2022.05.02,

Տեսակետ

«Հայաստանի լրագրողներին խորհուրդ կտայի ստեղծել փոքր մեդիա ստարտափեր»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նատալյա Բելոգրուդովան մեդիա դասընթացավար է, որը լավ ծանոթ է հետխորհրդային երկրների մեդիա լանդշաֆթին: Նա պարբերաբար աշխատում է որպես խորհրդատու Բալթյան երկների, Միջին Ասիայի, Մոլդովայի ու Բելառուսի մեդիա կազմակերպությունների հետ: Վերջին երկու տարիների ընթացքում ապրում է Վրաստանում, և Հայատան գալով՝ ակամայից զուգահեռներ է անցկացնում է այդ երկների մեդիա ու բիզնես միջավայրի նմանության ու եզակիության մասին:

Ի՞նչ ընդհանուր խնդիրներ կան հետսովետական երկրների մեդիայում և ո՞ր դեպքում է հաջողվում դրանք հաղթահարել։ 

Ինձ թվում է, որ գլխավոր խնդիրը հետսովետական տարածքում, իհարկե, բարդությունն է հասկանալու, թե ինչպես կառուցել ֆինանսապես կայուն մեդիա։ Դա առաջինն  է։

Իսկ երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, բայց ցավոք, հովոնավորների ծրագրերում գործնականորեն տեղ չի գտնում, դա մենեջմենթն է։

Հետսովետական առաջնորդները ոչ միշտ են հասկանաում, թե դա ինչ է։ Գրեթե միշտ կազմակերպության (նշանակություն չունի առևտրային, ոչ առևտրային, պետական կամ մասնավոր) ղեկավար են դառնում գրասենյակային բյուրոկրատները։

Որպես առաջնորդ մենեջերը չի ընկալվում է. դա բավականին թարմ հասկացություն է խմբագրությունների համար։

Եվ հաճախ գլխավոր խմբագիրներ են դառնում մարդիկ, որոնք կամ իրոք բյուրակրատական մոտեցում ունեն, կամ լիակատար ստեղծագործողներ են, որոնք նույնպես լավ չեն պատկերացնում, թե ինչ է մեդիա մենեջմենթը։

Մի կողմից երևի լավ է, որ վերջին տարիներին շատացել են դոնորական ծրագրերը (եվրոպական, ամերիկյան), որոնք կազմակերպում եմ դասընթացներ մեդիա մոնետիզացիայի մասին։ Բայց մինչ զբաղվելը մոնետիզացիայով, կարևոր է հասկանալ, թե ինչպես է մեդիան կառավարվելու։ Եվ այստեղ կան լուրջ բացթողումներ։

Իրականում, ամեն ինչն է սկսվում մենեջմենթից։

Ինչպե՞ս բնորոշենք, թե դա ինչ է մեդիայում։

Նախևառաջ ռազմավարորեն մտածելու ունակություն։ Հետո պլանավորելու, քիչ թե շատ գրագետ գնահատելու այն համատեքստը, որտեղ աշխատում ես՝ հաշվի առնելով իրական մրցակիցներին ու սեփական մեդիայի ուժեղ ու թույլ կողմերը, այդ թվում նաև սեփական արտադրանքի եզակիությունը։

Ու հետո կարողությունը համակարգային կերպով շարժվել դեպի նպատակներ։

Հաճախ տեսնում եմ, որ մարդիկ մեծ ոգևորությամբ են սկսում իրենց գործը՝ ունենալով վառ ու գեղեցիկ գաղափարներ, բայց այդ ամենը չի դառնում միասնական ու հեռանկարային ռազմավարություն։ Այսինքն, այսօր ծնվում է գաղափարը, մենք դրանով զբաղվում ենք, հետո միգուցե նաև հիասթափվում, քանի որ չենք մտածել, թե ինչ մեդիա ընկերություն ենք ուզում լինել երկու տարի հետո։

Նատալյա Բելոգրուդովա, լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Ինձ թվում է, որ դա է գլխավոր խնդիրը, որի թիկունքում իրականում հենց սովետական անցյալն է։ Ընդ որում՝ դա ոչ միայն մեդիա դաշտում է, այլև բիզնեսում ընդհանրապես։ Միգուցե բացառություն է ՏՏ ոլորտը, որն ավելի առաջադեմ է հենց այն գիտակցությամբ, որ կարևոր է մենեջմենթը։ Իսկ ավանդական բիզնես նախագծերում գրեթե նույն իրավիճակն է։

Մյուս գլխավոր խնդիրը աշխատակազմն է։ Շատ դժվար է գտնել ճիշտ որակավորում ունեցող մարդկանց, հատկապես մարզերում։ Տաղանդավոր մարդիկ հեռանում են և դա բնական է, քանի որ նրանք կառուցում են իրենց կարիերան։

Նաև շատ լավ երևում է, որ հետսովետական երկներում կրթության մակարդակը զգալիորեն իջնում է։

Հետաքրքիր է, որ Հայաստանում գրեթե ամեն բուհ ունի լրագրության ֆակուլտետ ու տարեկան հարյուրավոր կադրեր է թողարկում։ Շուկան լիքն է լրագրողներով։ Բայց միևնույն ժամանակ, լրագրողների դեֆիցիտ է։

Մեծ դեր է խաղում կրթության որակը։ Ուրեմն կրթության որակը չի համապատասխանում իրականության պահանջարկին։ Եվ խնդիրը անգամ լրագրողական կրթությունը չէ։ 

Ի վերջո, լրագրողը կրթված ու հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող մարդն է, որը եթե անգամ զբաղվում է դասական սթորիթելինգով ու պատմություններ է կառուցում, լավ հասկանում է, որ թեմաներ ընտրելու ու դրանք լսարանին հասցնելու համար իրեն անհրաժեշտ են հմտություններ՝ ինֆորմացիան դասակարգելու, դրդելու, որ իր հերոսները լավ հարցազրույցներ տան։ 

Այսինքն, լրագրողը պետք է նաև հոգեբան լինի։ Ընդ որում՝ հոգեբանությունը շատ լավ գործիք է բոլոր լավ լրագրողների ու խմբագիրների համար, բայց չգիտես ինչու, դրա մասին շատերը մոռանում են։

Եվ ես չեմ տեսնում, որ այսօր լրագրողները ստանում են լավ կրթություն։ Եվ կիրառում են այն մասնագիտությունները, որոնք օգնում են լինել ուժեղ, շրջահայաց, հետաքրքիր ու ստեղծարար անձնավորություն։ Ի դեպ՝ հիմա աշխարհում լրագրողական մասնագիտության կարևոր հմտություն է համարվում հենց ստեղծարարությունը (creativity and design thinking):

Աշխարհը շատ արագ է փոխվում և իմաստ չունի սովորել, ասենք, մոնտաժի որոշ ծրագրեր, այլ ավելի լավ է սովորել, թե ինչպես նոր իրականության մեջ վայրեկանական որսալ ինֆորմացիան, վայրեկանական գտնել կամ հնարել լուծումներ։ Այսինքն, կան որոշ տեխնիկական ունակություններ, որոնք հիմա երկրորդ պլանում են, և կարևոր է պատրաստ լինելը արագ որոշումներ կայացնել։

Երևի հասցրել եք նկատել, որ շատ լրատվամիջոցներ Հայաստանում քաղաքական թիկունք ունեն։

Վրաստանում էլ է այդպես։

Ի՞նչ անել այդ իրավիճակում, եթե շատ լավ լրագրող ես ու պատրաստ չես խաղալ խմբագրությունների չգրված խաղի կանոններով։

Երբ որպես լրագրող ու խմբագիր աշխատում էին Սանկտ Պետերբուրգում, ընտրում էի այն խմբագրությունները, որոնց տերերը արտասահմանցիներ էին։ Իմ դեպքում դրանք նորվեգական ու շվեդական հրատարակչատներ էին։ 

Սկզբունքային է, որ մեդիան ունենա անկախ խմբագրական հայեցակարգ։ Եվ առաջին հարցը, որ տալիս էի ապագա գլխավոր խմագիրներին ոչ թե «Որքա՞ն է աշխատավարձը», այլ «Կա արդյո՞ք խմբագրությունում գրաքննություն»։ Եվ երբեք չեմ համաձայնվել աշխատել պետական մեդիայում՝ նույնիսկ շատ բարձր աշխատավարձով։

Եթե լրագրողը ազնիվ չէ ու պատրաստ է փոխզիջումների գնալ սեփական խղճի հետ, ուրեմն նա լրագրող չէ։ Այդ դեպքում կարելի է աշխատել PR ոլորտում։ 

Հավատացեք, ոչ ազնիվ լրագրողը դժբախտ մարդ է, քանի որ ինքն իրեն անհարմարավետ ու կոտրված է զգում։

Օրինակ, Վրաստանում երիտասարդ շատ լրագրողներ չեն վստահում լրատվամիջոցներին։ Ու այդ անվստահությունը ահռելի ծավալի է։ Եվ հենց այն պատճառով, որ տեսնում են, թե ինչ է կատարվում մեդիա շուկայում, նրանք նախընտրում են ստեղծել սեփական փոքր մեդիա հարթակներ՝ թեկուզ երկու-երեք մարդու ուժով։

Վրաստանում շատ են փոքր մեդիա ստարտափերը, քանի որ մարդիկ զգում են, որ չեն կարողանալու աշխատել խոշոր պետական կամ ոչ պետական ալիքներում։ Չնայած, որ դա շահեկան է նաև գումարի տեսանկյունից, բայց հակասելու է իրենց սկզբունքներին։

Հայաստանի լրագրողներին էլ խորհուրդ կտայի ստեղծել փոքր մեդիա ստարտափեր, մանավանդ, որ հնարավորություն կա ստանալու դրամաշնորհներ։ Գումարած դրան՝ տեխնոլոգիական հնարավորություններն են թույլ տալիս դա անել սակավ մարդկային ռեսուրսով ու փոքր գումարով։

Այսինքն, փոքր բիզնես սկսե՞լ։

Այո, դա կոչվում է՝ լրագրողական փոքր ձեռներեցություն։

Քանի որ խոսեցինք գրաքննության մասին, ի՞նչ պատնեշներ պետք է կառուցել պրոպագանդայի դեմ, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ։ Նաև հաշվի առեք, որ հետսովետական երկների շարքում մենք երևի միակ երկիրն ենք (Բելառուսը չհաշված), որը ազատ հեռարձակում է ռուսական դաշնային ալիքները։

Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, որ չնայած Ռուսաստանում պաշտոնապես չի հայտարարված ռազմական դրություն, բայց այն, ինչն այնտեղ կատարվում է սկսած փետրվարի 24-ից, իրականում ռազմական դրության օրենքներ են։ 

Իսկ ցանկացած ռազմական դրության ժամանակ չի կարող լինել անկախ մեդիա։ Եվ նշանակություն չունի, դա Ռուսաստանն է, թե այլ երկիր։

Բարեբախտաբար, մենք ապրում ենք VPN-ների դարաշրջանում, և այն մեդիա հարթակներին, որոնք արգելափակված են Ռուսաստանում, բայց չնայած գործող դրակոնյան օրենքների՝ շարունակում են աշխատել ու մնալ անկախ, միևնույն է կարելի է հետևել։

Պարզապես պետք է ընդունել, որ եթե որևէ մեդիա արգելափակված չէ Ռուսաստանում, ուրեմն այն աշխատում է հանուն քարոզչության։

Իսկ սովորոկան ժամանակ ընդհանուր պատկերը հասկանալու համար հարկավոր չէ բավարարվել մեկ մեդիայով։ Մի քանի աղբյուրների տեղեկատվությունը համադրելով կարելի է միգուցե ստանալ ամբողջական պատկերացում իրականության մասին։

Հայաստանում ի՞նչ ներուժ եք տեսնում, որը կօգնի մեդիային դառնալ իրոք ինքնաբավ ու ազատ քաղաքական օրակարգից, նաև ստեղծելու եզակի արտադրանք։

Հայաստանում իրոք շատ են այն լրատվամիջոցները, որոնք գրում են մեծամասամբ քաղաքականության մասին։

Մի լրատվամիջոցի հետ ես աշխատել եմ որպես խորհրդատու ու հետաքրքիր էր, թե որքանով է լսարանը բավարարված այդ քաղաքական օրակարգով։ Մենք նայեցինք տվյալներն ու վիճակագրությունը և պարզեցինք, որ լուսաբանվող քաղաքական լրահոսից լսարանը  իրականում շատ գոհ չէ։

Կոպիտ ասած՝ հարյուր դիտողից քաղաքականությունը հետաքրքրում էր միայն հինգին։

Եվ դա այն ցուցանիշն էր, որը հուշում է՝ արժե ուշադրություն դարձնել լսարանին։ Հետևել դիտումներին, միգուցե կազմել հարցաթերթիկներ, որոնք կօգնեն պարզել, թե ինչ է ուզում լսարանը կարդալ։ Մենք, օրինակ, պարզեցինք, որ հայաստանյան լսարանին ավելի շատ հետաքրքրում են սոցիալական թեմաները, կենսակերպի մասին նյութերը։

Նատալյա Բելոգրուդովա, լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Կարծում եմ՝ մարդիկ հոգնել են քաղաքականությունից։ Մանավանդ, որ Հայաստանը փոքր երկիր է, և բարդ է գտնել օրական հարյուր քաղաքական լուր, որոնք արժե լուսաբանել։ Եթե կատարվում են մեկ-երկու կարևոր քաղաքական իրադարձություններ, բնականաբար, այդ մասին պետք է գրել։ Բայց ոչ հարյուրի։

Իհարկե, ես շատ լավ չգիտեմ Հայաստանի ողջ մեդիա տիրույթը, բայց ինձ շատ է դուր գալիս, որ երիտասարդները հետաքրքրված են լրագրությամբ։ Եվ նրանք շատ արժանապատիվ ու ամբողջական մարդիկ են, պատրաստ քիչ փողով անել լավ գործ։ Դա հույս է տալիս, որ կհայտնվեն նոր, թարմ, անկեղծ ու վառ նախագծեր: 

Նաև ուշադրության է արժանի (միգուցե դա նաև ազգային առանձնահատկություն է), որ ձեր մեդիա նյութերը շատ վիզուալ են։ Այսինքն, հայ լրագրողները լավ են աշխատում ֆոտոյի ու վիդեոյի հետ։

Միգուցե իր աննկատ հետքն է թողել Փարաջանովը։

Միգուցե։ Բայց շատ երկրների լրագրողներին արժե հենց ձեզանից սովորել, թե ինչպես կառուցել վիզուալ սթորիթելինգը։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *