերաբերմունք չկա: Երևի միակ տարբերությունն այն է, որ դուք ունեք զրահաբաճկոն և սաղավարտ։
Պատերազմի լուսաբանման ժամանակ անվտանգության ապահովումն ունի բազմաթիվ շերտեր, բայց շատ բան պարզ է դառնում այն ժամանակ, երբ հայտնվում ես հակամարտության գոտում և ծանոթանում տեղանքին ու իրականությունը:
Մենք ուկրաինական անցուդարձը լուսաբանում ենք արդեն հինգ տարի, այնտեղ ունենք ստեղծած կապեր, և դա հեշտացնում էր մեր աշխատանքը։ Մեր հարցուփորձն օգնեց որքան հնարավոր է շատ տեղեկություն հավաքել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում թեժ կետերում։
Բայց անկեղծ ասած, ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում, ուստի կարևոր է կապ պահպանել և աշխատել գործընկերների հետ, քննարկել նրանց հետ իրավիճակները, որպեսզի հնարավոր լինի կայացնել որոշումներ, թե օրինակ, երբ տարհանվել կամ երբ դադարեցնել աշխատանքը։
Ո՞ր քաղաքներում և բնակավայրերում եք եղել: Մարդիկ պատրա՞ստ են աշխատել լրագրողների հետ, օգնել ներկայացնել իրավիճակը։
Ես պատերազմի առաջին ամիսն անցկացրել եմ Կիևում և նրա շրջակայքի քաղաքներում ու գյուղերում: Դրանից հետո գնացի Օդեսա, Լվով, Չեռնիգով և Կիևի մարզի շատ գյուղեր։
Մարդիկ իսկապես պատրաստ են կիսվել իրենց պատմություններով, թեև դրանցից շատերը ողբերգական են, դժվար է վերապրել դրանք ու ներկայացնել լսարանին: Բայց նրանք հասկանում են, թե որքան կարևոր է աշխարհի համար դառնալ լսելի:
Որո՞նք են մարդկային այն պատմությունները, որոնք տեղի են ունեցել ձեր աշխատանքի ընթացքում և որոնք անհնար է մոռանալ:
Իմ լավ լրագրող ընկերներից մեկը մի անգամ ինձ ասաց, որ «լրագրողը ստվեր է պատմության մեջ», ուստի ես նախընտրում եմ չկիսվել իմ զգացմունքներով: Դա չէ լրագրողի գործը։ Ես այդպես չեմ աշխատում, կիսվում եմ այն բանով, ինչ պատմում են ուրիշները:
Կարծում եմ, որ շատ կարևոր է հիշել դա լրագրող լինելիս և մարդկային պատմություններ ներկայացնելիս։
Այս պատերազմում կա՞ որևէ բան, որը լավ չի լուսաբանվում կամ շահարկվում է։
Մենք միանշանակ շատ քիչ տեղեկություններ ունենք, օրինակ, ուկրաինական կողմի ռազմական կորուստների մասին։ Հասկանալի է, թե ինչու է այդպես. նրանք պատերազմի մեջ են, և տեղեկատվության վերահսկումը դրա մի մասն է:
Դժվար է և հաճելի չէ զոհերի իրական թվի շուրջ տեղեկատվական փնտրտուքները, բայց նաև որպես լրագրող, դուք ձգտում եք ավելին իմանալ:
Իսկ մանիպուլյացիաները հիմնականում գալիս են ռուսական աղբյուրներից։
Պատերազմի ժամանակ հնարավո՞ր է մնալ լրագրող։ Ի՞նչ երկընտրանքի եք հանդիպել։
Ես լրագրության հին դպրոցի ներկայացուցիչ եմ: Ծանր, դաժան, կամ էլ հումորային դեպքերը պահում եմ ընկերներիս համար, իսկ լսարանի ուշադրությունը կենտրոնացնում եմ այն իրական պատմությունների վրա, որոնք մարդիկ պատմում են դեպքի վայրում:
Հարցազրույցը Գայանե Ասրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: