2022.04.15,

Տեսակետ

«Հայաստանի մեդիայում քիչ են մարդիկ, որոնք այս կամ այն քաղաքական կողմի բանբերները չեն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լոս Անջելեսում հրատարկվող «Ասպարեզ» թերթը 114 տարվա պատմություն ունի։ Այն միակ երկլեզու (հայերեն ու անգլերեն) ամենօրյա մեդիան է ԱՄՆ-ում։ Նաև միակ օրաթերթն է, որը դեռ ունի թղթային տարբերակ։

Asbarez.com-ի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը պատմում է, որ հիմա թերթը տպագրվում է շաբաթը երկու անգամ, բայց մինչ կորոնավիրուսի համավարակը այն տպագրվում էր շաբաթական հինգ օր.  «Քովիդի պատճառով ստիպված եղանք կրճատել, բայց դա նաև առիթ էր, որ մեր հայերեն ընթերոցողներն ավելի հանգիստ ու հաճախակի հետևեն առցանց լրահոսին»։

Արա Խաչատրյանն ասում է, որ Հայաստանի կացությունն, անշուշտ, իր ազդեցությունն է ունենում սփյուռքի համայնքների վրա. «Պատերազմից հետո քաոս էր, հետպատերազմյա հարցերն էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Թե՛ կառավարությանը համակիր կուսակցությունները, թե՛ ընդդիմությունը չունեն հատուկ նոր օրակարգ, որ լուծեն ստեղծված խնդիրները»։ 

Շատ կարևոր հարց է, թե ով է ֆինանսավորում լրատվամիջոցը։ Որքանո՞վ է կարևոր Դաշնակցության տեսակետը «Ասպարեզի» խմբագրական քաղաքականության համար։ Ի վերջո, ազատ մամուլի իմիջը միշտ ավելի գնահատելի է։

«Ասպարեզը» միշտ եղել է դաշնակցական թերթ, իսկ ֆինանսավորումը գալիս է մեր գովազդից, բայց ավելի շատ մեր համայնքից, որի նվիրատվությունների շնորհիվ մենք կարողանում ենք ֆինանսական բեռը վերցրել Դաշնակցության ուսերից։

Անշուշտ, մեր խմբագրականներով փորձում ենք արտացոլել դաշնակցական սկզբունքային մոտեցումները։ Բայց նաև հիշենք, որ դաշնակցական մամուլի գաղափարը ստեղծվել է այն ժամանակ, երբ միայն այդ կուսակցությունն էր գործում։

Եվ այդ մամուլի գաղափարն էր դառնալ ազատ բեմ, կարծիքների փոխանակման առիթ։

Իհարկե, հիմա էլ խմբագրականների ու այլ հոդվածների միջոցով փորձում ենք ներկայացնել դաշնակցական գաղափարաբանությունն ու ծրագրերը։ Ներքին անհամաձայնություններ կուսակցության հետ լինում են, բայց ես գոնե փորձում եմ պահպանել անկախությունը։ 

Եվ հետաքրքրական է, որ դաշնակցական մամուլի էությունը եղել է այն, որ առաջին իսկ օրից կարողանանք օտար շրջանակներին ներգրավել մեր գաղափարաբանության շուրջ։

Լոս Անջելեոսում հայալեզու մեդիան, հիմնականում հեռուստատեսությունը, շատ նեղ, տեղային հարցերով են կարծես զբաղված և քիչ են փորձերը ընդլայնելու լսարանը՝ թեկուզ անգլերեն բովանդակություն ստեղծելով, որ լրատվամիջոցին մեջբերեն, քննարկեն ու տեղեկանան ավելի շատ մարդիկ։

Այո, մեզ մեջբերում է նաև ոչ հայ մամուլը։ Եվ ոչ միայն Հայաստանի հետ կապված հարցերի, այլև տեղական նորությունների մեր անդրադարձները։ 

Օրինակ, համավարակի հրատապ օրերին այստեղի կառավարական համակարգը, որը պետք է ժողովուրդին իրազեկեր, թե ինչ պետք է անել, ինչ չանել և երբ անել, դժբախտաբար, հայերենում տկար էր ու չէր հասցնում հաղորդակցվել հայ համայնքի հետ։

Եվ մեր դերը այն էր, որ ամեն օր լուսաբանում էինք լուրերը, որ ժողովուրդը հասկանար, որ քովիդը սովորական հարբուխ չէ, որը անցնում է դեղահաբ ընդունելով, այլ հանրային առողջության կարևոր է խնդիր է։

Իսկ ինչպե՞ս եք կարողանում է ֆիլտրել Հայաստանից եկող տեղեկատվական հոսքերը։ Ի վերջո, մեր մեդիա դաշտը շատ բևեռացված է ու լի մանիպուլյացիաներով։

Ամենաբարդն այն է, որ օրինակ, երբ որևէ լուր պիտի խմբագրեմ կամ գրեմ, ստիպված եմ հարյուր աղբյուրներից այն ստուգել, որովհետև Հայաստանում, դժբախտաբար, հասկանալի չէ, թե լրատվամիջոցները ինչ դեր են կատարում։ 

Ինքս հիշում եմ, որ տարիներ առաջ Հայաստանում քայլող մարդկանց ձեռքը թերթ էր լինում, այսինքն, ընթերցանության մշակույթը ինչ-ոչ ձևով կար բոլորի մեջ։ 

Ես Հայաստանում էի, երբ տեղի ունեցան Քարագլխի դեպքերը և փորձում էի իմանալ, թե ինչպես են լուրերը ստանում իմ անմիջական շրջապատի մարդիկ ու հետո այդ լուրերը լուսաբանում իրենց մեդիայում։ Շատերը ասացին, որ լուրեր են ստանում Ֆեյսբուքով, Տելեգրամով, հարևանի պատմությունը լսելով կամ, ասենք, Արցախում որևէ ականատեսի հրապարակած տեսանյութից։

Դժբախտաբար, լրատվություն ողջ համակարգը Հայաստանում մի փուլում խախտվել է, և լուրը վերածվել է «այս ինչը այս ինչն ասաց»-ի։ Նաև այն ենթադրությամբ, որ ընթերցողն ամեն ինչ իմանում է այդ ասողի մասին ու լավ գիտի, թե ինչի մասին է խոսքը։ 

Այսինքն, չկա այն համատեքստը, որը կօգնի ընթերցողին հասկանալ, օրինակ, թե իր կարդացած հայտարարությունը ինչի հիման վրա է արվել, ինչ պատճառով է հիմա արվել։

Կամ էլ՝ որտեղ է թերացել այդ հայտարարության հեղինակը՝ պատասխանելով կամ չպատասխանելով լրագրողի հարցերին։

Նաև զգում եմ, որ այդկերպ լրատվության հետ վարվելու մշակույթը եկել է նաև Լոս Անջելես և շատերը սկսում են իրենց լրահոսը ստանալ բացառապես սոցիալական մեդիայից և ամեն մարդ վերածվում է քաղաքական վերլուծողի, բժշկի և այլն։ 

Իհարկե, դա միայն Հայաստանի պրոբլեմը չէ, դա գլոբալ հարց է, քանի որ ժողովուրդը ապրում է որոշակի ապատեղակտվության միջավայրում, և հարցականի տակ է դրվում ինքնին իրականությունը։

Եթե ասեմ, որ հիմա սեղանին դրված է բաժակ, հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ խեղաթյուրում եմ իրականությունը։ Մինչդեռ բաժակը ուղիղ դիմացս է, սեղանի վրա։ Եվ դա փաստ է։

Հայաստանում թղթակից ունե՞ք։

Չունենք։ Եվ դա դժվարացնում է մեր աշխատանքը։

Երբ որևէ կարևոր դեպք է տեղի ունենում, ես սկսում եմ սրան-նրան զանգահարել ու իմ ճանաչած մարդկանցից հարցուփորձ անել` պարզելու համար իրականությունը։

Պատերազմը ամենալավ օրինակն էր։ 2020-ի հոկտեմբերի 3-ին արդեն կար համոզմունք, որ մենք պարտված ենք։ Բայց շարունակում էինք լսել  «Հաղթելու ենք» բացականչությունը, որն ամեն օր անում էր զինվորական համազգեստ հագած Արծրուն Հովհաննիսյանը։ Ու թեև հասկանալի է, որ պատերազմող պետությունն ունի իր պրոտոկոլը, բայց այդ ամենը հասավ մի կետի, երբ կարծես դիմացինի վրա ծիծաղում են։

Ես մեղադրում եմ ոչ թե Արծրունին, այլ ամբողջ համակարգը, որը ժողովրդին ոտքի կանգնեցրեց։

Լոս Անջելեսում հոկտեմբերի 11-ին եղավ ցույց, որին ներկայացավ 120 հազար մարդ։ Նույն թվային պատկերն էր Ցեղասպանության 100-ամյակի օրը, երբ արշավ էինք կազմակերպել՝ ամեն քայլը վեց ամիս առաջ նախապես ծրագրելով, կազմակերպելով։

Այսինքն, եթե ժողովուրդը զգա կարևորությունը, ոտքի կելնի ու կհասնի ուր որ պետք է։

Ոգևորությունը, որ հաղթելու ենք, կապ ունի նաև վերջին երեսուն տարվա այն մտայնության հետ, որ հայերը միշտ հաղթական են։ Հաղթել ենք առաջին արցախյան պատերազմը, հետո ապրիլյանը, հիմա սա էլ կհաղթենք։

Միֆերն են խանգարե՞լ։

Եթե հետադարձ ակնարկով ենք նայում, թերևս ես էլ եմ ինչ-որ ձևով եղել մեղսակից։

Որովհետև եթե մեծացել ես որպես սփյուռքահայ՝ քո ամբողջ կյանքն ապրելով ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի երազանքով ու հանկարծ 1991-ին Հայաստանը անկախանում է, ստեղծում ազատագրական շարժում՝ իր ազատ պետության տեսլականի մեջ ներառելով նաև Արցախը, ու ի վերջո, մի քանի տարի անց հաղթում է պատերազմը, ուզես-չուզես սկսում ես ոգևորություն զգալ։

Բայց նաև Հայաստանի կառավարությունները շարունակաբար որևէ ձևով չեն փոխանցել այն միտքը, որ մենք շարունակում էինք լինել պատերազմի մեջ։

Որքան եղել եմ Հայաստանում, միշտ ունեցել եմ մտահոգություն, որ մենք պետություն ենք, որը դեռ պատերազմի մեջ է և մենք էլ պետք է գործենք՝ այդ փաստից ելնելով։

Այնպես, ինչպես, օրինակ, Իսրայելում է, որն իր բոլոր քայլերը համապատասխանեցնում է այդ մտայնությանը՝ մենք պատերազմի մեջ ենք։

Կարծու՞մ եք, պարտությունից ու միֆերի ճաքելուց հետո մարդիկ ավելի սթափ են գնահատում իրավիճակը։

Հաճախ եմ լսել, որ Հայաստանի ժողովրդի մոտ հուսալքություն է, որ մարդիկ հոգ չեն տանում ապագայի հանդեպ։ Այդպես չէ, ես տեսա, որ ժողովուրդը շատ լավ էլ հասկանում ու հոգ է տանում։ Ի՞նչ անի մարդը, նստի տանը ու օրական 24 ժամ սգա՞։

Ոչ, պետք է փորձել ինչ-որ ձևով ոտքի կանգնել ու կյանքը շարունակել։ Ապրել։ Հայաստանը հայաստանցիների տունն է։ Ի վերջո, ցանկացած վատ դեպքից հետո էլ մարդը ուզում է ոտքի կանգնել, դա է նորմալ վարքագիծը։

Ընդունենք, որ ֆիլմի մեջ չենք ապրում, այլ իրականության։

Այն ժամանակ, երբ արդեն ադրբեջանցիները ներխուժել էին Փարուխ ու արդեն գնում էին դեպի Քարագլուխ, Հայաստանի ղեկավարները հայտարարեցին, որ ուզում են խաղաղության բանակցություններ սկսել։

Թերևս այդտեղ կա քաղաքականություն, բայց ինչպե՞ս է կարելի, մանավանդ տեսնելով հիմիկվա ագրեսիվ բախումը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, քարոզել նման երազային բաներ։ Բնականաբար, ես էլ եմ ուզում խաղաղություն, բայց ի՞նչ գնով։

44 օր շարունակ մենք լուսաբանել ենք պատերազմը` օր ու գիշեր։

Նաև ունեցանք մեր դժվարությունները, քանի որ պատերազմի առաջին օրից հարձակումներ սկսեցին մեր կայքի վրա։

Շատ ահավոր իրավիճակ էր, քանի որ մի կողմից փորձում էինք կենտրոնալ լրահոսի վրա, մյուս կողմից մասնագետների թիմի հետ շտկում էինք կայքի աշխատանքը։ Եվ նրանք էլ էին շատ զարմանում, թե ինչպես կարելի է, որ մի քանի րոպեում 12 մլն մարդ փորձի մտնել մեր կայք։ Եվ տարբեր երկներից՝ աֆրիկյան, ասիական և այլն։

Ինչևէ: Շատ բարդ էր լուրեր իմանալ տեղահանվածների մասին, կորսված ունեցվածքի, կյանքերի, տարածքների։ Իմ երկու տատերը ղարաբաղցի էին, հաճախ եմ եղել Արցախում ու դա ինձ համար մեծ ցավ էր։

Ինչպե՞ս հիմա վերականգնել Հայաստան-Սփյուռք կապը։

Սփյուռքը շատ է փոխվել, և ոչ միայն պատերազմի պատճառով։ Եթե նայենք Քալիֆորնիայի հայությանը, կտեսնենք, որ ողջ գաղութն է կերպարանափոխվել։ Հիմա այստեղ մեծ թվով Հայաստանի զանգված է, որը եկել է, հաստատվել ու ընդհանրականի մի մաս կազմել։ Եվ նրանց թվային ազդեցությունը հիմա բավականին մեծ է։

Եվ անշուշտ, տեղի է ունենում մշակույթի փոփոխություն։ Եթե գնանք Գլենդեյլի հանրային դպրոցներ, կտեսնենք բավականին մեծ թվով հայ աշակերտություն, որը ստեղծել է նոր մշակույթ և նաև հայերենի նոր բարբառ, որը տարբեր հայերենների ու մի քիչ էլ անգլերենի միաձուլում է։ Եվ այդ տարիքի աշակերտները իրար հասկանում են և ամեն մեկը մյուսի մշակույթը տեղավորում իր առօրյայում։ Դա լավ է, իհարկե։ 

Բայց հարցին, թե ինչ անենք, չեմ կարող պատասխանել։

Եվ չեմ կարծում, որ Հայաստանն էլ գիտի, թե ինչպես հիմա համագործակցի սփյուռքի հետ։

Հայաստանի հիմիկվա դրվածքը որոշ չափով թվում է խորթ սփյուռքահայի մտածելերպին, բայց նաև սփյուռքահայը պետք է փորձի ավելի լայն նայել հարցերին, որ զգա՝ Հայաստանը նաև որոշ ճնշումների պատճառով է հասել այս վիճակին։

Եթե պիտի նստենք ու մեղավոր փնտրենք, մենք ոչնչի չենք հասնի, միայն կկորցնենք երկիրը։ Եթե անգամ գտնենք այդ մեղավորին, դա չի լուծի մեր առջև ծառացած դժվարությունները և մարտահրավերները, քանի որ օրեցօր իրավիճակը բարդանում է։

Հայաստանի մեդիան մեծամասմաբ միշտ պատրաստ է մեղավորներ գտնել՝ մնալով բամբասանքի ու քարոզչության մակարդակում։ Եվ իրոք ավելի շատ քաոս է ստեղծում, քան ընդլայնում պատկերը։ 

Երբ Հայաստանում էի, ուզում էի հանդիպել Արմենպրեսի նոր ղեկավարի հետ, դժբախտաբար, առիթ չունեցա։ Հարց պիտի տայի, թե ինքը ինչ է կարծում իրենց լրատվությունը ժողովրդի համար ավելի մատչելի դարձնելու մասին։

Այն, որ դա պետական լրատվական գործակալություն է, դեռ չի նշանակում, որ միայն պետք է պրոպագանդա անի։ Էլի թող անի, բայց ավելի մատչելի ու հասանելի ընթերցողի համար։

Ենթադրենք, Արա Խաչատրյանը տասը րոպե որևէ տեղ ելույթ է ունենում, հարյուր անգամ գրվում է, որ Արա Խաչատրյանը ելույթի ընթացքում փռշտաց։ Եվ լուրերի խորագրերից դատելով՝ ստացվում է, որ դա է ամենակարևոր տեղի ունեցածը։

Երբ որևէ մեդիա ուզում է այդ լուրը հաղորդել, պիտի այս բոլոր փռշտոցները մեկտեղի ու հետո ջնջի, քանի որ ինֆորմացիայի կեսը դառնում է թափվելիք։

Կարծում եմ՝ կաղում է լրատվության հետ աշխատելու մշակույթը, որը ժամանակին եղել է, բայց հիմա չկա։ Իհարկե, հայտնի է, թե ովքեր են  հովանավորում որոշ լրատվամիջոցներին և ինչ օրակարգ ունեն դրանք։ Այդ պատճառով է նաև կարևոր Արմենպրեսի դերը։

Հայաստանում բացակայում են նաև լուրջ բանավեճերը, որովհետև վերջին երեսուն տարվա ընթացքում Հայաստանը չի արտադրել պետք եղած մտավորականություն, լրագրողներ։

Ավելի շատ կարիք է զգացել առևտրի կենտրոններ ու շենքեր սարքելու, քան մտածող մարդկանց համար հարթակներ ստեղծելու։ Է, սարքել է առևտրի կենտրոններ, հետո՞…

Իմ ասածն այն է, որ պետական լրատվական գործակալությունը կարող է ավելի մեծ դեր ունենալ ու ճկուն աշխատել, որովհետև իրենք վատ գործ չեն անում։

Եվ եթե ասենք, ես պետք է վերստուգեմ վարչապետի ելույթի խոսքերը, կնախընտրեմ դա անել Արմենպրեսից կամ հանրային ռադիոյից, քան, օրինակ, news.am-ից։

Շատ կայքեր անգամ ոչ թե մեջբերում են վարչապետի խոսքերը (երանի, միայն դա անեին, որ կմկալով չհետևենք այդ տեսակ լրատվությանը), այլ վերցնում են միայն այն հատվածը, որն իրենց ձեռնտու է։

Հիմիկվա հետպատերազամյան իրականության մեջ շատ քիչ եմ տեսնում որակյալ նյութեր կամ կարծիքներ այն մարդկանցից, որոնք այս կամ այն քաղաքական կողմի բանբերները չեն, այլ մեջտեղում են։

Ամերիկյան մամուլում էլ, մանավանդ 2016-ից հետո, բևեռները շատ են ընդգծվել, ու դա մենք բոլորս զգում ենք մեր ամենօրյա կյանքում։ 

Հենց Նյու Յորք Թայմզը, որն ասում է՝ մենք ազատ ու անկախ ենք, շատ լավ օրինակ է, թե ինչպես իրենք անկախ չեն։ Երբ հրեաներն էին տերերը, թերթը անգամ Հոլոքոսթը չէր լուսաբանել (հետո ներողություն է խնդրել), իսկ Հայոց ցեղասպանությունը օրը օրին լուսաբանում էր, անգամ հետո այդ նյութերով գիրք է հրատարակել։ Պահանջվեց երկար տարիների աշխատանք։

Եթե չլիներ այդ մեդիա աշխատանքը, ամերիկյան ժողովուրդն այդչափ մեքենայացված ձևով չէր ասի՝ այո, Իսրայելը միշտ ճիշտ է և ամեն քայլափոխին։

Հիմա նույնն էլ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքու՞մ է։

Զելենսկին ամերիկյան մեդիայում վերածվել է հերոսի։ Բայց նաև զգում ես, որ ժողովուրդն այստեղ այնքան էլ հակված չէ մտածել պարզ բանաձևով, որ Ռուսաստանը վատն է, Ուկրաինան՝ անվերապահորեն լավը։

Մտածում են, որ ամեն դեպքում այդ առաջրկվող մոտեցումը արժե մի քիչ խմբագրել։

Վերջերս հանդիպել էի LA Times-ի միջազգային խմբագրի հետ, որն ասաց, որ իրենք հետևում են միայն պետական հաղորդագրություններին։ Բայց ինչպե՞ս կարող է մեդիան միայն այդպես վարվել, չէ՞ որ դա չորրորդ իշխանություն է, որը պետք է պետական հավասարակշռության մաս կազմի։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *