2022.05.16,

Տեսակետ

«Մարդիկ բնազդաբար, բջիջների մակարդակում են զգում, որ մեդիան իրենց խաբում է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մասնագիտությամբ քաղաքագետ Աշոտ Խաչատրյանը վստահ է, որ մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ քաղաքական է։ Ի վերջո, քաղաքականությունն է ձևավորում մեր կյանքը, ինչպե՞ս չխոսես դրա մասին։ 

«Հին Հունաստանում նրան, ով չէր հետաքրքրվում քաղաքականությամբ, զրկում էին քաղաքացիությունից ու կոչում «իդիոտ»։ Այնպես որ, քաղաքականությամբ զբաղվելն ու հետաքրքրվելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է»,- ասում է նա։

Աշխատելով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում՝ CRRC-ում, Աշոտ Խաչատրյանը մեջբերում է շուտով հրապակվող հետազոտության արդյունքները, որոնք շատ մտահոգիչ են մեդիայի համար։ Մարդկանց վստահության սանդղակում մեդիան վերջին տեղում է։

Հետազոտությունները Հայաստանում կարծես մնում են ընդամենը որպես տվյալներ՝ տեղ գտնելով ամսագրերում, արխիվներում, բայց մեծ հաշվով չեն հանգեցնում հանրային փոփոխությունների՝ առնվազն լայն քննարկման նյութ դառնալով։ Եվ միգուցե դա է նաև պատճառը, որ մենք ինքներս մեր հասարակությանը լավ չենք ճանաչում։

Վերջին երեսուն տարիներին ընդունված էր այն միտքը, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է։ Այդ միֆը շատ երկար է աշխատել։ Հիմա էլ է կարծես այդպես, չնայած, որ 2018-ից հետո կար փոփոխության ներուժ։

Որ քաղաքականությունը կեղտոտ գործ է ու պետք չէ դրա մեջ մտնել, երևի ամենահակաժողովրդավարական միտքն է, որը շատ հստակ ու խելացի ձևով է փոխանցվել, նաև դեռ սովետական տարիներից։ Մինչև հիմա էլ մարդկանց մեջ այն արմատացած է։ 

2018-ից հետո ինչ-որ բան կոտրվեց, բայց քանի որ լայն ժողովրդական զանգվածը ոչ մի կերպ չներգավվեց քաղաքական որոշումներում, ասենք, մասնագիտական խմբերի քննարկումների տեսքով, հասարակությունը կարծես բեկորացվեց, վերածվեց առանձին ատոմների։ Ու դարձավ ավելի անտարբեր։

Մինչդեռ հեղափոխությունից հետո այդպես չպիտի լիներ։

Մարդիկ արեցին հեղափոխությունը, և իրենք էլ պետք է շարունակեին՝ աճելով, զարգանալով ու պատրաստ լինելով վերահսկել ու բարելավել քաղաքական դաշտը։

Նկատել եմ նաև, որ իրենց ժամանակակից ու զարգացած դիրքավորող շատ երիտասարդներ համարում են, թե քաղաքականությամբ զբաղվելը մովետոն է՝ վատ վարքագիծ։ Եվ հպարտությամբ ասում են, որ դուրս են քաղաքականությունից։ Կարծում եմ՝ դա պատասխանատվություն չվերցնելու ձև է։

Ընդհանրապես տարածված է այն արտահայտությունը, որ ամեն մեկը պետք է իր գործն անի։ Օրինակ, եթե կոշկակարն իր գործը լավ անի, իսկ ծրագրավորողը՝ իր, ամեն ինչ լավ կլինի։

Ինձ համար դա շատ հիմար միտք է, քանի որ ստացվում է, որ նոր քաղաքական ուժերը պետք է ինքնաբերաբար բուսնեն ու առանց որևէ վերահսկողության ու մասնակցության ամեն ինչ կատարյալ կլինի: Դա շատ նման է պղպջակի մեջ ապրելուն։

Երբ մի քանի փորձերից հետո, մարդկանց բանի տեղ չեն դնում, դժվար է սպասել, որ մասնակցելու ու վերահսկելու ուժ կմնա։ 

Ավտորիտար իշխանությունների համար կարևոր է, որ մարդիկ ոչ մի կերպ չտեսնեն ընդունվող որոշումների ներքին խոհանոցը, որ չկարողանան ներգործել իրենց քայլերի վրա։ 2018-ից հետո էլ այդ համակարգն իր ուղնուծուծով չդարձավ ժողովրդավարական, ինչպես ասում էին՝ հին բաճկոնը նորից պետք եկավ։ 

Ժողովրդավարությունը ընդամենը մեխանիկական էր։

Այո, ընտրությունները կայանում էին, բայց մեծ իմաստով ժողովուրդը չներգավվեց տարբեր ինստիտուտների աշխատանքում, որ իր ձայնը լսելի դառնա ոչ միայն փողոցում։

Ի վերջո, եթե հինը քանդում ես, պետք է կառուցես նորը։ Ընդ որում՝ այդ նորը շատ ավելի բարդ համակարգ է։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ լրատվամիջոցների համակարգի հետ։

Շուտով կհրապարակենք Կովկասյան բարոմետրի նոր հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ տեղեկատվական դաշտն ունի ամենացածր վստահության ցուցանիշը։

Այսինքն, բոլոր պետական կառույցների, ՀԿ-ների ու ինստիտուտների շարքում ամենից քիչը մարդիկ վստահում են մեդիային։ Եվ սա իրոք աննախադեպ արդյունք է։ Այդ հետազոտություններն արվում են արդեն 20 տարի, ու առաջին դեպքն է, երբ ունենք այսքան ցածր վարկանիշ։ 

Ու ակնհայտ է, թե ինչու է այդպես։ Անգամ, եթե մարդիկ մեդիագրագետ չեն ու պատրաստ են անընդհատ տարածել տարբեր մանիպուլյատիվ նյութեր՝ չխորանալով բովանդակության մեջ ու չտիրապետելով ստուգման գործիքներին, նրանք միևնույն է հասկանում են, որ իրենց խաբում են։ 

Նույնիսկ կասեի, որ դա զգում են բնազդաբար, բջիջների մակարդակում։

Եվ եթե մարդը մեկ անգամ որսում է լրատվամիջոցների սուտը, միանգամից կորցնում է հավատն ու արդեն վերապահումով է շարունակում հետևել այդ լրատվամիջոցին։

Կարծես արթնանում է կասկածի որդը ու այլևս վստահության մասին խոսել չես կարող։

Համենայնդեպս, հետազոտությունը լրիվ արտացոլում է այդ իրավիճակը՝ շատ մանրամասնորեն։

Երբ խոսում ենք մեդիայի մասին, միշտ առաջանում է հարց՝ վերահսկե՞լ, թե՞ չվերահսկել։ 

Լրագրողական համայնքն, օրինակ, ուներ մտավախություն (և շատ օբյեկտիվ), որ եթե հանկարծ պետությունը սկսի վերահսկել ոլորտը, կստեղծվեն զսպման գործիքներ, որոնք կարող են հետագայում կիրառվել նաև ավելի կոշտ գիծ ընտրած իշխանությունների կողմից։ 

Բայց մյուս կողմից էլ պրոֆեսիոնալ լրագրողները հասկանում են, որ այն, ինչ կատարվում է այսօր մեդիա դաշտի հետ, նորմալ չէ ու պիտի լինի իրավաբանական ու օրենսդրական վերահսկողություն։ Որ մեդիան լինի հաշվետու ու թափանցիկ, որ հայտնի լինեն լրատվամիջոցների իրական սեփականատերերը, ֆինանսական հոսքերը և այլն։

Ի վերջո, սպառողներն էլ հասկանան, թե ում շահերը պաշտպանող մեդիա են կարդում և արդյոք իրենց կարդացածը սունկ կայքերում է, թե ոչ։

Մեդիան լուրջ գործիք է ու մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Եվ բնական է, որ մարդիկ իրենք էլ կուզեն վերահսկել մեդիայի աշխատանքը։

Վերահսկում ասելով սովորաբար հասկանում ենք պատիժը կամ տուգանքները։ Պետությունը կարո՞ղ է որևէ աջակցման կամ խրախուսման քայլեր անել։

Իսկ ինչպե՞ս ակնակալել, որ իշխանություններն իրական թափանցիկություն կապահովեն, եթե որքան տեսնում ենք, իրենք էլ սկսել են նույն բանը անել իրենց թևում։ 

Այսինքն, արտադրում են վատ որակի լրատավական հարթակներ՝ կասկածելի բովանդակությամբ։ Եվ ինչու՞ պիտի իրենք շահագրգռված լինեն մեդիա դաշտը կարգավորելու։

Տպավորություն է, որ նույն բաճկոնը օգտագործվում է նաև մեդիա դաշտում։

Թերևս կան նման փորձեր։

Պետք են ռեալ գործող մեխանիզմներ, որ լրատվամիջոցն իրավունք չունենա լինելու ոչ թափանցիկ, ինչպես հարկեր վճարող ցանկացած կազմակերպություն։

Իսկ որակյալ մեդիա արտադրանքը խրախուսելը, միգուցե նաև գումարով աջակցելը, ավելի շատ մշակութային իմաստ ունի։ Բայց ես ուզում եմ նայել հարցին հակառակ կողմից՝ սպառողի։

Պետք է վերահսկվեն այն կայքերը, որոնց գումարային մուտքերն ու ելքերը անհասկանալի են, իսկ հրապարակվող նյութերը՝ վտանգավոր հանրային առողջության համար։ Օրինակ, երբ քաղցկեղը սոդայով բուժելու մասին հոդվածը ունենում է հարյուր հազարավոր դիտումներ, դա պարունակում է ակնհայտ վտանգ և պետք է հայտնվի իրավական դաշտում։

Եվ իհարկե, շատ բան կախված է դատական համակարգից։

Կարևոր նախապայման է, որ մեդիայի իրավական հարցերով զբաղվող կառույցն ինքը լինի վստահելի մեդիայի կողմից, որ չլինեն ազատ խոսքը սահմանափակելու մեղադրանքներ։

Չեմ կարծում, որ կան վստահություն վայելող նման կազմակերպություններ, մարդիկ կամ հանձնաժողովներ։

Բայց տեսնում ենք, որ հանրությունը լուրջ տուժում է մեդիայի նման աշխատանքից։ Մարդկությունը ստեղծել է նման լուրջ գործիք, որը սակայն վայելում է չափազանց ցածր վստահություն։ Դա իսկապես շատ ցավալի է։

Աշոտ Խաչատրյան

Որակյալ լրատվամիջոցներին կարելի է մատների վրա հաշվել, և ինքս էլ սոցիալական մեդիայում անընդհատ նրանց նյութերն եմ տարածում՝ ընդգծելով, թե ինչ լավ գործ են անում։ 

Բայց կներեք, դրանք հաճախ անում են սովորական հետաքննություններ, այլ ոչ թե արտառոց ու չնաշխարհիկ գործ։ Դա իրականում պիտի համարվի ոչ թե լավ, այլ նորմալ գործ։ Բայց ես ստիպված եմ նրանց տարածում, քանի որ այլ օրինակներ չկան։ 

Չեմ ուզում վիրավորել լրատվամիջոցներին, այսօրվա պայմաններում շատերն իրոք աշխատում են արտակարգ ու անգամ հանճարեղ, բայց դա նորմալ վիճակ չէ։

Շուկան չի՞ հագեցել հայհոյախառն ու բևեռացված բովանդակությունից։

Կարծում եմ՝ հատկապես պատերազմից հետո մարդիկ շատ հիասթափվեցին ընդհանրապես բոլոր տեսակի լրատվությունից։

Բայց մեդիա դաշտը հաստատ պատասխանատու է այսօրվա անվստահության մթնոլորտի համար։

Բնական է, որ տարբեր օլիգարխներ ունեն իրենց մեդիա ռեսուրսները, հատկապես որ բարդ է գտնել գումար, ասենք, քրաուդֆանդինգով կամ բաժանորդագրությամբ։

Բայց եթե անգամ լրատվամիջոցը սպասարկում է որևէ օլիգարխի շահերը, գոնե պիտի ապահովի որոշակի որակ ու լինի թափանցիկ՝ հայտնելով, թե ովքեր են բաժնետերերը, ինչ գումարային հոսքեր կան, որն է խմբագրական քաղաքականությունը։

Իսկ հանրային վիրավորանքն ու զրպարտանքը քրեականացնող օրենքը ունա՞կ է շտկելու մեդիա դաշտը։ 

Եթե մի պահ մոռանանք այդ օրենքի զուտ մեխանիկական դերը (դատական հայցեր, տուգանքներ և այլն), կընդունենք, որ դա ռեալ քաղաքական ազդակ է։ 

Դա գործիք է (ասենք, մուրճ), որը եթե անգամ հիմա չօգտագործեցին, ապա չի բացառվում, որ վաղը այն կօգտագործեն հաջորդները և շատ ավելի դաժանորեն։

Այն փաստը, որ կա նման օրենք, արդեն իսկ նման է մուրճի։ Կարծում եմ՝ դա է վտանգավոր։

Եվ հետո՝ մարդիկ միշտ պետք է կարողանան հայհոյել իշխանություններին։ 

Բնականաբար, առանց զազրախոսելու՝ անհիմն մեղադրանքների համար պիտի պատասխանատվություն կրես։ Բայց սովորական մարդը անգամ ամենաժողովրդավար երկրում իրավունք ունի, ասենք, սոցիալական մեդիայի իր էջում հայհոյելու պաշտոնյաներին, որովհետև, ի վերջո, մարդիկ, որոնք կոստյում են հանգնում ու նստում են իշխանության աթոռին, իրենց վրա են վերցնում նաև հայհոյանք ստանալու բեռը։

Բայց ես վստահ եմ, որ հայհայոնքը մեր հասարակությունում այդքան էլ ընդունված արտահայտման ձև չէ (միգուցե հիմա է այն ավելի շատացել)։ Մենք այդքան էլ ագրեսիվ չենք, որքան կարծում ենք։

Հիշում եմ, որ 2018-19-ին նախկին իշխանությունների կողմից ահռելի արշավ սկսվեց ու մեծ փողեր ներդրվեցին, որ ստեղծվեն տարբեր ֆեյսբուքյան էջեր ու սունկ կայքեր, որոնք ակհայտ սուտ ու հայհոյանք էին տարածում։ Դա իրոք մեծ մասշտաբների էր հասել։ 

Բայց դրա դեմ պայքարելու միջոցը ոչ թե հայհոյանքը քրեականացնող օրենքն է, այլ մեդիա դաշտի վերահսկումը, ստիպելը, որ մեդիա ռեսուրսները լինեն թափանցիկ՝ գրանցվելով, անցնելով հարկային դաշտ։

Սոցիալական մեդիան լի է հայհոյանքներով։ Ընդ որում՝ հենց լրագրողներն են առաջնագծում։

Սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները հայ հանրության համար գրեթե նույնն են։ Մարդիկ չեն մտնում ուղիղ կայք կամ էլեկտրոնային հասցեով ստանում ծանուցումներ, որ լուրեր կարդան։

Գրեթե ողջ ինֆորմացիան, անգամ հենց լրագրողական նյութը, տեսնում են միայն սոցցանցերում, առանց տարբերակման։ 

Եվ եթե լրագրողն իր լրատվամիջոցում աղբ է գրում, գրեթե նույն բանը տեսնում ենք նաև նրա էջում։ Շատ լրագրողների հարցադրման ձևը, բառապաշարը չեն վկայում պրոֆեսիոնալիզմի մասին։

Անգամ հարցերի կառուցվածքն է ուղղված ոչ թե ինչ-որ բան իմանալու, այլ հարցը որպես դիրքորոշում հայտնելու։

Հաճախ հարցազրույցներում էլ լրագրողը կարևորում է իր հարցը, ոչ թե պատասխանը։ Ուզում է ոչ թե ինֆորմացիա ստանալ, այլ ընդամենն իր հարցը հնչեցնել։ Դա ինձ համար շատ խնդրահարույց է։ 

Կարծես լրագրողը ստացել է առաջադրանք ոչ թե իրականությունը լուսաբանելու, այլև ցույց տալու այն, ինչը պետք է։ Եվ նույնիսկ պատրաստ է իր ցանկալի իրականությունը ստանալու համար անել որոշակի քայլեր։ 

Պրովոկացիա անե՞լ։

Կամ ինչ-որ բան պարզապես հորինել, քանի որ այդպես է թելադրում իր լրատվամիջոցի օրակարգը։ Հորինում են, անում հարցադրում ու այդպես ստանում իրենց ուզած իրականությունը։

Վերնագիրն է դառնում է հենց լրագրողի հարցը։ Ու անպայման՝ հարցական նշանով։

Այս օրերին անըդհատ ցույցեր են ու անորոշություն, ինչը լավ հող է մանիպուլյացիաների համար, թեկուզ ցույցերի մասնակիցների թվերով։ Մի պատկերում մարդիկ հազարավոր են, մյուսում՝ գրեթե մարդ չկա։

Աքսիոմ է, որ քաղաքական ուժերը, մանավանդ ավտորիտար, ուղղակի ապրում են անորոշություն ստեղծելով ու անորոշության հիման վրա բուսնելով։ 

Փաստեր ստուգող կազմակերպությունները հրապարակում են տվյալներ հանրահավաքների մասնակիցների թվի մասին, և դա իհարկե, հստակություն է հաղորդում։ Բայց բացի այն, որ տարբեր կողմերը մի քիչ մանիպուլյատոր են, այլև ադեկվատ չեն։ 

Փողոցում գտնվողները էյֆորիայի մեջ են, իսկ այդ իրավիճակում միշտ ուզում ես հավատալ, որ քեզ նման կան միլիոնավոր մարդիկ ու դուք հիմա հասնելու ենք ձեր նպատակին։

Անգամ եթե սթափ ես մտածում, միևնույն է ինքդ քեզ կհամոզես, որ այդպես է ու մյուսներին էլ կուզես համոզել (անձնական օրինակով եմ ասում, իրոք այդպես է)։

Մյուս կողմից էլ իշխանությունների մոտ կա մտավախություն, որ այս շարժումը կընդլայնվի, ու նաև այդ պատճառով են հիմա ծաղրում ու միտումնավոր նվազեցնում մասնակիցների թվերը։

Կարծում եմ, երկու դեպքում էլ շարժիչ ուժը վախն է։

Հիմա մարդկանց մնում է կամ կոշիկ կարել (պատկերավոր ասած) կամ դրոշը վերցնել, գնալ փողոց։ Հիստերիկ քաղաքացի ենք սարքու՞մ։

Բարդ է ասել, թե որն է ավելի վատ՝ լրիվ անտարբե՞ր, թե՞ քաղաքական իրողություններից չհասկացող, չհաշտվող ու ինչ-որ ակտիվություն ցուցաբերող քաղաքացին։ Իհարկե, կա շերտ, որը գտնվում է այդ արանքում ու հավասարակշռում է իրավիճակը։

Հարցը միևնույն է մնում է այն, որ մեզ մոտ այդպես էլ չկայացան ժողովրդավարական ինստիտուտները, և մինչև հիմա իշխանափոխության միջոցը մնացել է փողոցը։

Իսկ հնարավո՞ր է սպասել, որ կլինեն լուրջ բանավեճեր։

Մոռացեք այդ մասին։ Հասուն քաղաքական բանավեճը լուրջ մշակույթի արդյունք է։ 

Ֆրանսիայի ընտրություններին հետևելով, կարելի է տեսնել, թե ինչ հստակ ուղղվածությունների են բաժանված բոլոր ուժերը, որոնք իրար հետ ունեն բանավիճելու ու հարց լուծելու մեխանիզմների մեծ դաշտ։

Մեզ մոտ քաղաքական բանավեճի կարիք չի եղել։ Միակ կոչը եղել է՝ հեռացնենք իշխանություններին։

Իսկ երբ իրական ընտրություն չի լինում, բնականաբար, գաղափարական պայքարն էլ չկա։ Իր հերթին հասարակությունն էլ դրա անհրաժեշտությունը չի զգացել։

Եվ շատ դեպքերում այսօրվա ընդդիմությունն ու իշխանությունները գաղափարապես իրար այնքան մոտ են, որ միակ տարբերությունն իրենց ընտրած բառապաշարն է։ 

Եվ եթե մի օր երկուսին էլ նստեցնենք կողք կողք ու ստիպենք բանավիճել առանց կարծրատիպային բառերի (ժեխ, դավաճան, թալանչի և այլն), չի բացառվում որ իրենք դառնան գաղափարակից՝ բոլոր հարցերում։

Քաղաքական ուժերը ապաքաղաքականցրել են ամեն ինչ, ընտրել ամենացարծորակ հռետորաբանությունը, և նույն կերպ էլ արդեն հասարակությունն է սկսում արտահայտվել։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *