2022.04.28,

Տեսակետ

«Մեր հասարակությունում շրջանառվող բառերը հիմնականում գրել են դեռ միջնադարյան պատմիչները»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կարծիք արտահայտելու ու դա լավ անելու համար նախևառաջ պետք է գտնել բառեր։ Տեղեկատվությունը, որը թափվում է մեզ վրա ամեն վայրկյան, առաջարկում է նաև պատրաստի բառային կաղապարներ, որոնք արժե պարբերաբար կազմաքանդել։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ զրույցը մեծ հաշվով ընտրության մասին է։ Նաև բառերի, որոնց օգնությամբ արտահայտում ենք մեր կարծիքը կամ հասկանում դիմացինի դիրքորոշումը։ Երբեմն ասածն ու ընկալածը կարող են հայտնվել բախման մեջ ու ստանալ հակառակ իմաստներ։ 

Ճիշտ այնպես, ինչպես բախվում են պրոպագանդան ու լրագրությունը կամ պարզունակ թշնամու կերպարի վրա կառուցած ստեղծագործություններն ու պաթետիկ ճառերը և գիտական արժեք ունեցող պնդումները։

Ինչպե՞ս են ազդում մեզ վրա Ռուսաստանից եկող տեղեկատվական հոսքերը, տերմինները, քարոզչական ուղերձները։ Կարծես ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ մենք ավելի զուսպ ենք մեջբերում ռուսական աղբյուրները։

Մեր գիտական և հանրային մտածողությունը, այդ թվում լեզվամտածողությունը, զգալի չափով ձևավորվել է նույն դաշտում և երկար ժամանակ, նաև հիմա, շարունակվում է։ Բայց կարծում եմ, որ հետխորհրդային շրջանում Հայաստանում անհատներն ու խմբերը (նաև իրավիճակն է թելադրել) լուրջ փորձեր են արել որոշակի չափով ինքնուրույնացնել մեր մտածողությունը որոշ հարցերում։

Բոլոր դեպքերում մեր ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերություններն այնպիսին են, որ մեդիան, լրատվությունը և ընդհանրապես հանրային կարծիք ձևավորողները՝ շրջահայացորեն համամիտ լինելով կամ որոշ վտանգների կանխատեսումով ու դրանք մեղմելու նպատակով, հիմա բավականին զգուշորեն են արտահայտնվում։

Բայց կարծում եմ, որ այն, ինչ հենց այսօր է կատարվում Ռուսաստանում, Հայաստանի հանրային մտածողությանը խորթ է։

Իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմին նախորդած արցախյան պատերազմը նույնպես ազդեց թե՛ ընդգծված ռուսամետների, թե՛ հակառուսամետների, թե՛ լրիվ չեզոք դիրք ունեցողների վերաբերմունքի վրա։ Բոլորը մի քիչ ավելի զուլալվեցին, բայց սկզբունքային տարբերությունն այն է, որ ուկրաինական պատերազմը դարձավ միջազգային քննարկման նյութ, աշխարհի տարբեր կողմերի դիրքորոշումները կարելի է ասել, հստակ են։

Կարծում եմ՝ Ռուսաստանի ներքին դիսկուրսի ազդեցությունը Հայաստանում նվազագույն է։

Մեր լրատվական դաշտը շատ քաոսային է, հիմնականում նպատակ ունի հուզականորեն ազդելու, հաճախ առանց համատեքստի ու ամբողջական պատկերը ներկայացնելու։ 

Երբեմն մեր լրահոսը, կարծես, շրջանցում է անհրաժեշտ փաստարկները, երևի ենթադրելով, որ դրանք հանրայնորեն շատ հայտնի են։ Մինչդեռ կարող է և այդպես չէ։ Փաստարկների պակասը մեդիայում առաջացնում է անորոշություն։

Բայց մյուս կողմից՝ լրատվությունը բևեռացված է, ինչը կախված է քաղաքական ուժերի, կուսակցությունների, խմբերի ու անհատների դիրքորոշումներից, երբեմն՝ ընդգծված հակոտնյա։

Եվ բնականաբար, այդ հակոտնյա դիրքորոշումներն արտահայտվում են համապատասխան բառամթերքով։ Դա կարող է առաջացնել շատ հակասական զգացողություններ, և առաջնայինը անորոշությունն է։

Կան փուլեր, երբ հասարակություններն ավելի լայնախոհ ու խոհեմ են, քան իրենց ղեկավարները։ Դա ասելու հիմքեր կա՞ն։

Հետազոտություններ կան, որոնք փաստում են՝ բոլոր հասարակությունների կամ պետությունների (զարգացած կամ ոչ այնքան) բնակչության քանակական մեծամասնությունը, ընդհուպ մինչև 80%-ը, սովորաբար ունի պասիվ դիրքորոշում և դեպքերի զարգացումներին ակտիվորեն չի մասնակցում։ 

Պատահական չէ, որ որևէ նոր շարժման կամ նոր իրավիճակում հայտնված մարդիկ սովորաբար սպասում են առաջնորդներին։ 

Եվ առաջնորդների այդ սպասումը նույնպես առաջացնում է որոշ վերապահողականություն։ Կարծիք արտահայտելու ձևերն էլ են շատ տարբեր։ Մարդիկ հենց այնպես կարծիք չեն արտահայտում, նրանց գնում հարցնում են, նրանք էլ երբեմն որոշ դժկամությամբ, երբեմն ակտիվորեն պատասխանում են։

Իհարկե, լինում են իրավիճակներ, որոնք կարծես թե բացահայտ համահասարակական են, ինչպես, օրինակ, Հայաստանում էր 1988-89 թվականներին։ Թվում էր, որ այդ ժամանակ ոչ մի պասիվ մարդ չկար։

Հիմա ավելի շատ սպասողական վիճակ է, գուցե դա կարող ենք նաև  համարել խոհեմություն։ 

Լռել, ավելորդ անգամ չխոսել, զգալով, որ մեզանից ոչինչ կախված չէ՞։

Մեզանից ոչինչ կախված չէ ռուս-ուկրաինական պատերազմում, բայց դրա թե՛ ընթացքը, թե՛ ցանկացած ելքը անդրադառնալու է Հայաստանի ճակատագրի, Կովկասում ներքին հարաբերությունների ու ընթացիկ խնդիրների վրա։

Շատերի մոտ կա համոզմունք, որ մեզ վրա անպայման անդրադառնալու են հետևանքները, ուրեմն չենք կարող ասել, որ ընդհանրապես մեզնից ոչինչ կախված չէ։

Մենք ստիպված ենք մեր հեռանկարների ու խնդիրների շուրջ դիրքորոշում ունենալ՝ այս կամ այն հետևանքի դեպքում։

Համաձայն եմ, որ այս հարցերի շուրջ կարծես թե չեն երևում ինտեսիվ խոսակցություններ կամ գործնական ծրագրեր։ Կամ առնվազն՝ բանավեճեր մեդիայում։

Եթե անգամ որևէ կողմ դիտարկումներ է անում, կարծես, փորձ է արվում դրանք ուղղակիորեն կասեցնելու կամ լռեցնելու։ Որ այդ մասին չխոսեն։ Եվ շատերը գերադասում են պարզապես լռել։

Ինքնագրաքննությու՞նն է աշխատում։

Նաև։ Խորհրդային տարիների քաղաքական բռնաճնշումների թողած ազդեցություններից մեկը հենց դա է։ Այսինքն, մտածելը, որ գուցե լռելը հենց խոհեմություն է, քանի որ կարծիք հայտնելն ու խոսելը խորհրդային ժամանակ կարող էր հանգեցնել շատ անցանկալի հետևանքների, և ոչ միայն մեկ մարդու համար, այլև նրա մտերիմների ու շրջապատի։ 

Եվ ուրեմն լռելու ցանկությունն իմ կարծիքով՝ ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի հասարակությունների համար կարծես թե ընտրություն է։

Դուք շատ եք զբաղվում սովետական անցյալի թողած հետքերով ու փաստաթղթերով։ Որքանո՞վ է այն համատեղ հայտարարությունը, որն արել են Փաշինյանն ու Պուտինը, վտանգավոր այսօրվա տեսանկյունից։ Հատկապես 12-րդ կետը, որտեղ ասվում է պատմության ֆալսիֆիկացիայի, կեղծման մասին։ Դա կարելի՞ է համարել սպասվելիք բռնաճնշումների արդարացման նախնական քայլ։

Չի բացառվում նաև դա, բայց կա ավելի կարևոր հարց։ 

Պատմագրության ֆալսիֆիկացիան այսօր ստացել է այնպիսի մեծ ու դիմադրության չհանդիպող ծավալներ, որ կարելի է սարսափել։ Երբեմն կեղծիքներն այնքան շատ են ու պարզունակ, որ լուրջ պատմաբաններն անիմաստ են համարում անգամ այդ պարզունակության մեջ մտնել ու ինչ-որ բան բացատրել։

Գիտությունների ակադեմիաների կնիքներով հրատարակվում են մեթոդաբանորեն թերի ու աղբյուրագիտորեն չհաստատված նյութեր, որոնք արվում են զուտ քարոզչական նպատակով, բայց ներկայացվում են որպես գիտական աշխատություններ՝ գրքեր, հոդվածներ և այլն։

Եվ ո՞վ է որոշելու, թե ինչն է ֆալսիֆիկացիան, իսկ ինչը ոչ։ Գրախոսող մարմիններ են հաստատվելու՞, գրաքննությունն է մտնելու՞, թե՞ այլ բան է գործի դրվելու։ Այստեղ խորհելու շատ բան կա, բայց այս բոլոր լուծումները երկսայրի սուր են։

Հատկապես, եթե դրանք լինելու են պետության կողմից խրախուսվող ֆալսիֆիկացիաներ, քանի որ դա նշանակում է հավելյալ ֆինանսներ, ծավալի ավելացում, կիրառման ընդլայնում և այլն։ 

Եթե իշխանությունները դա անեն ֆալսիֆիկացրած արժեքների շուրջ, այսինքն՝ կեղծքին ինքնին դառնա արժեք, ապա դա կլինի աղետալի։ Մանավանդ, որ մենք ունենք այդ փորձը՝ հարյուրամյա անցյալը Խորհրդային միության կազմում։ Եվ կարծում եմ, որ այդ կետն էլ կարող է լինել լրացուցիչ ծանր բեռ։

Հիմա էլ ակադեմիական շրջանակներում կան կեղծ հումանիտար եզրակացություններ ու շարադրանքներ, որոնք հիմնականում խրախուսվել են հենց պետության կողմից։

Ինձ թվում է, որ այս դրույթը առաջ է քաշել Ռուսաստանը՝ գլխավորապես ուղղորդվելով Երկրորդ համաշխարհային պատերազմի միասնական գնահատական ունենալու ցանկությամբ։ Փաստաթղթում այդ մասին կա հատուկ հիշատակում։

Այսինքն, սա հանգեցնելու է քաղաքական որոշմամբ գիտական հետազոտությունները ուղղորդելուն։

Ցավոք, մենք այդ փորձը ունենք և այդ փորձը տվել է բավականին դառը պտուղներ։

Համաձայն եմ, որ կա Երկրորդ համաշխարհային պատերազմի թե՛ ընթացքի, թե՛ գնահատականի խեղաթյուրման փորձ, բայց դրա դեմ պետք է պայքարի լուրջ գիտական միջավայրը՝ անելով շտկումներ։

Մինչդեռ հենց այսօր էլ պատմագրությունում ահռելի կեղծիքներ են հնարվում։ Տեսեք, թե ինչ է կատարվում Կովկասյան Աղվանքի շուրջ։ Քաղաքական դեմքերը հայտարարում են, թե օրինակ, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է և մեծածավալ գրականություն թողարկում այդ մասին։ Իսկ դրա մասին ոչ մի խոսք չկա Պուտինի ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթում։

Բայց ես ենթադրում եմ, որ այս հայտարարության դրույթները կարող են և չմտնել օրակարգ։

Միգուցե նաև ուղերձ է, որ պատերազմի ժամանակ ցանկացած միջոց արդարացված է։

Բայց պատերազմները հավերժ չեն։ Եթե խնդիր է դրված այս պատերազմի ապագա գնահատականը ձևավորելու, դա լրիվ այլ բան է։

Շատ լավ հիշում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բավականին շատ էին (ու նաև հաջող) պետական պատվերները՝ գեղարվեստական գրքերը, ֆիլմերը, պաստառները և այլն, որոնք ստեղծվում էին այդ թվում նաև հաղթանակ ապահովելու նպատակով:

Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի ու հիմիկվանից ուզում է այդ պատերազմն ուղեկցել նաև գիտա-գեղարվեստական լուծումներով ու փաստարկներով:

Պրոպագանդան միշտ աշխատում է պարզունակ կոդերով՝ արթնացնելով մարդկային բնթազդները, սովորաբար թշնամու կերպարի շուրջ: Հետո այդ բնազդները բարդ է զսպելը։

Պատերազմներն ընդհանրապես պարզ միջոցների վրա են հենվում: 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձևավորվեց մի ամբողջ ժանր, որը ծաղրի կամ սարկազմի լեզվով ներկայացնում էր թշնամուն: Այդ ժանրը՝ նկարները, աֆորիզմները, համառոտ ու պատկերավոր խոսքը, գեղարվեստական շարադրանքը և այլն զանգվածային ազդեցություն թողնելու նպատակ էին հետապնդում:

Եվ այո, այդ ժանրը թելադրում է պարզունակություն:

Ռուսաստանում վերջերս արվել էր հետազոտություն, որը ցույց տվեց, որ հարցվածների բացարձակ մեծամասնությունը գիտե, որ «նացիստ» բառը վատն է, բայց, թե ո՞վ է նացիստը, չեն կարող բացատրել:

Նացիստը համարվում է ուղղակի թշնամի: Այսինքն, չկա այդ բառի ընկալումը, բայց այն ազդում է հասարակության վրա:

Պարզունակ զանգվածային արտադրանք մենք էլ ենք ստեղծել և պետպատվերով: Օրինակ, «Քիլդիմ» անիմացիոն շարքը, որտեղ ադրբեջանցիները ներկայացվում էին որպես ոչխարներ: 

Մեր հասարակությունում շրջանառվող բառերը հիմնականում գրել են դեռ միջնադրյան պատմիչները՝ բարբարոսներ, հրոսակներ և այլն: Այս տիպի բառերն են գործուն ազդեցություն թողնում և միաժամանակ՝ պարզունակացնում հարաբերությունները:

Թշնամու կերպարը միշտ միավորում է: Ավելին՝ թշնամու կերպարի շուրջ ժողովուրդներ են ձևավորվում: 

Օրինակ, թուրք էթնոսը ձևավորվեց ըստ էության Մուսթաֆա Քեմալի ծրագրով՝ հիմնականում հայերի ու հույների դեմ ատելության հողի վրա: Այսինքն, միավորեց այն միտքը, որ հայերն ու հույները մշտական վտանգ են ու մշտական թշնամիներ: Եվ էթնոսի գիտակցության ձևավորման համար ինտենսիվորեն օգտագործվեց հենց թշնամու գաղափարը:

Որքան պարզունակ է ներկայացվում այդ կերպարը, այնքան ավելի ինտեսիվ է աշխատում:

Եվ հենց հիմա դա օգտագործվում է նաև ռուս-ուկրաինական պատերազմում: Ընդ որում՝ երկու կողմից էլ, քանի որ երկու կողմերի համար էլ դրանք ինքնության, էթնիկության վրա ազդող գործոններ են: Ինչպես ռուսների համար են ուկրաինացիները «նացիստներ», այնպես էլ ուկրաինացիների համար են ռուսները «մոնղոլ-թաթարներ», «մոսկալներ» (Մոսկվայի շուրջ համախմբվածներ):

Ուկրաինան նաև դուրս եկավ ռուս ուղղափառ եկեղեցու տիրույթից ու ուղղափառության առանձնահատուկ ճյուղ ձևավորեց: Այսինքն, կրոնի ազգայնացումը, էթնիկացումն իր հերթին նույնպես բորբոքեց ռուսների թշնամամքը ուկրաինացիների նկատմամբ:

Հանրային խոսքում շատ է իներցիան: Չենք էլ նկատում, թե ոնց ենք խոսում: Բառերը մտնում են կենցաղ նաև՝ լրիվ ձևափոխված իմաստ ստանալով։ Օրինակ, խանութում մեկը մյուսին ասաց՝ հո դու դավաճան չե՞ս: Նկատի ուներ՝ խաբեբա։

Բառերը շրջանառվում են ու տվյալ դեպքում դառնում վիրավորանք, բայց առանց իրենց սկզբնական իմաստի ու առանց բովանդակության: Այդ մասին սոցիալական լեզվաբանության շատ գիտական հետազոտություններ կան։

Որոշ բառեր կարծես սեփական կարիերան են ունենում, քանի որ փոխվում է բառերի տարողությունը: 

Օրինակ, հիմա ես աշխատում եմ իմաստավորել «ազգային» ու «ազգայնական» բառերը, որոնք ունեն հարյուրավոր մեկնաբամնություններ: Եվ երբ օգտագործում ենք դրանք, մեզ թվում է, որ հասկանում ենք, թե ինչ նկատի ունենք: Բայց իսկապես շատ դժվար է հասկանալ այդ բառերի խորքը ու պայմանավորել, որ «ազգային» ու «ազգայնական» ասելով, մենք նկատի ունենք նույն բանը:

Վերջերս քննադատում են նաև «ժողովուրդ» բառի հաճախակի օգտագործումը, փոխարենը առաջարկում օգտագործել «ազգ» բառը, որի այսօր քիչ թե շատ ընդունված քաղաքական իմաստն այն է, որ ազգը տվյալ երկրի քաղաքացիներն են։ Եվ հարց է առաջանում՝ մենք միայն տվյալ ազգի քաղաքացինե՞րն ենք, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եվ վերջապես, ամբողջ աշխարհի հայերն այդ ազգի մեջ մտնու՞մ են, թե՞ ոչ։ Մանավանդ որ հայերի մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ չեն։

Այսինքն, բառերը թե՛ ինքնուրույն գոյություններ են, թե՛ ստանում  են պրակտիկ նշանակություն դրանք օգտագործողների կողմից, և միշտ չէ, որ դրանք միանանշանակ են օգտագործվում։ Գումարած՝ լսողն էլ հաճախ դրանք ընկալում է իր պատկերացրած ձևով։

Միգուցե այդ պատճառով էլ տեղի չի ունենում որակյալ մեդիա բանավեճ, մնալով մակերեսի վրա ու համալրվելով պաթոսով։

Թերևս մեդիայում դա անելը դժվար է, իսկ նեղ շրջանակներում երբեմն հնարավոր է տարընթերցումներ ունեցող բառերի շուրջ նախապես պայմանավորվել՝ ասելով՝ ես այսօր այստեղ այս բառը օգտագործելով նկատի ունեմ սա։ Երբ բառերի նշանակությունը սահմանվում է, հետագայում վեճեր չեն առաջանում։

Իսկ ի՞նչը կարող է օգնել մեդիա սպառողին տեղեկատվությունը մաղել։ Նաև սոցցանցերում, որտեղ կրքոտ քննարկումներ ու հարձակումներ են լինում նաև տարընթերցման պատճառով։

Կդժվարանամ ասել, թե ինչ անել։ Սոցցանցերում ես սովորաբար լռում եմ։ Օրինակ, իմ անձի շուրջ կատարվածին շատ քիչ եմ արձագանքում։ Երբեմն գիտեմ, թե հարձակումների աղբյուրը որն է, երբ անգամ հենց հարձակվողները տեղյակ չեն, թե ինչու են դա անում։

Ուղղակի հասկացել եմ, որ նրանց նպատակն է անընդհատ բորբորքելը, կծելը ու քննարման նյութ դարձնելը այն բաները, որոնք գոյություն չունեն։

Այդ դեպքում իմաստ չունի ասել, որ իրենք ստում են։ Այո, ստում են, բայց իսկապես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա շտկել։ Երևի ժամանակ է պետք։ Մենք հիմա ապրում ենք հարափոփոխ ժամանակներում, իրավիճակի ու վարքագծի ընտրությունը շատ արագ է փոխվում։ Եվ երևի հիմա մարդկանց զգաստացնելը բարդ է։ 

Իսկ լրատվամիջոցների դեպքում, իմ կարծիքով, շատ կարևոր է հստակ դիրքորոշումը։ Եվ շատ բան կախված է լրագրողի մասնագիտական պատրաստվածությունից։ Այսօր ով ասես, գրում է, ասենք, տնտեսական կյանքի մասին, առանց տնտեսությունը հասկանալու, ցույց է տալիս երկրի քաղաքական ընտրությունը առանց տեղյակ լինելու։

Եվ հենց այդ պատճառով է, որ նրանց օգտագործած բառերը հաճախ փոխում են իմաստները։

Երևի նորից կարելի է ասել, որ լռելը խոհեմություն է։

Ավելի ճիշտ՝ լռելը խոհեմություն է երբեմն։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *