2022.05.10,

Տեսակետ

«Քաղաքական թշնամանքի լեզուն Հայաստանում միշտ է եղել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կովկասյան ինստիտուտի ծրագրերի համակարգող Նինա Իսկանդարյանը մեդիա դաշտի մի քանի հետազոտությունների համահեղինակ է։ Նրա կարծիքով՝ հիմա Հայաստանի մեդիայի զարգացման համար շատ կարևոր է գովազդային շուկայի կայացումը։ Իսկ դրա համար առաջնային է մեդիայի չափման ընկերության հանդեպ վստահությունը։

Լրատվական դաշտը թվում է շատ բազմազան, բայց նաև բևեռացված ու ուղղորդվող քաղաքական ուժերի կողմից։ Ձեր կարծիքով, ո՞րն է հիմնական խնդիրը։

Հայաստանի լրատվական դաշտում կան մի քանի խնդիրներ, որոնք իրականում բխում են մեկը մյուսից։ Գլխավորը թերևս գովազդային շուկայի թերզագացվածությունն է (տարբեր պատճառներով), հետևաբար նաև՝ ոչ քաղաքական փողերի դեֆիզիտը։ 

Արդյունքում տեսնում ենք ահռելի ծավալի հասնող քաղաքականցված լրահոս։ Իհարկե, որոշ լրատվամիջոցներ ակնհայտորեն պաշտպանում եմ այս կամ այն քաղաքական ուժին, բայց քիչ չեն նաև այն լրատավմիջոցները, որոնք պարզապես չեն կարողանում հայթայթել ոչ քաղաքական ներդրումներ, իսկ գովազդային հոսքերով սնվել  հաջողվում է շատ քչերին։

Հետևելով մեր լրահոսին, երբեմն չես կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում ոչ միայն աշխարհում, այլև քո կողքի փողոցում։

Հիմա աշխարհում արտառոց իրավիճակ է՝ բոլոր առումներով։ Եվ զարմանալի չէ, որ մարդկանց բարդ է հետևել լուրերին, անգամ եթե դրանք ստանում են չափազանց որակյալ լրատվամիջոցից։

Ինչպես էլ աշխատեն հիմա լրատվամիջոցները, վստահությունը նրանց հանդեպ շատ երերուն է։ Մարդիկ միևնույն է փնտրում են այն, ինչն ուզում են կարդալ ու լսել։

Կարծում եմ՝ նման ճգնաժամային իրավիճակումներում մարդիկ ձգտում են կարդալ ու լսել այն նորությունները, որոնք ունակ են հանդարտեցնել, սփոփել, ի վերջո, որոշ չափով իմաստավորել աշխարհի գոյությունը, որը անկեղծ ասած՝ շատ դեպքերում գնալով դառնում է բացարձակապես անիմաստ ու անկանխատեսելի։

Որքա՞ն է ռուսաստանյան (հիմնականում քարոզչական) մեդիայի ազդեցությունը Հայաստանում։

Երբ Հայաստանի մեդիա դաշտում հայտնվում են վերահրապարակումներ ռուսական մամուլից, առանց քննադատական հայացքի, պարզապես պատճենվող, դա նույնպես խոսում է գումարի պակասի մասին։ Եթե լրատվամիջոցը փող չունի՝ լուրջ ու բարեխիղճ լրագրողներին վճարելու համար, ստիպված լրահոսը լցնում է ամեն ինչով, որ նյութերը շատանան ու լուրերի ալիք ստեղծվի։ Բնականաբար, դա անում են նաև որոշակի «խալտուրայով»։

Չունեմ տպավորություն, որ հատուկ մեջբերում են ռուսական քարոզչկական նյութերը, դրանք այս կամ այն կերպ սողոսկում են հայկական մեդիա ավելի շուտ ֆինանսական թուլության պատճառով։

Ի վերջո, 2020-ից հետո հայտնվեց որոշակի սթափություն, և ռուսամետ ակտիվ դիրքորոշում տարածող հարթակները կարծում եմ՝ առանձնապես մեծ հաջողություն չունեն։

Ռուս-ուկրաինական պատերազմի հարցում էլ տպավորություն է, որ հայկական մեդիան պահպանում է չեզոքությունն ու լավ շրջանցում է սուր անկյունները՝ առանց երկու կողմերի կրքոտ աջակցության ու հպանցիկ է անդադառնում երկու պետությունների դիրքորոշումներին։ 

Եվ դա տրամաբանական է, քանի որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում կան խոշոր հայկական համայնքներ, և հարաբերություններ փչացնել ոչ ոք չի շտապում, ընդհակառաը ցուցաբերում են զգուշավորություն։

Մեդիա դաշտը զուսպ է, քանի որ քաղաքական դիսկուրսն է այդ հարցում զուսպ։ 

Ընդհանրապես, հիմա ոչ ոք չի կարող կանխատեսումներ անել։ Եվ անիմաստ է անգամ փորձելը։ Երևի պարզապես պետք է փորձենք դիմակայել այսօրվա անորոշ ու ծորուն իրավիճակում։

Ավտորիտար համակարգերը նաև փորձում են ընտելացնել մարդկանց այն մտքի հետ, որ բռնությունը թեև չարիք է, բայց երբեմն անխուսափելի։ Որքա՞ն կարևոր է թշնամու կերպարը (ներքին, արտաքին, վերացական) նման համակարգերում։

Հաշվի առնելով, որ Հայաստանը նոր է տեսել պատերազմ, կարծում եմ, որ թշնամու կերպարը նույնիսկ շատ ավելի մեղմ է հիմա ուրվագծվում, քան կարող էր լինել։ 

Այսինքն, չեմ տեսնում, որ լրատվամիջոցներում ու սոցիալական մեդիայում ուժեղ է շեշտադրվում, ասենք, թուրքերի ու ադրբեջանցիների թշնամական հավաքական կերպարը։ Իհարկե, այն կա, բայց կարող էր շատ ավելի ցայտուն լինել։

Փոխարենը շեշտադրվում է խաղաղության օրակարգը։

Դա առաջ է տանում պետությունը, և որքան կարող ենք տեսնել՝ առանց մեծ հաջողության հասարակության ընկալման տեսակետից։ Կարծում եմ՝ հասարակությունը մեծ հաշվով դրան պատրաստ չէ, հատկապես անմիջապես պատերազմից հետո։

Իհարկե, խաղաղության օրակարգը միշտ լավ է, բայց եթե այն արդյունավետ է։ 

Կովկասյան ինստիտուտը հետազոտել էր, թե ինչպես է թշնամու կերպարը արտահայտվում մեդիայում։ Ճիշտ է, դա արել ենք տասը տարի առաջ, բայց արդյունքները հետաքրքիր էին։ Մեր մշտադիտարկումները ցույց տվեցին, որ թշնամանքի լեզուն կրիտիկական աստիճանի չէ, և ընդհակառակը՝ նվազում է։

Անգամ 2020-ի պատերազմի ժամանակ ակնհայտ թշնամանքի լեզուն չկար։ Հեռուստատեսային ռեպորտաժներում, օրինակ, բավականին զուսպ արտահայտություններ էին՝ առանց ծայրահեղ գունավորման։

Բայց այս օրերին մենք այնպիսի բառեր ու հայհոյանքներ ենք լսում, որ կարելի է սարսափել։ Օրինակ, հենց հիմա, փողոցային ակցիաների ժամանակ։

Քաղաքական թշնամանքի լեզուն Հայաստանում միշտ է եղել։

Եվ երբ տարիներ շարունակ մենք խոսում էինք այդ մասին, մեզ լսող չկար։ Մինչդեռ հետազոտությունները վկայում էին, որ քաղաքական թշնամանքի լեզուն շատ ավելի է տարածված, քան նույնիսկ էթնիկականը կամ պետականը։

Իհարկե, 2018-ի հեղափոխությունից հետո քաղաքական թշնամանքի լեզուն շատացել է, այն ամեն քայլափոխին է՝ թե՛ փողոցում, թե՛ մեդիա քննարկումներում։

Բայց կրկնում եմ՝ Հայաստանի համար դա նոր երևույթ չէ, այն միշտ կար։ Թեև հիմա ավելի է սրվել։ Եվ կարծում եմ, որ ավելի է սրվելու։

Դա տեսնում ենք մեդիայում, քանի որ լրագրությունը քաղաքականությունից անկախ չէ։

Բայց թշնամանքի լեզուն հենց այն երևույթն է, որը կապված չէ լրատվամիջոցի ֆինանսավորման հետ։

Երբեմն լրագրողները կարող են անկեղծորեն հույս ունենալ, որ նման լեզվով գրավում են լսարանի ուշադրությունը։ Հաշվարկն այն է, որ դա ունի պահանջարկ ու դուր է գալիս որոշակի շերտերին։

Շուկան չի հագեցե՞լ կարմիր գծերը անցնելու պատրաստ նյութերով։ 

Մեդիա շուկայում շատ է անորակ ապրանքը, բայց հարց է առաջանում՝ իսկ ո՞վ, ինչպես և ինչու՞ պիտի սպառի որակյալ լրատվամիջոցների արտադրանքը։ Այսինքն, ու՞ր է այն ընթերցողը, որին պետք է որակյալ լրատվամիջոց։

Դուք հիմա հետազոտում եք գովազդի ու մեդիայի կապը։ Ի՞նչ կարևոր բաց եք նկատել։

Փորձում ենք պարզել, թե ինչպես է գովազդային շուկան ազդում լրատվամիջոցների որակի, անկախության, ազատության վրա։ Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին, բայց կարող եմ ասել, որ իրավիճակը շատ տարբեր է ինտերնետային մեդիայի ու հեռուստատեսության և ռադիո դեպքում։

Հնարավոր է, որ իրավիճակը կարելի էր բարելավել, եթե մեդիա դաշտի խաղացողները ավելի շատ համագործակցեին ու ավելանային համամասնակցային նախաձեռնությունները։

Այդ դեպքում միգուցե կձևավորվեր ողջ շուկայի համար ընդունելի ու վստահելի չափող ընկերություն։

Համենայնդեպս հիմա Հայաստանում լսարանի չափման արդյունքները չեն նպաստում մեդիա շուկայի զարգացմանը։

Ռադիոյի լսարանը ընդհանրապես չի չափվում (դա թանկ է, և ռադիոընկերությունները չեն կարողանում ինքնուրույն դա ապահովել), իսկ հեռուստատեսության դեպքում չափման արդյունքները չեն գոհացնում։

Իսկ չափումներն, ի վերջո, անհրաժեշտ են, որ շուկա մուտք գործեն լուրջ գովազդատուներ։ Եվ հակառակը՝ լուրջ գովազդատուներ չեն լինի, քանի դեռ չկան վստահելի չափումներ։ 

Չափումներն են, որ օգնում են խոշոր գովազդատուներին ճիշտ թիրախավորել իրենց արտադրանքը։ Եթե դրանք չկան ու գովազդատուները համոզված չեն, որ իրենց գովազդը արդյունավետ է աշխատում, շուկան ինքնին դառնում է ոչ հեռանկարային։

Վրաստանում, օրինակ, ռադիոընկերությունները կարողացան միավորվել ու հրավիրել չափող ընկերություն։ Եվ մեդիա դաշտն այնտեղ կարգավորվեց նաև դրա շնորհիվ։

Դժգոհություն կա Հայաստանում չափող ընկերության «Ադմոսֆեր Արմենիա»-ի աշխատանքից։ Կառավարությունը անգամ որոշեց անցկացնել աուդիտ, բայց որքան հասկացանք, դա տեղի չունեցավ։

Կարևոր նախապայման է վստահությունը։ Չափման գործիքներն ու արդյունքները դաշտի բոլոր խաղացողների համար պետք է լինեն թափանցիկ, հասանելի ու հասկանալի։ 

Սիներգիան՝ համագործակցության ցանկությունը, մեդիա դաշտում կօգներ գիտակցել, որ բոլորն իրականում ունեն ընդհանուր նպատակներ։

«Ադմոսֆեր Արմենիա»-ում աուդիտ եղավ, բայց ես չգիտեմ, թե ինչ արդյունքներ այն ունեցավ, դրանք չեն հրապարակվել։ Ի վերջո, այդ չափող ընկերությունը շարունակում է աշխատել։ 

Կարող եմ ասել, որ անգամ կարևոր է թե, ինչպես է այդ ընկերությունը աշխատում, կարևոր է, որ նրան վստահեն դաշտում գործող խաղացողները։

Եվ այո, մեդիա դաշտը պիտի համագործակցի (միգուցե արդյունաբերական կոմիտեի ստեղծելով), որ արդյունք լինի։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *