2022.03.23,

Տեսակետ

«Պետք է դուրս գալ պղպջակից ու տեսնել իրական պատկերը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կանանց իրավունքները և ընդհանրապես կանանց ավելի մեծ տեսանելիությունը հանրային դաշտում Անահիտ Արամունի Քեշիշյանի համար շատ կարևոր են։ 

Անահիտն իր էությամբ մարդ-կամուրջ է․ իրար է կապում մշակույթներ, լեզուներ, նախաձեռնություններ։ Նրա կյանքը մի քանի անգամ կտրուկ փոխվել է՝ սկզբից ծնողների հետ Իրանից տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, հետո արտագաղթել ԱՄՆ, որտեղ դասավանդել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում՝ UCLA-ում, Գլենդել քաղաքի համայնքային Քոլեջում, մի քանի հայկական դպրոցներում։ 1988-ին Լոս Անջելեսում հիմնադրել և ղեկավարել է «Մաշտոց» հայալեզու դպրոցը։ Նաև ամառային դասընթացներ է վարել Երևանի Ամերիկյան համալսարանում, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում։ Բեմադրել է ներկայացումներ, հրատարակել գրական հանդեսներ։

2019-ին նա վերահաստատվեց Հայաստանում՝ խոստովանելով, որ այդ որոշման համար կարևոր խթան էր ոչ այնքան քաղաքական, որքան հանրային տրամադրությունների փոփոխությունը։

Անահիտ Արամունի Քեշիշյանը անհեթեթություն է համարում, որ մարտի 8-ից սկսած ու գրեթե մեկ ամիս թե՛ տարբեր պաշտոնյաներ, թե՛ մեդիան կանանց նույնացնում են «զարդի», «վարդի», «գարնան» հետ, ու հասարակությունն էլ դրան ընտելացել է.

 «Ոչ Իրանում, ոչ ԱՄՆ-ում նման տոն չկա։ Կան մայրերի ու հայրերի տոներ։ Միշտ ասում եմ՝ ինձ մի շնորհավորեք մի տոնի համար, որում ես դեր չեմ ունեցել։ Որպե՞ս ինչ եք շնորհավորում, այն, որ քրոմոսոմներն այդպե՞ս են դասավորվել»։

Նա համոզված է, որ այս վերաբերմունքը պետք է փորձել փոխել երկու կողմերից՝ վերևից (բարձր ամբիոններից) և ներքևից (մարդկանց հետ աշխատելով):

Կանանց ուղղված հանրային մաղթանքերը հիշեցնում են սովետական ճառեր (ընդհանուր, վեհ, դատարկ)։ Դա կարծես ժառանգել ենք ու չենք ուզում հրաժարվել։

Առհասարակ ժառանգության վրա հենվելը, ժառանգությամբ ամեն բան արդարացնելը ծուլության նշան է. հեշտ է: Ասում ես՝ սա իմ մշակույթն է, ես ժառանգել եմ ու խնդիրները համարում լուծված՝ գիտակցելով կամ անգիտակցաբար։

Իրականում դա ամլացնող կեցվածք է: Եթե մշակութային շղթան ավարտում ես քեզ բաժին հասածով, ուրեմն կասեցնում ես հասարակական բնական զարգացումը, որով և վնասում ես հենց նույն հասարակությանը։

Օրինակ, մարտի 8-ի ուղերձի տեքստը, որը գրել է ՀՀ նախագահի պաշտոնակատարը, նորից գարնան, ծաղիկների ու սուրբ ճակատագրի մասին է։ Տեքստ-ծուղակ է։

Կարող ենք, իհարկե, իրավացիորեն քննադատել մեր պաշտոնական այրերին այդպիսի տափակ տեքստերի համար, բայց ինչպես վերաբերվենք բազմահազար կանանց, որ հենց այդ տեքստին են սպասում և միմյանց շնորհավորում են նույնպիսի հղումներով ու մաղթանքներով։ Դրանք մեր հարազատներն են, մեր բարեկամ ու հարևաններն են, մեր գործընկերներն են։

Խնդիրը նախ և առաջ կանանց հետ աշխատելն է: Աշխատել ասելով նկատի չունեմ նրանց դարձնել «կոտոշավոր» ֆեմինիստներ, ոչ, բոլորովին։ Պայքարը պետք է մղվի հանուն ինքնարժևորման, հանուն արժանապատվության և հանուն երկու սեռերի տարրական իրավուքնների հավասարության։

Աշխատանք պետք է տարվի նաև տղամարդկանց որոշակի իրավազրկության խնդիրների շուրջ։ Ցավոք, աշխարհի ամենազարգացած երկրներում անգամ, դեռ կա մտայնություն, որ տղամարդու կատարելությունը որոշվում է նրա ուժեղ լինելով:

Տղամարդուց ակնկալվում է, որ լինի ֆիզիկապես ուժեղ, լինի անվախ և շատ փող վաստակի։

Բայց բնությունը տղամարդկանց միակերպ ու հավասար ուժերով չի ստեղծում։ Կան կանայք, որ ֆիզիկապես ավելի ուժեղ են, քան վտիտ մարմնով որոշ տղամարդիկ: Ի վերջո, կանայք կարող են ավելի շատ փող վաստակել, քան իրենց տղամարդ որոշ ընկերներ ու հարազատներ: 

Այդ բանի համար տղամարդուն խեղճացնելը, բնական կամ բնատուր թուլությունների համար նրան կշտամբելը անարդար է և լավ բանի չի հանգեցնում: Հետո, չմոռանանք, որ ֆիզիկական ուժի անհրաժեշտությունը 20-րդ դարի սկզբից ի վեր խստորեն պակասել է՝ ոչ առյուծի բերան է ճղելու տղամարդը, ոչ հսկա սայլ է քարշ տալու իր մկանների ուժով, ոչ էլ առօրյա կյանքում ավազակների հետ ըմբշամարտի է նետվելու՝ պաշտպանելու համար իր մորն ու քրոջը։

Հիմա ֆիզիկական ուժը ավելի «տղամարդ» երևալու համար է։

Հաճախ ենք ասում, որ պետք են նրբանկատ ներգործող օրինակելի կին կերպարներ, որոնք տարածվելով մեդիայով՝ սերիալներում, կինոյում, տարբեր բանավեճերում, կարող են կոտրել կարծրատիպերը:

Օրինակելի կերպարներ, role model-ները ամենակարևորն են, և ավելի կարևոր է դրանց տեսանելիությունը, որը պակասում է և դժվարացնում է խնդիրը։ 

Խիստ էական են նաև մեր ընթերցած կամ ընթերցվող գրքերի ու ֆիլմերի կերպարները։

Թեհրանում հայրս ինձ հեղափոխական պարմանուհիների մասին գրքեր էր տալիս կարդալու։ Դրանք հիմնականում սովետական գրքերն էին, որոնց քարոզչական շերտը լավ չէի հասկանում այդ տարիներին։ Եվ հիանում էի, օրինակ, ոստիկանների աչքից թաքուն փողոցների պատերին թռուցիկներ փակցնող քաջ աղջիկներով ու մտածում էի, որ մեծանամ ես էլ եմ այդպես անելու։ Հետո, Սովետական Հայաստանում փորձեցի դա, որը վատ ավարտ ունեցավ։ 

Հետաքրքիր է, որ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին խիստ առաջադիմական մտածող անհատներ ենք ունեցել՝ կին և տղամարդ, և դա այնպիսի ժամանակ, երբ կինը պարզապես պատկանում էր տղամարդուն՝ սկզբում հորը, ապա ամուսնուն, չուներ սեփականության, ժառանգության իրավունք, չուներ քվեարկության և նույնիսկ երկրի քաղաքացիության իրավունք և սա՝ Եվրոպայում և Ամերիկայում էլ։

Կանանց իրավահավասարության շարժումների փուլերից 60-70-ականները ավելի նշանակալի եղան, որի ժամանակ ձևավորվեց նաև ֆեմինիզի տղամարդատյացության թևը, որի համար ավանդույթը պահպանող տղամարդիկ դարձան թշնամիներ: Դա տևեց շատ երկար և իր հերթին առաջացրեց հակակրանք ֆեմինիզմի նկատմամբ:

Ես կուզեի, որ զգայուն լինենք իզմերի նկատմամբ, կուրորեն չտրվենք դրանց։ 

Անձամբ ես՝ խուսափում եմ իզմերից, չեմ տեղավորվում վանդակների, կաղապարներ մեջ։

Մայրս, կիսագրագետ կին, մինչև իր կյանքի վերջը չիմացավ, թե ինչ բան է ֆեմինիզմը, բայց նա ինձ համար օրինակելի ֆեմինիստ էր. «Ի՞նչ տարբերություն, բալա ջան, դու քո ուզածն արա,- ասում էր,- ոչինչ, որ ոտքդ քարի առնի՝ կսովորես, կուժեղանաս»։

Խնդրահարույց է, երբ ասում ենք, որ տղամարդն ու կինը պետք է հավասար լինեն, ինչպես կարող է լինել դա, երբ երկու կին կամ երկու տղամարդ միմյանց հավասար չեն։ Հավասար պիտի լինեն նրանց իրավունքները:

Միայն մշակույթի հա՞րց է նաև, երբ կանանց տոների առիթով կազմակերպում են, օրինակ, կին նկարիչների ցուցահանդեսներ, և կարևոր չէ, թե ինչ նկարիչ է, կարևոր է միայն նրա սեռը։ 

Սա դժվար հարց է։ Մի կողմից կարևոր է ավելի քիչ ներկայացված սեռին երևալու առիթ տալը, մյուս կողմից էլ, համապատասխան որակ կամ արժանիք չլինելու դեպքում այն դառնում է ողորմածության պես մի բան, դառնում է անհարկի ու ձևական կենաց խմելու առիթ։ 

Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ, երբ իմ կենացն են խմում որպես կին։ Երբեմն կենացներն սկսելուց առաջ ոտքի եմ կանգնում և խնդրում եմ, որ թույլ տան առաջին կենացը ես խմեմ, և ես խմում եմ «գեղեցիկ սեռի»՝ տղամարդու կենացը։

Կնոջը դնել պատվանդանին ու ասել, որ նա գեղեցիկ է, ծաղիկ է, վարդ ու շուշան է… Պարզապես անընդունելի է ինձ համար։

Հետո, կնոջը ծաղիկներ նվիրելու այս համատարած սովորույթը։ Ինչ խոսք, որ ծաղիկներ նվիրել-ստանալը հաճելի բան է, բայց դա չպետք է լինի միակողմանի։ Իմ նախկին ամուսինն, օրինակ, շատ էր սիրում բույս ու ծաղիկ խնամել։ Ես էի նրան ծաղիկ նվիրում։

Շատերը սոցցանցերում պարզապես ապրում են, առանց դրանց կյանք ու գաղափարների փոխանակում կարծես թե չունեն։ Ֆեյսբուքը հանրային տրամադրությունը ստուգելու մեխանի՞զմ է, թե՞ դա պատրանք է։ 

Ֆեյսբուքն ընդարձակ հարթակ է՝ ամենաբազմազան հնարավորություններով, բայց եթե մենք այն շատ ենք «մաքրազարդում»՝ մեր նյարդերը խնայելու համար, դարձնում ենք այն համախոհներով հագեցված պատյան կամ պղպջակ։ 

Խնդիրն այն է, որ հայտնվելով այդպիսի պղպջակի մեջ, մենք տանուլ ենք տալիս՝ իրար ջան եք ասում, ջան ենք լսում ու չենք տեսնում իրական կյանքը։ 

Նմանում է նրան, որ, ասենք, մի հարյուր հոգու հրավիրել ես ժողովի և եկել է ընդամենը տասը։ Ու դու սկսում ես դժգոհել չեկածներից։ Ստացվում է, որ քարոզ ես կարդում եկածներին, մինչդեռ նրանք դրա կարիքը չունեն։

Եվ այսօր իրոք գլխավոր խնդիրը նման պղպջակներից դուրս գալն է, հեռուն տեսնելը, պատասխանատու լինելը՝ ներկայի համար։

Այո, մեր հասարակության առաջընթացի մեծագույն պայքարներից է կնոջ դերի ու կնոջ նկատմամբ կեցվածքի հարցը։ Եվ դա ոչ թե հատուկ հետաքրքրություն ունեցող (special interests) փոքր խմբերի գործն է, այլ բնակչության մեծամասնության։ Ի վերջո, կանայք կազմում են բնակչության մեծամասնությունը։ Դա չպետք է երբեք մոռանալ։

Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Հավաքվում ենք մեր՝ հատուկ հետաքրքրությունների խմբերով, իրար լսում, իրարով հիանում, համոզվում, որ առաջադեմ, զարգացած ենք, ծափահարում ենք իրար և բավարարվում ենք դրանով։

Իհարկե, նման խմբերի կարծիքները հնչում են նաև մեդիայում ու հանրային հարթակներում, բայց որքա՞ն է դրանք լսողների կամ դիտողների քանակը։

Փոխարենը՝ պայթում են իրենց հազար ու մի ճիգ ու ջանքով «գեղեցկացրած» աղջիկների լսարանները և ավելի մեծանում է նախանձով ու բաղձանքով նրանց հետևողների բանակը։ Ահա մեր role model-ները։ Դա է, որ պետք է փոխվի։ 

Ըստ չգրված կանոնի՝ հաղորդավարները պետք է լինեն երիտասարդ ու նույնանման արտաքինով։ Կնճիռներով կինը էկրանին անթույլատրելի է։

Հեռուստատեսությունը, ցավոք, տեղի չի տա՝ հանուն իր վարկանիշի։ «Անտառի» օրենքն է գործում այնտեղ։  

Մարդկանց մեծամասնությունը մեդիայի տված իմիջներն են համարում օրինակելի։

Իմ կարծիքով՝ երբեմն գեղեցիկ երևալու ճիգը հիվանդագին չափերի է հասնում։ Եվրոպական որոշ երկրներ ավելի խելամիտ են վարվում, ավելի հանդուրժող են ոչ ստանդարտ գեղեցկություն ունեցող մարդկանց հանդեպ։

Հիմա չե՞ք դասավանդում։

Ինչ-որ պահի զգացի, որ երկար դաս տալով սկսել եմ հայտնվել յուրահատուկ մի պղպջակում։ Ուզեցի դուրս գալ՝ դեռ չգիտեմ, թե ուր։ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունն եմ հիշում՝ լինել հրապարակում, պայքարել։

Կուզեի դրական շղարշ տալ այս զրույցին։ Որպես մի երկիր, որը դարեր շարունակ եղել է մեծ կայսրությունների տիրապետության տակ, բարդ գործ է եղել կերտել ու պահպանել ազգային համպարփակ կերպար ու ինքնություն։ Ունեցել ենք իրարից խիստ տարբերող՝ պարսկահայի, ռուսահայի, տաճկահայի և այլ կերպարներ։ 

Բայց այս բոլորով հանդերձ, մենք ավելի լավ ու ճիշտ տեղում ենք, քան ակնկալելի էր։ Ես իսկապես հավատում եմ, որ մենք ունենք զարգացման ու վերելքի մեծ ներուժ։

Վերջերս շատ է խոսվում նաև ազգային խտրականության մասին և դա շատ լավ է։ Խոսելու, բարձրաձայնելու շնորհիվ է, որ մենք ասյսօր լավ տեղում ենք։ 

Նույնն էլ կանանց հանդեպ վերաբերմունքն է։ Որքան էլ խնդիրները շատ են, պիտի ընդունել, որ առաջընթաց կա, որ ընդամենը տասը տարի առաջ հնարավոր է, որ «գենդեր» բառի համար քեզ վրա կրակեին։

Երբ 2016-ին մի քանի ամսով եկա Հայաստան, գրեցի իմ զարմուհուն, որ առաջին անգամ սկսել է հասունանալ միտքը, որ կարող եմ այստեղ ապրել։ Նա հարցրեց, թե ինչու։ Պատասխանեցի՝ որովհետև տղամարդիկ սկսել են գունավոր վերնաշապիկներ հանգնել։

Այս հաղորդագրությունները զարմուհուս հետ շարունակվեցին նաև հաջորդ տարի, երբ ասացի նրան, որ հաստատ կարող եմ Հայաստանում ապրել։ Հարցեց՝ հիմա ի՞նչ է պատահել։ Գրեցի, որ քաղաքում տեսնում եմ տղամարդկանց, որոնք մանկասայլակով երեխաների հետ զբոսնում են ու նույնիսկ փոխում նրանց տակաշորը։

Եվ դա ինձ համար շատ կարևոր է։ Մեր երկիրը կարող է թռիչքային ձևով առաջադիմել։ Ես հավատում եմ դրան։ Միայն թե լինի խաղաղություն։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *